ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ
Վրաստանի, Ուկրաինայի և նախկինում ռուսական ազդեցության գոտու մյուս պետություններում տեղի ունեցող յուրաքանչյուր բողոքի գործողության ժամանակ գործի է դրվում Ռուսաստանի դեմոնիզացիայի տեխնոլոգիա, ինչի հետևանքով բախվում են Արևմուտքի ու Կրեմլի շահերը՝ կորուստներ պատճառելով պատերազմի թատերաբեմ երկրին՝ Վրաստանին ու Ուկրաինային:

Հայաստանում չկա հակառուսական տրամադրություն, բայց այս անգամ կարծես ռուսներն են հակված տեսնել այդ տրամադրությունը, ինչը, դիվանագետ Արման Նավասարդյանի համոզմամբ, նրանց անհանգստության արտահայտություն է:
«Ռուսաստանը միատարր քաղաքական երևույթ չէ, այնտեղ էլ կան ռուս-հայկական հարաբերությունների հակառակորդներ: Կան մարդիկ, որոնք իրենց բիզնես շահերն ունեն: Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունը ՌԴ-ին վախեցնում է մայդանով և հակառակը, Արևմուտքին ցույց է տալիս, թե մենք ճնշված ենք ռուսների կողմից»,-նշում է Նավասարդյանը:

Ծուղակներ այսպիսի դեպքերում ակտիվորեն հյուսում են աշխարհաքաղաքական բազմաթիվ ուժեր: Եթե իշխանությունն ու ցուցարարները չկարողանան գտնել հաշտության ուղին և պողոտայի պարալիզացումը, նստացույցերը դառնան երկարատև, պետությունը կկրի տնտեսական ու քաղաքական մեծ վնասներ ներքին ու արտաքին դաշտերում:

Մինչև հունիսի կեսերը միջազգային արենաներում Հայաստանի դիվանագիտությունը կարողացել էր ստեղծել էյֆորիա, թե պաշտոնական Երևանն ունակ է լինել Արևելքի ու Ռուսաստանի հաշտության հարթակ, մոտեցնել նրանց կարծիքները, լինել խաղաղության կղզյակ, բայց ոստիկանական ջրցան մեքենաները առաջին հերթին ջուր լցրեցին հենց այդ նպատակների վրա՝ եվրոպական վարկանիշային աղյուսակներում Հայաստանը հավասարեցնելով Ադրբեջանին:  Բոլոր դժգոհությունների հետևում, սակայն, ոչ թե միջազգային ուժերն են, այլ տնտեսության սխալ ու չհամակարգված կառավարումը:

«Այն բոլոր խոշոր տնտեսական օբյեկտները, որոնք հայտնվեցին օտարների ձեռքում, իրենց հետ բերեցին շատ լուրջ հետևանքներ: Նույնը Որոտանի մասին, հանքարդյունաբերության մասին կարելի է ասել, և պատահական չէ, որ հիմա նոր մտքեր են առաջանում, որ այդ ՀԷՑ-ը պետք է վերցնել, համագործակցել ՌԴ-ի հետ և ազգայնացնել այդ կառույցը»:

Դրան էլ ձգտում են ցուցարարները, որոնք գլոբալ պահանջներ առայժմ չեն ներկայացնում: Դիվանագետը շեշտում է՝ գլոբալ փոփոխություն արդեն եղել է՝ երիտասարդության իրավագիտակցությունը բարձրացնելով նոր մակարդակի, ինչը ձեռնտու է նաև իշխանությանը:

«Բոլորովին նոր սերունդ է առաջ եկել, սա ինձ ուրախացնում է, քանի որ սա արդե մտածող, և բարձր կազմակերպչական մակարդակ ունեցող երիտասարդություն է, և կկարողանա հասնել լուրջ համակարգային փոփոխությունների: Այդպիսի բանի ի վիճակի չէ հասնել մեր սերունդը, բայց այս եիտասարդությունը կկարողանա իր հետևից տանել մասսաներին»:

Զանգվածները մեծանում են օրեցօր, բայց չեն վերածվել ամբոխի և գիտեն կանգ առնելու սահմանը, հիմա նույնը կարելի է ասել նաև ոստիկանության մասին: Իրադարձություններին կողքից դիտող ու օբյեկտիվ վերլուծող գործիչները համոզված են՝ հաշտությունը շատ մոտ է, և խնդրի դրական լուծումը տևական ժամանակ համերաշխության մթնոլորտ կստեղծի երկրում:
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
787 reads | 26.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com