ԱԼԻևԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՇԱՌԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ
Թբիլիսիի պետական համալսարանի Կովկասագիտության բաժնի մագիստրոս, ՎՐԱՍՏԱՆ




Նոյեմբերի 5-ին երկօրյա այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախագահական նստավայրում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ կողմները անդրադարձել են երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորությանը: Իլհամ Ալիևը տարակուսանք է հայտնել, որ «պատմական ադրբեջանական հողերը» շարունակում են «օկուպացված» մնալ չնայած հանգամանքին, որ միջազգային կառույցները ակտիվորեն ներգրավված են բանակցային գործընթացին: Ադրբեջանի նախագահը հիշեցրել է նաև, որ Ադրբեջանի գազի պաշարները թույլ կտան Ադրբեջանին ևս 100 տարի բավարարել սեփական էներգետիկ կարիքներն ու գազ արտահանել Ադրբեջանի հարևան երկրներ, ինչպես նաև Եվրոպա: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Ադրբեջանը ի վիճակի չէ ամբողջությամբ բավարարել Ադրբեջանի գազի պաշարները: Նման տեսակետ է հայտնել նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` շեշտելով, որ Վրաստանի տարածքով վաղուց անցնում է գազատար, որը գազ է մատակարարում Հայաստանին, իսկ Վրաստանն էլ գումար է ստանում դրա դիմաց: Ըստ Բիձինա Իվանիշվիլիի, արտասովոր ոչինչ չի լինի, եթե այդ գազատարի միջոցով լրացուցիչ գազ մատակարարվի նաև Վրաստանին:

Իլհամ Ալիևը իր գործընկերոջ` Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Վրաստանի հետ նոր էներգետիկ և տրանսպորտային ծրագրերին: Նա կարևորել է տարանցիկ բեռների հետ կապված վրաց-ադրբեջանական համատեղ հանձնախմբի ստեղծումը և այդ ոլորտում միասնական քաղաքականության իրականացումը: Գիորգի Մարգվելաշվիլին իր հերթին պատրաստակամություն է հայտնել միանալ նման ծրագրերին: Նա ընդգծել է,  որ չնայած վրացական տարածքների օկուպացիային, Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարանցիկ գործառույթներին` հանդիսանալով տարանցիկ դարպաս Եվրոպայի և Ասիայի միջև: Մարգվելաշվիլին նշել է նաև, որ բանակցությունների ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերին` կարևորելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը:

Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: «ԻնտերպրեսսՆյուզի» տեղեկացմամբ` կողմերը քննարկել են երկու երկրների միջև էներգետիկ և տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Քննարկվել են Ադրբեջանից դեպի Վրաստան նոր գազատարի կառուցման հնարավորությունները:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի երկրորդ օրը` Նոյեմբերի 6-ին, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները այցելել են ադրբեջանաբնակ Մառնեուլի, որտեղ հանդիպում են անցկացրել տեղի ադրբեջանական համայնքի հետ: Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը կարևորել է բնակչության` վրացերեն իմանալու հանգամանքը և շեշտել, որ ադրբեջանական ընկերությունները ներդրումներ կիրականացնեն Վրաստանի ադրբեջանցիների և վրացիների զարգացման համար: Նույն օրը Վրաստանի վարչապետի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներդրումների իրականացման հարցերը: Ընդգծվել է, որ 2012-2015թթ Ադրբեջանի կողմից Վրաստանում կատարված անմիջական ներդրումները աճել են 3.7 անգամ: Քննարկվել են նաև հարավկովկասյան խողովակաշարի ընդարձակման, Բաքու-Կարս երկաթգծի շինարարության հարցերը և ՍՈԿԱՐ-ի գործունեությունը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևի Վրաստան կատարած այցին նախորդել էր հոկտեմբերի 26-ին Միլանում տեղի ունեցած Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Կակաձեի հանդիպումը «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեկսեյ Միլլերի հետ: Վերջինիս հետ հանդիպման նախօրեին Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Ադրբեջանը ի վիճակի չէ բավարար քանակությամբ գազ մատակարարել Վրաստանին: Թերևս Ալիևի Վրաստան կատարած այս այցը նպատակ ունի կաշառել վրացական կառավարությանը և մեկուսացնել ռուս-վրացական հետագա էներգետիկ համագործակցության հնարավորությունները:
ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ
935 reads | 07.11.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com