ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ ԴՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի» ղեկավար


Twitter: @mhereast


Աշխարհում եղած միջուկային ռումբերի պաշարները բավարար են, որ երկրագունդը մի քանի անգամ պայթեցվի։ Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են պետությունները ձգտում ստեղծել միջուկային զենք։

Պետությունները փորձում են ձեռք բերել միջուկային զենք, քանի որ այն հնարավորություն է ընձեռնում անձեռնմխելի սարքել սեփական սահմաններն ու անկախությունը։ Այսինքն՝ X երկիրը չի հարձակվի միջուկային զինանոց ունեցող  Y-ի վրա, քանի որ կարող է հետևել կործանարար հակահարվածը։

Ովքե՞ր իրավունք ունեն տիրապետելու դրան։

Այս իրավունքը պատկանում է ընտրյալներին, այսպես կոչված միջուկային ակումբի անդամներին, որոնք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը։ Ինչու՞ նրանք իրավունք ունեն տիրապետել այս զենքին, իսկ, ասենք, Գերմանիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Ճապոնիան և մյուս երկրներն այդ իրավունքը չունեն։


          

Նշենք երկու պատճառ.

1.    Քանի որ  վերոհիշյալ հինգ երկրները Երկրորդ համաշխարհայինում հաղթանակ տարած հիմնական ուժերն էին, ովքեր պետք է դառնային նաև ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակը, այսինքն՝ նրանք պետք է գծագրեին և տնօրինեին միջազգային անվտանգությունը։  

2.    Մինչև 1970թ․ այս երկրներին հաջողվել էր արդեն ստեղծել միջուկային զենք, երբ ուժի մեջ մտավ «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագիրը, որոշվեց, որ այս երկրները շարունակելու են տիրապետել զենքին, իսկ մյուսները  իրավունք չունեն ստեղծել։
Համենայն դեպս, ներկայումս Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելն էլ են անցել «Ռուբիկոնը» և տիրապետում են այդ զենքին, ի դեպ, նրանք չեն ստորագրել «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը», որը ստորագրվել է 190 երկրների կողմից։
Այս անհավասար իրավիճակը ժամանակ առ ժամանակ ստիպում է, որ մի շարք այլ պետություններ ևս մտածեն միջուկային զինանոց ստեղծելու մասին, ինչի պատճառով միջուկային սպառազինությունների մրցավազքի վտանգ է առաջանում աշխարհում և սպառնում է միջազգային անվտանգությունը։

Համենայն դեպս, ներկայումս միջազգային հանրությունն ավելի հակված է պահպանել ստատուս քվոն։ Ուստի այն երկրները, որոնք փորձում են ինչ-ինչ ճանապարհներով միջուկային զենք ձեռք բերել հայտնվում են մամլիչ ճնշման տակ, որի պատճառով ստիպված են լինում տեղի տալ։

Առաջարկում եմ քննարկենք հարցի երկու կարևոր գործոն, արդյոք միջուկային զենքերը դրական, թե՞ բացասական դեր են խաղում Միջազգային անվտանգության ամրապնդման գործում։ Իսկ ինչո՞ւ է առաջանում այս հարցը, քանի որ կարելի է նաև փաստել, որ մինչև միջուկային զենքերի ի հայտ գալը, Համաշխարհային պատերազմներ էին տեղի ունենում, իսկ միջուկային զենքը կարծես զսպեց հակամարտող կողմերին, որի արդյունքում  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երրորդը տեղի չունեցավ։
Այո՛, միջուկային զենքերը քսաներորդ դարի երկրորդ կեսում և քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակում դեռ զսպիչ դեր էին խաղում, բայց, կարծես արդի ժամանակաշրջանում նրանց այդ ֆունկցիան հետզհետե կորչում է, իսկ գոյություն ունենալը նորովի է սպառնում մարդկությանը։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

Բերեմ երկու հիմնական պատճառ․
1.    Ներկայիս միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից է դարձել ահաբեկչությունը, որը կարծես կարողանում է ճեղքել բոլոր արգելքներն ու սահմանները։ Մենք տեսանք, թե Հայաստանից ոչ հեռու գտնվող Սիրիայում ինչ տեղի ունեցավ, երբ քիմիական զենքը հայտնվեց ահաբեկիչների ձեռքում։ Այսինքն, եթե առկա միջուկային ռումբերից մի քանիսը հայտնվեն ահաբեկիչների ձեռքում, ապա այն կարող է անդառնալի վնասներ պատճառել մարդկությանը,  կոչնչացվեն ամբողջական քաղաքներ և երկրներ։
2.    Որոշ երկրներում գիտությունն ու ռազմաարդյունաբերությունը թռիչքաձև զարգացում են ապրել, որի պատճառով նորից խախտվել է ուժերի հավասարակշռությունը։ Եթե սկզբնապես միջուկային զենքը պետք է թիրախին հասներ, հրթիռի, կործանիչի, կամ ասենք, ճամպրուկի միջոցով, որոնք հնարավոր էր չեզոքացնել հակաօդային պաշտպանության կամ սահմանապահների միջոցով, ապա ներկայումս այս հարցը բարդանում է: Ինչո՞ւ, որովհետև որոշ երկրների հաջողվել է ստեղծել հիպերձայնային հրթիռներ և հիպերձայնային թռչող սարքեր։ Սրանց մի մասը նախատեսված է միջուկային մարտագլխիկները թիրախին հասցնելու համար։ Սրանք հնարավոր չէ կասեցնել նույնիսկ լավագույն հակաօդային պաշտպանության մեխանիզմների և  տեխնիկայի շնորհիվ։

Իսկ ո՞րն է ելքը։ Ելքը հետևյալն է․ 21-րդ դարում միջազգային հանրությունը պետք է շարունակի միջուկային սպառազինությունների չտարածման, կրճատման ու ոչնչացման աշխատանքները, որպեսզի աշխարհում բացառվի միջուկային զենքի կիրառմամբ որևիցէ ահաբեկչական գործողություն։

Պետք է ստեղծվեն նոր մեխանիզմներ, որոնք որոշակի արգելքներ և սահմանափակումներ կդնեն ռազմական նպատակների համար նախատեսված հիպերձայնային թռչող սարքերի հետազոտությունների, ստեղծման և փորձարկման վրա, ինչպես դա  արվում է միջուկային զենքերի դեպքում։ Այսպիսով՝ իմ կարծիքով, Միջազգային հանրությունը պետք է շարունակական պայքարը միջուկային զենքերի, հիպերձայնային հրթիռների ստեղծման և տարածման դեմ։ Միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար մարդկությունը պետք է իրագործի միջուկային զենքերի վերջնական ոչնչացումն ու հետևի, որ դրանք հետագայում էլ չստեղծվեն։
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
516 reads | 14.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com