ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔԻՆ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 27
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





Ապրիլի 25-ի, 26-ի և լույս 27-ի գիշերը ադրբեջանական կողմը, կրկին խախտելով հրադադարի վերաբերյալ գրավոր ու բանավոր իր բոլոր խոստումները, կրակում է Արցախի և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ:  60 և 82 միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7, ՀՀՆ-9, ԱԳՍ-17 տիպի նռնականետեր, ԶՈւ-23-2 զենիթային կայան, TR-107 թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռային կայան, տանկ: Սա մեր թշնամու կիրառած ռազմական տեխնիկան է, դրանցով գիշերվա ընթացքում հրետակոծվել են հատկապես Մարտակերտն ու Մատաղիսը:

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ռազմ.ինֆոյին տված հարցազրույցում այս առումով ասել է․ «Ապրիլի 26-ի գիշերվա ընթացքում ադրբեջանական կրակոցների ինտենսիվությունը բավական մեծ էր, սակայն այն չի կարելի համեմատել ապրիլի սկզբի մարտերի հետ։ Ցավոք, ադրբեջանական կողմն իր հրետանային միջոցները տեղակայում է իրենց սահմանամերձ բնակավայրերում՝ թաքնվելով քաղաքացիականների թիկունքում, և այնտեղից է կրակում։ Եվ երբ հայկական կողմը թիրախավորի այդ հրետանային միջոցները, ադրբեջանցիները հայտարարելու են, թե հայկական կողմը կրակում է բնակավայրերի ուղղությամբ»:

Սենոր Հասրաթյանը նաև հաղորդել է, որ դիրքային բախումներ գրեթե չեն եղել, և ադրբեջանական կողմը կրակել է հայկական բնակավայրերի վրա՝ խուսափելով մեր բանակի հետ մարտերից: Ցավոք, հրետակոծության հետևանքով մենք ունեցանք երկու մարդկային կորուստ, իսկ թե ինչ է կորցրել թշնամին, պարզվում է աստիճանաբար: Նախ այդ երկրի լրատվամիջոցները վայնասուն բարձրացրին, թե ծանր վիրավորվել է տեղական հեռուստաընկերության օպերատոր  Վիջայ Վալիևը: Դա նույնիսկ ամենաբարձր մակարդակով օգտագործեց Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի ֆորումի ամբիոնից: Իսկ օպերատորի վիրավորվելու լուսանկարը սա է: Իլհամ Ալիևը Բաքվում հավաքված միջազգային պատվիրակությունների առաջ ուրիշ այլ մեղադրանքներ էլ հնչեցրեց:

«Մենք ցուցաբերում ենք համբերատարություն ու կառուցողականություն՝ չնայած ավելի քան 20 տարի ապրում ենք հրադադարի ռեժիմի խախտման պայմաններում: Հիմա մենք ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք չենք ցանկանում պատերազմ ու արյունահեղություն: Հայաստանն է ագրեսիայի դիմում, և հիմա էլ հայերի ագրեսիայի հետևանքով մենք ունենում ենք հարկադրաբար տեղահանվածներ: Ադրբեջանը իր սեփական միջոցների հաշվին ստիպված է աջակցություն ցուցաբերել այդ կատեգորիայի քաղաքացիներին»:

Ապրիլի սկզբին սանձազերծած պատերազմից, կրած խայտառակ պարտությունից ու աշխարհի անթաքույց դժգոհությունից հետո Ադրբեջանի իշխանությունը այսպիսի լալահառաչ հայտարարություններով փորձում է մեղադրանքի ալիքը իր վրայից թեքել հայկական կողմը: Նաև այդ նպատակն է հետապնդում մեր ուղղությամբ կրակող հրանոթները բնակավայրերում տեղադրելը: Իսկ դրա հետևանքով Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերում կրկին դատարկություն է, քանի որ հայկական կողմի պատասխան հրետակոծության թիրախ ուզած թե չուզած հենց բնակիչներն էին դառնալու: Հետևաբար, քիչ հավանական է, որ Ադրբեջանը հիմա պատերազմի գնալու ցանկություն ունի, նրա նպատակը քարոզչական կռիվն է՝ աշխարհին ցույց տալու, թե հայերը կրակեցին ու սպանեցին բազմաթիվ խաղաղ ադրբեջանցիների:

ՄԱԿ-ի քաղաքակրթությունների երկխոսության ֆորումը քաղաքակրթության հետ որևէ կապ չունեցող Ադրբեջանում տևելու է ապրիլի 25-27-ը: Այս առումով հայկական բանակը առաջիկա երկու գիշերները ևս պատրաստվում է դիմակայել թշնամու դիվերսիաներին, մինչև Բաքվից հեռանան ՄԱԿ-ի պատվիրակությունները: Ապրիլի 27-ից հետո ադրբեջանական այսպես կոչված անպարտելի բանակի մասին լեգենդները այդ երկրում կրկին կդառնան միայն տեղական լրատվամիջոցների սեփականություն, իսկ նրանց զինված ուժերը որոշ ժամանակ կրկին լռելու են, մինչև հաջորդ համաժողով կամ նախագահների հաջորդ հանդիպում:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
894 reads | 27.04.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com