ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ. ՈՐՏԵ՞Ղ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Ադրբեջանը նոյեմբերի 1-ին համապետական ընտրությամբ կորոշի խորհրդարանի նոր կազմը: Մեջլիսի պատգամավորների եթե ոչ 100, գոնե 90%-ն այս անգամ էլ, առանց կասկածի, լինելու են իշխող կուսակցության ներկայացուցիչներ: Սա վերլուծաբանների համոզմունքն է, այդ թվում եվրոպացի վերլուծաբանների: Մեր դրացի, բայց ոչ բարեկամ երկու պետությունները նույն օրը գնալու են խորհրդարանի ընտրության:

Քաղաքական վերլուծաբան Մուշեղ Խուդավերդյանի խոսքով, «Ներկայումս Իլհամ Ալիևը բավական ամուր կանգուն է իր աթոռին, սակայն պետք չէ բացառել նաև այն հանգամանքը, որ եթե Թուրքիայում հանկարծ Էրդողանը զիջի իր դիրքերը, դա կարող է բումերանգի էֆեկտ ունենալ նաև Ալիևի վրա»:

Ժողովուրդն այսպիսի դեպքերի համար կասեր՝ մեկը լինի՝ Էրդողանին օգնի: Ամռանը Ռեջեփ Էրդողանի գլխավորած կուսակցության հավաքած ձայները նոյեմբերի 1-ին կարող են պակասել, ինչը Թուրքիայում նոր ներքին հակամարտության ու ճգնաժամի հետևանք է: Վերլուծաբանի խոսքով, երբևէ Թուրքիայում այդքան շատ ահաբեկություններ ու քրդերի հետ բախումներ չէին եղել, և իշխանության դիրքերը այնքան են սասանվել, որ համաշխարհային խաղացողները լրջորեն մտածում են էլ չխաղալ թուրքական խաղաքարտերով:
Ըստ Մուշեղ Խուդավերդյանի՝ ԱԶԿ-ի ղեկավար անդամները հասկանում են, որ Էրդողանի և Օբամայի հարաբերությունները չեն բարելավում, ինչից տուժել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Հետևաբար եթե հաշվի առնենք, որ ԱԶԿ-ն ձևավորվել է մի քանի կուսակցությունների միավորումից, ապա այս ընտրության ժամանակ ձախողվելու դեպքում կուսակցությունը կարող է տրոհվել, բայց ոչ մասնատվել:

Թշնամու ցավը մեր ուրախությունն է: Քաղաքական ասույթն այսօր համընկնում է Հայաստանի տարածաշրջանային քաղաքական կուրսի հետ, իսկ եթե ավելացնենք Վրաստանի նոր իշխանության գործողությունները, ապա կարող ենք ձախողման ճանապարհին կանգնեցնել Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած՝ Հայաստանը մեկուսացնող քաղաքականությունը: Տարիներ առաջ, երբ Միխայիլ Սաակաշվիլին Ալիևի և Էրդողանի հետ փակում էր Հայաստանի տնտեսական շնչուղիները, այսօրվա Վրաստանի իշխանությունը անում է հավասարակշռման քայլեր:

Վիրագետ Ալիկ Էրոյանցը նշում է. «Անձնական շփումների առումով Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ավելի սերտ շփումներ ունեն ՀՀ ղեկավարության հետ, ի տարբերություն Սաակաշվիլիի ժամանակների հետ, երբ բոլորս գիտենք, թե նրանք ինչ սերտ շփումներ ունեին Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ»:

Վրաստանի փոխվարչապետը պաշտոնապես հայտարարել է ադրբեջանական նավթագազային պետական ընկերությանը մենաշնորհից զրկելու և ռուսական Գազպրոմի հետ պայմանագիր կնքելու բանակցության մասին: Չնայած ավարտին է մոտենում Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարությունը, բայց վրացական կողմը չի թաքցնում իր անտարբերությունը այդ նախագծի նկատմամբ, փոխարենը նոր թափ են հաղորդվում հայ-վրացական համատեղ ծրագրերին:


 
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
852 reads | 29.10.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com