ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԿՐԿՆՎՈՒՄ Է ԹՈՒՆԻՍԻ ՍՑԵՆԱՐԸ. ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԱՂԲԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Լիբանանի մայրաքաղաքում օգոստոսի 23-ից սկսված բողոքի ցույցերն ու ոստիկանության հետ բախումները վերածվել են անկարգության, ինչի հետևանքով կան նաև զոհեր և վիրավորներ:  Մերձավոր Արևելքում իրար հաջորդող նմանատիպ իրադարձությունների օրինակով, Լիբանանում ևս ամեն ինչ սկսվել է սոցիալական փոքր դժհոգությունից՝ վերածվելով հեղափոխական պայքարի:

Մեկ օրվա ընթացքում Լիբանանի մայրաքաղաքում վիրավորվել է 200, զոհվել՝ 1 մարդ: Միջազգային կազմակերպությունները շտապել են մտահոգություն հայտնել, եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը Լիբանանի իշխանությանը կոչ են արել հարգել քաղաքացիական հասարակության իրավունքները, Կարմիր խաչը դաշտային հիվանդանոց է բացել Բեյրութի կենտրոնում՝ առաջին բուժօգնություն ցույց տալու ոստիկանների պատժիչ գործողություններից տուժած ցուցարարներին: Իրադարձությունների այսքան արագ զարգացումը հատկապես մեկ օրվա ընթացքում պատահական չի համարում նույնիսկ Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը.
«Այս բախումները երկիրը քանդող սցենարներ են: Ես նախազգուշացնում եմ, որ մենք դեպի կոլապս ենք շարժվում, եթե իրավիճակն այսպես շարունակվի, անկեղծ ասած, ես չեմ եղել ու չեմ լինի այդ փլուզման պատասխանատուն: Թող պաշտոնյաներն ու քաղաքական ուժերը կրեն իրենց պատասխանատվությունը»:

Վարչապետ Սալամը շեշտել է, որ աղբը չպետք է պատճառ դառնա հեղափոխություն անելու և պետության անվտանգությունը հարվածի տակ դնելու համար: Ցուցարարները մայրաքաղաքի հրապարակում հավաքվեցին վատ աղբահանության համար, ժամեր անց պահանջեցին ներքին գործերի նախարարի հրաժարականը, իսկ օրվա վերջում որոշվեց ընդհանրապես ազատվել երկրի իշխանությունից: Քաղաքական վերլուծաբանները ճիշտ նույն սցենարն են տեսնում Մերձավոր Արևելքի մյուս երկրներում տեղի ունեցած Արաբական գարնան գործողություններում:

2010-ի վերջին բանջարեղեն վաճառող թունիսցի Մուհամմադ Բուազիզին ինքնահրկիզվեց՝ այդկերպ բողոքելով իր անհաջողություններից: Երիտասարդի հուղարկավորումից հետո գործի անցան Facebook և Twitter սոցիալական ցանցերը՝ հատկապես երիտասարդներին կոչ անելով համախմբվել և պայքարել անարդարությունների դեմ: Սկզբում մարդիկ իշխանությանը մեղադրում էին երիտասարդի համար պատշաճ պայմաններ չստեղծելու համար, հետո մեղադրանքը վերածվեց կառավարության հրաժարականի պահանջի:

Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում հանրային անակնկալ և կայծակնային դժգոհությունը ավարտվեց արյունալի հեղափոխությամբ, Սիրիայում ավելի քան 4 տարի մարդիկ սպանում են իրար՝ պարարտ հող ստեղծելով ահաբեկիչների համար: Տեղի հայկական համայնքը քայքայվեց ու հեռացավ երկրից, շատերը զոհվեցին: Եթե Լիբանանում գործողությունների կասեցում կամ սցենարների փոփոխություն չլինի, Հայաստանը ևս անհանգստանալու շատ բան կունենա: Լիբանանում է սփյուռքահայ ամենամեծ համայնքներից մեկը, Կիլիկիո կաթողիկոսարանը, մեր պատմամշակութային հսկայական ժառանգությունը:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
624 reads | 25.08.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com