ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՄԻՐՈՍԼԱՎ ԼԱՅՉԱԿԸ ԽՈՍԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տարածաշրջանային այցով Հայաստանում է ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Մարտի 13-ին նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա երկու պաշտոնյաները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է այն հիմնական կետերը, որոնք եղել են երկու պաշտոնյաների քննարկման առանցքում: Պաշտոնական Երևանը հունվարին ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնած Լայչակին ծանոթացրել է արցախյան հակամարտության լուծման հայկական կողմի մոտեցումների հետ:

Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու սկզբունքը, Զոհրաբ Մնացականյանի խոսքով, հայկական կողմի համար ընդունելի նախաձեռնություն է, ինչը, սակայն, միակողմանի է: Ադրբեջանի իշխանությունը շարունակում է զինվել ու սեփական հանրությանը պատրաստել պատերազմի: Այս օրերին Ադրբեջանում ընթացող լայնածավալ զորավարժություններում, ի դեպ, փորձարկվում են նաև նախորդ տարի Սլովակիայից գնված խոշոր տրամաչափի զենքերը: Դրանք Բրատիսլավայից նախ հասել էին Իսրայել, ապա մատակարարվել Ադրբեջանին: Հարց ԵԱՀԿ սվովակ նախագահին. հնարավո՞ր է խոսել հակամարտության խաղաղ լուծման մասին, երբ Սլովակիան հարձակողական զենք է մատակարարում կողմերից մեկին:

«Հայկական դիվանագիտական առաքելությունը մեզ այդ մասին տեղեկացրել է: Սլովակիայի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարություններն ուսումնասիրել են այդ գործը: Համենայն դեպս մեր կողմից որևէ սխալ տեղի չի ունեցել: Իսրայելի և Սլովակիայի միջև եղել է առանձին համաձայնագիր, որում ամրագրված է եղել, որ զենքի վերջնական ստացողը Իսրայելն է: Մենք այս հարցը քննարկել ենք նաև հայկական կողմի հետ: Կարծում եմ, գործը փակ է»,-ասել է Միրոսլավ Լայչակը:

Պաշտոնական Երևանը վերջին ամիսներին պնդում է, որ արցախյան բանակցությանը պետք է մասնակցի Ստեփանակերտը: Ադրբեջան այցի ժամանակ Միրոսլավ Լայչակը մարտի 5-ին հայտարարել էր, թե դեմ է հայկական կողմի այդ դիրքորոշմանը: Ինչո՞ւ:

«Հայաստանի կառավարությունն է, որ պետք է որոշի բանակցության իրեն հարմար ձևաչափերը, բայց որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Մենք բավական ժամանակ ենք հատկացրել այս խնդիրների քննարկմանը, և կարծում եմ, Հայաստանի կառավարությունն ունի ճիշտ բանաձև՝ բանակցությունների շարունակման համար»,-պատասխանել է ԵԱՀԿ նախագահը:

Ասուլիսի ժամանակ սլովակ պաշտոնյան մի քանի անգամ շեշտել է, որ թեև քաղաքական առումով իրենք չեն ողջունում Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, սակայն կարևորում են տարածաշրջանում բնակիչների իրավունքները. «ԵԱՀԿ-ի մեր նախագահությունը մարդակենտրոն է: Մեր հիմնական սկզբունքն է մարդիկ, երկխոսություն և կայունություն: Սա մտապահելով՝ ես ճամփորդում եմ տարածաշրջանում՝ նպատակ ունենալով լսել մարդկանց, որոնց կյանքը փոխվել է հակամարտության հետևանքով: Իմ նպատակն է նաև լավ հասկանալ իրավիճակը տեղում»:

Հարց մարդակենտրոն առաքելություն ստանձնած պաշտոնյային՝ Ադրբեջան և Հայաստան այցելելուց հետո՝ պատրա՞ստ է արդյոք մեկնել Ստեփանակերտ և տեսնել, թե ինչպես են Արցախում ապրում մարդիկ: Պատասխան. «Ես պատրաստ եմ ամեն ինչ անել՝ այս հակամարտության լուծման համար: Ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, ապա ամբողջությամբ վստահում եմ Մինսկի խմբի համանախագահներին: Հետևաբար՝ ինչ անում եմ, անում են նրանց հետ սերտորեն համագործակցելով»:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
94 reads | 13.03.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com