ՊԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ. ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Պատերազմների մասին դրանց մասնակից կողմերը տարբեր պատկերացումներ ու հիշողություններ ունեն: Պատերազմների արդյունքները նույնպես տարբեր են լինում՝ հաղթողներին պարգևելով ներդրած ջանքերի պտուղները, իսկ պարտվող կողմին՝ չիրականացված նպատակների դառնություն: Ի՞նչ խնդիր էր իր առաջ դրել Հիտլերը, և ինչպե՞ս նրա արարքների համար հետագայում պատասխան տվեցին գերմանացիները:

Պատերազմի 6 տարվա ընթացքում ֆաշիստական ուժերը տվեցին 12 մլն զոհ՝ դաշնակիցներին պատճառելով ավելի քան 50 մլն կորուստ: Ֆաշիստների գաղափարախոս առաջնորդ Ադոլֆ Հիտլերը հավատացած էր՝ աշխարհը պետք է կառավարվի մեկ կենտրոնից, և դա Եվրոպան է, ավելի կոնկրետ՝ Գերմանիան: Հիտլերը այնքան էր ոգևորված իր երևակայությամբ, որ երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո 70 տարի շարունակ Գերմանիան վճարում է ֆյուրերի աշխարհակալական նկրտումների համար:

Պատերազմից 7 տասնամյակ հետո Գերմանիայի առաջնորդները շարունակում են ներողություն խնդրել աշխարհից ու հանրությանը կոչ անել՝ դասեր քաղել սեփական սխալներից: Կանցլեր Անգելա Մերկելը վերջին ելույթներից մեկում շեշտել է՝ թեև Հիտլերը գերմանացիներին օգնեց ոտքի կանգնել առաջին աշխարհամարտի պարտությունից հետո, բայց դարձավ ամոթի խարան ամբողջ ժողովրդի ու պետության համար:

Ժամանակակից Գերմանիան աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է, ինչը չի կարելի ասել 21-րդ դարում ֆաշիստական Գերմանիայի հետքերով քայլող ասիական պետության մասին: Ադրբեջանի իշխանության համար այսօր էլ կան իսլամի հետևորդներ ու անհավատներ, իսկ անհավատներին պետք է ոչնչացնել անխղճաբար: Ինչպես ֆաշիզմի օրոք արիականությունը միջոց էր հոլոքոստի ու պետություններ գրավելու համար, արցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանը փորձեց կրոնական հողի վրա հայերի դեմ տրամադրել ամբողջ մուսուլմանական աշխարհը: Չստացվեց: Իրանը շարունակեց մնալ չեզոք դիրքերում՝ պահպանելով հազարամյակների պատմական կապը Հայաստանի հետ, իսկ Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներ ֆինանսական ու ռազմական օգնություն տրամադրեցին հայերին:

Այն, ինչը գաղափարախոսություն էր ավանդույթներ ունեցող Գերմանիայի համար, 1918-ին Լենինի ստեղծած Ադրբեջանում վերածվեց կույր պաշտամունքի ու վայրագության: 2015-ին՝ Շուշիի շրջադարձային ազատագրումից 23 տարի անց Ադրբեջանի առաջնորդները շարունակում են քարոզել հայերի ցեղասպանության կրկնություն, կոչ անում սպանել բոլոր հայերին, իսկ քնած հայ սպային կացնահարած հանցագործին հերոսացնում: Արևմուտքի խոսափողներից մեկը համարվող The Huffington post պարբերականը ազդարարել է Ադրբեջանի հետքայլերի արագացումը: Այդ երկիրը համառորեն քայլում է ֆաշիզմի ու բռնատիրության ճանապարհով:

Ադրբեջանում շարունակում են ձերբակալել ու սպանել այլախոհներին, կաշառել բոլոր նրանց, ովքեր չեզոք կարծիք ունեն արցախյան հակամարտության մասին: Ադրբեջանի իշխանությունը իր հանրությանը պատրաստում է ռևանշի, նոր պատերազմի ու հայերի նկատմամբ դաժան հաշվեհարդարի՝ Հիտլերի նման հավատալով միայն սեփական հնարավորություններին ու երևակայությանը: Հիտլերի այս տարբերակը, սակայն, ի տարբերություն Հիտլերի, նույնիսկ պարտության դեպքում ինքնասպան չի լինի, կզոհի ամբողջ հասարակությանը՝ այդպես էլ չվերադառնալով դաժան իրականություն նույնիսկ այն ժամանակ, երբ հնարավոր պատերազմի դեպքում հայկական զորքը լինի Բաքվի մատույցներում:
 
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
821 reads | 09.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com