ԻՆՉՈ՞Ւ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐՈՇԵՑ ՀԱՆՔԵՐ ՊԱՀԱՆՋԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Ղարաբաղյան հակամարտությունը պարբերաբար ենթարկվում է ձևական մուտացիաների՝ փոփոխություններ կատարելով ոչ միայն կողմերի դիրքորոշումների, այլև դրանց իրականացման ձևերի մեջ: Օրեր առաջ այդպիսի հայտարարություն էր արել Ադրբեջանի նախագահի քաղաքական հարցերի օգնականը՝ շեշտելով, որ այդ երկիրն այնքան էլ ծանր չի տանում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությունը, այլ հարց է, թե ինչ կտա հայկական կողմը դրա դիմաց:

Ադրբեջանը նեղացած է Եվրոպայից՝ իր կազմակերպած եվրոպական առաջին ու շատ թանկ խաղերի նկատմամբ ցուցաբերած անտարբերության և նույնիսկ ճնշելու փորձի համար: Ադրբեջանը  ժողովրդի գրպանից միլիարդավոր դոլարներ է ծախսել՝ եվրոպացիներին գոհացնելու համար՝ փոխարենը ստանալով արհամարանք ու քննադատություն: Դա ապտակ էր Ադրբեջանին, ինչը ստիպեց ավելի իրատես լինել: Սա, պատկերացրեք, Ադրբեջանի նախագահի քաղաքական հարցերի օգնական Ալի Հասանովի հայտարարությունն է: Նա Իլհամ Ալիևի անունից հիասթափված է Արևմուտքի վերաբերմունքից և կարծում է՝ ժամանակն է վարել լիակատար անկախ տարածաշրջանային քաղաքականություն՝ հարևանների հետ հարաբերություններ կառուցելով ոչ թե գործընկեր գերտերությունների, այլ սեփական շահերի համար:

«Ադրբեջանը արդեն ավելի քան 15 տարի Եվրոպական խորհրդի անդամ է: Մենք հարգում ենք այնտեղ ստանձնած բոլոր պարտավորությունները, հարգում ենք մարդու իրավունքները, կատարում դրա հետ կապված գործողություններ: Բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչու Եվրոպան այդքան ագրեսիվ վերաբերմունք ցույց տվեց Ադրբեջանի նկատմամբ, երբ մենք պատժեցինք մի քանի սադրիչների: Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, ուստի եթե մեծ պետությունները ուզում են մեզ մոտ քաղբանտարկյալներ տեսնել, ապա մենք էլ ուզում ենք ցույց չտալ մեր ներքին կյանքը և որոշումներ կայացնել ինքնուրույն: Մենք կարող ենք հաշվի չնստել ուրիշ երկրների շահերի հետ»,-ասել է Հասանովը:

Ալի Հասանովն անդրադառնում է Ադրբեջանի նավթագազային հաջողությանը՝ շեշտելով, որ հենց դրանց շնորհիվ այսօր այդ երկիրը տարածաշրջանում ամենահարուստն է: Չնայած դրան, կան չլուծված հարցեր, որոնցից ամենացավոտը Արցախն է: Շարունակելով պնդել, որ դա Ադրբեջանի անբաժան մաս է, Ալիևի օգնականը չի բացառում, որ ժողովուրդները կարող ենք անկախություն ստանալ ինքնորոշման սկզբունքով: Լեռնային Ղարաբաղը բացառություն չէ, բայց Բաքվի համաձայնությունը ստանալու համար Երևանը պետք է պատասխան քայլ անի, մեսիջ է ուղարկում Ալի Հասանովը:

«Իսկ ինչի՞ են պատրաստ հայերը՝ հանուն իրենց երազած անկախության: Երկու տասնամյակ նրանք օկուպացրել են մեր հողերը, գուցե մտածեն, թե ի՞նչ են տալու դրա դիմաց: Մենք կարծում ենք, եթե հայերը մեզ հետ կիսեն այն, ինչի շնորհիվ ադրբեջանական հողերում մեծ փողեր են աշխատում, մենք կարող ենք մտածել նրանց ցանկությունները իրականացնելու մասին»:

27 տարվա հակամարտության ընթացքում եզակի դեպքերից է, երբ Ադրբեջանը բարձրաձայն խոսում է Արցախի անկախության ճանաչման հնարավորությունների մասին: Ռուս-ադրբեջանական բարեկամության խորհրդարանական խմբի անդամ, պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևն իր հերթին ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին:

«Մենք տեսնում ենք, թե ինչ դինամիկ զարգացող երկիր է Ադրբեջանը, ինչ յուրօրինակ է նրանց քաղաքական մշակույթը: Հասկանալի է, որ վառելիքա-էներգետիկ համակարգն է այդ երկրում լավ զարգացած, բայց նրանք գիտեն, որ չպետք է հենվեն մեկ գործոնի վրա: Ադրբեջանը պետք է նոր միջոցներ փնտրի՝ իր բարեկեցիկ ապագան երաշխավորելու համար, և դա նրանք կարող են անել հարևան երկրների հետ բանակցելով»:

Ադրբեջանցի և ռուս պաշտոնյաների հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան վատ քողարկած խոստովանություն, որ Ադրբեջանը արդեն տեսնում է նավթագազային ռեսուրսների սպառվելը, իսկ փոխարինող կամ գոնե լրացնող բնական պաշարները կկարողանան թեկուզ ժամանակավորապես զսպել մոտեցող տնտեսական, քաղաքական ու ժողովրդագրական ճգնաժամերը: Գաղտնիք չէ, որ Արցախում կան բազմաթիվ օգտակար հանածոներ: Դրանց փոքր մասն է շահագործվում չճանաչված լինելու և ներդրումների բացակայության պատճառով:

Անկախությունը ճանաչելու դիմաց արցախյան հանքային հարստությունների որոշ մասին տիրանալու՝ Ադրբեջանի առաջարկը դժվար թե գայթակղիչ լինի հայկական կողմի համար, քանի որ ոչ մի երկիր հակառակորդին չի տրամադրում իր անվտանգության երաշխիքները, մանավանդ որ անկախություն ճանաչելու ադրբեջանական և թուրքական խոստումները պատմության մեջ հաճախ են դարձել օդում ասված խոսքեր: Ռուսական կողմի ոգևորության պատճառն առայժմ անհայտ է, ինչպես միշտ, մանավանդ որ նրանք դեռևս չեն որոշել, թե էներգետիկ անկում գահավիժող Ադրբեջանից ինչ են կորզելու հայտարարություններով աջակցելու դիմաց:
 
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
1120 reads | 15.07.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com