ԹՈՒՐՔԻԱՆ ԻՄՊՈՏԵՆՏ Է. ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ քննարկելու արցախյան հակամարտության խնդիրը և նախապատրաստելու երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը: Այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել ոչ միայն նախարարները, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հայ և ադրբեջանցի արտգործնախարարները կմասնակցեն ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին, կհանդիպեն եվրոպացի իրենց գործընկերների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, ինչին կհաջորդի երկկողմ, ապա բազմակողմ բանակցությունը: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը մեծ հույսեր չի կապում ոչ միայն այս հանդիպման, այլև Արևմուտքի քաղաքական ու դիվանագիտական գործիչների հետ:

«Ադրբեջանում սպասվող ընտրությանը հետևելու համար ԵԱՀԿ-ն որոշել է 400 կարճաժամկետ եւ երկարաժամկետ դիտորդ ուղարկել 9.5 մլն բնակչություն ունեցող Ադրբեջան այն դեպքում, երբ ավելի քան 100 մլն բնակչություն ունեցող երկրների համար այդ կառույցը նույնպես ուղարկում է 400-500 դիտորդ։ Դա դուրս է նորմալ տրամաբանությունից, և ես կբողոքեմ մեր նկատմամբ միջազգային կազմակերպությունների ցուցաբերած սուբյեկտիվ վերաբերմունքից»,-մասնավորապես ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սպասվող խորհրդարանի ընտրության շեմին հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվ քննարկումները անթաքույց ադրբեջանական իշխանության սրտով չեն: Նրանք ձեռնտու կլինի, եթե բանակցությունը շարունակի մնալ անպտուղ, նույնիսկ սահմանային բախումների ֆոնին լրացուցիչ ընտրազանգված շահելու հնարավորություն է ալիևյան կլանի համար, եթե անգամ դա մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորի կյանք արժենա: Նախագահների տարեվերջյան հանդիպման ընդառաջ նախարարների այս հանդիպումը, սակայն, համընկնում է գերտերությունների որոշ նախաձեռնությունների հետ:

Ադրբեջանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, դիվանագետ Արա Պապյանի խոսքով, ոգևորված է ռուս-թուրքական սիրահետումների նոր դրսևորումներից, մանավանդ որ Արևմուտքը փորձում է մեկուսացնել թե Ռուսաստանին, թե Թուրքիային: Այս համատեքստում ադրբեջանցիներին հույս է տալիս թուրքերի աջակցությունը, սակայն նավթի ադրբեջանական պաշարների անկումը, Թուրքիայի ներքին անկայությունը և Արևմուտքի հետ լարվածությունը դժվար թե հետաքրքրություն առաջացնեն ռուսների կամ ամերիկաեվրոպական տանդեմի համար: Հետևաբար Նյու-Յորքում սպասվող դիվանագիտական ու նախագահական հանդիպումները կլինեն ամուլ, ինչպես վերջին 20 տարվա ընթացքում գրեթե ամեն անգամ:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիկը վստահ է, որ արտգործնախարարները կկարողանան արդյունավետ բանակցություն վարել, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ քրդական կուսակցության հետ ձևավորած ժամանակավոր կառավարության ձախողումից հետո այդ երկիրը դարձել է արտաքին քաղաքականություն վարելու համար իմպոտենտ, իսկ ռուսներն ու ամերիկացիները բանակցություն են վարում՝ համատեղ ուժերով միջազգային ահաբեկության ու «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Փոքր պետություններից ո՞ր մեկը կօգտվի համաշխարհային խաղացողների գործակցությունից և ո՞ր մեկը կդառնա մանրադրամ, կախված է նավթադոլարների ու ռազմավարական դաշնակիցների ծանրությունից:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
904 reads | 23.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com