ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԸՆԿԱԼՎԵՑ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ





Երևան ու Բաքու կատարած տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հատուկ հանդիպում կազմակերպեց ԱՄՆ-ում, ապա որոշեց հանդիպել Ռուսաստանի արտգործնախարարի հետ ու ներկայացնել, իր խոսքերով, կենսական առաջարկներ: Ուորլիքի՝ Մոսկվայում եղած ժամանակ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը զբաղված էր իրանական թեմայի բանակցությամբ ու ժամանակ չգտավ հանդիպելու, փոխարենը ամերիկացի համանախագահը խոսեց ավելի փոքր տրամաչափի պաշտոնյաների հետ, բայց չբավարարվելով դրանով՝ հարցազրույց տվեց ռուսական առաջատար լրատվամիջոցներից մեկին՝ «Ведомости»-ին՝ կարևոր համարելով ամերիկյան մի քանի թեզերի արծարծումը:

«2014 թվականը և 2015-ի սկիզբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենավտանգավոր ժամանակներն էին: Բախումները մոտ էին լայնածավալ պատերազմի վերածվելուն: Լավ է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան լրջորեն զբաղվում են խաղաղ կարգավորման որոնումներով, աշխատում ենք բոլոր կողմերի հետ և ձգտում ենք, որ այն միայն բանակցային  ճանապարհով լուծվի: Մենք համարում ենք, որ գրավյալ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի հսկողությանը՝ համալիր կարգավորման համատեքստում»:

Չնայած Ուորլիքը նշում է, որ կան կարգավորման բազմաթիվ գործոններ, բայց Ադրբեջանին տարածք հանձնելը ամենակարևորն է: Ռուսական թերթին տված հարցազրույցում ամերիկացի համանախագահը խոսել է տարածքի դիմաց անվտանգության երաշխիքներ տալու մասին՝ շեշտելով խաղաղապահ զորքերի գործոնը: Թե ինչու պետք է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ զինվորները ապահովեն արցախահայերի անվտանգությունը, երբ հայկական երկրորդ պետության անվտանգության միակ երաշխավորը հայկական բանակն է, Ջեյմս Ուորլիքը պատճառաբանել է փոխադարձ վստահության անհրաժեշտությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը, սակայն, իր տարածքի դիմաց վստահություն ձեռք բերելու կարիք չի զգում:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ վերադարձ անցյալին չկա, նաև սահմանների առումով: Արցախը խորհրդային ԼՂԻՄ-ի սահմաններում կենսունակ չէ որպես անկախ պետություն: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ մենք անկլավային ձևով ո՞նց պիտի ապրենք: Ադրբեջանը ինչպե՞ս պետք է իր հսկողության տակ վերցնի Բերձորը, Քարվաճառը, որտեղից սկիզբ են առնում մեր ջրային պաշարները: վաղը հակառակորդը կարող է թունավորել այդ գետերը: Ամբողջ Հայաստանը թունավորված կլինի, մանավանդ որ այդպիսի փորձ արդեն կա»:

ԼՂՀ-ն դեմ չէ, որ խաղաղապահ զորքեր տեղակայվեն, բայց դրան համաձայնություն տալու համար միջազգային կազմակերպություններին կոչ է անում զինվել համբերությամբ ու սպասել մինչև բանակցության ավարտ:

«Խաղաղապահ ուժերը կարող են տեղակայվել միայն վերջնական փուլում, երբ որ բոլոր հարցերը կարգավորվեն: Երբ որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի: Երբ սահմանները հստակեցվեն, խաղաղապահները կարող են տեղակայվել որպես սիմվոլիկ երևույթ»:

Ստեփանակերտի մերժմանը Վաշինգտոնում չեն արձագանքել, Մոսկվան ու Փարիզը ընդհանրապես չեն խոսում Ադրբեջանին տարածք  հանձնելու տարբերակի մասին, իսկ Բաքուն չի թաքցնում հուզմունքը. Եթե իրականություն դառնա նոր տեսակի զենք ձեռք բերելու հայ-ռուսական պայմանագիրը, և Հայաստանին մատակարարվեն, օրինակ, Իսկանդեր հրթիռային համալիրներ, ոչ միայն անիմաստ կդառնա ադրբեջանական սպառազինությունը, այլև Արցախի նկատմամբ որևէ նկրտում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փոփոխման ենթակա չի համարում իր փաստացի 11.500քկմ տարածքը:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
1169 reads | 15.07.2015
|
avatar

avatar
0
1
Քարոզը "գործում է" անգամ եթե դրան ուշադրություն չեն տալիս: Պոռնիկ-Ուրլիկի հակահայկական տեղեկատվական գրոհին հայաստանյան պետական կառույցների լուրջ հակազդող արձագանքի բացակայությունը` վատ ազդանշան է: Ընդհուպ դավադրության առկայության ազդանշան` ինչը հեռու չէ ներկայիս հերթական վախկոտ ու ամենին հարմարվող "շախմատիստ" վարչակարգին:

Օտար "խաղաղապահ" ուժերի ներխուժումը` հայկական զորքերը հանելու և հայկական հողերը ազերիներին հանձնելու դավադիր ծրագրի մաս է: "Փոխարենը"` թուրքի սահմանը կբացեն և թուրքի բիզնեսն ու կապիտալը կգրավեն Հայաստանը արևմտքից: Ու վ~այ դու, Հայաստան: "Գինը" ազերի-թուրքական տանդեմը, կարծես թե, առդեն վճարել է ԱՄՆ-ին` հաշվի առնելով այդ ամերիկյան ուորլիկների անբնական աշխուժությունը:

Նման վիճակում հայերին մնում է հույս չդնել "շախմատիստներով" խեխդամահ եղած հայաստանյան պետական կառույցներին և նորից անցնել ինքնակազմակերպման այլընտրանքային ձևերին` սեփական երկիրը բազմաթիվ թշնամիների գրոհից պաշտպանելու և հայկական հողը պահպանելու համար:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com