ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
Այն, ինչը փաստաթղթի տեսք ստացավ 2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում, սկսել է քննարկվել ավելի քան 100 տարի առաջ: Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին ամերիկյան Կոնգրեսն արդեն իսկ քննարկել և դատապարտվել է այդ ոճիրը, իսկ հետագա մեկ դարի ընթացքում ամերիկացի կոնգրեսականների սեղանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հայտնվել է 12 անգամ:

Առաջին անգամ Ամերիկյան կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ցեղասպանության մասին քննարկում սկսել է այն ժամանակ, երբ դեռ Արևմտյան Հայաստանում չէր չորացել հայերի արյունը, իսկ թուրքական զորքը քրդական զինված խմբավորումների հետ շարունակում էին հայաթափել Կարսից մինչև Մուշ ու Ադիյաման ընկած հայկական բնակավայրերը:

1916-ի փետրվարի 9-ին Կոնգրեսը հատուկ որոշում է կայացրել՝ դատապարտելով թուրքական հանցանքները, սակայն ինչպես այժմ, այն ժամանակ ևս փաստաթուղթն ընդամենը խորհրդատվական բնույթ է կրել:

Հաջորդ փաստաթուղթը եղել է 3 տարի անց՝ 1919-ի օգոստոսին, երբ Հայաստանի առաջին հանրապետությունը դիվանագիտական սերտ հարաբերություններ էր հաստատել Վաշինգտոնի հետ, սակայն ամիսներ անց կարմիր բանակը մտավ Երևան, թուրքերը գրավեցին Կարսը, մոռացվեցին նաև ամերիկյան խոստումները, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունները մտան բարեկամության փուլ: 56 տարի լռելուց հետո՝ ցեղասպանության 60-րդ տարելիցի նախօրեին՝ 1975-ի ապրիլի 9-ին Ներկայացուցիչների պալատը հայտարարություն տարածեց՝ դատապարտելով դարասկզբին տեղի ունեցած ոճրագործությունը: Այդ գործում մեծ դեր էին խաղացել ամերիկահայ կառույցներն ու նոր-նոր ակտիվացող լոբբիստական կազմակերպությունները: Նույնպիսի քննարկումներ և դատապարտումներ եղան հաջորդող տասնամյակներին՝ 1984-ին, 1996-ին, 2007-ին:

Վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այնքան էր անկեղծացել, որ Ներկայացուցիչների պալատին կոչ էր արել չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, քանի որ այն վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այդպես էլ եղավ: Բանաձևը հանվեց օրակարգից ամերիկյան շահերի առաջնահերթության պատճառով:

Վերջին 10 տարվա ընթացքում ամերիկյան կոնգրեսում 7 անգամ ներկայացվել է ցեղասպանության բանաձևը՝ հիմնականում նախընտրական շրջանում կամ արտաքին քաղաքական լծակներ ստանալու համար: 2008-ին կոնգրեսական Բարակ Օբաման Ներկայացուցիչների պալատում ներկայացրեց ցեղասպանության ճանաչման հարցը, ընտրվեց նախագահ և բավարարվեց նախագահի պաշտոնում Մեծ Եղեռն տերմինն արտասանելով: 2009-ի մարտին դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի անունից կոչ արեց նախագահին՝ ճանաչել ցեղասպանությունը, սակայն ոչ Կոնգրեսը, ոչ էլ նախագահը չարեցին ընդառաջ քայլը՝ կրկին խանգարում էր թուրք-ամերիկյան համատեղ շահը:

2010-ին հերթական բանաձև ներկայացրեցին դեմոկրատ կոնգրեսականները, սակայն դա անգամ չընդգրկվեց Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում։ Պաշտոնական պատճառաբանությունը՝ կվնասենք թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությանը: Նման փորձ արվեց նաև 2011-ին, սակայն թուրքական և հրեական լոբբիինգի աշխատանքն ավելի արդյունավետ եղավ: Հարցը չմտավ Ներկայացուցիչների պալատ: 2013-ի մայիսին կրկին դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրեց ցեղասպանությունը դատապարտող և հայ-թուրքական հաշտեցման գործընթաց սկսող բանաձև: Դրա մասին խոսեց նաև Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Ջոն Բեյները՝ Անկարա այցի ժամանակ խոստանալով ընթացք չտալ և չթողնել, որ հայամետ բանաձևը մտնի օրակարգ:

2015-ի փետրվարին և մարտին կոնգրեսականները նոր բանաձևերով հանդես եկան: Այդ գործում վարպետացած դեմոկրատ Ադամ Շիֆը նախագահ Բարակ Օբամային կոչ արեց ի վերջո հարգել սեփական խոստումներն ու թույլ տալ, որ ցեղասպանության բանաձևն ընդունվի, սակայն այդ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս Թուրքիայի հետ ամերիկյան երազանքն ավելի զորեղ գտնվեց: Այդ ձախողումից հետո հայկական լոբբիինգից, կոնգրեսականներից և հատկապես Ադամ Շիֆից մոտ 4 տարի պահանջվեց, որպեսզի հարմար պահ ընտրեն՝ թուրք-ամերիկյան քաղաքական շահերի բախման, հրեական լոբբինգի պասիվության և իշխանության թողտվության պայմաններում բանաձևի տեսք տալու ցեղասպանության ճանաչման՝ սոսկ խորհրդատվական բնույթ կրող բանաձևին:

Shantnews.am
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
107 reads | 31.10.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com