ՇԱՏ ԴՅՈՒՐԻՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐԻԿ ՇՎԵՅՑԱՐԻԱ ԴԱՐՁՆԵԼ. ԵԳԻՊՏԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ
Diplomat.am-ի զրուցակից, եգիպտահայ Էդուարդ Մանուկյանը մասնագիտությամբ բժիշկ է՝ ռևմատոլոգ, միաժամանակ արդեն շուրջ 35տարի աշխատում է նաև դեղագործական ոլորտում, զբաղվում դեղագործական արտադրությամբ, արտահանմամբ:  Տարիներ շարունակ աշխատել է եգիպտական դեղագործական մի շարք ընկերություններում, որոնցից մի քանիսը ներկայացնում է մինչև հիմա թե Հայաստանում, թե այս տարածաշրջանում գրեթե 16 տարի: Էդուարդ Մանուկյանը համարում է իր գործունեության կարևոր քայլը՝ Հայաստանում ընկերություն հիմնելը:

Պարոն Մանուկյան, Հայաստանում դեղագործական ոլորտը զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի:

-Հայաստանում ներկայացուցչական ընկերություն հիմնելով՝ «Marckyrl Armeni», ես կարծում է, որ ոլորտը զարգացող է: Եգիպտական արտադրանքը, դեղագործական հումքերը կկարողանանք Հայաստան բերել և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցելով՝ արտադրություն իրականացնել, որի վրա մատնանշված կլինի՝ «Արտադրված է Հայաստանում»: Արտադրանքը կկարողանանք վաճառել Հայաստանում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում՝ օգտագործելով Հայաստանի անդամակցությունը:

Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում ընկերություն հիմնելու գաղափարը:

-Մեր ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում մասնաճյուղեր ունի, և ցանկացանք այս տարածաշրջանում ևս ընկերություն բացել: Իմ գործընկերները գիտեն, որ ես հայ եմ, նրանց հետ հաճախ եմ հայերի և Հայաստանի մասին խոսում: Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ Երևանը ընտրենք, չնայած որ շատ դյուրին էր Մոսկվայում բացել գրասենյակը: Սա, բնականաբար, խոսում է նաև Հայաստանի նկատմամբ ունեցած վստահության մասին:

Խոսենք Եգիպտոսի հայկական համայնքի մասին, որը կարողացել է ճանաչելի դարձնել հայերին ու Հայաստանը այդ երկրում:

-Եգիպտոսում հայերը շատ հարգված են, սիրված: Այս տարիների ընթացքում որևէ խնդիր չենք ունեցել: Համայքն ունի կրոնական համայնքի կարգավիճակ, համայնքի առաջնորդին, որը ներկայացվում է Էջմիածինը և ընտրվում Ազգային ժողովի կողմից, Եգիպտոսի կառավարությունը քաղաքացիություն է տալիս և դիվանագետի անձնագիր: Մենք Եգիպտոսում ունենք Առաջնորդարան, դպրոցներ, եկեղեցիներ, լույս են տեսնում հայերեն օրաթերթեր, ամեն ազատություն ունենք, մեր խնդիրը միայն թիվն է: Պայմանների բերումով այս տարիների ընթացքում Եգիպտոսում բնակվող հայերը տարբեր երկրներ են մեկնել: Բայց անկախ ամեն ինչից, համայնքը կանգուն է առ այսօր: Տեսեք մի դեպք պատմեմ, որը Ձեզ ցույց կտա, թե ինչպիսի հարգանք են վայելում հայերը Եգիպտոսում: Ընկերությունը հիմնելիս երբ պայմանագիր ենք կնքում, որը կազմված է հայերենով, ընկերության գլխավոր տնօրենը (ես միայն 25 տոկոսի բաժնետերն եմ) ստորագրեց այն առանց իմանալու, թե ինչ է գրված պայմանագրում: Այնուհետև ինձ ասաց. «Թարգմանիր և բեր ինձ»:
Սա խոսում է մեր ազգի հանդեպ ունեցած վստահության մասին, իսկ մենք էլ մեր հերթին պետք է փորձենք նրանց վստահությունն արդարացնել և լավ օրինակ ծառայել, որպեսզի հաջողենք:

Խոսենք Ձեր ազգային գործունեության մասին:

-Բոլորս մեր աշխատանքն ունենք Եգիպտոսում, սակայն դա չի խանգարում ազգային գործունեությամբ զբաղվել: Եգիպտոսում հայերը երկու քաղաքում են բնակվում՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում: Մայրաքաղաք Կահիրեում, որտեղ և գտնվում է Առաջնորդարանը, հայերի թիվն ավելի մեծ է: Ինչպես ասացի, երկու քաղաքներն ունեն իրենց Ազգային ժողովները, որոնք բաղկացած են 24-ական պատգամավորներից, որոնց ընտրում է ժողովուրդը: Ես Ալեքսանդրիայի Ազգային ժողովի գանձապահն եմ, միևնույն ժամանակ՝ փոխհարաբերության ատենապետը համայնքի և կառավարության միջև, գրեթե 5 տարի:

Դուք Հայատանում եղել եք շատ անգամներ, նույնիսկ խորհրդային տարիներին: Այս տարիների ընթացքում փոփոխությունների դինամիկա նկատո՞ւմ եք:

-Այո, բայց դեռ շատ անելիքներ կան: Եթե աշխատատեղեր բացվեն, մարդիկ ապրուստի միջոցներ ունենան, չեն արտագաղթի, կմնան երկրում: Շատ դյուրին է Հայաստանը փոքրիկ Շվեյցարիա դարձնել: Ես միշտ դա ասում եմ: Այսօր Սփյուռքում որքա՞ն հայ է ապրում: Բոլորն էլ հայասեր են և որևէ ձևով կարող են Հայաստանին օգնել: Պետք է բոլորին քաջալերել, ազգովի այս երկիրը ծաղկեցնենք, եթե ձեռք-ձեռքի տանք: Մեզ պակասում է միացյալ աշխատելը: Հայրենիքին օգտակար լինելը յուրաքանչյուր հայի պարտականությունը պետք է լինի: Մենք չպետք է Հայրենիքից որևէ բան սպասենք, այդ մենք է, որ պիտի տանք:

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
593 reads | 09.03.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com