ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԿՈՉԵՐԻ ԱՐԺԵՔԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Թուրքիան դժվար ժամանակներ է ապրում, նույնիսկ ճգնաժամային, և այսօր առավել քան երբևէ պետք է միավորվեն աշխարհի թուրքական համայնքները՝ երկրի ամբողջությունը պահպանելու համար: Սա Ահմետ Դավութօղլուի կոչն է՝ ուղղված ԱՄՆ-ի թուրքերին: ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանին մասնակցելիս Դավութօղլուն ձեռքի հետ հանդիպել է Նյու-Յորքում հայտնի թուրքերի, հատկապես մեծահարուստների հետ, քննարկել հանրային ու քաղաքական հարցեր: Թուրքիայի վարչապետի խոսքից հատված կա նաև հայերի մասին:

«Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն: Մեր երկրին աղետներ են պատուհասել, և հարկավոր է, որ բոլոր թուրքերը քվեարկեն «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Աշխարհի թուրքերը միշտ աջակցել են պետությանը: Ես շնորհակալ եմ ՄՆ-ի թուրքերին՝ ապրիլի 24-ին այսպես կոչված Հայոց ցեղասպանության ժխտման համար իրականացրած հանրահավաքների համար։ Այսօր էլ դուք պետք է շարունակեք պայքարը, դուք պետք է պայքարեք հայկական, հրեական, հունական եւ այլ լոբբիների դեմ»,-նշում է Դավութօղլուն։

Թուրքիայի վարչապետի շարքային այս խոսքը ուշադրության չէր արժանանա, եթե նույն Դավութօղլուն 2015-ի փետրվարից գործողության մեջ չդներ այլ՝ մեկանգամյա օգտագործման թեզ: Երբ համայն հայությունը աշխարհով մեկ կազմակերպում էր ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ, իսկ Թուրքիան չէր կարողանում թաքցնել ցայտնոտը, Դավութօղլուն հանդես եկավ սրտառուչ բացահայտումով, թե հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է, քանի որ այդ մարդկանց նախնիները աշխարհով մեկ սփռվել են Թուրքիայի Հանրապետության տարածքից:

«Նրանք մեր սփյուռքն են, ոչ թե օտար սփյուռք: Մենք «փոքրամասնություն» հասկացությունը, որքան էլ միջազգային իրավական տեքստերում և Լոզանում տեղ գտած լինի, սոցիալական կյանքում մտադիր ենք վերացնել: Դուք այս հողերի իրական զավակներն եք: Դուք չեք եկել դրսից, չեք գնալու դուրս: Այս ավանդույթներն ապրել են այս հողերում և շարունակելու են ապրել այստեղ: Դա գիտակցելով՝ միասին, միմյանց հավատալով, այդ ցավոտ հիշողություններն ու այսօրվա խտրականությունները կարող ենք մոռանալ»:

Հատկապես վերջին նախադասությունը, որքան էլ զարմանալի է, ազդեցություն ունեցավ որոշ հայերի վրա: Մարդիկ հումանիզմով տոգորված, եզրակացրին, որ թուրքական իշխանությունը այսկերպ է ուզում հատուցել իր նախորդների հանցանքները: Այսօր նույն հումանիստները հավանաբար կգերադասեն մոռանալ ամիսներ առաջվա իրենց համոզմունքները. Թուրքիան երբեք ինքնուրույն չի զղջա, թուրքն էլ կմնա թուրք՝ հավատարիմ դժվար պահին սիրաշահելու, իսկ ոտքի կանգնելուց հետո թիկունքից հարվածելու հոգեբանությանը:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
772 reads | 03.10.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com