ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԽԱՆԴԻ ՆՈՊԱ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-ՈՒՄ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





Ադրբեջանի սանձազերծած սահմանային բախումները դիվանագիտական սկանդալի պատճառ են դարձել նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում:

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայացքով ուղղվել էր դեպի Ադրբեջան՝ ճշտելու այդ երկրի առաջիկա քայլերը տարածաշրջանային խաղատախտակին: Սերգեյ Լավրովը, այսպես ասած, ջերմ զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ, խոսեց ռուսական մտահոգությունների ու ցանկությունների մասին, ստացավ երաշխիքներ, որ պաշոնական Բաքուն չի դավաճանի խոհանոցային պայմանավորվածությունները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանը համարժեք էր. «Շնորհակալ եմ Ռուսաստանի գործընկերային քայլի համար: Շնորհակալ եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խաղերի ժամանակ այցելեց Բաքու: Արդբեջանը տրամադրված է երկկողմ հարաբերությունների արդյունավետ ու հաջող զարգացմանը: Մենք նաև կողմ ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, և ռուսական խոսքը այստեղ լինի առանցքային»:

Իլհամ Ալիևի խոսքը Արևմուտքի համար այնքան մտահոգիչ չէր, որքան Թուրքիայի համար: Այդ երկրի իշխանությունը անհանգստացավ, որ Ադրբեջանը կարող է փոխել վեկտորներն ու մտնել ռուսական գոտի: Սեպտեմբերի 15-ին Բաքու ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ֆիրուդին Սինիրլիօղլուն չթաքցրեց, որ Ադրբեջանի նախագահից ճշտելու է Լավրովի հետ խոսակցության մասնրամասները:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, հայտնի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի համոզմամբ. «Ակնհայտ է, որ Թուրքիան չի վստահում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը: Թուրքիան մտավախություն ունի, որ Ադրբեջանը կարող է երկակի խաղ խաղալ և կարևոր պահին դավաճանել առաջին հերթին իրենց, հետո Եվրոպային ու Միացյալ Նահանգներին: Ադրբեջանը իրականում մեկ վայրկյան չի մտածի այդ մասին, եթե ռուսները ցանկանան Ադրբեջանի հավատարմության դիմաց տալ Լեռնային Ղարաբաղը»:

Ադրբեջանցի քաղաքագետի եզրակացությունը ճիշտ է այդ երկրի ռազմավարության և առաջնահերթությունների առումով, բայց նույն Ադրբեջանի իշխանությունը լավ գիտի՝ Բաքուն երբեք չի դառնա Ռուսաստանի սիրեցյալը՝ նախ, որ երբեք չի ապացուցել Ռուսաստանի նկատմամբ բարեկամությունը, ապա բրիտանացիներին տված նավթի պաշարներն ու միլիարդավոր նավթադոլարները թույլ չեն տա մի դաշտից տեղափոխվել մյուս դաշտ, իսկ երբ նավթն այլևս դոլարներ բերելու ուժ չունենա, Ադրբեջանը պետք չի լինի ոչ Ռուսաստանին, ոչ առավել ևս Եվրոպային ու Ամերիկային:

Ֆիրուդին Սինիրլիօղլուն հավանաբար դա է երկու օր շարունակ բացատրել Ադրբեջանի նախագահին:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
947 reads | 19.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com