Ի՞ՆՉ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ Է ԵՐԵՎԱՆ ԳԱԼԻՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԻԶՆԵՍ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՀԿ ՍԼՈՎԱԿ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Հեռուստամեկնաբան, լրագրող
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՐԵՎԱՆ




ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին ժամանում է Հայաստան: Տարածաշրջանային այցի համատեքստում ԵԱՀԿ նորընտիր սլովակ նախագահը, սակայն, առաջինը Բաքու այցելեց: Վերլուծաբաններն ասում են՝ դա պատահական չէ: Սլովակիայի ներկա կառավարությունը վերջին տարիներին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, զենքի առևտուր են անում, իսկ Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախագահից բացի զբաղեցնում է նաև Սլովակիայի ԱԳ նախարարի պաշտոնը:

Մարտի 5-ին Բաքվում Լայչակը հանդիպել է Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Իլհամ Ալիևն ու Էլմար Մամեդյարովը նրան խնդրել են հայկական կողմին փոխանցել իրենց դժգոհությունն ու դիրքորոշումը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանն է, քանի որ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են, և ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ փախստական և հարկադիր տեղահանված են դարձել: Երևանը լուրջ ցանկություն չի ցուցաբերում առարկայական բանակցություններ վարելու և ամեն կերպ փորձում է խոչընդոտել կարգավորմանը: Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երևանի վրա՝ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու և Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերը դուրս բերելու համար»,-ասել է Իլհամ Ալիևը:

Նույն բնույթի էր նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը: Նա Լայչակին խնդրել է Երևան ժամանելիս հարցնել՝ Հայաստանի իշխանությունը ժողովրդին խաղաղությա՞ն է նախապատրաստում, թե՞ այլ ճանապարհ է ընտրել:

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները նպատակաուղղված չեն խաղաղությանը, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հայտարարությունը: Այդ հարցով այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հետ»,-նշել էր Մամեդյարովը:

Հայաստանի ԱԱԾ տնօրենը Արցախում փետրվարի վերջին հայտարարել էր, թե հայկական կողմը ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունի, հակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները: Միրոսլավ Լայչակը այս հայտարարությանը չի արձագանքել, սակայն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության լուծման միակ ձևաչափն է, և դրա միակողմանի փոփոխությունները ցանկալի չեն. «Բաքվում կայացած բանակցությունները ես կառուցողական եմ համարում: Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ քննարկեցի հակամարտության կարգավորման ուղիները: Պնդում եմ, որ բանակցությունների համար ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, և այդ ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ: Երևանում ևս կշարունակենք քննարկումները: Մի շարք գաղափարներ կան, որոնք ես կտանեմ Երևան»:

Թե կոնկրետ ինչ գաղափարներ է Լայչակը բերում Երևան, լայն հանրությանը պարզ կդառնա հանդիպումներին հաջորդող պաշտոնական հայտարարություններից: Հայաստանի կառավարությունը վերջին մեկ տարում պարբերաբար շեշտում է, որ արցախյան բանակցայի գործընթացում պետք է ընդգրկել պաշտոնական Ստեփանակերտին, քանի որ Երևանը լիազորված չէ բանակցություն վարել Արցախի անունից:

Այս թեզը դեռևս հավանություն չի ստացել ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այլև հենց ԵԱՀԿ նախագահի կողմից: Ի դեպ, միջազգային մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Սլովակիայի իշխանությունը՝ այդ թվում Միրոսլավ Լայչակը բիզնես շահեր ունի Ադրբեջանում: Նախորդ տարի Սլովակիայի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ զենքի վաճառքի սկանդալային բացահայտումը: Աղմուկ բարձրացրեց նաև սլովակ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությունը զենքի տեղափոխման ստվերային գործարքներում:

ԵԱՀԿ սլովակ նախագահի տարածաշրջանային այցի ֆոնին Ադրբեջանը մարտի 11-ից լայնամաստաբ հարձակողական զորավարժություններ է իրականացնում Արցախի սահմանին՝ կիրառելով նաև Սլովակիայից գնված խոշոր տրամաչափի զինատեսակներ: Արցախյան հակամարտության խաղաղ լուծման առաքելություն ստանձնած ԵԱՀԿ-ի սլովակ նախագահին Երևանում այս առումով բազմաթիվ հարցադրումներ են սպասում:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
173 reads | 12.03.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com