ՉԻՆ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ՊԵԿԻՆ-ԱՆԿԱՐԱ ՄԵԾ ՁՆՀԱԼ
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
PhD 2016, (միջազգային հարաբերություններ) Նանծինի համալսարան, Չինաստան
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ





Չին-թուրքական հարաբերությունները դեռևս վաղ անցյալում հարթ չէին ընթանում։ Այս երկու երկրները միմյանց հետ մրցակցում էին հանուն ույղուրների սրտերի ու մտքերի:

Թուրքիան տասնամյակներ շարունակ օգնում էր Սինծյանի թյուրքական ծագում ունեցող ույղուրներին, որոնք պայքարում էին չինական կենտրոնական իշխանության դեմ, փորձում էին անջատողական շարժում հրահրել, որի արդյունքում Սինծյանը պետք է անջատվեր Չինաստանից։ Այս պայքարի ջատագովները հերթական պարտություններից հետո քաղաքական ապաստան էին գտնում Թուրքիայում, որի պատճառով դեռևս մինչև 2000-ական թթ. սրված էին չին-թուրքական հարաբերությունները։

Սակայն երբ Էրդողանն իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց,  սկսեց բարելավել Պեկին-Անկարա հարաբերությունները։ Նա հետզհետե սկսեց դադարեցնել օժանդակությունն ույղուրական կենտրոնախույս ուժերին։ Իրավիճակը հատկապես փոխվեց Էրդողանի 2015թ․ Պեկին այցելությունից հետո, որտեղ նա չինական կառավարությունից ներդրումներ ստանալու խոստումներ ստացավ։

Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Արևմուտքի երբեմնի թիվ մեկ դաշնակից համարվող Թուրքիան գնաց այս քայլին։ Իմ կարծիքով,  կարելի է առանձնացնել երկու կարևոր պատճառ․

1.    Էրդողանի օրոք Անկարան որդեգրեց ավելի անկախ քաղաքական ուղղություն, որն, իհարկե, չէր կարող դուր գալ Վաշինգթոնին, և Էրդողանին անհրաժեշտ էր հարաբերությունները բարելավել Ռուսաստանի և Չինաստանի հետ, որպեսզի հակակշռի Վաշինգթոնին։
2.    Չինացիներն էլ իրենց հերթին անցել էին գործի և սկսել էին, այսպես ասած, Թուրքիային «կապելու» գործընթացը։ Ըստ որի, չինացիները պետք է Թուրքիայում ահռելի ներդրումներ կատարեին, որին ի պատասխան թուրքերը պետք է դադարեցնեին խառնվել Չինաստանի ներքին գործերին, այն է, պետք է դադարեցնեին օժանդակություն տրամադրել ույղուրներին։

Այսպիսով, թե՛ Անկարայում, թե՛ Պեկինում տրամադրությունները համընկնում էին, նպատակը մեկն էր՝ բարելավել հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության շրջանակներում։

Արդյունքում չինական կապիտալը ներխուժեց Թուրքիա, որի արդյունքում առևտուրը երկու երկրների միջև 2015-ին արդեն 30 միլիարդ դոլար էր, համեմատության համար նշենք, որ դեռևս 2000-ին այն միայն 1 միլիարդ էր։

Չինաստանը Թուրքիայում ներդնում է երկաթգծերի, ճանապարհների շինարարության մեջ, բանկային համակարգի մեջ, նանոտեխնոլոգիաների արտադրության մեջ և այլն։ Իհարկե, Թուրքիայում չինական կողմը զգալի շահույթներ է ապահովում, քանի որ Թուրքիան աշխարհի 18-րդ մեծ տնտեսությունն է և արևմուտքն արևելքին կապող կարևոր կամուրջ։

Հետաքրքրական էր 2017թ․ օգոստոսին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեհմետ Չավուշօղլուի այցը Չինաստան: Վերջինս նշեց, որ Չինաստանն իր անվտանգության հարցերում ամբողջովին կարող է վստահորեն հենվել նաև Թուրքիայի վրա։ Թուրքերը հավաստիացրին, որ Թուրքիայում այլևս հակաչինական նյութեր լույս չեն տեսնի, նրանք ևս մեկ անգամ հայտարարեցին, որ ընդունում են Մեկ Չինաստան հասկացությունը։


Ամփոփենք արդյունքները

Պետք է փաստել, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության շրջանակներում Թուրքիան կարևոր դերակատար է դառնում։ Թուրքիան առևտրի առարկա դարձնելով ույղուրական հիմնահարցը՝ կարողացավ միլիարդների հասնող կարևոր ներդրումներ ստանալ Չինաստանից։ Թուրքիան ամրապնդելով հարաբերություններն Արևելքի հետ՝ կարողանում է ամրապնդել իր անկախությունն Արևմուտքից։

Չինաստանն իր հերթին կարողացավ ներդրումների միջոցով լռեցնել Անկարային և դադարեցնել թուրքական օգնությունը կենտրոնախույս ույղուրներին, որոնք բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են կազմակերպել նույն Չինաստանի տարածքում։
Չինական կապիտալը «գրավեց» թուրքական 80 միլիոնանոց շուկան, որը գնողունակ է և կայուն։ Թուրքական կարևոր նշանակություն ունեցող ծովային, երկաթուղային, ցամաքային օդային ճանապարհները նպաստում են չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացմանը։

Չինաստանը փափուկ քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ից Մերձավոր արևելքում հեռացնում է Թուրքիայի պես կարևոր խաղացողին։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը

Պետք է ուշի ուշով հետևել տարածաշրջանային զարգացումներին, հասկանալ, որ օգոստոսին Չավուշօղլուի այցելությունից հետո արագորեն փոփոխվում է չին-թուրքական հարաբերությունների քաղաքական կողմը։ Այս երկու երկրներն անցնում են գործընկերության,  և սրան նպաստում է տնտեսական դաշտում  չին-թուրքական համատեղ հաջող համագործակցությունը։

Քանի դեռ Չինաստանում ապրում են ույղուրներ ու որոշակի խնդիրներ ստեղծում Պեկինի համար, այնքան Հայաստանը որոշակի դաշտ է ստանում մանևրելու համար։ Իհարկե, այս դաշտը քանի գնում, փոքրանում է, քանի որ թուրքերը հրաժարվում են ույղուրներից։ Հայաստանին մնում է զարգացնել սեփական հարաբերությունները Չինաստանի հետ, անկախ թուրքական գործոնից, ռեալ հաշվարկել, թե ինչ կարող է առաջարկել Պեկինին և ինչ ստանալ։ Կարելի է Չինաստանի հետ շարունակել խորացնել ռազմական համագործակցությունը, Հայաստանում վերջապես սկսել չինական նորագույն զենքեր՝ անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված զենքեր, հիպերսոնիկ հարվածային համակարգեր արտադրելու փորձերը։

Ինչքան էլ խորանան չին-թուրքական հարաբերությունները, Պեկինը կցանկանա տարածաշրջանում Թուրքիային և Ադրբեջանին հակակշռող ուժին՝ Հայաստանին, որոշակիորեն օժանդակել, բայց Հայաստանն էլ պետք է ակտիվ և նախաձեռնող լինի։
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
885 reads | 02.10.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com