ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԸ ՀԱՐԳԱՆՔՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տարածաշրջանային հերթական այցով հունիսի 20-ին ժամանեց Երևան: Հանրապետության նախագահին ու արտգործնախարարին հանդիպելուց առաջ նա լրագրողներին պատմեց իր գործունեության վերջին շրջանի ձեռքբերումների մասին՝ չկարողանալով շրջանցել ռուսական «Ведомости» թերթին տված հարցազրույցը, որտեղ կարևոր էր համարել Արցախի սահմանամերձ շրջանները Ադրբեջանին հանձնելը:

Ջեյմս Ուորլիքը այս անգամ հատուկ ուշադրություն է դարձնում փախստականների խնդրին՝ նշելով, որ հայ և ադրբեջանցի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը. դա մադրիդյան սկզբունքների առանցքային կետ է:  Եզակի դեպք է, երբ ամերիկացի համանախագահը խոսում է ոչ միայն Արցախից հեռացած ադրբեջանցիների, այլև Բաքվից, Սումգայիթից ու Ադրբեջանի մյուս բնակավայրերից բռնի տեղահանված հայերի մասին: Կարևոր մյուս հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի փաստացի բնակիչների կամքի արտահայտումն ու դրա հիման վրա վերջնական որոշում կայացնելն է:

«Հակամարտության համակարգային լուծում չի կարող լինել, առանց երկու կողմի լիարժեք համաձայնության: Լեռնային Ղարաբաղի այսօրվա բնակիչները պետք է արտահայտեն իրենց ցանկությունը: Բայց մենք կարծում ենք, որ կարգավորման կարևոր կետերից մեկը որոշ տարածքների վերադարձն է Ադրբեջանին. Դա ներառված է նաև Մադրիդյան սկզբունքների մեջ»,-հայտարարեց Ուորլիքը:

Նա այս միտքը արտահայտել էր նաև ռուսական թերթին տված հարցազրույցում: Երևանում ամերիկացի համանախագահը չի հերքում, որ Ադրբեջանը օկուպացրել է խորհրդային ԼՂԻՄ-ի Մարտակերտի, Շահումյանի և Մարտունու շրջանների մի մասը, հետևաբար դրանք ևս քննարկման թեմա են: Ինչ վերաբերում է ԼՂՀ սահմանամերձ շրջաններին, ապա պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս է հայտարարել՝ որևէ տարածք Ադրբեջանին չի հանձնվի, քանի որ դրանք Արցախի սահմանադրությամբ ու պատմականորեն նրա անբաժան մաս են և անվտանգության հիմնական երաշխիք:

Ըստ Ուորլիքի՝ «մենք հասկանում ենք, որ անվտանգության երաշխիքները կարևոր խնդիր են: Հակամարտող կողմերը չունեն միմյանց նկատմամբ վստահություն, ինչը մեզ համար մտահոգիչ է: Մենք գիտենք, որ հայկական կողմը ոչինչ չի զիջի առանց կոնկրետ երաշխիքների, իսկ երաշխիքներ տեսականորեն կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը օրեր առաջ հստակ ասել էր, որ Ստեփանակերտը կհամաձայնի միջազգային սիմվոլիկ ներկայության, եթե Բաքուն ճանաչի իր անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Ջեյմս Ուորլիքը ևս կողմ է դիվանագիտական կապերին, բայց քանի դեռ ոչ պատերազմ ոչ խաղաղություն վիճակն է, ձգտում է գործողության մեջ դնել ժողովրդական դիվանագիտություն նախագիծը, ստեղծել հնարավորություններ, որ երկու հասարակությունները շփվեն ու ճանաչեն միմյանց:

«Երկու կողմերում մեծացել են սերունդներ, որոնք չեն ճանաչում իրար: Հակամարտության լուծման լավագույն տարբերակը այդ անջրպետը վերացնելն է, բայց դժվարություններ շատ կան: 2014-ից սկսած մինչև 2015-ի հունվար սահմանային բախումները աննախադեպ շատացան, ավելացավ ատելությունը: Չնայած հիմա հարաբերական անդորր է, բայց մենք շարունակում ենք Բաքվին ուղերձներ հղել, որ հրադադարը պահպանվի»:

Մյուս կարևոր ուղերձը Ուորլիքը հղում է նախագահներին՝ կոչ անելով հանդիպել և քննարկել կնճռոտ հարցերը: Ամերիկացի համանախագահի խոսքով, իրենք միջնորդ են և ընդամենը պետք է պայմաններ ստեղծեն բանակցության համար: Հետևաբար տարածքներ հանձնելու, խաղաղապահներ տեղակայելու կամ փախստականներ վերադարձնելու մասին նախադասությունները սոսկ ցանկություններ են, որոնք դեռևս խորությամբ չեն քննարկվել որևէ բանակցության ժամանակ:

Ադրբեջանում քննարկվող և օրերս այդ երկրի նախագահի քաղաքական հարցերի օգնական Ալի Հասանովի մակարդակով առաջ քաշված՝ Արցախի հանքերը՝ անկախություն ճանաչելու դիմաց տարբերակի մասին Ուորլիքը տեղյակ չէ, կծանոթանա մանրամասներին ու կխոսի Հասանովի հետ. գուցե նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ դա էլ քննարկվի: Ինչ վերաբերում է սպառազինության մրցավազքին, ապա ամերիկացի համանախագահի համար դա բնական երևույթ է:

«Յուրաքանչյուր պետություն իր անվտանգությունն ապահովելու իրավունք ունի, և Հայաստանն ու Ադրբեջանը բացառություն չեն: Մենք չենք ցանկանա, որ տարածաշրջանում սպառազինությունը հասնի վտանգավոր մակարդակի, բայց եթե նրանք դա անում են անվտանգության համար, ապա հարգանքով ենք մոտենում»:

Մեկ տարի առաջ Ադրբեջանի ձեռք բերած 1 մլրդ դոլարի ժամանակակից զենքին հաջորդեց հայ-ռուսական 200 մլն-ոց պայմանագիրը, որով մեր բանակը կհամալրվի այնպիսի զինատեսակներով, որոնցից վախենում են նույնիսկ գերտերությունները: Այդ թեմայով Ջեյմս Ուորլիքը կխոսի մի քանի օրից, երբ մեկնի Բաքու:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
1059 reads | 22.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com