ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԹՈՒՐՔԱԳԵՏԻ 60-ԱՄՅԱԿԸ
Լրացավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի 60-ամյակը:

Սաֆրաստյանը ԳԱԱ ակադեմիկոս է 2014-ից, պատմական գիտությունների դոկտոր (2009 թ.), պրոֆեսոր (2007 թ.), ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ:

Գիտնականը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում հայտնի թուրքագետ, արևելագետ և քաղաքական գործիչ Արամ Սաֆրաստյանի ընտանիքում։ 1977 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը և 1980 թ.` ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։

1981 թ. աշխատանքի է անցել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի համակարգում։ Եղել է Արևելագիտության ինստիտուտի կրտսեր, հետագայում` ավագ և առաջատար գիտաշխատող, Թուրքիայի բաժնի վարիչ։ 2006 թ. նույն ինստիտուտի տնօրենն է։ 1988 - 1991 թթ. աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ Սփյուռքի ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն։

1983 թ. համատեղության կարգով գիտամանկավարժական աշխատանք է տարել Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում (Երևանի պետական համալսարան, Հայկական մանկավարժական ինստիտուտ, Գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Աճառյան համալսարան)։

1996-1997 թթ. վարել է դիվանագիտական աշխատանք Գերմանիայում` աշխատելով Բոննում ՀՀ դեսպանատան խորհրդական։ 1999 թ. հաղթել է Հումբոլդտի անվան (Գերմանիա) միջազգային գիտական մրցույթում և մեկ տարի հետազոտական աշխատանք է վարել Գերմանիայի Բոխում քաղաքի համալսարանում։

2001 թ. հաղթել է Ֆուլբրայթի անվան (ԱՄՆ) միջազգային գիտական մրցույթում և մեկ տարի գիտական պրպտումներ է կատարել Կալիֆորնիայի Բըրքլի համալսարանում։ 2002 թ. հաղթել է Կենտրոնական Եվրոպական Համալսարանի (Բուդապեշտ, Հունգարիա) կողմից հայտարարված միջազգային քաղաքականության ուսումնասիրման գիտական մրցույթում և մեկ տարի գիտական ուսումնասիրություններ է կատարել նույն համալսարանի Քաղաքականության ուսումնասիրման կենտրոնում։

Ռուբեն Սաֆրաստյանը շարունակողն է Սաֆրաստյանների արևելագիտական գերդաստանի. Արամ Սաֆրաստյան և Արշակ Սաֆրաստյան:

Նա իր ներդրումն ունի նաև Diplomat.am նախագծում՝ հրապարակելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ աշխատություններ:

Շնորհավորում ենք Ռուբեն Սաֆրաստյանին՝ ծննդյան հոբելյանական տարեդարձի առիթով՝ մաղթելով նախ անձնական երջանկություն, ապա նաև գործնական հաջողությունների շարունակություն և նոր բարձունքներ:
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
645 reads | 08.10.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com