ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ԴԵՄ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Միջազգային բազմաթիվ կազմակերպություններում Ադրբեջանի նավթադոլարներով ու խավիարով գնված քաղաքական գործիչների պատմությունը այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար՝ խայտառակելով Բաքվի՝ առանց այն էլ ցածր վարկանիշը: Այս անգամ, սակայն, հակահայկական քարոզչության գործին են լծվել ոչ թե Ադրբեջանին ծախված պաշտոնյաները, այլ լրագրողները:

2018-ի հունվարի 9-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Modern Diplomacy» միջազգային վերլուծական պորտալում հրապարակել էր «Յո՞ երթաս Երուսաղեմ։ Թրամփի մատնանշած արահետո՞վ»  խորագրով հոդված՝ խոշորացույցի տակ առնելով ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարության դրական ու բացասական հետևանքները, նաև հայ-իսրայելական հարաբերությունների ներկա փուլը:

Հաշվի առնելով, որ վերջին 2 տարվա ընթացքում Երևանի և Թել-Ավիվի միջև դիվանագիտական ու մշակութային կապերը ավելի են ակտիվացել, պարբերաբար լինում են փոխադարձ այցեր ու համատեղ ծրագրեր՝ հայ դիվանագետը հրապարակման մեջ կարևոր էր համարել աշխարհաքաղաքական ներկա ճգնաժամային փուլում օգտագործել բոլոր հնարավորությունները Իսրայելի հետ նոր տեսակի կապեր հաստատելու համար՝ միաժամանակ դառնալով կամուրջ այդ երկրի և հարավկովկասյան տարածաշրջանի այլ երկրների միջև:

Հրապարակումը դրական արձագանք էր ստացել ինչպես Իսրայելի առաջադեմ փորձագիտական դաշտում, այնպես էլ աշխարհի այլ երկրների քաղաքակիրթ շրջանակներում: Նույնը, սակայն, չի կարելի  ասել Ադրբեջանի մասին: Բնական է, որ այնտեղ սրերով պետք է դիմավորեին Հայաստանի եղած հաջողությունների կամ դրանց տեսլականի մասին ցանկացած տեղեկություն: Այս դեպքը ևս բացառություն չէր:

Բաքվում դեռ չեն մոռացել 2017-ի ամռանը Diplomat.am  նախագծի կազմակերպած՝ հեղինակավոր իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի այցը Երևան և Ստեփանակերտ: Այն ոչ միայն լուսաբանվեց, այլև դրական ազդեցություն ունեցավ հայ-իսրայելական հետագա հարաբերությունների վրա: Էսկինի այցից ամիսներ անց Հայաստան պաշտոնական այց կատարեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ապա եղան այլ բարձրաստիճան և փորձագիտական այցեր Իսրայելից, դրան հոջորդեց Թել-Ավիվ ու Երուսաղեմ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի այցը:

Հայ-իսրայելական հարաբերությունների դրական առաջընթացի ֆոնին ամեն ամիս բացասական տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի և Իսրայելի կապերի մասին: Տխրահռչակ զենքի վաճառքի գործարքը աքիլլսեյան գարշապար է դարձել Իսրայելի համար, իսկ վերջերս բացահայտված դեպքը՝ Ադրբեջանի կողմից ահաբեկիչների զենք վաճառելու պատմությունը խորացրել է այդ երկրի հակասությունները Իսրայելի իշխանության հետ:

Այս համատեքստում հանկարծ միջազգային մամուլում հրապարակվում է հայկական քաղաքականության ու հայ բազմափորձ դիվանագետի հասցեին  առնվազն վիրավորանքներ հնչեցնող հոդված՝ վերնագրված՝ «Ադրբեջանի և Իսրայելի միջև «սեպը» Հայաստանի անիրականանալի երազանքն է»:

Հոդվածի հեղինակ Յակոբ Կամարասը չի թաքցնում իր ատելությունը Հայաստանի նկատմամբ՝ նշելով, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, նաև բառացի կրկնելով ադրբեջանական թեզերը:

Իրեն փորձառու լրագրող համարող Կամարասը շեշտում է Ադրբեջանի և Իսրայելի պատմական բարեկամությունը՝ նշելով. «հակասեմիտիզմը երբևէ խնդիր չի եղել Ադրբեջանում, թե՛ պատմականորեն, թե՛ ներկայումս: Ադրբեջանի «լեռնային հրեաները» ապրել են խաղաղության ու բարգավաճման մեջ Կովկասի տարածաշրջանում 5-րդ դարից ի վեր…»:

Էլ որտե՞ղ կարելի կլինի կարդալ Ադրբեջանի ու 5-րդ դարի միջև կապի մասին հեքիաթներ, եթե ոչ ադրբեջանական ԶԼՄ-ներում և Ադրբեջանի կողմից գնված օտարազգի որոշ էժանագին հեղինակերի գործերում:

Յակոբ Կամարասը կրկնում է ադրբեջանական թեզերը նաև Հայաստանի և Ռուսաստանի՝ վասալային կապի, Իրանի՝ ահաբեկչական պետություն լինելու, Հայաստանի կողմից տարվող հակահրեական քարոզչության մասին: Հեղինակը նույնիսկ չի թաքցնում, որ ատելությամբ է լցված Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ՝ այդկերպ անվստահություն առաջացնելով իր մասնագիտական կարողությունների նկատմամբ:

Նույնիսկ ադրբեջանական Day.az և Haqqin.az պարբերականների արձագանքները հայ դիվանագետի՝ հիշատակված հոդվածին այնքան թույնով ողողված չէին, որքան իրեն հրեա կոչող և ԱՄՆ-ում բնակվող Յակոբ Կամարասի: Վերջինս, վստահաբար չգիտի նույնիսկ իր ազգի պատմությունը, թե ինչպես է հազարամյակների խորքից գալիս հայ և հրեա ժողովուրդների կապը, ինչպես են հայերը կյանքի գնով պայքարել Երուսաղեմի համար արաբական արշավանքների ժամանակ, և հրեաների սուրբ լեռը շարունակում է լեգենդար մնալ առավելապես հայերի նվիրվածության ու բարեկամության շնորհիվ:

Յակոբ Կամարաս Միացյալ Նահանգներում հիմնել է JNS անունով մի կայք, որտեղ թեև կենտրոնում Իսրայելն է, սակայն չկա որևէ օբյեկտիվ վերլուծություն: Ադրբեջանի վերաբերյալ հրապարակումները ողողված են քծնանքով ու փառաբանությամբ, իսկ Հայաստանի մասին գրվում է արհամարանքով և ոչ պրոֆեսիոնալ հակաքարոզչությամբ. ամբողջությամբ ադրբեջանական ձեռագիրը:
Ինչևէ, պետք է սովորել և ըստ արժանվույն դիմավորել յուրաքանչյուր քարկոծում, քանի որ դա խոսում է Հայաստանի պետության հաջողությունների և հակառակորդի ճամբարում խուճապի մասին: Կասկածից վեր է, որ Յակոբ Կամարասի նման «լրագրողներ» Ադրբեջանը շատ ունի իր խավիարային բազայում, սակայն հայկական կողմի համար կարևորը այս պահին պետք է լինի հաստատուն քայլեր անել Իսրայելի պետության հետ հարաբերությունների՝ էլ ավելի խորացման ուղղությամբ՝ անտեսելով ճանապարհի մանր խութերը՝ միաժամանակ դառնալով ամուր կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Դա մենք հաջողությամբ արել ենք նախորդ հազարամյակների ընթացքում, երբ Հայաստանի նկատմամբ այսօր թշնամաբար տրամադրված պետությունները նույնիսկ սաղմ չէին:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
876 reads | 27.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com