10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԸ ԼՔԵԼ Է 640.000 ՄԱՐԴ. ՓԱՍՏԵՐ

ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ
Թբիլիսիի պետական համալսարանի Կովկասագիտության բաժնի մագիստրոս, ՎՐԱՍՏԱՆ






Չնայած Վրաստանի կառավարության` նոր աշխատատեղերի ստեղծման ձգտմանը, գործազրկությունը շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր տնտեսական խնդիրն ու արտագաղթի հիմնական պատճառներից մեկը: Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ փորձում են աշխատանք գտնել արտերկրում, որի արդյունքում մեծ չափերի է հասնում արտագաղթը: Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերի 5-ի մարդահամարի տվյալներով Վրաստանի բնակչությունը կազմում է 3.729.635 մարդ (չհաշված Հարավային Օսիան և Աբխազիան), մինչդեռ 2002 թվականի դրությամբ այդ թիվը կազմում էր 4.371.535 մարդ: Բացի էթնիկ վրացիներից, Վրաստանը լքում են նաև ազգային փոքրամասնությունները: Խորհրդային միության փլուզումից հետո հայերի թվաքանակը զգալիորեն նվազել է` 400.000-ից հասնելով 250.000-ի:

Զգալիորեն նվազել է նաև ռուսների, օսերի և աբխազների թվաքանակը: Համեմատաբար քիչ է նվազել ադրբեջանցիների թվաքանակը ` 310.000-ից հասնելով 285000-ի:

Արտագաղթի հետևանքով էթնիկ վրացիների մեկ քառորդը ներկայումս ապրում է Վրաստանից դուրս` Ռուսաստանում, Հունաստանում, ԱՄՆ-ում և այլն: Արտասահմանում Վրաստանի քաղաքացիների թվի ավելացման ևս մեկ ապացույց է դրամական փոխանցումների ավելացումը արտերկրից` հատկապես Ռուսաստանից, Հունաստանից և ԱՄՆ-ից, որը 2014 թվականին կազմել է մոտ 1.1 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ փոխանցումների մոտ 50 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին, չնայած հանգամանքին, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո բազմահազար վրացիներ վտարվեցին Ռուսաստանից, իսկ Վրաստանի քաղաքացիների համար հաստատվեց վիզային ռեժիմ: Սրա արդյունքում Վրաստանի քաղաքացիների թիվը Ռուսաստանում զգակիորեն կրճատվեց և 2010 թվականի մարդահամարի տվյալներով գնահատվեց 157.800 մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 250.000-ից 400.000 մարդ: Այսուհանդերձ Վրաստանի քաղաքացիների հոսքը դեպի Ռուսաստան շարունակվեց հատկապես Սամցխե-Ջավախեթիի ազգությամբ հայ բնակիչների հաշվին, որոնք ձեռք էին բերում հայկական կամ ռուսական անձնագրեր` Ռուսաստան տեղափոխվելը դյուրացնելու նպատակով:

Վրացիների մեծ հոսք է նկատվում նաև Հունաստան և ԱՄՆ: Եթե 2006 թվականին Հունաստանում գտնվում էր շուրջ 15.000 վրացի էմիգրանտ, ապա նրանց թիվը 2008 թվականին հասավ 35.000-ի, սակայն այս ցուցանիշները չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ 2012 թվականին որոշ ցուցանիշներով նրանց թիվը Հունաստանում կազմում էր մոտավորապես 150.000, որոնցից օրինական գրանցում ունեին միայն 25.000-ը: Պաշտոնական թվերի կրճատված լինելու ևս մեկ ապացույց  է նաև այն, որ վերջին 6-7 տարիներին Հունաստանից Վրաստան կատարված դրամական փոխանցումներն ավելացել են 10 անգամ` 2013 թվականի դրությամբ գնահատվելով 198 մլն դոլար: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում ապրող վրացիներին, ապա Վրաստանի սփյուռքի նախարարության տվյալներով,  այնտեղ բնակվում են 30.000-ից 100.000 վրացիներ, որոնցից 14.000-ն են ստացել կեցության իրավունք, իսկ ԱՄՆ-ում ապրող վրացիների կատարած դրամային փոխանցումներն իրենց չափով զգալիորեն զիջում են Ռուսաստանից և Հունաստանից կատարված դրամային փոխանցումներին:

Բացի արտագաղթից, սոցիալական խնդիրների պատճառով առաջացել է ծնելիության թվի անկում: Այս խնդրի վերացման նպատակով վրաց պատրիարք Իլիա Երկրորդը 2006 թվականին հայտարարեց, որ յուրաքանչյուր ընտանիքում ծնված երրորդ և նրան հաջորդող երեխաների կնքահայրը կդառնա, իսկ պետությունն էլ իր հերթին առաջ քաշեց մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված էին աշխատատեղերի ընդլայնմանը:

Հատկանշական է, որ երկրի` աշխատանք չունեցող քաղաքացիները, հնարավորություն ստացան երեք ամիս ժամկետով աշխատանքի անցնել տարբեր, այդ թվում նաև մասնավոր կազմակերպություններում` ստանալով աշխատավարձ անմիջապես պետությունից: Սակայն այս ծրագիրը ձախողվեց, քանի որ աշխատողների մեծ մասը պատասխանատվությամբ չէր մոտենում ծրագրին, իսկ պետությունն էլ ֆինանսական միջոցներ էր կորցնում` չստանալով սպասված արդյունքը:

Միանշանակ է այն կարծիքը, որ Վրաստանում բնակչության նվազման հիմնական պատճառը սոցիալական է, իսկ պետությունը, որը ձգտում է ինտեգրվել եվրոպական հասարակությանը, տարբեր ծրագրեր է իրականացնում երկրի բնակչության կրճատումը կանխելու համար, որը դեռևս զգալի արդյունքներ չի տալիս հատկապես ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրների լուծման հարցում:

ՍԵՐԳԵՅ ՊՐՈՒՏՅԱՆ
1011 reads | 20.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com