ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Միացյալ Նահանգները հերթական անգամ մերժել է Ադրբեջանին վաճառել Աֆղանստանում օգտագործված ռազմական տեխնիկան՝ նախընտրելով դա հանձնել Վրաստանին: Պաշտոնական Բաքուն դժգոհ է՝ ամերիկացիներին մեղադրելով կողմնակալության համար: 

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը նպատակահարմար չի համարում Ադրբեջանին վաճառել Աֆղանստանում օգտագործված  զինամթերքը: Պաշտոնական պատճառաբանությունը կոնֆլիկտային գոտիներին զենք վաճառելու էմբարգոն է: Փոխարենը «Cougar»  թեթև զրահապատ 10 մեքենաները և 100 ամենագնացները ուղարկվել են Վրաստանին: Սա ադրբեջանցիների համար վիրավորական և ռազմավարական գործընկերոջը ոչ հատուկ վարքագիծ է:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալի Հասանովը այս կապակցությամբ ասել է. «Արդեն երկրորդ անգամ ամերիկյան կողմը խուսափում է մեզ վաճառել ռազմական տեխնիկա: Նրանք ասում են՝ այդ զենքը կուղարկվի միայն խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրներ, այդ դեպքում բնական հարց է առաջանում՝ ի՞նչ խաղաղապահ առաքելություն է իրականացնում Վրաստանը: Սրա հետևանքով մենք կարող ենք որոշել հետ կանչել ադրբեջանական խաղաղապահ բրիգադը ոչ միայն Աֆղանստանից, այլև Կոսովոյից և Իրաքից: Եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է հարգենք իրար, ինչև չենք տեսնում ՄՆ-ից»:

Որպես բողոքի գործողություն՝ Բաքուն Թուրքիայից գնել է Cobra տեսակի զրահապատ մեքենաներ և ռուսական կողմին առաջարկել իր տարածքում կառուցել ռադիոլոկացիոն կայան: Ադրբեջանի պետական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը ժամերի ընթացքում տարածվեց ոչ միայն տեղական, այլև հայկական, ռուսական ու ամերիկյան ԶԼՄ-ներում: Տեղեկությանը անդրադարձավ նույնիսկ Հայաստանի պաշտպանության նախարարը՝ բացառելով դրա հնարավորությունը, իսկ պաշտոնական Մոսկվայի ոչ պաշտոնական խոսափող վերլուծաբանները բացատրեցին՝ Ադրբեջանը փրփուրներից է կախվում:

Ռուսական REX գործակալության քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ «Սովորաբար, երբ գրելու որևէ թեմա չկա, հորինվում են ինչ որ ինտրիգներ, և այդ ինտրիգի աղբյուրները Բաքվում են:  Ադրբեջանցիները հայտնվել են դժվար վիճակում. նրանք մտածում էին, որ կթաքնվեն Թուրքիայի մեջքի ետևում, իսկ Թուրքիան քանդվում է, Ռուսաստանն Ադրբեջանին չի հրավիրում ոչ ԵՏՄ, ոչ ՀԱՊԿ: Նրանք մտածում էին, որ կարող էին Ռուսաստանի հետ առևտուր անել. «Տվեք մեզ Ղարաբաղը, կմիանանք ԵՏՄ-ին», իսկ Մոսկվան ասում է, որ Բաքուն մեզ պետք չի, ուստի նրանք հորինում են տարբեր պատմություններ»:

Ստանիսլավ Տարասովը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ վարձակալության պայմանով Ռուսաստանը շահագործում էր Ադրբեջանի Գաբալա քաղաքի մոտակայքում գտնվող «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը, որից հրաժարվեց: Հիմա Արմավիրի երկրամասում կա ավելի հզոր կայան, և նորը նույն տարածաշրջանում ունենալու կարիք չկա, իսկ եթե կարիք լինի, ապա կկառուցվի դաշնակից երկրում, ոչ թե Ադրբեջանում: Ռուսները չեն մոռացել, որ Բաքուն փորձեց 7 միլիոն դոլարից վարձակալությունը հասցնել 300 միլիոնի:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
866 reads | 25.08.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com