ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿՈՒՅԶԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂՈՒՄ
«Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերությունը 2014 թվականին հիմնվեց Հայաստանում`  նպատակ ունենալով «պեկան» տեսակի ամերիկյան ընկույզի այգիներ հիմնել։  Հիմնականում գյուղատնտեսության ոլորտի բիզնեսում մասնագիտացած այս ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկրներ: Ինչո՞ւ և ինչպե՞ս լիբանանյան ընկերությունը որոշեց նաև Հայաստանում գործունեություն ծավալել, Diplomat.am-ը զրուցեց Հայաստանում «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալի հետ, ով լիբանանցի գործարար է և հանդիսանում է “Gardenia Grain D’or” լիբանանյան ընկերության սեփականատերը:

Ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան, ի՞նչը Ձեզ բերեց մեր երկիր։

-Բիզնեսի և ընտանիքիս համար փնտրում էի ապահով տեղ, ավելի քան 10 երկրներ այցելելուց հետո գտա Հայաստանը, մի երկիր, որը ունի լավ կլիմա և հյուրընկալ բնակիչներ: Սիրեցի այս երկիրը, մարդկանց վերաբերմունքը, հասկացա՝ կարելի է այստեղ հաստատվել։

Մինչ Հայաստան գալը ի՞նչ գիտեիք հայի և Հայաստանի մասին։

-Խոսք ու զրույցներից շատ լիբանանահայերի գիտեի, որ դժվար երկիր է ցանկացած նոր բան սկսելու համար, սակայն եկա, տեսա այլ իրականություն: Հայաստանի կառավարությունը շատ լավ ընդունեց մեր առաջարկը: Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը կողմ էր մեր նախագծին և 2015 թվականին հիմնվեցին մեր այգիները։

Պեկան ընկույզը տարածված է ԱՄՆ-ի հարավ-արևելքում` Այովա և Ինդիանա նահանգներում հարավային շրջաններից մինչև Թեքսասն ու Միսսիսիպին ներառյալ, արդյոք ռիսկային չէ՞ նման այգիներ հիմնել Հայաստանում։

-Հայաստանի կլիման շատ բազմազան է, անշուշտ պեկանը ունի շատ տեսակներ, մենք Հայաստանում աճեցնելու համար ընտրել ենք ամենահարմար տեսակը։

Ե՞րբ առաջին հայաստանյան պեկանի բերքը կունենանք։

-Առաջին լիարժեք բերքավաքը նախատեսվում է 2025 թվականին։

Գլխավոր հարց. վստահում ե՞ք Հայաստանի տնտեսական ապագային։

-Միանշանակ կասեմ՝ այո: Այս երկիրը ունի մեծ ապագա․ մենք էլ նոր պլաններ, ապահով երկիր է: Այստեղ ես հանդիպեցի շատ պրոֆեսոնալների, իրենց գործի գիտակ մարդկանց, կառավարության անդամների, ովքեր ցանկացած լավ գաղափարի կողքին են: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարությանը, գյուղատնտեսության նախարար պարոն Իգնատի Առաքելյանին, ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին, ով միշտ աջակցում է լիբանանցի գործարարներին, ողջունում լիբանանյան ներդրումները։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն լիբանանցի բիզնեսմեներին, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդրումներ կատարել։

-Հայաստանը լավ և ապահով երկիր է, մի լսեք ոչ մի կարծիք, եկեք, ինքներդ համոզվեք և աշխատեք այս գեղեցիկ ու լավ մարդկանցով երկրում։

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
570 reads | 14.07.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com