ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՏԱՐԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Հեռուստամեկնաբան, լրագրող
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՐԵՎԱՆ




Թուրքիայում 2020թ. հունվարի 8-ին տեղի է ունեցել Սև ծովի հատակով անցնող և Ռուսաստանն ու Թուրքիան կապող «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: Դրան մասնակցել են ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, այլև Սերբիայի և Բուլղարիայի առաջնորդները:

2017-ին մեկնարկած գազատարի կառուցման աշխատանքները տևեցին 2 տարի՝ արժենալով շուրջ 7 մլրդ դոլար: 1090կմ երկարությամբ գազատարի շինարարությունը ռուսական կողմի ջանքերով կարճ տևեց՝ մեկնարկելով ռուսական Անապա քաղաքից և ավարտվելով Ստամբուլի մոտակա Լյուլեբուրգազ քաղաքում: Հենց այնտեղ նախատեսված բացման արարողությանը մասնակցելու համար հունվարի 7-ի գիշերը Սիրիայից Թուրքիա է մեկնել Ռուսաստանի նախագահը: Պուտինը նախ առանձնազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ: Փակ ռեժիմով հանդիպմանը երկու նախագահները քննարկել են Սիրիայում և Լիբիայում իրավիճակը, նաև Իրան-ԱՄՆ հակամարտության խնդիրները: Երևանի ժամանակով 16-ին՝ նախատեսվածից 1 ժամ ուշ Պուտինն ու Էրդողանը սկսել են Թուրքական հոսքի բացման արարողությունը:

«Սա եզակի, իր չափերով աննախադեպ խորջրյա գազատար համակարգ է: Մոսկվայի եւ Անկարայի փոխգործակցությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով, անկախ նրանից, որ միջազգային մի շարք խաղացողներ փորձում են խանգարել այդ գործընթացին։ Թուրքիան եւ Ռուսաստանն առջեւում դեռ տարբեր նախագծեր ունեն։ Տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, նկատվում են իրավիճակի սրման միտումներ։ Իսկ ահա Թուրքիան եւ Ռուսաստանը ցուցադրում են միանգամայն այլ օրինակներ՝ փոխգործակցության եւ համագործակցության, ի շահ մեր ժողովուրդների եւ ողջ Եվրոպայի ժողովուրդների»,-ելույթի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Պուտինը:

Թուրքիայի նախագահը ևս առավել կարևոր է համարել գազատարի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործոնը: Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցությունը տասնամյակներ կձգվի:

««Թուրքական հոսք» նախագիծը տարածաշրջանային էներգետիկ քարտեզի ձևավորման առումով պատմական քայլ է: Դա իրականություն դարձավ Թուրքիայի և նրա բարեկամների ջանքերի շնորհիվ: Ռուսական գազի ներկրումը Թուրքիա վերջին 33 տարվա ընթացքում գերազանցել է 400մլրդ խմ, միաժամանակ աճում է երկու երկրների ապրանքաշրջանառությունը: Մենք ձգտում ենք տարածաշրջանում ապահովել խաղաղություն և կայունություն, և Թուրքիան երբևէ չի արել դրան հակառակ քայլեր»:

Կայունության մասին խոսելուց հետո Էրդողանը դատապարտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրումը՝ կողմերին կոչ անելով նստել բանակցային սեղանի շուրջ և օրինակ վերցնել Թուրքիայից ու Ռուսաստանից, որոնք փորձում են դրական օրինակ հանդիսանալ այլ պետությունների համար: Թուրքական հոսք գազատարի գործարկումից հետո ռուսական գազը կհասնի մինչև հարավային Եվրոպա՝ մատակարարելով Բուլղարիային, Սերբիային, Հունգարիային և Ավստրիային: ավելի վաղ Բուլղիարիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ կառուցելու սեփական գազամուղը, սակայն Ղրիմի հետ կապված խնդիրների պատճառով արևմտյան պետությունները ստիպեցին բուլղարացիներին հրաժարվել այդ պայմանավորվածությունից: Արդյունքում շահեց Թուրքիան: «Թուրքական հոսքի» երկու խողովակներից մեկը գազ կմատակարարի միայն Թուրքիային, մյուսը կհասնի Եվրոպա՝ տարանցիկ շահույթ ապահովելով թուրքական կողմին:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
115 reads | 09.01.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com