ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌԻ ԴԵՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔ ՀԱՅՏՆԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ
2015-ի հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցած Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի դատական առաջին լսումների ժամանակ գրեթե կասկած չկար, որ եվրոպական արդարադատության նժարը կթեքվի թուրքերի կողմը՝ կային ռազմաքաղաքական բազմաթիվ դրդապատճառներ, ավելացնենք նաև Եվրասիական միություն մտնելու Հայաստանի կարևոր քայլը: Թուրքիան էլ համոզված էր, որ հաղթելու է, բայց այդ երկրի փորձագիտական դաշտը անկարող եղավ թաքցնել՝ եթե Փերինչեքը հաղթի, Թուրքիան կստանա ընդամենը 1 փաստաթուղթ, բայց կկորցնի շատ բան:

Թուրք հայտնի երգչուհի Լեման Շտեհնը հանդես է գալիս եվրոպական լավագույն բեմերում, նույնիսկ հասցրել է ընդգրկվել օպերային երգերի հայտնի կատարողների շարքում: Օրերս Երևան ժամանել է դասական համերգ տալու համար, հետո խոստովանում է՝ դժվար էր իր մեջ ուժ գտել ու մեզ հետ բարձրացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ առերեսվելու իր պետության կատարած հանցանքներին:

«Սրտի խոր կսկիծով եմ զգում այն ամբողջ ցավը, որ հայ ազգը կրում է: Հավատացեք, սա ոչ միայն հայերի, այլև ամբողջ մարդկության դեմ իրագործված հանցագործություն է»:

Համամարդկային հանցանք էր նաև հրեաների հոլոքոստը, զոհվեց մոտ 6 մլն մարդ, և այսօր իրավամբ հանցագործ կհամարվի Հոլոքոստը ժխտող յուրաքանչյուր ոք: Եվրոպական դատարանը, սակայն, հանցանք չի համարում Հայոց ցեղասպանության ժխտումը՝ դա անվանելով խոսքի ազատության իրավունք: Ցեղասպանություն իրագործած պետության ներկայացուցիչ Լեման Շտեհնը համոզված է՝ ապագայում ցեղասպանություններից խուսափելու համար պետք է արմատախիլ անել տեղի ունեցածի հետևանքները, ներողություն խնդրել, հատուցել վնասները և պատժել ժխտողներին:

«Ես իբրև թուրք սպասում եմ և պայքարում եմ այն օրվա համար, որ թուրքական պետությունը պաշտոնապես հայտարարի՝ եղածը ցեղասպանություն էր և ծնկաչոք ներողություն խնդրի, ինչպես ես եմ անում: Հանցանքի դատապարտումը միակ տարբերակն է, որ միջազգային հանրությունը իր վրայից մաքրի մեղսակցի պիտակը, այլապես նա, ով ժխտում է, կամ նույնիսկ չի ճանաչում, դառնում է Թուրքիային հավասար հանցագործ»:

Նաիրի Հոխիկյան
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
1421 reads | 21.10.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com