ԹԱԼԻՇ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌԴ-ՈՒՄ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է 5 ԱՄՍՈՎ
Թալիշ ազգային, քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան, որը օգոստոսին ձերբակալվել, ապա կալանավորվել էր ՌԴ-ում Ադրբեջանի պահանջով, ևս 5 ամիս կմնա կալանքի տակ: Այդպիսի որոշում է հոկտեմբերի 3-ին կայացրել Մոսկվայի դատարանը՝ քննելով Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջը Աբոսզոդային արտահանձնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ֆահրադդին Աբոսզոդան 2005թ. հետապնդումների է ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ ահաբեկչությանը աջակցելու և անջատողական տրամադրություններ հրահրելու մեղադրանքով, իսկ 2018թ. հուլիսից նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ հայտարարելով միջազգային հետախուզում: Աբոսզոդայի արտահանձնումը Ադրբեջանին, վերլուծաբանների համոզմամբ, կնշանակի նրա մահվան դատավճիռ, քանի որ թալիշ, լեզգի և այլ էթնիկ խմբերի պատկանող գործիչներից շատերն են ադրբեջանական բանտերում անհայտ պայմաններում մահացել:

Ֆահրադդին Աբոսզոդան պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով՝ Ադրբեջանի բնիկ թալիշներին կոչ անելով չարտագաղթել, չձուլվել, պայքարել ազգային ինքնության համար և միաժամանակ չենթարկվել ադրբեջանական իշխանության սադրանքներին ու թշնամի չհամարել հայերին:

ՌԴ նախագահի աշխատակազմի՝ էթնիկ փոքրամասնությունների հարցով խորհրդական, ազգությամբ թալիշ Իսմայիլ Շաբանովը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ ռուսական դատարանի որոշումը մի կողմից լավ է, որ Ֆահրադդին Աբոսզոդային անմիջապես չեն արտահանձնում Ադրբեջանին, թեև նա շարունակում է բանտում մնալ, սակայն, մյուս կողմից, դատարանը հնարավորություն է տվել, որ 5 ամսվա ընթացքում Ադրբեջանը կարող է ստանալ Աբոսզոդային, եթե ռուսական դատախազությունը տա թույլտվություն:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
310 reads | 04.10.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com