ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐ. ՎԱՉԵ ՔԱՎԼԱՔՅԱՆ
Վաչե Քավլաքյանը ծնունդով Հալեպից է․ մասնագիտացել է տեղեկատվական տեխնոլոգաների ոլորտում, այսօր նա հաստատվել է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Մեր հայրենակիցը էմիրություններում հաջողակ բիզնեսմեն է: Հիմնադրելով NDigitec ընկերությունը` նա նոր խոսք ու ասելիք բերեց մեդիա ոլորտ:

NDigitec մերձավոր արևելքի առաջին օնլայն տպագրություն իրականացնող ընկերությունն է․ տարածաշրջանում ոլորտի խոշոր խաղացողներից:

Քավլաքյանը նորարարության կողմնակից է: Հայկական արմատներով հպարտ մեր հայրենակիցը այսօր իր նպաստն է բերել հայրենիք` ձևավորելով NDigitec Հայաստան աշխատանքային թիմը։


-Այսօր Դուք աշխատում եք Էմիրություններում, ի՞նչ քայլեր են արվում Ձեր ընկերության կողմից հայ-էմիրաթական բիզնես հարաբերությունների զարգացման գործընթացում: Ինչպե՞ս կարող եք նկատել` Էմիրությունների կողմից վերջին շրջանում կա՞ հետաքրքրություն Հայաստանի հանդեպ բիզնես ներդրումների և, ինչու ոչ, նաև զբոսաշրջության առումով։

-Մեր ընկերությունը Դուբայում ունի ակտիվ մասնակցություն հայ համայնքի կյանքին, ինչպես նաև ծրագրեր ունի` համագործակցելու արաբական աշխարհում հայտնի արվեստի գործիչների, այդ թվում նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Մոտ ապագայում պլանավորվում են արաբ աստղերի տեսահոլովակների նկարահանումներ Հայաստանում։

- Ի՞նչ եք կարծում` հայերը ինչպե՞ս պետք է օգտագործեն սփյուռքի ներուժն ու հզոր ներկայությունը տեխնոլոգիական աշխարհում՝ հօգուտ հայկական ընկերությունների առաջխաղացմանը:

-Հայաստանի` շրջափակման մեջ լինելը, ինչպես նաև բնական ռեսուրսների սահմանափակությունը պետք է կոմպենսացնել մտավոր ներուժի լիարժեք և արդյունավետ կիրառմամբ, որի ամենապահանջված ոլորտն այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Հայաստանի արդյունաբերողները ունեն շատ մեծ լոգիստիկ խնդիրներ արտահանման դեպքում, որի պատճառով ապրանքը թանկանում է և դառնում ոչ մրցունակ։ Ինչին հակառակ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների արտահանումը չի պահանջում լրացուցիչ լոգիստիկ ծախսեր։ Այս տեսանկյունից մեծ պոտենցիալ եմ տեսում այս հարցում։ Հայաստանցի տաղանդավոր մասնագետների կողմից կատարված աշխատանքի և սփյուռքի մեր հայրենակիցների կողմից բիզնես-պրոցեսների հմուտ կառավարման արդյունքում մենք կարողանում ենք աշխարհին ներկայանալ մրցունակ արտադրանքով և ժամանակակից լուծումներով։

- Այսօր Ձեր ընկերությունը ունի իր հայաստանյան բաժինը` 40 հագուց կազմված աշխատանքային խումբ, ինչպե՞ս կգնահատեք հայաստանցիների աշխատանքի որակը. շատ սովորելու բաներ ունե՞ն, թե՞ մերոնք ավելի առաջ են կամ համապատասխանում են չափանիշներին:

-Մեր մոտեցումը շատ հստակ է․ ներդնել Հայաստանում արևմտյան կառավարման համակարգ և օգտվել հայաստանյան տաղանդների արդյունավետ գործունեությունից։ Կարծում եմ` ինֆորմացիոն տեխնոլոգիաների` օրեցօր զարգացող աշխարհում այլևս տեղին չէ խոսել հետ կամ առաջ լինելուց, բայց պետք է ունենալ նորարար մտածողություն և հստակ բիզնես-պլան։ Այս առումով մեր փորձերը Հայաստանում հաջող են, և լիահույս ենք, որ մոտ ապագայում մենք կունենանք 2 և ավել անգամ աշխատատեղ մեր երևանյան գրասենյակում: Այնպիսի ընկերություն, ինչպես NDigitec է, որը ընդլայնվելու հնարավորություն ունի, արդեն իսկ կարող է հայրենիքում աշխատատեղերի ստեղծման տեխնոլոգիաների և նոր հմտությունների ներդրման շարժիչ ուժ լինել։

Զրուցեց Ռուզաննա Ղազարյանը



ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
1872 reads | 13.03.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com