ՀԱՅԵՐԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ. ՄԱՐԱԼ ՆԵՐՍԵՍՅԱՆ
Մարալ Ներսեսյանը Հորդանանի հայ համայնքի երիտասարդ գործիչներից է, ով իր գործունեությամբ փաստում է, որ Հորդանանի հայկական փոքրաթիվ գաղութը վերջին մի քանի տարիներին ծավալեց աշխույժ գործունեություն, Մարալի և մի քանի անհատների շնորհիվ տեղի հայերը հայրենիքի հետ կապը պահում են բավական ամուր և երիտասարդ հային այստեղ հայ պահելու խնդիր չկա։

Ի՞նչ է Հայաստանը սփյուռքահայ ակտիվ երիտասարդ, հասարակական գործչի ընկալմամբ` հայրենիք թե՞…

-Անձնապես ինձ համար Հայաստանը միակ Հայրենիքն է, Հորդանանը, ուր ծնվել-մեծացել եմ ու կշարունակեմ ապրել մինչ օրս, միշտ համարել եմ որպես ապահով օթևան՝ շնորհակալ եմ Հաշիմական թագավորական ընտանիքին, որ Հայոց ցեղասպանության վերապրողներին, քաղաքացիներին հավասար ընդունեցին, բայց իմ միակ Հայրենիքը, իմ միակ տունը եղել է ու կմնա Հայաստանը։

Երիտասարդ սփյուռքահայ մարդու կերպարն այսօր ինչպիսի՞ն է:

-Կարող եմ ասել, երիտասարդ սփյուռքահայ մարդու կերպարը ինչպիսին պետք է լինի և կամ ես ինչպիսին կձգտեմ լինել միշտ. Աշխատել, լինել միշտ հաջող և առաջատար անձ մասնագիտական ոլորտներում և հիշել, որ Հայի կերպարը պետք է պահպանել, հիշել, որ դեսպաններն ենք մեր ազգի և ներկայացուցիչները և ամենուր Հային վայել կերպարով պետք է ներկայացնենք մեր ազգը։ Օտարը մեզնո՛վ նկարագիր կկազմի մեր երկրի մասին։

Մենք այսօր սփյուռքում նաև հայապահպանության խնդիր ունենք: Ի՞նչ է պետք անել այս ուղղությամբ:

-Սփյուռքը անդադար հայապահպանման պայքարի մեջ է։ Պետք է Հայի հոգին արթնացնենք միշտ, անընդհատ և դարձնենք Հային իր Հայ լինելու հպարտությունը։ Եթե Հայը հիշի իր պատմությունը, հպարտանա իր հարուստ մշակույթով, իր ազգի ներդրումը մարդկության ժառանգության մեջ, եթե մանավանդ հիշի իր պապերի Հայ մնալու պայքարը Հայոց ցեղասպանության ժամանակ, նա չի հեռանա իր ազգից և ձուլման չի ենթարկվի։ Հորդանանահայ (շուրջ 3000 հայ) փոքր համայնքի մեջ խառնամուսնության հիմնախնդիր ունենք (վերջին մի քանի տարիներին՝ ոչ ստույգ՝ 80%-ով):

Ցավոք, չեն ընկալում, որ միայն մեկ սերունդ հետո արդեն համայնքը կայլասերվի։ Արաբական գարունը մեծ հարված էր հայապահպանմանը։ Մինչ այդ համահայկական ճամբարներ էին կազմակերպվում Միջին Արևելքում։

Հորդանանի Ամման քաղաքում գործում են երկու միություններ, առաքելական և ուղղափառ եկեղեցիներ, ունենք երգչախումբ, պարախումբ, սկաուտական շարժումներ. հաճախում է համայնքի 10%-ը։ Իսկ միակ նախակրթական հայկական դպրոցը, չկարողանալով իր մակարդակը պահպանել ամեն տեսակի ռեսուրսների պակասության պատճառով, ենթակա է կորստյան։ Մեր հիմնական հույսը Հայրենիքի հետ կապերի ամրապնդումն է։

Սփյուռքի նախարարության «Արի Տուն» ծրագիրը հաստատուն միջոց է նոր սերնդի մեջ ամրապնդելու մեր մտադրած Հայի հոգին։ Մեր մշակութային հարստության մասին պարբերաբար հիշեցման կարիքն էլ կա բոլոր սերունդների մեջ նախնտրաբար Հայրենի խմբերի միջոցով՝ լինի մեր ժառանգած պարերի, երգերի, դասախոսությունների, ցուցահանդեսների կամ նման ձեռնարկներ կազմակերպելու միջոցով։

Հայկական արբանյակային հեռուստաալիքները մեծ դեր են խաղում սփյուռքի հասկացողությամբ Հայի կերպարը կազմելու համար։ Բացասական սերյալները և ոչ բավականաչափ վավերագրական ֆիլմերը հակասական դեր ունեն այս հարցում։

Դուք ինչի՞ շնորհիվ եք կարողացել չհեռանալ հայ ինքնության որակներից։

-Մեր տան մեջ տիրում է Հայկական մթնոլորտ։ Փոքրուց Հայկական երգերով եմ մեծացել։ Ցեղասպանությունը վերապրած մայրական տատս մեզ համար միշտ երգում էր «Անուշ» օպերան․ Անուշի դերն էր խաղացել Հալեպում։ Բավական տպավորվել եմ և ազդվել հայրական պապիս գրառումներով՝ արձանագրված ցեղասպանության հուշերից։ Միշտ սեր եմ ունեցել մեր ազգի նկատմամբ։ Այժմ էլ հպարտ եմ իմ Հայ ինքնությամբ, մեր հարուստ մշակույթով և պանծալի պատմությամբ։ Իմ հավատքն իմ Հայ ազգի հանդեպ չի թողնի, որ հեռանամ Հայ ինքնության որակներից՝ հասկանալով Հայ գենը բնութագրող առաջատար, հաջողակ և նորարար անհատականությունը։ Ասում են՝ Հայաստանը կանչում է սփյուռքահայ երիտասարդներին։

Ի՞նչ է պետք, որ համայնքային ակտիվիստ Մարալ Ներսեսյանը վերադառնա հայրենիք։

-Ճիշտ են ասում, Հայաստանը սփյուռքահայ երիտասարդների կարիքն ունի։ Իսկ հայրենիք վերադառնալու համար ե՛ս պիտի տուն հասնելուս հնարավորությունը ստեղծեմ։ Հույս ունեմ՝ մեծ թվով սփյուռքահայեր պետք է ներդրում ունենան մեր երկրի կառուցման մեջ։ Իմ երկրի առաջխաղացման հարցում հեռու մնալու և դեր չունենալու իրավունքը չունեմ։ Ամբողջ աշխարհը գիտակցում է Հայի միասնականության ուժի զորությունը։ Մնում է՝ մենք գիտակցենք և հասկանանք, որ օտարությունը մեր անզորության առիթին է սպասում, իսկ մեզ միայն կառուցման աշխատանքն է հարկավոր։

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
1331 reads | 25.03.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com