ՀԱՅԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ
Թբիլիսիի պետական համալսարանի Կովկասագիտության բաժնի մագիստրոս, ՎՐԱՍՏԱՆ






Հյուսիսային Կովկասում հայերի հայտնվելու ճշգրիտ ժամանակաշրջանը հայտնի չէ, սակայն Ք.ա. 1-ին դարից կան վկայություններ այստեղ ապրող հայերի մասին: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ սկսվեցին Տիգրան Մեծի (Ք. ա. 95-55 թթ.) արշավանքները: Այսուհանդերձ այս տարածքները չնվաճվեցին Տիգրան Մեծի կողմից, սակայն այնտեղ հաստատվեցին հայկական բազմահազար զորքեր, որոնք ենթարկվում էին Տիգրան Մեծի դաշնակից Միհրդատ Եվպատորին: Նրա տիրապետության տակ էին Սև ծովի հյուսիս-արևելյան շրջանները` ներառյալ Ղրիմը, Ռոստովի և Կրասնոդարի շրջանի ներկա տարածքները:

Հայերի հետագա բնակեցումը Հյուսիսային Կովկասում տեղի է ունեցել վաղ միջնադարում` կապված քրիստոնեության տարածման հետ: Հայ քարոզիչները ձգտում էին քրիստոնեություն քարոզել Մեծ Հայքին հարակից տարածքներում բնակվող հեթանոսների շրջանում: Այդ ժամանակ Ռուսաստանի ներկայիս հարավային շրջաններում տարածված էր ալանների թագավորությունը, որի բնակչության մեծամասնությունը իրանալեզու ալաններն էին` ներկայիս օսերի նախնիները:

Հյուսիսային Կովկաս հայերի նոր զանգվածային հոսքը սկսվում է 11-13-րդ դարերում` կապված թուրքական արշավանքների և Անի մայրաքաղաքի անկման հետ: 14-րդ դարում միայն Կուբանի շրջանում գոյություն ուներ 11 հայկական գյուղական ավան, որոնց բնակիչները հետագայում ստեղծեցին ներկայիս Կրասնոդարի երկրամասում գտնվող Արմավիր քաղաքը (1839 թ.):
 
Հայերի նոր ներհոսքը դեպի Հյուսիսային Կովկաս սկսվեց 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում, երբ Օսմանյան կայսրությունում իրականացվեց հայերի ցեղասպանությունը: Տրապիզոնի վիլայեթի գրեթե ողջ փրկված հայերը տեղափոխվեցին Հյուսիսային Կովկասի սևծովյան շրջաններ: Նրանք բնակություն հաստատեցին նախկին ադիգո-չերքեզական գյուղերում, որոնց բնակիչները` հատկապես շապսուգներն ու ուբիխները տեղափոխվեցին Օսմանյան կայսրության նախկին հայաբնակ շրջաններ: Հայերի մի զանգված էլ տեղափոխվեց Եդեսիայից` բնակություն հաստատելով Ստավրոպոլում գտնվող Կուրսկի շրջանում և այստեղ հիմնադրելով Եդեսիա բնակավայրը:
 
Ստավրոպոլում հայերը հաստատվել են դեռևս 1808-1809թթ.-ին Նոր Նախիջևանից (ներկայիս Դոնի Ռոստով), որտեղից Ստավրոպոլ տեղափոխվեցին մոտ 50 ընտանիք: Այստեղ ստեղծվեց հայկական թաղամաս, որը ներկայումս կոչվում է Շահումյանի փողոց: Սրա արդյունքում տեղի հայերը ստանում են չերքեզահայեր անվանումը, քանի որ բնակվում էին չերքեզների շրջանում և սերտ կապեր ունեին վերջիններիս հետ: Չերքեզները մեծ ազդեցություն են ունեցել տեղի հայերի մշակույթի ձևավորման հարցում` ազդելով նաև վերջիններիս բարբառի ձևավորման վրա:  
 
19-րդ դարի երկրորդ կեսին չերքեզահայերի ընդհանուր թիվը կազմում էր 3000-ից 4000: Նրանց թվի աճի հետ է կապված հանգամանքը, որ 19-րդ դարի վերջին Արմավիրը դարձավ Հյուսիսային Կովկասի կարևորագույն արդյունաբերական և առևտրային կենտրոններից մեկը: Այստեղ 1847 թվականին բացվեց տարածաշրջանում առաջին հայկական արական դպրոցը, իսկ 1871 թվականին բացվեցին ևս երկու` արական և իգական դպրոց:
 
Հյուսիսային Կովկասում հայերի բնակեցման արդյունքում Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում 20-րդ դարի առաջին կեսին հայերի թիվը կազմում էր մոտ 150.000, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրանց թիվը հասավ 400.000-ի: 2010 թվականի տվյալներով այստեղ հայերի թիվը գնահատվում էր 600.000, որը արհեստականորեն նվազեցված է: Հայկական աղբյուրների տեղեկություններով, նրանց թիվը անցնում է մեկ միլիոնից:
 
Հայկական մեծ համայնք կա նաև ներկայիս Դաղստանի տարածքում, որտեղ հայերը հաստատվել են դեռևս 4-րդ դարից: Այստեղ է նահատակվել Գրիգոր Լուսավորչի թոռը` սուրբ Գրիգորիոսը, ով քրիստոնեություն էր քարոզում Իբերիայում և կովկասյան Ալբանիայում:
 
680-885թթ-ին Դաղստանի մաս հանդիսացող Դերբենդը մտնում էր Հայկական էմիրության կազմի մեջ, որի արդյուքում ևս բազմաթիվ հայ առևտրականներ տեղափոխվեցին Դաղստան:
 
17-18-րդ դարերում էլ բազմաթիվ հայեր լքում են պարսկական տիրապետության տակ գտնվող Դաշտային Ղարաբաղը և հաստատվում ինչպես Ստավրոպոլում և Չեչնիայում, այնպես էլ Դաղստանում` ստեղծելով Կիզլյարի մոտակայքում գտնվող Ղարաբաղլի գյուղը և Սուրբ Խաչ քաղաքը, որը ներկայումս կոչվում է Բուդյոնովսկ:
 
Դաղստանի հայ բնակչությունը առանձնանում է կրոնական պատկանելիությամբ: Դաղստանի հայերը համարվում են ինչպես առաքելական, այնպես էլ ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հետևորդներ: Առաքելական եկեղեցու հետևորդներ համարվում են հիմնականում Հայաստանից ոչ վաղ անցյալում տեղափոխվածները, իսկ առավել հին ժամանակներում Դաղստանում բնակություն հաստատած հայերը կաթոլիկներ կամ ուղղափառ եկեղեցու հետևորդներ են:
 
Դրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ տարածաշրջանում քիչ են հայկական եկեղեցիները, թերևս կարելի է առանձնացնել միայն Նյուգդիում գտնվող Սուրբ Գրիգորիոս եպիսկոպոսի վանքը, որը վերջերս է նորոգվել հայ համայնքի միջոցներով: Իսկ ահա 19-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս հայկական եկեղեցին վերածվել է առևտրի տան: Մեկ այլ հայկական եկեղեցի էլ` Դերբենդում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, գործում է որպես պատմության թանգարան:  Արդյունքում հայերը բավարար տեղեկություններ չեն ստանում Հայ Առաքելական եկեղեցու առանձնահատկությունների մասին և հետզհետե հեռանում են եկեղեցուց:
 
Հայկական մեծ համայնք կա նաև Հյուսիսային Օսեթիայում: Ինքնավար այս հանրապետությունում օսեթներից և ռուսներից հետո երրորդ մեծաքանակ էթնիկ խումբը կազմում են հայերը, որոնց թիվը անցնում է 17.000-ից: Այստեղ առաջին հայկական եկեղեցին հիմնադրվել է 1843 թվականին Վլադիկավկազի մոտակայքում: Այն համարվում է Հյուսիսային Կովկասի ամենահին հայկական եկեղեցին: 1897 թվականին Վլադիկավկազում սկսվեց մեկ այլ հայկական եկեղեցու շինարարությունը: Այն բացվեց 1902-ին` կոչվելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Արևելյան Հայաստանի  Ռուսաստանի  կազմի մեջ մտնելուց հետո, արդեն 19-րդ դարի վերջին, Վլադիկավկազի հայ բնակչությունը կազմում էր 1700 մարդ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունից այստեղ են տեղափոխվում ևս 6600 հայեր, որոնց մեծ օգնություն էին ցուցաբերում հատկապես Վլադիկավկազի հայ համայնքի ներկայացուցիչները:
 
Հայկական մեծ համայնք կա նաև Աբխազիայում: Հայերը Աբխազիայում հաստատվել են հիմնականում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Հայկական համայնքը Աբխազիայում կազմավորվեց 1866 թվականի աբխազների ապստամբությունից,  1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից, նաև Հյուսիսային Կովկասում Շամիլի հակառուսական ապստամբությունից հետո, երբ բազմաթիվ աբխազներ, ուդիններ և չերքեզներ բռնագաղթվեցին Թուրքիա: Սրանից շատ չանցած Հայոց ցեղասպանության արդյունքում բազմաթիվ հայեր,  հատկապես Համշենից, գաղթեցին Աբխազիա:
 
Հայերի թիվը Աբխազիայում ներկայումս հասնում է  45.000-ի: Հայերը կազմում են Սուխումի շրջանի բնակչության բացարձակ մեծամասնությունը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Աբխազա-վրացական պատերազմների արդյունքում տեղի հայերի թիվը երկու անգամ կրճատվեց: Նրանք տեղափոխվեցին հիմնականում Ռուսաստան կամ Հայաստան: Հարկ է նշել նաև, որ աբխազահայերի մոտ հանդիպում են հիմնականում մոնոէթնիկ ամուսնություններ, որը կազմում է մոտ 95%, որն էլ նպաստել է համայնքի պահպանմանը:
Ներկայումս Հյուսիսային Կովկասում տեղի է ունենում հայերի ազգային և մշակութային վերածնունդ:

Վերանում են խոսակցական և բարբառային տարբերությունները, նմանվում են ծիսական յուրահատկությունները, որը նպաստում է սուբէթնիկական սահմանների վերացմանը: Այս ամենի հետ մեկտեղ նկատվում է ռուսական, ուկրաինական և ադիգեական մշակութային ազդեցություն:

Այսուհանդերձ Հայ Առաքելական եկեղեցու և հայկական մշակութային կենտրոնների ակտիվ գործունեության արդյունքում համայնքը շարունակում է պահպանել իր մշակութային, էթնիկական առանձնահատկություններն ու կապը հայրենիքի հետ:
ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ
3183 reads | 26.08.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com