ՀԱԿՈԲ ՄՈՆՋՅԱՆ. ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Սիրիահայ ոսկերիչ Հակոբ Մոնջյանն արդեն հինգ տարի է՝ ապրում է Հայաստանում:  Հալեպում, ոսկերչությանը զուգահեռ,Հակոբ Մոնջյանը զբաղվել է հավաքչական աշխատանքով: Նա ունի ոսկերչական գործիքների հավաքածու, որից որոշ նմուշներ հանձնել է Հայաստանի ազգագրության թանգարանին: Սակայն հավաքածուի մեծ մասը մնացել է Հալեպում, ինչը և մտահոգում է սիրիահայ արհեստավորին: Ներկայացնում ենք հարցազրույցը Հակոբ Մոնջյանի հետ:

- Պարոն Մոմջյան, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

Ծնողներս գաղթել են Մարաշից: Հայրս կոշկակար է եղել: Ունեցել է 5 զավակ՝ երկու աղջիկ, երեք տղա: Ես ամենափոքրն եմ: Եղբայրներս մասնագիտությամբ մեխանիկ են: Հավանաբար հորս խորհուրդ են տվել, որ տղաներից մեկն էլ մաքուր արհեստով զբաղվի: Ու ես այդպես դարձել եմ ոսկերիչ:

-Քա՞նի տարի է, որ զբաղվում եք ոսկերչությամբ ։

Ոսկերչությամբ զբաղվում եմ 1970-ական թվականներից : Ինչպես ասում են, արհեստը ապարանջան է մարդու ձեռքին: Ոսկերիչ լինելու պատիվը և հարգանքը է, որ մինչ այսօր վայելում եմ: Աշխատել եմ մի երկրում, որտեղ ոսկերչությունն ունի հայկական դրոշմը, մատնահետքը: Հպարտությամբ կարող ենք ասել, որ Հալեպում ոսկերչության զարգացման հիմնական դերակատարները եղել են հայերը։

-Ոսկերչի աշխատանքին զուգահեռ, Դուք նաև զբաղվել եք ոսկերչական գործիքների հավաքմամբ: Ինչպե՞ս առաջացավ այդ միտքը։

Մտածում էի՝ ի՞նչ անել , որ հայ ոսկերչության պատմությունը հավաքեմ, ամենաառաջին քայլս եղավ փաստերի հավաքագրումը. փաստը իրն է, առարկան, լուսանկարը, գրությունը, որոնք ժամանակի ընթացքում ես հավաքեցի: Սկսեցի այդ ամենը գտնել շնորհիվ մեր հալեպահայ ընկերների, արհեստավորների: Առաջին խորհուրդը լսեցի ոսկերիչ Մանո Փոթուկյանից: Մի օր մոտեցա նրան ու ասացի՝ վարպե´տ Մանո, այսպիսի մտադրություն ունեմ և ցանկանում եմ ցուցահանդես կազմակերպել, որի միջոցով հնարավոր կլինի մեր ասելիքը ոսկերչության ոլորտում ներկայացնել: Վարպետ Մանոն անմիջապես դարակը բացեց և յոթ կտոր հին գործիք ինձ նվիրեց և ասաց՝ վարձքդ կատա´ր, շարունակի՛ր: Այդ օրվանից առ այսօր ես նվիրվեցի այս գործին: Այսօր արդեն հարուստ հավաքածու ունեմ: Մի մտահոգություն միայն ունեմ՝ ինչպե՞ս այդ ամենը փրկել, բերել Հայաստան, դա բարդ խնդիր է: Ցավոք իմ ընտանիքը Հայաստան եկավ իբրև զբոսաշրջիկ: Երբ աղջիկս ավարտեց դպրոցը, որպես նվեր որոշեցինք Հայաստան գալ, ծանոթացնել նրան հայրենիքի հետ, որպեսզի իր աչքով տեսնի Հայաստանը: Մեր պարտականությունն է, որ մեր երեխաները տեսնեն հայրենիքը. միայն խոսելը, գովաբանելը բավական չէ, եկանք և մնացինք. պատերազմ սկսվեց։ Հավաքածուից մի մասը բերեցի հայրենիք, նվիրեցի ազգագրության ինստիտուտին, սակայն դեռ մի զգալի մաս մնաց Հալեպում, ուզում եմ դրանք փրկել, որ մեր գալիք սերունդներին տանք պատմական ժառանգություն, իսկ աշխարհին փաստենք, որ հայը ունի և ունեցել է իր կարևոր դերը աշխարհի հնագույն կիրառական արվեստի պատմության մեջ։

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը


ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
1040 reads | 07.05.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com