ՎԱՀԱԲԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԻՍԼԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ
Թբիլիսիի պետական համալսարանի Կովկասագիտության բաժնի մագիստրոս, ՎՐԱՍՏԱՆ





Իսլամական ամենառադիկալ կրոնա-քաղաքական ուղղություններից է վահաբիականությունը: Նեջդում` Պարսից ծոցի տարածաշրջանում առաջացած կրոնական այս ուղղությունը ստեղծվել է 18-րդ դարում Մուհամմադ իբն Աբդ ալ-Վահաբի կողմից: Վահաբիականության գաղափարարախոսությունը կայանում էր Իսլամի երկու սուրբ գրքերի` Ղուրանի և Սուննայի նախնական դրույթներին վերադառնալու մեջ: Այն մերժում էր յուրաքանչյուր նորամուծություն (բիդ’ա) Իսլամում, որը կարող էր հակասել Ղուրանի նորմերին: Վահաբիները Իսլամի հիմնադիր Մուհամմադին համարում էին ընդամենը մի սովորական մարդ, ում Ալլահն ընտրել է իր առաքյալը լինելու համար: Նրանք դեմ էին Մուհամմադի աստվածացմանը, ինչպես նաև գտնում էին, որ նրան չի կարելի երկրպագել կամ դիմել որևէ խնդրանքով: Մուհամմադի միակ առավելությունը մյուս մուսուլմանների համեմատ կայանում էր նրանում, որ դատաստանի օրը նա կարող էր միջնորդել Ալլահի առջև այս կամ այն իսլամադավանի համար:

Վահաբիների հիմնական առանձնահատկությունն էր համարվում միաստվածությունը՝ թաուհիդը, որը դարձավ վահաբիականության գլխավոր քաղաքական պահանջը: Այդ պատճառով էլ վահաբիականներին անվանում էին նաև «մուվահիդուն», այսինքն՝ միաստվածության կողմնակիցներ:        
   
Վահաբիականները խիստ թշնամական դիրքորոշում ունեն այն բոլոր մուսուլմանների և մուսուլմանական ուսմունքների նկատմամբ, որոնք չէին ընդունում նրանց տեսակետները և չէին հետևում նրանց: Նրանք մերժում են իսլամական սովորութային օրենքի` շարիաթի օգտագործումը: Իսլամական չորս օրենսդրական հիմքերից` Ղուրանից, Սուննայից, Իջմայից և Կղիյասից վահաբիները ընդունում են միայն Ղուրանը: Վահաբիականությունը մերժում է նակլի` իսլամի պատմության ընթացքում մուսուլմաններին փոխանցված գիտելիքների գաղափարը: Մերժվում է նաև շարիաթի հիմքում ընկած ուսուլ ալ-ֆիկղի` իրավագիտական սկզբունքների առկայությունը: Վահաբիները բոլոր քրիստոնյաներին և հրեաներին անվանում էին անհավատներ, չնայած այն հանգամանքին, որ ուղղափառ իսլամը նրանց ընդունում էր որպես գրի մարդիկ, այսինքն հավատացյալ, բայց առավել վաղ շրջանի սուրբ գրի հետևորդ: Վահաբիների կարծիքով, իրենց գաղափարների հետևորդներ չհանդիսացող բոլոր քաղաքական իշխանությունները պետք է վերանան: Եթե սուննիների մոտ թույլատրվում է դիմել ջիհադի` սրբազան պատերազմի միայն այն դեպքում, երբ իրենց օրինական ղեկավարն է կոչ արել պաշտպանվելու նպատակով, ապա վահաբիների մոտ ջիհադի գաղափարը շատ ծայրահեղ ընկալում ունի:

Վահաբիականության առանձնահատկություններից մեկն էլ կայանում է նրանում, որ ի տարբերություն իսլամական այլ ուղղությունների, որտեղ ինքնասպանությունը մեղք է համարվում, վահաբիները կամ սալաֆիները մահապարտներին անվանում են շահիդներ, որոնք թեկուզ և կանանց, երեխաներին և ծերունիներին սպանելով հանդերձ կարող են հայտնվել դրախտում: Վահաբիները մերժում էին թուրքական ծագում ունեցող դերվիշիզմը և միստիցիզմը կամ սուֆիզմը` կոչ անելով պայքարել թուրք սուլթան-խալիֆների և նրանց փաշաների դեմ:
 
Արդեն 1803 թվականին վահաբիականների տիրապետության տակ հայտնվեցին Բահրեյնը, Քուվեյթը, ներքին Օմանը, իսկ մեկ տարի անց նաև Մասկատը: Սկսվեց վահաբիականության հաղթարշավը, որը առավել պտղաբեր եղավ հետագա տարիներին՝ 19-20-րդ դարերում:        

Վահաբիական ուսմունքը բուռն կերպով սկսեց տարածվել հատկապես 20-րդ դարի երկրորդ քառորդին երիտասարդ առաջնորդ ալ-Սաուդ Աբդ էլ-Ազիզի կողմից, որը 1932-ին, Կենտրոնական Արաբիայում ջախջախելով իր հակառակորդներին, Ստեղծեց Սաուդյան Արաբիայի թագավորությունը: Այդ թագավորության կազմում էին մտնում Մեքքան և Մեդինան: Սաուդյան Արաբիայում Վահաբիզմը ստանում էր հսկայական ֆինանսական աջակցություն, ինչը նպաստեց վերջինիս արագ տարածմանը:

Վահաբիականությունը սալաֆիականություն անվամբ  մեծ արագությամբ տարածվեց նաև Եգիպտոսում Գամալ Աբդ էլ-Նասերի մահվանից հետո` 1956 թվականից: Նրան փոխարինած Անվար Սադաթի կառավարման տարիներին կրկին վերսկսվում է արաբա-իսրայելական պատերազմը, ինչի արդյունքում Սաուդյան Արաբիան, ձգտելով զսպող դեր ստանձնել արևմուտքի նկատմամբ, չորս անգամ բարձրացնում է նավթի գները` բարձրացնելով իր դերը իսլամական աշխարհում: Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ ստեղծվում են նաև Իսլամական Կոնֆերանս կազմակերպությունը և Իսլամական բանկը, որը անմիջական օգնություն է ցուցաբերում նաև վահաբիներին:

Վահաբիականության տարածման նոր փուլը սկսվեց Աֆղանական պատերազմին զուգահեռ: ԽՍՀՄ-ի մասնակցությունը աֆղանական պատերազմին հանգեցրեց նրան, որ 1979-ին Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը և Պակիստանը ստեղծեցին միություն, որը պետք է պայքարեր արաբական աշխարհի սահմաններից դուրս վահաբիականության տարածման և վահաբիական զինված խմբերի ստեղծման համար, որոնք պետք է պայքարեին ԽՍՀՄ-ի դեմ: Հենց այս ժամանակ է, որ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ հիմք դրվեց Ուսամա բեն Լադենի գլխավորած ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության գործունեությանը:

Պաշտոնապես վահաբիականությունը ընդունված է միայն Սաուդյան Արաբիայում և Կատարում: Այն հանդիսանում է նաև աֆղանական Թալիբան շարժման գաղափարախոսությունը: Սակայն վահաբիական գաղափարները շարունակում են բուռն աջակցություն գտնել 21-րդ դարում: Վահաբիական գաղափարախոսությունը մեծ տարածում է գտել «ԴԱԻԻՇ»-ի /Դաուլաթուլ Իսլամիյա ֆիլ Իրաք վա աշ-Շամ/ կամ այլ կերպ ասած Իսլամական Պետության շրջանակներում: Մեր ժամանակների թերևս ամենախնդրահարույց և ծայրահեղական իսլամական խմբավորումներից մեկը իր ազդեցությունն է տարածել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում և նպատակ ունի ստեղծել իսլամական խալիֆայություն, որի տարածքի մեջ կմտնեն Իսպանիայից մինչև Չինաստան ընկած տարածքները: Բնականաբար Իսլամական Պետության առաջնորդները Աբու Բաքր ալ-Բաղդադիի գլխավորած ուժերը աչքաթող չեն արել նաև Կովկասը, որը նրանք համարում են որպես ապագա Իսլամական խալիֆայության մաս:
Այս ծրագիրը պարարտ հող է ստեղծում իսլամական պետության գործողություններին կովկասյան երկրների` հատկապես չկրթված և կրթական ցածր մակարդակ ունեցող մուսուլմանների ակտիվ մասնակցության համար:

Կովկասում իսլամի տարածման նախնական շրջանում բնակչության մոտ շատ ամուր հիմքերի վրա էր դրված ադաթների կամ սովորույթների համակարգը: Ուստի սուֆիական կամ միստիկական տարիկատները /ուղղություններ/ չէին կարող տեղ գտնել ագրեսիվ բնավորությամբ լեռնցիների շրջանում: 19-րդ դարի կեսերին Կովկասյան պատերազմի ընթացքում իմամ Շամիլը փորձեր կատարեց ստեղծել միասնական բարոյական նորմեր` հիմնված իսլամական նորմերի և կովկասյան ազգերի սովորույթների միաձուլման վրա: Այդ իսկ պատճառով Կովկասում տարածվեց փոխակերպված իսլամը, որտեղ ընդունված էր ադաթների պահպանումը: Չեչենների հին հավատքը այնքան խառնվեց իսլամի հետ, որ շատ դժվար դարձավ տարբերել նրանց նախկին հավատքի նորմերը իսլամական դրույթներից: Իսլամը մի կողմից համախմբեց միմյանց հետ հակամարտող կովկասյան էթնիկ խմբերին, իսկ մյուս կողմից պահպանվեցին լեռնցիներին հատուկ ագրեսիվ նորմերը: Հենց այս պատճառով ընդունված է ասել, որ Հյուսիս-Արևելյան Կովկասին հատուկ է սուֆիզմի առանձնահատուկ համակարգը` «ռազմատենչ ուղին կամ տարիկատը»:

Հարկ է նշել նաև, որ իսլամական ավանդույթները, հատկապես սրբազան պատերազմի գաղափարը շահութաբեր էր նաև կովկասյան ստորին խավի մարդկանց համար, որոնք սրբազան պատերազմներին /ղազավաթ/ մասնակցելու համար ստանում էին նաև նյութական փոխհատուցում:

Ներկայումս Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի ամենաիսլամականացված շրջաններից է, որն աչքի է ընկնում բազմէթնիկ եւ բազմադավան էթնիկական խմբով, որտեղ բնակվում է Ռուսաստանի իսլամադավան բնակչության մոտ 40 տոկոսը: Հյուսիսային Կովկասում գործում են մյուրիդական /կրոնական ուսուցչին` մուրշիդին անվերապահորեն ենթարկվելու նորմ/ հասարակարգի միավորումներ, ինչպես նաև սուֆիական տարիկատներ /ուղիներ/ կամ օրդեններ, որոնցից են նակշբանդիները և կադարիները:
Կադարիական գաղափարախոսությունը, ըստ որի մարդն է համարվում իր գործողությունների պատասխանատուն, և ոչինչ կանխորոշված չէ Ալլահի կողմից, դոմինանտ է համարվում հատկապես Չեչնիայում և 1990-ականներին Ջոխար Դուդաևի կառավարման ընթացքում համարվում էր ոչ պաշտոնական գաղափարախոսություն: Հարկ է նշել նաև, որ Դուդաևը շարունակեց իրեն նախորդած Դոկու Զավգաևի գործը, որը երկու տարում ավելի քան 200 մզկիթ կառուցեց Չեչենո-Ինգուշեթիայում` փորձելով նախկին կուսակցական էլիտայի շուրջ ստեղծել նոր համախմբված հասարակություն:

Դուդաևի օրոք մեկ այլ կարևոր իրադարձություն էր ծայրահեղ իսլամական խմբերի ի հայտ գալը Հյուսիսային Կովկասում, որոնցից էին "Մուսուլման Եղբայրները", "Ջամաաթ Իսլամիյան" և այլն, որոնք սերտորեն կապված էին սաուդյան, պակիստանյան կազմակերպությունների, Համաշխարհային Իսլամական Լիգայի, Համաշխարհային Իսլամական Կոնգրեսի և այլ իսլամական կազմակերպությունների հետ:
 
Ջոխար Դուդաևի` 1992 թ-ին Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացության արդյունքում Չեչնիայում նոր թափ առավ ծայրահեղական իսլամի տարածումը: Ուխտագնացությունից հետո Դուդաևը Գրոզնիում կազմակերպեց մուսուլմանների համագումար, որի ծրագրերը քիչ էին տարբերվում վահաբիականությունից: Վահաբիականության հետևորդները դիտարկում էին սրբազան պատերազմի հնարավորությունը ընդդեմ Ռուսաստանի, որը պետք է նպաստեր իսլամական պետության ստեղծմանը Չեչնիայի և Դաղստանի տարածքում: Հատկանշական է, որ 1992-1994 թթ. Մոսկովյան իշխանությունները մայրաքաղաում հայտնաբերեցին մի շարք ծայրահեղական իսլամական խմբավորումներ, որոնք հակված էին վահաբիականության գաղափարախոսությանը: Այս խմբավորումների գործունեությանը նպաստում էին տարբեր իսլամական կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանում:

1993 թ-ից Մոսկվայում և այլ ռուսական քաղաքներում իրենց մասնաճյուղերը բացեցին Սաուդյան Ֆահդ արքայի անվան մադրասան, «Շամիլի Հասարակություն» և «Ահմեդ ալ-Դաղստանի» կազմակերպությունները, ինչպես նաև այլ իսլամական մշակութային-կրթական կենտրոններ: Այս կազմակերպությունները միլիոնավոր օրինակներով տպագրում և տարածում էին Ղուրան, կրոնական այլ գրականություն` հնարավորություն ընձեռելով նաև արտերկրում ստանալ աստվածաբանական կրթություն, ինչպես նաև ուխտագնացություն կատարել մուսուլմանական սրբավայրեր: Սրա արդյունքում տարածաշրջանում ավելանում են նաև մուսուլմանական կրթահամալիրները: Դեռեւս 2000-ի վերջերին Դաղստանում գործում էին 13 իսլամական համալսարաններ (որոնցից վեցը` պետական լիցենզավորմամբ), միջազգային իսլամական բուհերի 33 մասնաճյուղեր, 136 մեդրեսե (միջնակարգ կրոնական դպրոց) եւ այլն։ Մախաչկալայում է գտնվում նաև Հյուսիսային Կովկասի ամենամեծ` Իմամ Շաֆիի իսլամական համալսարանը։
Հյուսիսային Կովկասում մշակութային վերածնունդը նպաստում է նաև տարածաշրջանում անկայունության առաջացմանը:

Մուսուլմանների շրջանում տարածվում են անջատողական տրամադրություններ հատկապես Դաղստանում, Չեչնիայում, Ինգուշեթիայում, Կարաչաեւո-Չերքեզիայում և Կաբարդինո-Բալկարիայում: Կարևոր հանգամանք է նաև այն, որ հյուսիսկովկասյան այս հանրապետություններում իսլամը բաղկացած է երեք հիմնական ուղղություններից`սուննիզմ, սուֆիզմ եւ սալաֆիզմ (վահաբիզմ):
Վահաբականների դեմ հատկապես անզիջում պայքար են մղում սուֆիական շեյխերը: Վերջիններիս մեջ հանգուցային նշանակություն ունի Ացաեւ Սեյիդ-էֆենդի Ալ-Չիրքավին (Չերկեւսկի), որը մեծ թվով համախոհներ ունի դաղստանյան վերնախավի շրջանում: Վահաբիզմի դեմ բացահայտ պատերազմ է հայտարարել նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Սալաֆիական կամ վահաբիական իսլամը Հյուսիսային Կովկասում սկսել է տարածվել 1990-ականների սկզբներին, հիմնականում արտաքին միջամտության եւ ֆինանսավորման շնորհիվ: Այն մասնավորապես Չեչնիայում դարձել է հակառուսական պայքարի հենք, ինչը նպաստել է, որ 2007-ին Հյուսիսային Կովկասում ստեղծվի «Կովկասի Էմիրություն» ահաբեկչական կազմակերպությունը` նպատակ ունենալով Հյուսիսային Կովկասում ստեղծել Ռուսաստանից անկախ իսլամական պետություն: Այս վիրտուալ պետության առաջնորդը դարձավ իսլամիստական շարժման ամենահայտնի դեմքերից մեկը` Դոքու Ումարովը, որն իրեն հռչակել էր Կովկասի մոջահիդների էմիր: «Կովկասյան Էմիրության» թիրախը սկզբնական շրջանում հանդիսանում էին ղեկավար օղակների աշխատակիցները և հակավահաբիական տրամադրություններով աչքի ընկնող մուսուլման և քրիստոնյա հոգևորականները:
Ամենաաղմկահարույց օրինակներից էին 2009 թ-ին հակավահաբական տրամադրություններով հայտնի երկու հեղինակավոր եւ բարձրաստիճան աստվածաբանների` Դաղստանի փոխմուֆտի Ահմադ Թաղաևի, Կարաչաեւո-Չերքեզիայի փոխմուֆտի Իսմայիլ Բոստանովի և մոսկովյան Թովմաս առաքյալ եկեղեցու հոգևոր հովիվ Դանիել Սիսոևի սպանությունները: Հետագայում ահաբեկչական գործողությունները կրեցին ավելի լայնամաշտաբ բնույթ: Ահաբեկիչները 2010-2011 թթ-ին ահաբեկչական գործողություններ իրականացրեցին Մոսկվայի մետրոյում և Դոմոդեդովո օդանավակայանում, որի արդյունքում զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ, իսկ ավելի քան 240 մարդ վիրավորվեց:

Հյուսիսային Կովկասի ծայրահեղական խմբավորումներն ու այդ խմբավորումների առաջնորդները գտնվում են նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հատկանշական է, որ հյուսիսկովկասյան մի շարք ահաբեկիչների դեմ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պատժամիջոցներ կիրառելու որոշում է կայացրել: Այդ անձանցից են հատկապես Դաղստանի «վիլայեթի» նախկին և Կովկասի «էմիրության» ներկայից իմամ Ռուստամ Ասիլդարովը, ով այդ պաշտոնին նշանակվել է ալ-Բաղդադիի կողմից:

Պատժամիջոցներ սահմանվեցին նաև Ահմեդ Չատաևի դեմ, ով 2003 թ-ից ռուսական իրավապահ մարմինների կողմից գտնվում է հետախուզման մեջ: Ահմեդ Չատաևը 2012 թ-ին Լոպոտի կիրճում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվեց Վրաստանի անվտանգության աշխատակիցների կողմից անօրինական զենք պահելու մեղադրանքով, սակայն 2013 թ-ի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից արդարացվեց: 2014 թ-ին պարզ դարձավ, որ արդեն իսկ ազատության մեջ գտնվող Չատաևը մասնակցում է Իսլամական Պետության գործողություններին:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև Կաբարդինո-Բալկարիայի բնակիչ Զաուրբեկ Գուչաևը /ԻՊ-ի կազմում կռվում են մոտ 150 մարտիկներ Կաբարդինո-Բալկարիայից/ և Ստավրոպոլի բնակիչ Իսլամ Ատաբիևը: Գուչաևը համարվում է այսպես կոչված Կովկասի «Էմիրության» օտարերկրյա գաղտնի պատվիրակը, իսկ Ատաբիևը` Իսլամական Պետության դաշտային զորքերի հրամանատար Օմար աշ-Շիշանիի օգնականն է: Օմար աշ-Շիշանիի ենթակայության ներքո են գտնվում նաև Շամիլ Բասաևի և Ջոխար Դուդաևի նախկին զինվորական խմբավորումներն ու Հանիֆիական մազհաբի հետևորդ «Թուրքական Ջամաաթ» խմբավորումը:
 
Հյուսիսային Կովկասում ահաբեկչական գործողությունները նպաստեցին նաև ծայրահեղ իսլամական գաղափարների ներհոսքին դեպի Հարավային Կովկաս: Այս խնդիրը ավելի արդիական դարձավ մասնավորապես Վրաստանում և Ադրբեջանում: Վրաստանի Պանկիսի շրջանից որոշ տվյալներով մինչև 200 ջիհադիստներ անմիջական մասնակցություն են ցուցաբերում Իսլամական պետության գործողություններին, որի կազմավորման հիմքերը դրվել են 2004-ին, երբ ալ-Քայիդայի իրաքյան առաջնորդներից մեկը` Աբու Մուսաբ Զարքավին ստեղծեց առանձին խմբավորում «Միաստվածության և սրբազան պատերազմի հասարակություն» անվամբ:
 
Վրաստանում մուսուլմանների հիմնահարցը ավելի խորացավ հատկապես այն բանից հետո, երբ 2004 -ին Վրաստանի մուսուլմանական համայնքը ստացավ օրինական կարգավիճակ: Վրաստանի մուսուլմանական համայնքը հատկապես ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում կազմում է մոտ 85 տոկոս: Ընդհանրապես Վրաստանի բնակչության 10 տոկոսը համարվում են մուսուլմաններ: Մեծամասնութուն են կազմում ադրբեջանցի համարվող շիա մուսուլմանները: Սուննիական ուղղության հետևորդներ են համարվում լազերը կամ այլ կերպ ասած մեսխեթցի թուրքերը, ինչպես նաև Պանկիսիի չեչենական ծագում ունեցող բնակչությունը: Վրաստանի մուսուլմանական համայնքը հնարավորություն չունի երկրի ներսում բարձրագույն կրոնական կրթություն ստանալ: Այդ հնարավորությունը մասամբ տալիս են մզկիթներում գործող մադրասաները, որոնք չունեն օրինական կարգավիճակ և ծառայում են իբրև ծխական դպրոցներ:

Վրաստանում միայն 2003-2008 թթ-ին գործում էին շուրջ 150 իսլամական կառույցներ, որոնցից 95-ը մզկիթ-դպրոցներ էին,  41-ը` մզկիթներ, 18-ը իսլամական կրթական կազմակերպություններ, իսկ 2-ը` այլ տիպի կառույցներ:

Վրաստանում բարձրագույն իսլամական կրթություն ստանալու հնարավորության բացակայության պայմաններում Վրաստանի մուսուլմանները նախընտրում են մուսուլմանական կրթություն ստանալ երկրից դուրս: Աջարիայի սուննի մուսուլմանները հիմնականում նախընտրում են աստվածաբանական կրթություն ստանալ Թուրքիայում, Պանկիսիի մուսուլմանները` Սաուդյան Արաբիայում, իսկ ադրբեջանցի համարվող մուսուլմանները` Ադրբեջանում կամ Իրանում: Ընդհանրապես Պանկիսիում շատ են այն  մուսուլմանները, որոնք համարվում են սալաֆիական իսլամի հետևորդներ: Սովորաբար սալաֆիական իսլամի հետևորդ են հանդիսանում երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Սալաֆիականության հիմնական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն մերժում է քաղաքացիական պարտականությունների անհրաժեշտությունը, ինչը խոչընդոտում է հասարակությանն ինտեգրվելուն:

Պանկիսիի շրջանի հատկապես Դումաստուրի գյուղի  երիտասարդ բնակիչները, որոնց նախնիները այստեղ են տեղափոխվել ավելի քան 100 տարի առաջ Չեչնիայից, երբեմն հայտնվում են Իսլամական Պետության նշանակետում: Նրանցից էր 18-ամյա Ռամզան Ալղանաշվիլին, ով իր դասընկերոջ` 16-ամյա Մուսլիմ Կուշտանաշվիլու հետ մեկնեց Թուրքիա, որտեղից տեղեկացրեց իր ծնողներին, որ իրենք պատրաստվում են մասնակցել Իսլամական Պետության մարտական գործողություններին Սիրիայի տարածքում: Դրանից շատ չանցած, Իսլամական Պետությունը հրապարակեց այդ պատանիների լուսանկարները, որոնք արդեն իսկ համալրել էին Իսլամական Պետության զինյալների շարքերը:

Պանկիսիի շրջանից Իսլամական Պետության տարածքներ տեղափոխված և Իսլամական զորքերի առաջնորդ դարձած մեկ այլ անձնավորություն էր Տարխան Բատիրաշվիլի ակա Աբու Օմար ալ Շիշանին: Նա մասնակցել էր նաև 2008 թ-ի ռուս-վրացական հինգօրյա պատերազմին: Վրացական բանակից զորացրվելուց որոշ ժամանակ անց նա ձերբակալվում է զենքի ապօրինի առևտրի մեղադրանքով, իսկ բանտից դուրս գալուց հետո մեկնում է Սիրիա: Աբու Օմար Աշ-Շիշանին Սիրիայում ստանձնում է իսլամական ''Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ-Անսար'' /հաջ իրականացրածների և պարտիզանների բանակ/ խմբավորման ղեկավարումը, որի կազմում մտնում էին Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՊՀ երկրներից Սիրիա տեղափոխված գրոհայիններ:

Մինչև 2013 թ-ի ավարտը ''Ջեյշ ալ-Մուհաջիրին վա ալ-Անսար'' խմբավորումը սերտորեն համագործակցում էր Իսլամական Պետության հետ: Սակայն 2013 թ-ի վերջին Աբու Օմար աշ-Շիշանին և իր կողմնակիցները, ի տարբերություն խմբի այլ անդամների, դադարեցին գործել որպես առանձին խմբավորում և մտան Իսլամական Պետություն ահաբեկչական կազմակերպության կազմի մեջ: Խմբի մյուս անդամները շարունակեցին իրենց գործունեությունը որպես առանձին կազմակերպություն Սալահ ադ-Դին աշ-Շիշանիի /շիշանի արաբերեն նշանակում է չեչեն/ գլխավորությամբ: Այս կազմակերպությունը 2015-ի հոկտեմբերի դրությամբ մասնակցում է Սիրիայի ընդդիմադիր ''Ջաբաաթ ան-Նուսրա'' /հաղթանակի ճակատ/ ընդդիմադիր խմբավորման գործողություններին: Խմբավորման ղեկավար Սալահ ադ-Դին աշ-Շիշանին 2015-ի հոկտեմբերի 1-ին պատերազմ է հայտարարել Ռուսաստանին ապստամբների դիրքերը գնդակոծելու համար:

Աբու Օմար աշ-Շիշանին, գործելով արդեն Իսլամական Պետության կազմում, 2014 թ-ի սեպտեմբերին հայտարարեց, որ պարգև է խոստանում յուրաքանչյուրին, ով կսպանի Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին և նրա մտերիմներին:
 Ներկայումս Աբու Օմար աշ-Շիշանին հանդիսանում է Հալեպում, Լաթաքիայում, ալ-Ռաքքայում և Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջանում մարտական գործողություններ իրականացնող զորքերի ավագ հրամանատարը:

Ինչպես արդեն նշվել է, ոչ պաշտոնական տվյալներով Պանկիսիի շրջանից շուրջ 200 բնակիչ զորակոչվել է Իսլամական Պետության զինված ուժեր: Վրաստանի չեչենական համայնքի ներկայացուցիչ Մեկա Խանգոշվիլին հայտնում է, որ մարտիկների զինվորագրումը Պանկիսիի շրջանից շարունակվում է: Հատկանշական է, որ Պանկիսիի շրջանի նախկին իմամ Այուբ Բորչիշվիլին ներողություն էր խնդրել այն բանի համար, որ վերը նշված երկու պատանիները` Ռամզան Ալխանաշվիլին և Մուսլիմ Կուշտանաշվիլին միացել էին Իսլամական Պետության զորքերին, սակայն հետագայում պարզվել է, որ նա ևս հանդիսանում է Իսլամական Պետության ներկայացուցիչ: Պանկիսիում բացի Այուբ Բորչիշվիլուց, ևս երեք հոգի ձերբակալվեցին, որոնք մեղադրվում էին Իսլամական Պետության համար մարտիկներ հավաքագրելու հարցում: Նրանց թվում էր նաև արդեն իսկ նշված Թարխան Բատիրաշվիլու զարմիկը:

Հատկանշական է, որ Իսլամական Պետությանն անդամագրված որոշ պատանիներ, այդ թվում արդեն իսկ հիշատակված 16-ամյա Մուսլիմ Խուշտանաշվիլին, չէր կարող լքել երկիրը առանց իր ծնողների համաձայնության: Նրա մայրը հայտնել է, որ չէր կարող որդուն թույլ տալ դիմել նման քայլի, ուստի ինչ-որ մեկը կազմակերպել է այդ ամենը:

Չնայած հանգամանքին, որ Վրաստանի խորհրդարանը մի շարք օրինագծեր է հաստատել ուղղած համացանցի անվտանգության ու համացանցի միջոցով ահաբեկչական խմբավորումների համար մարտիկների հավաքագրման դեմ, այսուհանդերձ այս գործընթացը շարունակվում է, ինչը խոսում է այն մասին, որ Վրաստանում կան լրջագույն խնդիրներ կապված կիբերանվտանգության հարցի հետ: Մինչդեռ համացանցը համարվում է Իսլամական Պետության գաղափարախոսության տարածման հիմնական աղբյուրներից մեկը:
Բացի համացանցի հետ կապված խնդիրներից, Վրաստանում առկա են նաև սահմանային հսկողության և իսլամական համայնքի ինտեգրման հետ կապված հարցեր, ինչը բացասաբար է անդրադառնում Վրաստանի մասնակցությանը ահաբեկչության դեմ պայքարին: Հարց է առաջանում, թե ինչ պետք է անի Վրաստանը, եթե Իսլամական Պետության զորքերում կռված Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձիք վերադառնան Վրաստան և շարունակեն տարածել իրենց ծայրահեղական գաղափարները Վրաստանի իսլամադավան քաղաքացիների շրջանում:

Ծայրահեղական իսլամական գաղափարները աչքաթող չեն անում նաև Ադրբեջանին: Վահաբիականությունը Ադրբեջանում սկսվեց տարածվել հատկապես 1990-ականների սկզբից բարեգործական հիմնադրամների գործունեության արդյունքում: 1990-ականների վերջում քուվեյթյան բարեգործական ընկերություններից մեկի միջոցներով Բաքվում հիմնադրվեց «Աբու Բաքր» մզկիթը, որի ղեկավարումը իր ձեռքը վերցրեց սաուդական աստվածաբանական հաստատություններից մեկի շրջանավարտներից մեկը:
Վահաբիները Ադրբեջանում ակտիվ քարոզչություն սկսեցին 1995 թ-ից` ձգտելով վերացնել Ադրբեջանից հատկապես շիական տարրերը: Ադրբեջաներեն թարգմանվեցին մի շարք սալաֆիական աշխատություններ, իսկ ադրբեջանցի երիտասարդները հնարավորություն ստացան անվճար կրթություն ստանալ վահաբիականություն դավանող Սաուդյան Արաբիայում կամ Կատարում: Նմանատիպ կազմակերպությունները ադրբեջանական հասարակության կողմից հատկապես լայն աջակցություն ստացան այն բանից հետո, երբ Ադրբեջանում արգելեցին իսլամական կուսակցություններին ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին:
 
Ծայրահեղական իսլամի ազդեցությունը ադրբեջանցիների վրա կիրառվում է նաև Ադրբեջանից դուրս, հատկապես արտերկրում սովորող ուսանողների շրջանում: Հատկանշական է, որ Ստամբուլի Աթաշեհիր արվարձանում, որի աստվածաբանական դպրոցներում սովորում են մեծաքանակ ադրբեջանցիներ, սալաֆիները ստեղծել են իրենց կրոնական ցանցերը, ինչի միջոցով մեծ ազդեցություն են ունենում նաև ադրբեջանցի ուսանողների վրա` նրանց ներգրավելով Իսլամական Պետության գործողություններին: Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ չեչենները Սիրիա մեկնելու համար երբեմն ժամանում են Ադրբեջան, որտեղից էլ տեղափոխվում են Մերձավոր Արևելք: Սա նույնպես անհանգստացնում է Ադրբեջանի ղեկավարությանը:

Ադրբեջանական իշխանությունները պայքար են մղում ահաբեկչական կազմակերպություններին աջակցող ադրբեջանցիների դեմ: Սրա մասին վկայում է 2014 թ-ի սեպտեմբեր ամսին Բաքվի դատարանի որոշումը` հինգ ադրբեջանցիների դատապարտել 12-ից 14,5 տարվա ազատազրկման Սիրիայում ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար: Այսուհանդերձ այս քայլերը սպասված արդյուքը չեն տալիս: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսլամական Պետության գործողություններին մասնակցելու ընթացքում զոհվել են ավելի քան 100 ադրբեջանցիներ: Նշվում է, որ Իսլամական Պետության գործողություններին մասնակցողներից շատերը Աղջաբեդի և Եվլախի շրջաններից են, որոնք անմիջապես սահմանակից են ԼՂՀ-ին:

Հայաստանը նույնպես մտահոգված է Իսլամական Պետության հետագա ընդլայնման հարցում: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Կովկասյան հանրապետությունների, այդ թվում նաև Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք մասնակցում են Իսլամական Պետության ռազմական գործողություններին, վերադառնալով Կովկաս, կարող են լուրջ խնդիրներ առաջացնել կովկասյան երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար: Հարկ է նշել, որ Պանկիսիի շրջանի բնակիչներից մեկը, ով մասնակցություն էր ցուցաբերել Իսլամական Պետության ռազմական գործողություններին, վերադառնալով Վրաստան, հայտարարել է, որ Իսլամական Պետությունը նպատակ ունի ազատագրել Ինգուշեթիան, Չեչնիան, Դաղստանը և տարածաշրջանի մյուս իսլամական բնակավայրերը, ինչպես նաև Վրաստանը, որը ժամանակին ընդգրկված է եղել արաբական խալիֆայության կազմի մեջ որպես Գուրջիստանի վիլայեթ: Ըստ նրա, այս իրադարձությունները կնպաստեն, որ իսլամը տարածվի նաև Հայաստանում:

Միանշանակ է, որ Կովկասում ծայրահեղական իսլամի տարածմանը նպաստում են ինչպես բնակչության շրջանում գրագիտության ցածր մակարդակը, այնպես էլ իսլամական համայնքների մարգինալացված կարգավիճակը: Չկարողանալով ամբողջությամբ ինտեգրվել հասարակությանը, Կովկասի իսլամադավան բնակչությունը ընկնում է տարատեսակ ծայրահեղական կրոնա-քաղաքական ուժերի ազդեցության տակ` նրանց համար դառնալով բավական արդյունավետ գործիք: Սրանից զատ առկա է նաև թերահավատություն և հիասթափություն ընդդեմ կովկասյան երկրների ղեկավարների, ովքեր շատ դեպքերում չեն կարողանում ապահովել բնակչության ֆինանսական կարիքները, կեցության և ուսման հետ կապված ծախսերը, ինչի արդյունքում հատկապես երիտասարդությունը փորձում է իր խնդիրների լուծումը գտնել այլ վայրերում, այլ մարդկանց օգնությամբ: Հարկ է նշել նաև, որ կովկասյան երկրները անհրաժեշտ վերահսկողություն չեն սահմանում համացանցի նկատմամբ, որը անմիջական գործիք է դարձել ահաբեկչական խմբավորումների գաղափարների տարածման հարցում:

Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հարավկովկասյան երկրների անվտանգության ծառայությունները երբեմն աշխատում են բացթողումներով, պարզ կդառնա, որ Կովկասը թերևս պատրաստ չէ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:
ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ
1576 reads | 17.02.2016
|
avatar

avatar
1
Հոդվածը լուրջ թերություններ ունի, կոպիտ սխալներ։

Նշում է, «ի տարբերություն սունիների վահաբիները...» այն դեպքում, երբ վահաբիներն իրենք էլ սուննի են

Գրում է «Նրանք մերժում են իսլամական սովորութային օրենքի` շարիաթի օգտագործումը: »
Վահհաբիների ամբողջ նպատակը շարիաթը հաստատելն է, ոնց կարող եք գրել, որ մերժում են։

Հեղինակը գրում է «Իսլամական չորս օրենսդրական հիմքերից` Ղուրանից, Սուննայից, Իջմայից և Կղիյասից վահաբիները ընդունում են միայն Ղուրանը»:

Վահհաբիները, լինելով հանբալիական կրոնաիրավական դպրոցի ներկայացուցիչներ, ընդունում են և Ղուրանը, և Սուննան, ու ավելին իջման ու կիյասն էլ։ Խնդիրը դրանց կիրառման հերթականության (սուննայի դեպքում հադիսի տեսակի) մեջ է, ոչ թե ընդունել չընդունելու։

«Մերժվում է նաև շարիաթի հիմքում ընկած ուսուլ ալ-ֆիկղի` իրավագիտական սկզբունքների առկայությունը: » այսինքն՞՞ ուսուլ ալ-ֆիկհը շարիաթի հիմքում չի ընկած, այլ շարիաթն է ֆիկհի հիմքում, ու անգամ եթե տեղերով փոխենք նախադասությունը իմաստ չունի, ինչ նկատի ունի հեղինակը՞
Շարիաթը աստվածային օրենքն է, ֆիկհը դրա կիրարկումը, իսկ ուսուլ ալ-ֆիկհը ֆիկհի աղբյուրներն են, այսինքն Ղուրան, Սուննա, Կիյաս, Իջմա

Ու էլի շատ խնդիրներ կան...

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com