ԵԹԵ ՍՓՅՈՒՌՔԻ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ ՀԵՏ
1990-ակաների դժվարությունների և զրկանքների, ռազմական գործողությունների և տնտեսական շրջափակման տարիներին, երբ մեր ժողովուրդը պայքարում էր Արցախյան պատերազմում, իսկ հայ մշակույթը պարզապես կործանման եզրին էր:

Հենց այս տարիներին Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը գաղափար հղացավ ստեղծել մշակութային կենտրոն, որը կյանքի կվերակոչեր հայ արվեստն ու գրականությունը, գիտությունն ու կրթությունը, ինչպես նաև կնպաստեր հայության միավորմանը: Ի սկզբանե Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի ծրագիրն էր մշակութային կենտրոն ստեղծել Լոնդոնում, սակայն մի քանի ապարդյուն փորձերից հետո 1991թ. որոշում կայացվեց այդ ծրագիրն իրականացնել Հայրենիքում:

Այսօր այս ազգային կառույցի կենտրոնը Հայաստանն է, որտեղ էլ իրականացվում են համահայկական ամենատարբեր գաղափարներ:

Diplomat.am-ը զրուցեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանի հետ:

Հարց. Պարոն Ծուլիկյան, ներկայացրեք խնդրեմ, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի գործունեությունը:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացնում է մշակութային, կրթական, սոցիալական և այլ մարդասիրական ծրագրեր: Ինչպե՞ս են ընտրվում ծրագրերը և շահառուները: Ծրագրերը, ինչպես նաև շահառուները ընտրվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և վերջինիս կողմից կազմված ծրագրերի հանձնաժողովի կողմից:

Հիմնադրամի շահառուներ են հասարակական կազմակերպություններ, մշակութային, կրթական, գիտական, մարզական հաստատություններ, որոշ դեպքերում նաև ֆիզիկական անձինք: Շահառուները կարող են օժանդակություն ստանալ միանվագ կարգով կամ մեկ ծրագրի շրջանակում կամ լինել հիմնադրամի մշտական շահառուներ և ստանալ տևական աջակցություն մեկ կամ մի քանի ծրագրերի շրջանակներում:

Հարց. Սոցիալական ինչպիսի՞ ծրագրեր է իրականացրել հիմնադրամը:

2010 թվականից «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը և հնարավորություն տալիս առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր` բարերարների շնորհիվ:

Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով: Հիմնադրամն իրականացնում է նաև «Այցելություն թանգարաններ և տեսարժան վայրեր» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ և Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները և նրանց ուղեկցող ուսուցիչներ հնարավորություն ունեն այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ: Թերևս, սա մի ծրագիր է, որի նպատակը պարզ է՝ ճանաչել հայրենիքը:

Հարց. Մշակութային ինչպիսի՞ ծրագրեր է ֆինանսավորում հիմնադրամը և առաջիկայում սպասվելիք ի՞նչ նոր ծրագրեր կան:

Բոլորովին վերջերս հիմնադրամի, Քաշաթաղի շրջվարչակազմի և «Հայրենասեր» հասարակական կազմակերպության աջակցությամբ հունվարի 22-ին Երևանում՝ Թեքեյան Կենտրոնում, բացվեց բերձորցի երիտասարդ նկարչուհի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ըռքոյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Ի դեպ արցախցի արվեստագետների հետ համագործակցությունը մշտական է։

2017 թվականի նոյեմբերի 26-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Արցախի 7 երիտասարդ նկարիչների «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Այն նախաձեռնել էր մեր հիմնադրամը «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության և «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի հետ համատեղ։

Անցյալ տարին շատ բեղմնավոր աշխատանքային տարի էր հիմնադրամի համար, մենք ունեցանք մի հրաշալի բացառիկ ցուցադրություն՝ մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ, ջրասուզակ և լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որն իրականացրինք Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի համագործակցությամբ: Ի դեպ, Photo.Podium.com-ի հետ այս տարի իրականցնում ենք մեգանախագիծ: Շարժական, միջազգային լուսանկարչական ցուցահանդես «Արվեստը՝ հանուն խաղաղության» խորագրով ցուցահանդեսին ներկայացվելու է աշխարհի տարբեր կողմերում ապրող լուսանկարիչների ստեղծագործություներ իրենց տեսախցիկի ամենատես աչքով։

Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, խոսելով ապագա անելիքների մասին, մասնավորապես խիստ մտահոգություն հայտնեց սփյուռքի հայ կրթօջախների պահպանման վերաբերյալ և հավելեց, որ հիմնադրամը պատրաստ է սերտ համագործակցել ՀՀ ԿԳՆ-ի հետ և մշակել լուրջ ռազմավարություն դպրոցների փակման գործընթացը կանխելու համար:

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
1897 reads | 24.02.2018
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com