ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ. ԽԵՆԹԱՆԱԼԻ ԵՐԿԻՐ Է, ՀԱՎԱՏԱՑԵՔ…
Լևոն Ահարոնյան.  ազգային բարերարը, ով կարծում է, որ հայրենիքում ամեն բան լավ է լինելու: Նա տեսնում է ապագայի զարգացած, հզոր Հայաստանը։  Ահարոնյանը հայրենիքում հիմնեց մի քանի ընկերություններ՝ ծավալելով ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծելով աշխատատեղեր: Առաջին իրանահայն էր, ով անկախության մեսիջը լսելուն պես եկավ հայրենիք՝ իր ակտիվ մասնակցությունը բերելով արդեն անկախ հայրենիքի բարգավաճման գործին։

-Նկարագրեք խնդրեմ իրանահայ համայնք այսօր և ի՞նչ կարգավիճակում են մերոնք։

Լ.Ա. Իրանի հայ համայնքը Մերձավոր ու Միջին Արևելքի հնագույն, ավանդական և ամենախոշոր ու աչքի ընկնող համայնքներից է։ Աշխարհասփյուռ հայ գաղթօջախների մեջ այն բացառիկ է առաջին հերթին նրանով, որ դարերի ընթացքում անխզելի ու սերտ կապերով կապված է եղել հայրենիքի հետ։ Իրանահայ համայնքը միշտ հարգված է եղել Իրանում, մեզ համար ամենակարևորը հայ լեզուն է, հայ դպրոցներն են, եկեղեցին է: Իրանի իշխանությունները մեզ հարգում են, փոխադարձ հարգանքով, աջակցությամբ ապրում ենք կողք կողքի: Ամենահարգված և սիրված կրոնական փոքրամասնությունն ենք այդ երկրում և, իհարկե,  նաև օրինակելի քաղաքացիներ։

-Ե՞րբ առաջին անգամ եղաք հայրենիքում։

Լ.Ա. Դեռ խորհրդային տարիներին երազում էի գալ Հայաստան:  1974 թվականին առաջին անգամ մենակ եկա հայրենիք, 1976-ին կնոջս հետ եկա, իսկ արդեն 1990 թվականին արդեն անկախ հայրենիք եկա շատ պատրաստված՝ հայրենիքիս ծառայելու։ Նույն թվականի գարնանը հրավիրվեցի Հայաստանի կառավարության կազմակերպած համաժովին, որից հետո որոշեցի լինել հայրենակիցներիս կողքին՝ ակտիվ մասնակցություն բերելով հայ -պարսկական հարաբերություների ձևավորմանը, կազմեցի մի ծավալուն զեկուցագիր «Հայաստանի տնտեսական ճանապարհները և նրա ստրատեգիական դիրքը հարավային Կովկասում» թեմայով և հանձնեցի Իրանի արտաքին գործերի նախարարությանը և առևտրական պալատի, արդյունաբերական և օգտակար հանածոների վարչության գրասենյակի ղեկավարությանը,  որը պատշաճ գնահատականի արժանացավ նշված գերատեսչությունների կողմից: Շարունակելով իմ անվերապահ օժանդակությունը հանձնախմբին՝  Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավորներ Վարդան Վարդանյանի և Արտավազդ Բաղումյանի հետ համախորհուրդ՝  կամրջի կառուցման անհրաժեշտությունը հիմնավորելու ուղղությամբ աշխատանքներ կատարեցինք պետական շրջանակներում: Իմ ներկայացրած զեկուցագրին շուտով արձագանքեցին Իրանի պետական և գործարար շրջանները:  Այս առումով հաջողեցինք։

-Ինչպե՞ս կցանկանաք տեսնել Հայաստանը, ի՞նչ փոփոխություներով։

Լ.Ա. Հայաշատ հայրենիքին նվիրված հայերով Հայաստանի ազատությունը որևէ տեղ չկա: Մենք կառուցող ազգ ենք, պիտի կառուցենք մեր շեն հայրենիքը։  Խենթանալի երկիր է, հավատացեք, դրական աճը տեսանելի է, ամեն բան լավ է լինելու մեր հայրենի երկրում, ես դա տեսնում եմ։ Ապագայի Հայաստանը հզոր է լինելու։
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
983 reads | 21.11.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com