ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԳՌՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Մերձավոր Արևելքի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները փետրվարի 22-ի ուշ երեկոյան պայմանավորվեցին հրադադար հաստատել Սիրիայում: Երկու գերտերությունները խոստացան պարտադրել իրենց դաշնակիցներին՝ հավատարիմ մնալ պայմանավորվածությանը և չկրակել միմյանց վրա, մինչդեռ հրադադարը չի տարածվելու «Իսլամական պետություն» և «Ջաբհատ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վրա:

Սիրիայում հրադադար հաստատել փետրվարի 27-ի կեսգիշերից: Սիրիական կառավարական զորքը, նրանց դաշնակիցներն ու չափավոր ընդդիմությունը չեն կրակի իրար վրա և կնստեն բանակցության սեղանի շուրջ, բայց ահաբեկչական խմբավորումները չեն մասնակցել ոչ բանակցություններին, ոչ էլ կան հրադադար հաստատելու պլաններում: Միջազգային կոալիցիոն ուժերը այսուհետ անողոք են լինելու «Իսլամական պետություն» և «Ջաբհատ ան Նուսրա» խմբավորումների նկատմամբ, նույնկերպ ոչնչացման միասնական գործողություններ կսկսվեն այն ուժերի դեմ, որոնք կխախտեն պայմանավորվածությունը և կկրակեն:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հիշեցնում է, որ մինչև վերջերս Սիրիայում գործում էին 2500 մեծ ու փոքր զինված ջոկատներ, որոնք հիմա միավորվել են՝ վերածվելով ավելի մեծ և ուժեղ խմբավորումների: Սիրիան մի երկիր է, որտեղ բոլորը կռվում են բոլորի դեմ, և գերտերությունների համար շատ դժվար է լինելու ձգել հակամարտող կողմերի սանձերը, մանավանդ որ 80 երկիր փողով, զենքով ու մարդկային ուժով օգնում է ահաբեկիչներին: Թուրքիան դրանց առաջատարներից է, և Միացյալ Նահանգներից շատ քրտինք  պահանջվեց՝ զսպելու թուրքական ամբիցիաները: Չնայած այդ երկիրը խոստացավ հրաժարվել Սիրիա ցամաքային զորք մտցնելու մտքից, բայց չի դադարեցնում կրակել սահմանակից քրդական ջոկատների վրա:

Հիմնական վտանգը, Արման Նավասարդյանի կարծիքով, կսպառնա Ռուսաստանին: Թուրքիան չի հանգստանա և չի համակերպվի նորօսմանական պլանի ձախողման հետ, ուստի սիրիական տարածքներ մտնելու և քրդերին ոչնչացնելու ծրագրերը կիրագործի ահաբեկիչների միջոցով:

Տարածաշրջանային սպառնալիքներից բացի, կան սկզբունքներ, որոնց կյանքի կոչելը Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները համարում են անձնական պատվի խնդիր: Երկու երկրներում առաջիկայում համապետական ընտրություն է լինելու, և Վլադիմիր Պուտինն ու Բարակ Օբաման խնդիր ունեն մեծացնել իրենց ներքին և արտաքին քաղաքական վարկանիշը:

Խաղաղարար, ուժեղ կամ լավ տղա երևալու գերտերությունների մրցավազքում մայրուղի դուրս գալու փորձ է անում Ադրբեջանի իշխանությունը: Այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնապես հայտարարեց, թե տարածաշրջանում մեծ խաղացողներից յուրաքանչյուրը Բաքվի համար ունի ուրույն նշանակություն, ռուսները ռազմավարական գործընկեր են, իսկ թուրքերը՝ ռազմավարական դաշնակից: Ադրբեջանը ձգտում է լուսանցքից դուրս գալ և սիրո խոստումներ տալ ամերիկացիներին, ռուսներին ու թուրքերին միաժամանակ: Արման Նավասարդյանը սա անվանում է «Վազելինային դիվանագիտություն», ինչը, սակայն, տարածաշրջանային հակամարտությունների տեղապտույտում ոչ միայն ադրբեջանցիներին թույլ չի տա որևէ տեղ մտնել, այլև կներքաշի քարտեզների վերագծման գործընթացի մեջ:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
1245 reads | 25.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com