ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Հեռուստամեկնաբան, լրագրող
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՐԵՎԱՆ


Shantnews.am

Ամերիկյան «Pew Research Center» անունը կրող փորձագիտական կենտրոնը հրապարակել է սոցհարցման արդյունքներ, որոնցով փորձ է արվել պարզել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հակահրեական տրամադրությունների մակարդակը: Ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ ամենամեծ հակահրեական տրամադրություն նկատվել է Հայաստանում (հարցվածների 32%-ը), ապա հետևում են Լիտվան, Ռումինիան, Ռուսաստանը և Վրաստանը:

Հետաքրքիր ևս մեկ փաստարկ կա ամերիկյան կենտրոնի հրապարակման մեջ. հակահրեական քարոզչություն, ըստ ուսումնասիրության, տարվում է հիմնականում քրիստոնեական երկրներում, իսկ վերևում նշված երկրներում միայն քրիստոնյաներն են վատ տրամադրված հրեաների նկատմամբ՝ չցանկանալով իրենց կողքին հրեաների տեսնել:

Թե ինչու է ամերիկյան փորձագիտական կենտրոնն այժմ կատարում հակասեմականության վերաբերյալ ուսումնասիրություններ, հարցի մի կողմն է, սակայն առավել կարևոր է, թե ովքեր են կանգնած «Pew Research Center» կենտրոնի հետևում և ինչ նպատակներ է հետապնդում այդ հրապարակումը:

Ամերիկյան փորձագիտական այդ կենտրոնի հիմնադիր ղեկավարը Մայքլ Դիմոքy (Michael Dimock) վերլուծաբան է, որը հիմնականում մասնագիտացած է արտաքին քաղաքականության և ընտրական համակարգերի ոլորտում: Այս անձի շուրջ, սակայն, կարճ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանները, որքան էլ տարօրինակ է, երևում են Բաքվում:

Այսպես, Մայքլ Դինոքը 2015-ին Ադրբեջանի կառավարության պատվերով ուսումնասիրություն է արել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում միջէթնիկ և միջկրոնական շփումների ու հանդուրժողականության մասին: 2017թ. ապրիլին հրապարակված զեկույցում նշված է, որ ի տարբերություն հարևան երկրների՝ Ադրբեջանում հանդուրժողականությունը բարձր մակարդակի վրա է:

«Ադրբեջանում, օրինակ, մենք չհանդիպեցինք կրոնական և էթնիկ խմբերի նկատմամբ հանրության սոցիալական տարբեր խմբերի կողմից թշնամական վերաբերմունքի, առավել ևս, ահաբեկչական բնույթ կրող գործողությունների»,-նշված է զեկույցում:
Պակաս տարօրինակ չէ 2017-ին  «Pew Research Center»-ի կատարած մեկ այլ ուսումնասիրության արդյունք՝ կրկին Ադրբեջանի մասին: Ըստ այդ կենտրոնի՝ մինչև 2070 թվականը իսլամը կդառնա աշխարհի ամենատարածված կրոնը, իսկ Ադրբեջանի կրոնական ու մշակութային ազդեցությունը գերիշխող կլինի մեր ողջ տարածաշրջանի վրա:

Այսպիսի ուսումնասիրություններ և զեկույցներ ներկայացնող կազմակերպության մասին, բնականաբար, դժվար չէ պատկերացում կազմել, թե որտեղից է այն սնվում և ինչու է հենց հիմա Հայաստանին իբրև թե փորձագիտական մակարդակում մեղադրում հակասեմականության մեջ:

Հրեաների նկատմամբ, իհարկե, Հայաստանում, ինչպես նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում, կա որոշակի կանխապաշարում` ՍՍՀՄ-ի կողմից իրականացված հակահրեական 70-ամյա քարոզչության հետևանքով: Հայաստանում դա արտահայտվում է մի քանի թեզերով. իբրև թե Հայոց ցեղասպանության իրական մեղավորը ոչ թե թուրքական իշխանությունն է եղել, այլ հրեաները, նաև՝ որ այսօր աշխարհը հրեաներն են կառավարում և թշնամական վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ:

Դրանք, իհարկե, պարզունակ քարոզչություն է, որի հետևանքները, սակայն, բացասական են հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունների վրա: Մանավանդ այսօր, երբ Հայաստանի և Իսրայելի միջև ակտիվացել են քաղաքական, դիվանագիտական ու տնտեսական կապերը, երբ շուտով ՀՀ դեսպանը Իսրայելում կանցնի իր պարտականությունների կատարմանը, իսկ Իսրայելը քննարկում է Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցը:

Այս պարագայում պակաս կարևոր չեն խորհրդարանական և դիվանագիտական փոխայցերի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները Իսրայելի կողմից ռազմական ոլորտում չեզոքության վերաբերյալ: Նաև դրանք են պատճառը, որ Իսրայելը զգալի նվազեցրել է և շուտով ամբողջությամբ կդադարեցնի Ադրբեջանին զենքի ու զինամթերքի մատակարարումը:
Հետևաբար, Ադրբեջանին ձեռնտու չի հայ-հրեական հարաբերությունների այսպիսի զարգացումը, ինչին խանգարելու համար հանկարծ թատերաբեմ են բարձրանում «Pew Research Center»-ի նման «փորձագիտական կենտրոնների» բացահայտումները:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
459 reads | 03.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com