ԹԵ ԻՆՉՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԵԽԽՎ-ՈՒՄ ՁԱԽՈՂԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
2016թ. հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկության դրվեցին 2 հակահայկական բանաձևեր, որոնց հեղինակները անթաքույց ադրբեջանամետ և Ադրբեջանի կողմից գնված բրիտանացի ու բոսնիացի պատգամավորներ էին: Ստրասբուրգում, սակայն, առավել կարևոր մի երևույթ տեղի ունեցավ, որը դարձավ շրջադարձային թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ: Առաջին անգամ թուրքական խորհրդարանական պատվիրակությունը ոչ ամբողջությամբ պաշտպանեց Ադրբեջանին, ինչը ներքին պառակտում առաջացրեց երկու դաշնակից երկրների միջև:

Հատկանշական է, որ ԵԽԽՎ քվեարկությունից օրեր առաջ Անկարա էր այցելել ՀՀ ԱԺ պատգամավոր, Արևմտահայոց ազգային համագումարում ՀՀ լիազոր ներկայացուցիչ և նույն կառույցում Թուրքիայի տարածքում աշխատանքային խմբի ղեկավար Արագած Ախոյանը:

Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես հայ, այնպես էլ թուրք և քուրդ գործիչների հետ, բանակցել խորհրդարանական դիվանագիտության հարցերի շուրջ: Թե ինչ տրամադրություններ կան Թուրքիայի խորհրդարանում Հայաստանի հետ հարաբերությունների առումով, Արագած Ախոյանը Diplomat.am-ի հետ զրույցում մանրամասնել է հետևյալը.
«Ինձ ապշեցրին հատկապես հայ պատգամավորներ Սելինա Դողանը (CHP) և Կարո Պայլանը (HDP): Նրանք հրաշալի մարդիկ և հրաշալի գործիչներ են, ամեն առիթ օգտագործում են հայկական խնդիրները բարձրաձայնելու համար: Հանդիպեցի նաև վերջերս ոչ պակաս հայտնի դարձած մեկ այլ հայ պատգամավոր Մարգար Եսայանի (AKP) հետ: Ցավոք, չեմ կարող նրան համեմատել մեր մյուս 2 հայ պատգամավորների հետ, բայց չեմ էլ ուզում շատ քննադատել, որովհետև եթե մարդը չգիտի իրականության մասին կամ չի ուզում հայամետ կեցվածք որդեգրել, իր խնդիրն է: Անկարայում ես Մարգար Եսայանին զգուշացրի, որ եթե ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերին կողմ քվեարկի, կվարկաբեկվի հայ ազգի աչքին, իսկ նրա ղեկավարության հետ (AKP) հանդիպելիս ասացի, որ եթե դուք մեծ գումարներ եք ծախսում Մարգար Եսայանի հեղինակությունը բարձրացնելու համար, ապա ԵԽԽՎ-ի քվեարկության ժամանակ եթե նա կողմ քվեարկի, Թուրքիայի հայ համայնքի և ընդհանրապես, աշխարհի հայերի աչքում կհավասարվի զրոյի: Այդպես էլ եղավ»:

Արագած Ախոյանի համար կարևոր են եղել նաև Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունների ոչ հայ ներկայացուցիչների հետ հանդիպումները: Ասում է՝ նրանց մոտ նկատվում է հայ-թուրքական խնդիրների վերաբերյալ մոտեցումների փոփոխություն:

«Գուցե արդեն եկել է ժամանակը, որպեսզի մենք շփումները ավելացնե՞նք և մեր խնդիրները անմիջապես թուրքերի հե՞տ քննարկենք, նրանց իշխանության հե՞տ հարցեր լուծենք»,-հռետորական հարց է տալիս պատգամավորը՝ շեշտելով, որ հայկական կողմը  պետք է թուրքական իշխանությանը երկխոսության միջոցով, ժողովրդական դիվանագիտության միջոցով ստիպի, որ փոխվեն դիրքորոշումները: Թուրքերին պետք է առիթ, իսկ մենք դա չենք ստեղծում, «և երբ մենք 3-րդ կողմի միջոցով ենք փորձում աշխատել, միշտ ձախողվում է: Պետք է վերջ դնել միջնորդավորված խոսակցություններին: Միայն ցեղասպանության միջազգային ճանաչումով և միայն  բարոյական հաղթանակներ տանելով՝ մենք ոչ մի կոնկրետ արդյունք չենք ունենա: Շատերը հարց են տալիս՝ խաղա՞լ, թե՞ չխաղալ թուրքական խաղը, ես ասում եմ, ժողովուրդ, մենք վաղուց այդ խաղի մեջ ենք: Ամենակարճ ճանապարհն է ոչինչ չանել՝ վախենալով ծուղակներից, բայց եթե մենք մեզ համարում ենք աշխարհի ամենախելոք ազգերից մեկը (իսկ դա այդպես է), պետք է անենք քայլը, պետք է գործի բաժանում արվի, պետք է հասկանանք պետական քաղաքականության կողքին ժողովրդական դիվանագիտության դերը»:

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության ժամանակ առաջին անգամ թուրքական պատվիրակության 3 անդամ չքվեարկեց Ադրբեջանի օգտին՝ 2-ը ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը, իսկ մեկը՝ CHP անդամ Իլհան Քեսիջին ձեռնպահ քվեարկեց: Հայ պատգամավորը նշում է՝ եթե ավելի հաճախակի դառնան շփումները և ավելի ակտիվ երկխոսություն լինի Թուրքիայի տարբեր քաղաքական ու հասարակական ուժերի հետ, հնարավոր կլինի ավելի մեծ հաջողություններ գրանցել, իսկ այն, որ Թուրքիան փաստացի թիկունքից հարվածում է իր կրտսեր եղբայր Ադրբեջանին, արդեն մեծ հաջողություն է հայկական կողմի համար:

Ռոբերտ Ուոլտերի ներկայացրած զեկույցի քվեարկության ժամանակ ձայների տարբերությունը 4 էր՝ հօգուտ Հայաստանի: Եթե Թուրքիայի 3 պատգամավորները կողմ քվեարկեին, ձայների տարբերությունը կհասներ 1-ի, ինչը խիստ վտանգավոր կլիներ ՀՀ-ի համար, եթե չասենք՝ պարտություն: Հետևաբար պետք է արձանագրել, որ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևի տապալումը առաջին հերթին եղավ թուրքական պատվիրակության շնորհիվ:

Արագած Ախոյանը Diplomat.am-ի հետ զրույցում շեշտում է. «թուրքական թերթերում այդ օրերին 2 հզոր հոդված տպագրվեց: Demokrathaber-ում բառացիորեն բացվեց Ռոբերտ Ուոլտերի դեմքը՝ որպես Ադրբեջանի կողմից գնված և կաշառակեր գործիչ: Իսկ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, այսօր հայտնի քաղաքական գործիչ  Ուֆուկ Ուրասը Yeniyuzyil պարբերականում շատ մեսիջներ պարունակող ինքնաքննադատական հոդված տպագրեց, որտեղ շեշտվում էր՝ ցեղասպանության ժխտումով զբաղվող քաղաքական գործիչները մինչև այսօր սողում են հատակին: Սրանք այն հիմնաքարերից են, որոնց վրա կարելի է քաղաքական կուրս մշակել»:

Հայ պատգամավորի կարծիքով. «ամենակարևորը նաև այն է, որ ադրբեջանցիները այսօր շոկի մեջ են՝ ինչպես եղավ, որ Թուրքիան 100% չքվեարկեց: Ադրբեջանցիները այդպիսով հասկացան, որ հավերժական եղբայրությունը իրենց մեջ գոյություն չունի և չի կարող լինել:  Թուրքական թերթերում  արդեն հրապարակումներ են լինում, որ չի կարելի հայ-ադրբեջանական հարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ, և դա լավ է:

Անկարայում իմ հանդիպումների ժամանակ ես հաճախ շեշտում էի, որ եթե ԵԽԽՎ-ում այդ բանաձևերը ընդունվեն, ավելորդ լարվածություն կառաջացնեն սահմանին և նոր երիտասարդ կյանքեր կխեղվեն: Այդ բանաձևերը ոչինչ չեն կարող ստիպել Հայաստանին, ուղղակի ավելորդ լարվածություն են առաջացնում, Ադրբեջանին շան նման քսի են տալիս Հայաստանի վրա, ինչը ձեռնտու չէ ոչ միայն մեզ, այլև միջազգային հանրությանը, նաև թուրքերին: Պետք է ասեմ, որ թուրք պատգամավորները դա հասկանում էին»:

Ի՞նչ քայլեր անել հայ-թուրքական հարաբերություններում նոր ճանապարհ բացելու համար: Diplomat.am-ի հարցին պատգամավորը պատասխանում է. «Ես կարծում եմ, Թուրքիայում աշխատող մեր հայ պատգամավորների և ՀՀ-ի պետական գործիչների համագործակցության աշխատանքային խումբ պետք է ստեղծել: Այն պոտենցիալը, որ Թուրքիայի քաղաքականության մեջ մենք ունենք, պետք է օգտագործվի: Ձեռնոցը նետված է, հիմքերը կան, կա նաև անհրաժեշտությունը: Մնում է ճիշտ աշխատել: Ես Անակարայում տեսա, թե մերոնք ինչքան ինֆորմացիայի և աջակցության կարիք ունեն, որպեսզի կարողանան հայկական ռազմավարությունը իրականացնել, հետո նրանց կմիանան նաև թուրք և քուրդ հեղինակավոր գործիչներ»:

Թե հայկական գործոնի նկատմամբ ինչ կեցվածք է որդեգրել Թուրքիայի իշխանությունը, հայ պատգամավորը վստահ է՝ չի կարող լինել հայամետ, բայց կան մեսիջներ, որոնք հայկական կողմը պետք է հասկանա, մշակի և պատասխան մեսիջներ ուղարկի, պատասխան քայլեր անի: Իսկ այն, որ ՀՀ-ն ներկայացնող պատգամավորը թուրքական խորհրդարանում կարողանում է բազմաթիվ հանդիպումներ ունենալ և բանակցություններ վարել, Թուրքիայի իշխանության կողմից արդեն իսկ մեսիջ է, նույնիսկ ամենակարևոր մեսիջը:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
3137 reads | 31.01.2016
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com