ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
![]() Թբիլիսիի պետական համալսարանի Կովկասագիտության բաժնի մագիստրոս, ՎՐԱՍՏԱՆ ![]() Մեսխեթցի թուրքերը ծագումով վրացիներ են, ովքեր դավանում են Իսլամ: Նրանց թվում բացի վրացական ծագում ունեցողներից, կան նաև արդեն իսկ ձուլված և մեսխեթցի թուրք համարվող համշենցի հայեր, քրդեր և թուրքեր: Մեսխեթները սկսել են դավանել Իսլամ 16-րդ դարից, երբ Օսմանյան կայսրությունը տարածեց իր իշխանությունը Վրաստանում: 19-րդ դարից սկսած վրացական տարածքները մաս առ մաս միավորվեցին Ցարական Ռուսաստանին: Չնայած այդ հանգամանքին, թուրքերը կարողացան իրենց ազդեցությունը որոշակիորեն պահպանել Վրաստանի իսլամադավան շրջաններում: 1921 թ Կարսի պայմանագրով թուրքերը որոշ իրավունքներ ստացան տարածաշրջանի մուսուլմանների հարցում, ովքեր 4 դար գտնվել էին Օսմանյան կայսրության ադմինիստրատիվ ղեկավարման ներքո: Կարսի պայմանագրում առկա էր մի կետ, որտեղ ասվում էր, որ Թուրքիան իրավունք ունի ռազմական միջամտություն իրականացնել Աջարիայի ինքնավար հանրապետությունում, եթե այնտեղ տեղի ունենան ճնշումներ մուսուլման բնակչության նկատմամբ: Հատկանշական է, որ թուրք մեսխեթների մի մասը բնակություն էր հաստատել նաև Աջարիայում, իսկ այստեղ նրանց միջոցով Թուրքիայի ազդեցության պահպանումը բացասաբար էր ընկալվում խորհրդային իշխանությունների կողմից: ![]() Մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան սկսվում է հիմնականում 1980-ականներին: Մեսխեթցիների հայրենադարձման համար խթան են հանդիսանում Ուզբեկստանում տեղի ունեցած բռնաճնշումները վերջիններիս նկատմամբ: 1989 թ-ի գարնանը տեղի ունեցավ բախում ուզբեկների և մեսխեթցի թուրքերի միջև սոցիալական խնդիրների պատճառով: Արդյունքում հազարավոր մեսխեթցի թուրքեր տեղահանվեցին Ուզբեկստանից և բնակություն հաստատեցին Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններում: Այստեղ նկատվում էր լարվածություն Ադրբեջանի ղեկավարության և լեզգիական «Սադվալ» ազգային ազատագրական խմբավորման միջև: 1991 թ-ի դրությամբ Ադրբեջանում մեսխեթցի թուրքերի թիվը հասավ 60.000-ի: Նրանցից շատերը սպասում էին իրենց` Վրաստան վերադառնալու հնարավորությանը: Նույն ժամանակահատվածում որոշ մեսխեթցի թուրքեր կարողացան վերադառնալ Վրաստան` բնակություն հաստատելով Գուրիայի Օզուրգեթի շրջանում, ինչպես նաև Իմերեթիի Իանեթի և Սամտրեդիա գյուղերում: Գուրիայի շրջանում նրանք արագորեն ադապտացվեցին տեղի վրացի բնակչությանը և այժմ իրենց համարում են վրացիներ: Սակայն Իմերեթիում նրանք բնակեցվել են առանձին և այժմ հատկապես ավագ սերնդի մոտ չի մոռացվում վերջիններիս էթնիկական պատկանելիությունը: ![]() Մինչև 2010-2011 թթ-ը Վրաստանը մեսխեթցի թուրքերի վերադարձի հետ կապված 5000 դիմում էր ստացել, որի արդյունքում 800 ընտանիքներ Վրաստան վերադառնալու իրավունք էին ձեռք բերել: Հետագայում վերադարձի դիմումների քանակը հասավ 12.000-ի, սակայն Վրաստան վերադարձած մեսխեթցիների թիվը հասնում է մոտ 3000-ի: Հատկանշական է, որ այս մարդիկ իրենց համարում են թուրքեր, որի վրա մեծ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ-ի շրջանում նրանց տրված «Մեսխեթցի թուրքեր» անվանումը: Մեսխեթցի թուրքերը Մոսկվայում ունեն իրենց կազմակերպությունը, որը կոչվում է «Վաթան»: Այս կազմակերպության հիմնական նպատակն է վերաբնակեցնել մեսխեթցի թուրքերին իրենց նախկին բնակավայրերում` Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանում: Կազմակերպության առավել ծայրահեղ խմբերը ձգտում են նաև այդ տարածքները վերամիավորել Թուրքիային: Կա նաև պրովրացական ուղղվածություն ունեցող «Խսնա» կազմակերպությունը, որը կարևորում է մեսխեթցիների կողմից վրացական ազգանունների վերականգնումը և վրացական դպրոցներ հաճախելու կարևորությունը: «Վաթան» կազմակերպության գործունեության արդյունքում Ռուսաստանի Վոլգոդոնս քաղաքի Հաղթանակի հրապարակում 2015-ին տեղի է ունեցել մեսխեթցի թուրքերի ամենամյա ցույցը: Այն նվիրված էր այդ ժողովրդի` պատմական հայրենիքից արտաքսման 71-րդ տարելիցին: Մեսխեթցինները պահանջում էին մեսխեթցինների հայրենադարձման մասին վրացական №5261-ՌՍ օրենքի իրականացումը: Ցույցի ընթացքում թուրք-մեսխեթցինները հերթական անգամ դիմել են վրաց կառավարությանը և նախագահին պատմական հայրենիք իրենց վերադառնալու թույլտվության որոշում ընդունելու պահանջով: Ինչպես նաև դիմել են Ռուսաստանի նախագահին աջակցել հայրենի հողերին վերադառնալու իրենց նախաձեռնությանը: ![]() Մեսխեթցի թուրքերը, որոնց թիվը անցնում է 500.000-ից, մեծամասամբ բնակվում են հետխորհրդային երկրներում և հակված են վերադառնալ Վրաստան: Վրացական կառավարությունն էլ ձգտում է դեմ չգնալ իր իսկ ստանձնած պարտավորություններին ԵՄ-ի առջև և փորձում է իրականացնել մեսխեթցի թուրքերի վերադարձի գործընթացը: Սակայն վրացական ղեկավարությունը ձգտում է զերծ մնալ մեսխեթցիների վերադարձի արդյունքում ստեղծվելիք հնարավոր միջէթնիկանան խնդիրներից` նրանց բնակեցնելով ոչ թե Սամցխե-Ջավախեթիի շրջանում, այլ Վրաստանի այլ շրջաններում: Այդպիսով վրացական ղեկավարությունը նպաստում է նաև մեսխեթցիների ինտեգրմանը վրացական հասարակությանը: | |
ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ | |
3637 reads | 09.12.2015
| |