ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԸ «ԴԱՎԻԹ ԳԱՐԵՋԻ» ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԷՐԻՍԻՄԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՇՈՒՐՋ
ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ






Հետխորհրդային շրջանում նախկին խորհրդային հանրապետությունները կանգնեցին մի շարք խնդիրների առջև։ Տնտեսական և սոցիալական հարցերի սրացմանը զուգահեռ արդիական դարձան տարածքային վեճերն ու սահմանային անճշտությունները հարևան երկրների միջև։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին խորհրդային երկրները դարձան այն սահմանների իրավահաջորդները, որոնք  նախկինում սահմանվել էին նախկին խորհրդային հանրապետությունների համար։

Այս համատեքստում տարածքային վիճելի հարցերից զերծ չմնաց նաև Վրաստանը՝ չխուսափելով վրաց-աբխազական և վրաց-օսեթական հակամարտություններից: Այնուհետև, սահմանազատման անհամաձայնություններ առաջացան նաև հարևան երկրների՝ մասնավորապես, Ադրբեջանի հետ։
    
Վրաց-ադրբեջանական սահմանային հիմնախնդիրն առաջացել էր դեռևս նախքան խորհրդային կարգերի հաստատումը։ Ցարական իշխանությունների օրոք հենց «Դավիթ Գարեջի» վանական համալիրի տարածքով էր անցնում Թիֆլիսի և Ելիզավետպոլի գուբերնիաների միջև սահմանը։ Այնուհետև՝ 1918-1920 թթ.-ին, այս տարածքը փաստացի ճանաչվեց Վրաստանի և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության միջև սահման, որն անփոփող մնաց նաև խորհրդային շրջանում։
     
Հարկ է նշել, որ համայնավարական տարիներին «Դավիթ Գարեջի» վանական համալիրի հարցը չէր էլ քննարկվում, քանի որ այն ժամանակ ավելի առաջնային էին համարվում եղբայրական ազգերի միջև հողերի կոլխոզային պատկանելության հարցերը։ Այնուհանդերձ, չի կարելի բացառել նաև այն վարկածը, ըստ որի՝ Մոսկվան նպատակաուղղված չէր փորձում լուծել տարածքային վեճերը. անթաքույց և հավանական հակամարտություններից օգուտներ քաղելու նպատակով։
    
Վրաց-ադրբեջանական սահմանային դեմարկացիայի հարցն առավել ակնառու դարձավ միայն խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ 1990-ական թվականներին։ Վրացական իշխանություններն Ադրբեջանին պարբերաբար առաջարկում էին «Դավիթ Գարեջի» վանական համալիրի փոխարեն տրամադրել առավել ընդարձակ տարածքներ վրաց-ադրբեջանական սահմանի այլ հատվածում։ Սակայն Ադրբեջանը մերժում էր նմանօրինակ առաջարկները՝ առաջնորդվելով «և´ ինձ, և´ քեզ» տրամաբանությամբ, հակառակ դեպքում սպառնում էր սառեցնել հարցը, որը էլ փաստացիորեն գործում է մինչ օրս։
            
Սահակաշվիլիի իշխանության տարիներին կողմերն ընդհանրապես ձգտում էին չշոշափել այս հիմնախնդիրը՝ առավելաբար կենտրոնանալով էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և երկկողմ տնտեսական հարաբերությունների սերտացման շուրջ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը որոշում կայացրեց թույլ տալ հոգևորականներին և զբոսաշրջիկներին այցելելու եկեղեցական համալիրի իր տարածում գտնվող հատվածն առանց նախապայմանների։
 

«ԴԱՎԻԹ ԳԱՐԵՋԻ» ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ


«Դավիթ Գարեջի» վանական համալիրի պատկանելության հիմնախնդիրը շարունակում է խոչընդոտ մնալ վրաց-ադրբեջանական հարաբերություններում ավելի քան երկու տասնամյակ: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «Դավիթ Գարեջի» վանական համալիրի տարածքը։ Անշուշտ ուշագրավ է ոչ միայն հնագույն եկեղեցական կառույցով, այլև ռազմավարական նշանակության բարձունքներով, որոնք գտնվելով Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա, պարզորոշ տեսողական հնարավորություն են ապահովում Վրաստանի սիրտը հանդիսացող Կուրի դաշտավայրի նկատմամբ՝ վերահսկելի դարձնելով Վրաստանի տարածքն Ադրբեջանի կողմից։
    
Հոգևոր-մշակութային տեսանկյունից «Դավիթ Գարեջի» վանական համալիրը համարվում է հնագույններից մեկը Վրաստանի պատմության մեջ։ Կառույցի հնագույն վանքը Դավթի մայրավանքն է, որը հիմնադրվել է 6-րդ դարում՝ Սիրիայից գաղթած, ազգությամբ ասորի Դավիթ Գարեջայի կողմից: 11-րդ դարում վանքն ավերվել էր սելջուկ-թուրքերի հարձակման հետևանքով, իսկ 13-րդ դարում այն կողոպտվել էր մոնղոլների կողմից: Հետագայում, վրաց եկեղեցին ոչ միայն նորոգել էր այն, այլև ընդարձակել՝ 20 ժայռափոր եկեղեցիների ներառմամբ:
            
Խորհրդային կարգերի հաստատումից հետո այս տարածքի մի մասը պարզապես հանձնվել էր նորաստեղծ Ադրբեջան պետությանը: Արդյունքում, Բերթուբանի մենաստանն ուղղակիորեն հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ինչը չի ժխտում վրացական կողմը, իսկ Ուդաբնո և Չիչխիտուրի վանքերը հայտնվել էին  անմիջապես սահմանին։

Ադրբեջանական կողմը բազմիցս փորձում էր «Դավիթ Գարեջի» վանական համալիրը ներկայացնել որպես իր պատմության անբաժան մասը՝ պնդելով, որ այն ալբանական հուշարձան է, իսկ ալբանները հանդիսանում են ներկայիս ադրբեջանցիների քրիստոնյա նախնիները: Այնուհետև, ադրբեջանական գիտական շրջանում տարածում է գտնում նաև այն համոզմունքը, ըստ որի, վրացիներն ուղղակի յուրացրել են «Դավիթ Գարեջի» վանական համալիրը Կովկասում ցարական կարգերի հաստատումից հետո:

«Դավիթ Գարեջի»-ն ադրբեջանական պատմության մի մասը ներկայացնելու նպատակով 2007-ի դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը «Դավիթ Գարեջի» կամ, ինչպես ադրբեջանցիներն են կոչում, «Քեշիքչիդաղի» քարանձավային մենաստանները ներառեց ազգային արգելոցների ցանկում: Իրենց հերթին ադրբեջանցի պատմաբաններն սկսեցին առաջ տանել այն տեսակետը, որ «Դավիթ Գարեջի» վանական համալիրն ադրբեջանցիների նախնիներ հանդիսացող ալբանների պատմական ժառանգությունն է: Իլհամ Ալիևի հիմնած «Քեշիքչիդաղի» արգելոցի տնօրեն Մուսա Մուրսագուլիևի պնդմամբ էլ՝ այս տարածքում մարդիկ սկսել են բնակվել ավելի քան 2000 տարի առաջ, իսկ վրացի ուղղափառ քրիստոնյաներն այնտեղ են եկել սկսած 11-12-րդ դարերից, որմնանկարներն էլ արվել են 19-րդ դարում:

«Դավիթ Գարեջի» վանական համալիրի հիմնահարցը ակնհայտորեն խնդրահարույց դարձավ 2007-ի ապրիլից, երբ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարեց, որ «Դավիթ Գարեջի»-ն վրացական հուշարձան չէ, այլ կովկասյան Ալբանիայի պատմության մի մասը: Այս հայտարարությունը բացասաբար ընդունվեց Թբիլիսիում՝ առաջացնելով դիվանագիտական սկանդալ Վրաստանի և Ադրբեջանի միջև: Ի պատասխան, Վրաստանի այն ժամանակվա արտգործնախարար Գելա Բեժոաշվիլին հայտնեց, որ Խալաֆովի պատմության դասերը բացարձակապես անհասկանալի են և որ նա պետք է ուսումնասիրի աշխարհի պատմությունը:

«Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ խնդիրը սրվեց 2012-ի մայիսին, երբ ադրբեջանցի սահմանապահները թույլ չտվեցին վրացի հոգևորականներին այցելել Ուդաբնո մենաստան՝ պնդելով, որ մենաստանն ալբանական է, այլ ոչ թե վրացական: Այս միջադեպի հետ կապված բողոքի շարժումները չհանդարտվեցին այնքան ժամանակ, քանի դեռ Միխայիլ Սահակաշվիլին և Իլհամ Ալիևը չանդրադարձան այս խնդրին Չիկագոյում 2012-ին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որի արդյունքում խնդիրը ժամանակավորապես հարթվեց:

Խնդրի լուծման անորոշությունը հանգեցրեց իրավիճակի հերթական սրմանը 2019 թ.-ի ապրիլին: Նախքան իրավիճակի թեժացումը՝ մարտին, Ադրբեջան իր այցելության ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բարձրացրեց երկու երկրների միջև սահմանային դելիմիտացիայի անհամաձայնության հարցը, որը կրկին անգամ վերահաստատվեց ապրիլի 20-ին՝ նախքան «Դավիթ Գարեջի» հոգևոր համալիր այցելելը: Նմանատիպ պահանջը լայնածավալ դժգոհություններ առաջացրեց Ադրբեջանում: Ի պատասխան այս հայտարարությունների, Բաքուն Սուրբ Զատիկի արարողության ժամանակ արգելեց վրաց հոգևորականների, ճգնավորների և այլ այցելուների մուտքը Ուդաբնո մենաստան՝ «անվտանգության նկատառումներից ելնելով», ինչը բազմաթիվ բողոքի ցույցերի առիթ դարձավ: Եվ միայն վրաց բարձրաստիճան պաշտոնյաների միջամտության արդյունքում, երեք օր անց թույլատրվեց այցելուների մուտքը վիճարկելի տարածքներում գտնվող մենաստաններ: Չնայած մենաստաններ մուտք գործելու կարճատև արգելքին, Վրաստանում մի շարք հակաթուրքական և հակաադրբեջանական կոչեր հնչեցին:

Բողոքի ցույցերի ընթացքում Վրաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ հավաքվեցին Ադրբեջանի հետ սահմանի վիճելի հատվածում գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մոտ` պահանջելով այս տարածքը վրացական պետության բաղկացուցիչ մաս ճանաչել: Ակցիայի ամենասկզբում ցուցարարները կենդանի շղթա կազմեցին վանական համալիրի ամենաբարձրադիր կետում գտնվող Չիչխիթուրի աշտարակի շուրջ՝ այստեղ տեղադրելով վրացական մեծ դրոշ: Բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի իշխանություններից պահանջում էին գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հետ հողային վեճը հանգուցալուծելու ուղղությամբ: Որպես հանգուցալուծում՝ վրացի ակտիվիստները միայն մեկ տարբերակ են ընդունում` Բաքուն պետք է հայտարարի վիճելի հողատարածքի հանդեպ բոլոր տեսակի ոտնձգություններից հրաժարվելու մասին:

«Դավիթ Գարեջի»-ի շուրջ իրադրությունը է՛լ ավելի սրվեց, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական իշխանությունները դեպի վանական համալիր տանող նոր ճանապարհ են կառուցում:

Բողոքի ցույցերը առավել ծայրահեղ բնույթ կրեցին, երբ մի շարք անձանց կողմից ակնհայտ հակաադրբեջանական կոչեր հնչեցին: Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին, ում ապրիլի 25-ին ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել մոտենալ «Դավիթ Գարեջի» քրիստոնեական վանական համալիրին՝ նշելով, թե դա պատկանում է Ադրբեջանին, պատասխան հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, - «Բռնազավթիչնե´ր: Ձեր Ալիևին փոխանցեք, որ երբ ձեր նախնիներն ապրում էին Միջին Ասիայում, մեր նախնիները ստեղծում էին այս մշակույթը: Դուք ոչ մի կապ չունեք Կովկասի հետ: Սա մեր քրիստոնեական տաճարն է»:

Վրացի քաղաքական գործչի այս կոչն ապրիլի վերջին ավելի սրեց վրաց-ադրբեջանական առանց այն էլ լարված հակամարտությունը սահմանային խնդրի շուրջ:  Պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այսպիսին էր. «Քեշիքչիդաղ» («Դավիթ Գարեջի») քարանձավային վանական համալիրը կովկասյան Աղվանքի պատմական ժառանգությունն է: Հին աղվանները քրիստոնեություն են դավանել, սակայն իսլամ ընդունելով՝ այս սրբավայրի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կորցրել են: Աթաբեկովների դինաստիայի կառավարման ժամանակ վրացի տիրակալները այն միացրել են իրենց պետությանը»:


Վրաստանի հանրության որոշ շրջաններում տարածվում է նաև այն կարծիքը, որ Ադրբեջանը, որ նաև նախաձեռնել էր դեպի վանական համալիր տանող ավտոճանապարհի կառուցումը, նախատեսել է «Դավիթ Գարեջի»-ն դարձնել զբոսաշրջային վայր՝ ներկայացնելով այն որպես ադրբեջանական պատմական հարստություն: Այս հայտարարություններին զուգահեռ վրաց մի խումբ հոգևորականներ, միանալով բողոքի ցույցերին, փակեցին Ադրբեջանի հետ կապող միջպետական մայրուղին, իսկ մայիսի 28-ին երկու կողմից էլ բողոքի մեծ ակցիաներ կազմակերպվեցին «Դավիթ Գարեջի» համալիրի մոտ՝ ագրեսիվ տրամադրվածությամբ:
       
Նրանց միացավ նաև Վրաստանի գլխավոր լեյբորիստ Շալվա Նաթելաշվիլին: Ըստ նրա, Բիձինա Իվանիշվիլին վաճառել է «Դավիթ Գարեջի»-ն իր գործընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ և օլիգարխ Իլհամ Ալիևին: Շալվա Նաթելաշվիլիի կարծիքով, ինտենսիվ աշխատանք է ընթանում, որպեսզի այդ հնագույն վրացական սրբավայրը վերջնականապես օկուպացվի: Նաթելաշվիլին պահանջեց դադարեցնել բանակցությունները, քանի դեռ բանակցություններին չեն ներգրավվել ԵՄ-ն և ԱՄՆ-ն:

Որպես խնդրի լուծում՝ թե´ ադրբեջանական և թե´ վրացական կողմից պարբերաբար նշվում է, որ ստեղծվել է երկկողմ հանձնաժողով, որը զբաղվում է խնդրի լուծմամբ, ինչը կբխի երկու բարեկամական երկրների շահերից: Այսուհանդերձ, ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցով շատ հստակ է և կտրուկ: Սահմանային դելիմիտացիայի աշխատանքների ընթացքում Ադրբեջանական կողմը հաստատել է իր դիրքորոշումը. «Դավիթ Գարեջի» եկեղեցական համալիրը (Քեշիքչիդաղ) հանդիսանում է Ադրբեջանի տարածքը: Այդ մասին մայիսի 27-ին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ, - «Համաձայն միջազգային իրավունքի, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանն ու Վրաստանը դարձան նրանց միջև առկա ադմինիստրատիվ սահմանների իրավահաջորդները: Որպես հետևանք, այդ սահմանները դարձան պետական և հսկողության տակ վերցվեցին երկու երկրների սահմանապահ ծառայությունների կողմից»,-նշել է Խալաֆովը՝ հավելելով, որ այդ հատվածում միշտ էլ սահման է եղել, որը վերահսկվել է  և վերահսկվում է Ադրբեջանի և Վրաստանի սահմանապահ ծառայությունների կողմից:

Փոխնախարարը նշել է նաև, որ արգելոցի տարածքով քարանձավներ անցումը Վրաստանի խնդրանքով և փոխադարձ համաձայնությամբ վրաց ուխտավորները իրականացրել են ադրբեջանցի սահմանապահների հսկողությամբ: Խալաֆովի պնդմամբ, ինչ վերաբերում է տնտեսական կամ այլ աշխատանքների կատարմանը սեփական տարածքում, ապա դա յուրաքանչյուր կողմի սուվերեն իրավունքն է:

Ադրբեջանական կողմից մայիսի 2-ին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Նա հույս հայտնեց, որ սահմանազատման գործընթացը կավարտվի մոտակա ժամանակներում՝ նշելով. «Իր կողմից Ադրբեջանը պատրաստ է դրան: Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային դելիմիտացիայի հարցը կլուծվի միջազգային փորձի հիման վրա, ինչպես նաև երկկողմ փոխադարձ համակարգման ձևաչափով: կանցկացվեն պետական հանձնաժողովների հանդիպումներ: Մինչև այսօր նմանատիպ 11 հանդիպում է տեղի ունեցել, որի արդյունքում 480 կմ պետական սահմանից հստակեցվել է 314 կմ: 166 կմ սահմանային հատվածը ուսումնասիրվում է մասնագետների մակարդակով»:

Մեկնաբանելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությունը, որտեղ հիշատակվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև 1938 թ.-ին ընդունված սահմանային քարտեզը, Աբդուլաևան նշել է, որ 1938 թ.-ի և 1942 թ.-ի քարտեզներից զատ կա նաև 1963 թ.-ին ՎԽՍՀ-ի գերագույն խորհրդի կողմից հաստատված քարտեզ, որը, ի տարբերություն նախորդ տարիներին ընդունված քարտեզներին, համապատասխանում է ներկայիս սահմանագծին: Ըստ Լեյլա Աբդուլաևայի, այս քարտեզն է ներկայումս հիմք հանդիսանում սահմանազատման աշխատանքների կատարման համար:

Չնայած հանգամանքին, որ պաշտոնատար անձանց միջամտության շնորհիվ պարբերաբար բորբոքվող կրքերը հանդարտվել են, այսուհանդերձ, վիճահարույց հարցի լուծումը շարունակում է մնալ անորոշ և չլուծված: Պատճառը երկու կողմերի հակադիր դիրքորոշումներն են, ինչպես նաև զգուշավոր և անվճռական մոտեցումը հարցի լուծման շուրջ: Ակնհայտ է, որ վրաց հասարակության շրջանում հարցի ոչ ցանկալի հանգուցալուծումը կարող է անկայուն իրավիճակ ստեղծել, ինչը ցանկալի չէ վրացական իշխանությունների համար առանց այն էլ երկրում ստեղծված ոչ կայուն քաղաքական դրության պարագայում: Ադրբեջանական կողմն էլ, իր հերթին, չի ցանկանում զիջողական դիրքորոշում ունենալ այս հարցի շուրջ՝ գիտակցելով, որ իրենից տնտեսական կախման մեջ գտնվող երկիրը դժվար թե կտրուկ քայլերի գնա: Դե իսկ նմանատիպ վիճելի հարցերը պատրվակ են քաղաքական լրացուցիչ լծակներ ձեռք բերելու և վրաց-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանի համար առավել մեծ օգուտներ քաղելու հարցում: Նմանատիպ մոտեցումը արտացոլում է նաև Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականության բնույթը, որն արտահայտվում է ոչ միայն Վրաստանի, այլ նաև մյուս հարևան երկրների հետ հարաբերություններում:
 

ԷՐԻՍԻՄԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Ու ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ


«Դավիթ Գարեջի» վանական համալիրից զատ, վրաց-ադրբեջանական սահմանազատման աշխատանքներում ևս մեկ խնդիր է Էրիսիմեդի գյուղի հիմնահարցը: Այն գտնվում է վրացական Սիգնախի շրջանի սահմանային վիճելի հատվածում։ Բնակավայրը կառուցվել է 1989 թ.-ին՝ նախատեսված լինելով Աջարիայում սողանքի հետևանքով իրենց տները կորցրած գյուղացիներին վերաբնակեցնելու նպատակով։ Այն տեղակայված է սահմանային Ալազանի գետի աջ ափին, որը տարիների ընթացքում փոխել է իր հունը՝ վիճարկելի դարձնելով նաև վրաց-ադրբեջանական սահմանի այդ հատվածը։ Ներկայումս այս գյուղ հնարավոր չէ մտնել առանց անձը հաստատող փաստաթղթի ներկայացման սահմանային ոստիկանական անցակետում։

2010-ին աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել վրաց-ադրբեջանական սահմանի այս հատվածում, երբ Էրիսիմեդի գյուղի ազգությամբ չեչեն անչափահաս բնակիչը հոտը արածեցնելիս սպանվել է ադրբեջանցի սահմանապահների կրակոցից՝ վերջիններիս պնդմամբ սահմանախախտման արդյունքում։ Դեպքից մի քանի ամիս անց Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանտաձեն հայտարարել է, որ գյուղը վիճելի տարածք է, իսկ սահմանազատման աշխատանքները ընթացքի մեջ են։ Այսուհանդերձ, սահմանային դեմարկացիան մինչ այժմ չի ավարտվել, իսկ գյուղի ցանքատարածությունների մի մասը վերահսկվում է ադրբեջանցի սահմանապահների կողմից։

Էրիսիմեդի բնակավայրում ներկայումս խնդրահարույց են ոչ միայն սահմանային բնակավայրերին բնորոշ սոցիալ-կենցաղային խնդիրները, այլ նաև առկա են խնդիրներ, որոնք առնվազն անսովոր են 21-րդ դարում գոյություն ունեցող բնակավայրերի համար:  Հատկանշական է, որ այս բնակավայրը մինչ այսօր նշված չէ պետռեգիստրում, ինչի արդյունքում բազմաթիվ սոցիալ-կենցաղային հարցեր շարունակում են անլուծելի մնալ։ Չնայած բնակավայրը քարտեզի վրա հայտնվելու բնակիչների պահանջին, խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Սահմանային ոստիկանությունը չի վերահսկում Էրիսիմեդի գյուղը, իսկ սահմանային անցակետը տեղակայված է գյուղի մուտքի մոտ՝ փաստացի գյուղը դարձնելով չեզոք գոտի։ Գյուղի բնակիչները և գյուղ այցելել ցանկացողները պարտավոր են գյուղ մտնելու համար անձնագիր ներկայացնել, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում տեղի բնակչության շրջանում։ Խնդիրը, այնպես ինչպես «Դավիթ Գարեջի» վանական համալիրի հիմնահարցը, շարունակում է անորոշ մնալ: Դե իսկ այս դեպքը, ի տարբերություն «Դավիթ Գարեջի» վանական համալիրի, առավել խնդրահարույց է, քանի որ խոսքը գնում է բնակելի տարածքի և Էրիսիմեդի գյուղում ապրող մարդկանց հետագա ճակատագրի մասին:

Վերը նշված խնդիրներով վրաց-ադրբեջանական սահմանային խնդիրները չեն ավարտվում: Մեկ այլ կարևոր խնդիր է սահմաանյին գոտում ականների առկայության հարցը: Հայ-վրացական սահմանից մինչև Կարմիր կամուրջ ընկած վրաց-ադրբեջանական սահմանային հատվածը Վրաստանի կողմից շարունակվում է ականապատված մնալ Արցախյան հակամարտության օրերից ի վեր։ Սակայն վրացական իշխանությունները չեն շտապում այս հատվածում ականազերծման աշխատանքներ կատարել։ Պատճառն այն է, որ այդ ամենին դեմ է Ադրբեջանը։ Այս ամբողջ տարիների ընթացքում այստեղ 18 պատահար է գրանցվել, որի արդյունքում տուժել են սահմանամերձ ադրբեջանաբնակ գյուղերի մի շարք բնակիչներ: Պատահարների արդյունքում 7 մարդ զոհվել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներ են ստացել։ Այսուհանդերձ, Վրաստանի տարածքում գտնվող ադրբեջանաբնակ Կիրաչ-Մուղանլո, Կաչաղան և Տեկալի գյուղերի մոտ 4000 բնակիչները շարունակում են ապրել ականապատ սահմանային գոտու հարևանությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Իսա Սադիգովը հայտնում է, որ արցախյան հակամարտության ամենաթեժ պահերին Ադրբեջանը ականապատել է Կարմիր կամրջին հարակից տարածքները, քանի որ այդ կամուրջից 5-6 կմ հեռավորության վրա է գտնվում հայ-վրացական սահմանը: Այդպիսով Ադրբեջանը զգուշացել է հայկական կողմից հնարավոր ներթափանցման փորձերից Վրաստանի տարածքով: Նախկին պաշտոնյայի կարծիքով՝ Ադրբեջանը հիմա էլ չի ցանկանում ականազերծել այս տարածքները, իսկ սահմանային հատվածը սեփական տարածքից չի կարող ականապատել, քանի որ խաղաղ գործընթացների տեսակետից այդպիսի իրավունք չունի: Մինչդեռ ադրբեջանական կողմը իբր թե աչք է փակում այն փաստի վրա, որ վրացական կողմից սահմանային հատվածը ականապատ է:

Բրիտանական «ՀԱԼՈ ԹՐԱՍՏ» ականազերծման կազմակերպությունը հաստատում է, որ ադրբեջանական ռազմական տեխնիկան ներթափանցել է Վրաստանի տարածք: 2015-ի հուլիսի 6-ին այս կազմակերպությունը թույլտվություն է ստացել ականազերծման աշխատանքներ կատարել կարմիր կամուրջի հատվածում Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դելտա» գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտել է միայն ադրբեջանական կողմը՝ պահանջելով լքել տարածքը:

Վրաստանի պաշտպանության նախարարությունն այս առթիվ հայտնել է, որ սահմանին ականազերծման աշխատանքները պետք է դադարեցվեն մինչև վերջնական որոշման ընդունումը: Իսա Սադիգովը այս դեպքի առիթով նշել է, որ վրացական կողմը չի կարող առանց Ադրբեջանի համաձայնության ականազերծել այս տարածքները: Այսուհանդերձ, «ՀԱԼՈ ԹՐԱՍՏ» կազմակերպությունը նշում է, որ իրենք կարող են սկսել շուրջ 2,2 մլն մ2 տարածքի ականազերծման աշխատանքներն առանց Ադրբեջանի համաձայնության:

Հարկ է նշել նաև, որ սահմանային այս հատվածը կարող է առևտրի առարկա լինել Ադրբեջանի և Վրաստանի միջև: Պետք չէ մոռանալ, որ վրաց-ադրբեջանական սահմանային դեմարկացիայի աշխատանքները դեռ ավարտված չեն, և առկա են վիճելի տարածքներ: Հնարավոր է, որ Ադրբեջանը օգտագործի այս փաստը Վրաստանին ճնշելու նպատակով:

ՎԵՐՋԱԲԱՆ


1.    Վրաց-ադրբեջանական սահմանային խնդիրը շարունակում է քննարկվել երկկողմ հանձնաժողովների մակարդակով, սակայն մնում է անորոշ և չլուծված,
2.    Բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով շարունակում են հնչել կարծիքներ հարցի լուծման վերաբերյալ, սակայն դրանք առաջին հերթին նպատակ ունեն նվազեցնել լարվածությունը հանրության շրջանում,
3.    Սահմանային չլուծված խնդիրների արդյունքում պարբերաբար սրվում է իրավիճակը՝ նպաստելով հակաադրբեջանական բողոքի ակցիաների անցկացմանը Վրաստանում: Ադրբեջանն իր հերթին փորձում է հակազդել այս խնդիրներին, ինչպես նաև հակաադրբեջանական հայտարարություններին մասնավորապես «Դավիթ Գարեջի» վանական համալիրի տարածքում այցելուների տեղաշարժի սահմանափակմամբ,
4.    Վրաց հասարակության շրջանում Ադրբեջանի հետ սահմանային վեճերը հոգևոր-մշակութային տեսանկյունից բավականին զգայուն խնդիր են, մինչդեռ Ադրբեջանն այս հարցն օգտագործում է քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով,
5.    «Դավիթ Գարեջի» վանական համալիրի հանդեպ նկրտումները ցույց են տալիս Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականության բնույթը,
6.    Կողմերին պաշտոնական մակարդակով շարունակում է նախընտրելի մնալ հարցի փաստացի սառեցումը կամ խնդրի լուծման հետաձգումը, քանի որ առաջին հերթին վրացական իշխանությունները չեն ցանկանում բողոքի հերթական ալիքը բարձրացնել իրենց հասարակության ներսում, իսկ Ադրբեջանը նմանատիպ իրավիճակում քաղաքական տեսակետից գտնվում է առավել նպաստավոր դիրքերում և դժվար թե զիջողական մոտեցում ցուցաբերի:
ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ
255 reads | 30.08.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com