ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ)
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, ԵՐԵՎԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱՆՈՒՄ
2017 թ. դեկտեմբերի 28-ից 2018 թ. հունվարի 6-ը Իրանում բռնկվեցին հակակառավարական ցույցեր, որոնց ընթացքում մի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության, իսկ մյուս կողմից ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների պատճառով` պաշտո¬նական տվյալներով զոհվեցին 25 հոգի , իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 40, ձերբակալվածների թիվը պաշտոնական տվյալներով հասավ 3,700-ի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 10000-ի*:

Թեև ցուցարարներն ընդվզումներն սկսեցին վկայակոչելով Իրանի տնտեսական ծանր իրավիճակը, բայց պետք է նշել, որ Իրանական միջուկային հիմնախնդրի առնչությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում Ռոհանիին հաջողվեց վերացնել Իրանական էներգակիրների առք ու վաճառքի վրա Արևմուտքի և նրա դաշնակիցների կողմից դրված էմբարգոն, ինչը հնարավորություն տվեց մեծացնելու դրանց վաճառքի ծավալները և հավելյալ գումարներ վաստակելու, վերացվեցին կամ թեթևացվեցին նաև Իրանի ֆինանսական համակարգի դեմ կիրառվող պատժամիջոցները : 2017 թ.-ին կառավարության ջանքերի շնորհիվ իրանական տարադրամի տարեկան արժեզրկումը կազմեց ընդամենը 8,9 %, ի տարբերություն Մահմուդ Ահմադինեժադի ղեկավարած տարիների, երբ տարադրամի արժեզրկումը տարեկան հասնում էր միջինը 17,66 %-ից 30 %-ի : Ըստ Միջազգային արտարժույթի հիմնադրամի տվյալների, եթե Մահմուդ Ահմադինեժադի կառավարման վերջին տարիներին Իրանի տնտեսական աճը 2012 թ.-ին նվազեց 7,7 %-ով, իսկ 2013 թ.-ին` 0,3 %-ով, ապա 2013 թ. օգոստոսից հետո, երբ Ռոհանին իր ձեռքում կենտրոնացրեց կառավարման լծակները՝ 2014 թ.-ին Իրանի տնտեսական աճը կազմեց 3,2 %, 2015 թ.-ին այն նվազեց 1.6 %-ով, իսկ 2016 թ.-ին գրանցվեց 12,5 % աճ : Տնտեսական աճը շարունակվեց նաև 2017 թ.-ին և կազմեց 3,8 % :

Սակայն, եթե իրականում Իրանի տնտեսական ցուցանիշների չէին վատթարացել, ապա, որո՞նք էին դժգոհությունների սոցիալ-տնտեսական պատճառները.

2010 թ.-ից Իրանի կառավարությունը նյութական օժանդակություն էր ցուցաբերում չքավորներին, ինչի շնորհիվ աղքատության շեմն այդ երկրում 13.1 %-ից (2009 թ.) իջել էր մինչև 8,1 %-ի (2013 թ.): 2014 թ.-ից սկսած՝ Ռոհանիի կառավարությունն սկսեց ամեն տարի կրճատել Իրանում չքավորներին տրամադրվող անմիջական օգնությունը: Օրինակ՝ 2016 թ.-ին «Թիրախավորված նպաստների կազմակերպությանը», որի հիմնական նպատակն է օգնություն տրամադրել աղքատներին, հատկացվեց ՀՆԱ-ի ընդամենը 3,4 %-ը, այն դեպքում, երբ 2014 թ.-ին տրամադրվել էր 4.2 %-ը :

Մեծ է նաև երիտասարդության շրջանում գործազրկության տոկոսը: Դուրս մղվելով երկրի տնտեսական կյանքից` երիտա¬սարդները մեծապես ընդգրկվում են քաղաքական գործընթացներում, և նրանց դերը մեծ է թե´ ընտրությունների ժամանակ, թե´ հակակառավարական ցույցերի ընթացքում :

2017 թ. դեկտեմբերին և 2018 թ. հունվարի սկզբին տեղի ունեցած ցույցերն առանձնացան հետևյալ տարբերակիչ գծերով.
1. Ցույցերի ղեկավարումը. 1979 թ.-ից հետո առաջին անգամ ցույցերը չէին ղեկավարում կամ վերահսկում Իրանական վարչակազմը կամ նրան մերձ ուժերը: Օրինակ, եթե 2009 թ. ցույցերը ռեժիմի ներսում գործող ուժերի մրցակցության արդյունք էին, որում հստակ հաղթանակ տարան պահպանողականները, ապա այս ցույցերի ընթացքում ռեժիմի երկու թևերը` պահպանողականները և բարեփոխականները, ըստ մեր դիտարկումների, հեռացված էին ցույցերում դիրիժորություն անելուց, դեպքերը զարգանում ու ընթանում էին ինքնաբուխ ոճով:
2. Նշանաբառերը. ցուցարարները իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ վանկարկում էին «Կեցցե´ Ռեզա շահը», «Մոլլան գնա´, շահը վերադառնա´», «Ներողությո´ւն, Ռեզա շահ»:
3. Թագաժառանգի գործոնը. դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին թե´ սոցցանցերում, թե´ մամուլում ամենափնտրվող անձերից էր վտարանդիության մեջ գտնվող թագաժառանգ Ռեզա Փահլավին, որի վերադարձն էին նաև պահանջում ցուցարարները, իսկ միջազգային մամուլը պարբերաբար հարցազրույցներ էր վարում նրա հետ։ Պատճառն այն էր, որ ցուցարարները բարձրաձայնում էին այն մասին, որ շահի օրոք Իրանն աշխարհիկ պետություն էր, և իրանցիներն օգտվում էին որոշակի ազատություններից, որոնք սահմանափակվեցին 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո:
4. Իրանի արտաքին քաղաքականությունը կասկածի ենթարկելը.
ցուցարարները վանկարկում էին «Ո´չ Ղազային ու Լիբանանին, իմ կյանքը միայն Իրանին», «Հանգիստ թողեք Սիրիան, ավելի լավ է մտածե´ք մեր մասին» :
5. Կրոնական քաղաքների մասնակցությունը. հատկանշական է, որ հակակառավարական ցույցեր էին տեղի ունենում նաև իրանական հոգևորականության հիմնական ազդեցության գոտիներում` Մաշհադում ու Ղոմում, որոնց բնակչությունը իրանական ռեժիմի հիմնասյուներից էր համարվում, և կրոնական մոլեռանդներն այս քաղաքներում զգալի ազդեցություն ունեին:
6. Տեղեկատվական պատերազմ սոցցանցերի միջոցով
Իրանցի ցուցարարները որպես կապի միջոց, հավաքների մասին տեղեկատվության տարածման միջոց օգտագործում էին «Թելեգրամ» մեսենջեր ծրագիրը, որը թեև արգելափակվեց, բայց իրանցիները VPN-ների* միջոցով կարողացան շրջանցել արգելքը և օգտագործել նաև մյուս սոցցանցերը:

Տեղեկատվական պատերազմ էր ընթանում նաև «Twitter-ում»: Այս սոցցանցը ստվերել էր նաև առաջատար միջազգային լրատվամիջոցներին, քանի որ մինչև դրանք կստանային ու կտարածեին պաշտոնական մամլո հաղորդագրությունները, ապա «Twitter-ում» կարելի էր անմիջականորեն հետևել հիմնական դերակատարների մտքերին:

Օրինակ` ԱՄՆ-ի նախագահ Թրամփը** թվիթերյան էջում իր օժանդակութնունը հայտնեց իրանցի ցուցարարներին:
Իրանական կողմից «Twitter-ում» ակտիվություն էին ցուցաբերում նախագահ Ռոհանին (պարսկերենով գրառումներ) և ԱԳ նախարար Զարիֆը (անգլերենով գրառումներ)****:

Մեր դիտարկմամբ, քանի որ Զարիֆը, մեծ հեղինակություն է վայելում արտաքին քաղաքականությամբ զբաղվող մասնագետների շրջանում, անգլերեն գրելով փորձում էր ազդել միջազգային հանրության կարծիքի վրա, իսկ Ռոհանին պարսկերեն գրելով` փորձում էր ազդել արտասահմանում բնակվող իրանցիների վրա*:

Հնարավոր տարբերակներ
N. 1 ներիշխանական պայքար

Հենց առաջին օրից կարծիքներ շրջանառվեցին, թե պահպանողականները նպատակադրել են ցույցեր հրահրելու միջոցով հեռացնել նախագահ Ռոհանիի թիմին և նորից անցնել իշխանության, որ կորցրել էին 2013 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքում:
Դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ պահպանողականները չէին կազմակերպի նմանատիպ ցույցեր, և այստեղ կարող են հարցեր առաջանալ, թե ինչու՞ չէին կազմակերպի և ինչու՞մ է կայանում այս ցույցերի յուրահատկությունը:

Ցույցերի ժամանակ այրվում էին Այաթոլլա Խոմեյնիի և Այաթոլլահ Խամենեիի նկարները, ինչպես արդեն նշվեց, ցուցարարները վանկարկում էին նախկին Շահի անունը, պահանջում էին ներկայումս վտարանդիության մեջ գտնվող Ռեզա Փահլավի թագաժառանգի վերադարձը...

Սա վտանգավոր մարտահրավեր էր վարչակազմին, որի անդամ են, թե´ պահպանողականները, թե´ բարեփոխականները, այսինքն, եթե վտանգվում է Այաթոլլահի և վարչակազմի լեգիտիմությունը, ապա վտանգվում են նաև իշխանության համար պայքարող երկու ուժերի դիրքերը:

Համենայնդեպս, պահպանողականները շահեցին այս իրադարձություններից, քանի որ ցույցերը ճնշվում էին ուժային տարբերակով, ինչն իհարկե սասանեց Բարեփոխականների հեղինակությունն ու դիրքերը՝ հավասարության նժար ներդնելով նրանց և Պահպանողականների միջև: Քանի որ Իրանում վերջիններիս մեղադրում էին 2009 թ. ցույցերը զենքի ուժով ճնշելու համար:

N.2. Դրսի ուժերի կազմակերպած խժդժություններ
Քննարկվում էր նաև Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) մասնակցությունը, մասնավորապես շրջանառվում է Մայքլ Դ’Անդրեայի* մասնակցությունը, ով ունի «Գորշ արքայազն» և «Այաթոլլա Մայք» կեղծանունները:

Իրան–ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ պետք է մտապահել երեք փաստ.
1. ԿՀՎ-ն 20-րդ դարի կեսերից մինչև դարավերջ զգալի ազդեցություն ուներ Իրանում: 1953 թ.-ին հենց այս կառույցին հաջողվեց տապալել իրանական նավթի ազգայնացման համար պայքարող վարչապետ Մոսադեղին, և իշխանությունը վերադարձնել Մոհամմադ Ռեզա շահին, ում գլխավորությամբ էլ Իրանը մինչև 1979 թ. հանդես էր գալիս որպես ԱՄՆ-ի կրտսեր գործընկեր :
2. Իրանի կառավարությունն աշխարհում ամենահակաամերիկյան քաղաքականություն վարող¬ներից մեկն է մինչդեռ բնակչության մեծ մասը համակրանքով է համակված ԱՄՆ-ի և նրա ազատական գաղափարների հանդեպ:
3. Պետք է հիշել նաև, որ ԱՄՆ-ում ապրում են միլիոնավոր իրանցիներ, որոնց զգալի մասը արտագաղթել է իսլամական հոգևորականների իշխանության հասնելուց հետո: Այս իրանցիների մեծ մասը հստակ աշխատանք է կատարում ներկայիս վարչակազմի դեմ՝ հեղափոխական գաղափարներ քարոզելով Իրանում:

Այսինքն ԱՄՆ-ը բավականին ներուժ ունի Իրանում, եթե ոչ ցույցեր կազմակերպելու, ապա անհնազանդությունների դեպքում այդ իրադարձությունները որոշակիորեն ուղղորդելու համար:

Հայացք Վաշինգտոնից
Ընտրվելով ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ Թրամպը հակաիրանական դիրքորոշում որդեգրեց : Դեռևս ընտրությունների ժամանակ նա քննադատում էր Օբամայի կառավարությանը՝ նշելով, որ Իրանի հետ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն (ԳՀՀԾ) ԱՄՆ-ի կնքած վատագույն պայմանագրերից է, և այն պետք է փոփոխվի : Չնայած Թրամպը բանակցությունների միջոցով փորձեց համոզել իր Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, որ միասին հրաժարվեն ԳՀՀԾ-ից, բայց անհաջողության մատնվեց: Ուստի նա փոխեց ռազմավարությունը, որոշելով, որ, եթե Իրանում ցույցեր հրահրվեն, ապա ռեժիմն անպայման այդ ցույցերը կճնշի ուժի միջոցով` ոտնահարելով մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչն էլ սեպ կխրի Իրան-Եվրոպա հարաբերություններում, ԱՄՆ-ն ու Եվրոպայի հիմնական խաղացողները նոր պատժամիջոցներ կընդունեն Իրանի դեմ, և հարցականի տակ կդրվի դեռևս 2015 թ. հուլիսի 16-ին մի կողմից՝ Իրանի, իսկ մյուս կողմից` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրված ԳՀՀԾ-ն, որը 2015-ի հուլիսի 20-ին հաստատվել է նաև ՄԱԿ ԱԽ 2231-րդ բանաձևով : Այս ծրագիրը հնարավորություն է տալիս խաղաղ ճանապարհով լուծելու Իրանի միջուկային հիմնախնդիրը: Այսպիսով՝ ԱՄՆ-ը թե´ ԿՀՎ-ի, թե´ իրանական սփյուռքի, թե´ թագաժառանգ Ռեզայի միջոցով փորձեց Իրանում ծավալված դժգոհություններին քաղաքական բնույթ տալ և հարված հասցնել ԳՀՀԾ-ի իրագործմանը, անվստահության մթնոլորտ առաջացնել Եվրոպական երկրների և Իրանի հարաբերություններում:

Հայացք Եվրոպայից
Անդրադառնելով Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային, պետք է նշել, որ նրանք չմտան Թրամպի կազմակերպած խաղի մեջ, այն է հաշվի առնելով Իրանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերը՝ գործընթաց սկսել ԳՀՀԾ-ից հրաժարվելու համար կամ նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ ։

Նշենք, որ հենց վերջիններիս վարած ակտիվ դիվանագիտության շնորհիվ էր կնքվել ԳՀՀԾ-ն, որը հնարավորություն տվեց վերականգնելու 2012 թ.-ին ԵՄ-ի կողմից արգելաձակված ԵՄ-Իրան էներգակիրների առք ու վաճառքը:

Ճիշտ է, ԵՄ-ին անդամակցող որոշ երկրներ բարձր մակարդակով դատապարտեցին Իրանում մարդու իրավունքների խախտման դեպքերը, բայց կասկածի չենթարկեցին ԳՀՀԾ-ի լեգիտիմությունը:

Կարևոր է նշել, որ Եվրոպայում Իրանի ընտրված նախագահ Ռոհանին չափավոր և նորարար գործչի համարում ունի, ում հետ կարելի է բանակցել ու համաձայնության հասնել, իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը մեծ հեղինակություն ունի և վայելում է ԵՄ-ում որոշում կայացնողների հարգանքին ։ Այսինքն՝ Ռոհանիի և նրա թիմի իշխանության ղեկին մնալը ձեռնտու է Եվրոպային՝ հաշվի առնելով նախքան Ռոհանին՝ Պահպանողականների իշխանության օրոք Իրան–ԵՄ ճգնաժամի հասած հարաբերությունները։
Այս փուլում Եվրոպային ևս անհրաժեշտ է կայուն Իրան, որի հետ կարելի է խորացնել համագործակցությունը էներգակիրների ոլորտում, ինչպես նաև ներդրումներ կատարել 80 մլն բնակչությամբ Իրանի շուկայում։

Հայացք Մոսկվայից
Ռուսաստանը մեծ դեր ունեցավ ԳՀՀԾ-ի հաստատման գործում: Մոսկվան ցանկանում է Թեհրանի հետ խորացնել միջուկային համագործակցությունը և մեծապես հետաքրքրված է, որպեսզի ԳՀՀԾ-ն անթերի իրականացվի և ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները ժամանակին հանվեն: Ռուսաստանը նախքան Իրանի վրա դրված սպառազինությունների առք ու վաճառքի էմբարգոն, այդ երկրի զենքի գլխավոր մատակարարողն էր, ուստի Մոսկվան հետաքրքրված չէ ԳՀՀԾ-ի չեղարկմամբ: Քաղաքական առումով Ռուսաստանն Իրանի հետ համագործակցում է Սիրիայում և Իրաքում, և Ռուսաստանին անհրաժեշտ է իր հարավում ունենալ կայուն գործընկեր: Մոսկվան բազմիցս դեմ է հանդես եկել իրանական միջուկային հիմնախնդրի ստվերում կամ մարդու իրավունքների ոտնահարման քողի ներքո Իրանում իշխանափոխության կազմակերպմանը, ինչպես նաև Իրանի դեմ կիրառվող միակողմանի պատժամիջոցներին:

Հայացք Պեկինից
Չինաստանում ևս մեծ ուշադրությամբ հետևում էին Իրանում տեղի ունեցող հակակառավարական խռովություններին , քանի որ Մերձավոր Արևելքի երկրորդ մեծ տնտեսությունը՝ Իրանը, Չինաստանի համար կարևոր նշանակություն ունի:
Նշենք 6 հիմնական պատճառ, թե ինչու է Չինաստանը շահագրգռված Իրանի կայունությամբ.
1. Չինական տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են իրանական ու մերձավորարևելյան էներգակիրները, որոնք փոխադրվում են Պարսից ծոցով, իսկ այս կարևոր ճանապարհի անվտանգությունը պայմանավորված է Իրանի կայունությամբ:
2. Չինաստանն ահռելի ներդրումներ է կատարում Իրանում , որի պատճառով չի ցանկանում պատերազմներ կամ անկայուն իրավիճակ այս երկրում:
3. Իրանը կարևոր շուկա է չինական արտադրանքի համար: Երկկողմ առևտուրը հասնում է մոտ 51,8 միլիարդ դոլարի ։
4. Պեկինում կարծում են, որ, եթե հաջողվի նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կարևոր գործոն համարվող Իրանի կայունության ապահովմանը, ապա ԱՄՆ-ը հետզհետե կկորցնի ազդեցությունն այստեղ: Պեկինում կարծում են, որ, եթե ԱՄՆ-ին հաջողվի Իրանում ևս հեղափոխություն կազմակերպել, ապա Իրանն էլ կանցնի արևմտյան ճամբար, ինչն էլ կփոքրացնի Չինաստանի Մերձավոր Արևելքում մանևրելու հնարավորությունները:
5. Մերձավոր Արևելքի իսլամադավան երկրներում ներքին անկայունության պատճառով առաջացող իսլամական ծայրահեղական գաղափարները ներթափանցում են նաև Չինաստանի Սինծիան նահանգ, որտեղ բնակչության զգալի մասը՝ իսլամադավան, թյուրքական ծագում ունեցող ույղուրներն են:

Ամփոփում
Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ թեև սոցցանցերի միջոցով կազմակերպված ցույցերն սկսվեցին ինքնաբուխ և դրանց հիմնական պատճառները աշխատաշուկա մտնող երիտասարդության մոտ գործ գտնելու դժվարություններն են, գնաճը, կաշառակերությունն ու աղքատներին բաժանվող սոցիալական նպաստների հետևողական կրճատումները, բայց ընթացքում ԱՄՆ-ը թագաժառանգ Ռեզայի և նրա կողմնակիցների միջոցով փորձեց Իրանում ծավալվող այս իրադարձություններին քաղաքական բնույթ հաղորդել, որպեսզի բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումները որպես հիմք օգտագործել ԳՀՀԾ-ից հետագայում հրաժարվելու համար, ինչպես նաև սեպ խրել Իրան-Եվրոպա հարաբերություններում: Նրան չհաջողվեց կասկածի ենթարկել ԳՀՀԾ-ն, քանի որ այս հարցում նրան համակարծիք չէին Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարությունը, ինչն էլ ապացուցվեց ՄԱԿ-ի ԱԽ-ի 8152-րդ հանդիպման ընթացքում: Անշուշտ, Իրանում տեղի ունեցած ցույցերն ու բռնաճնշումների միջոցով դրանց զսպումն ընդհանուր առմամբ հեղինակազրկեցին Իրանի կառավարությանը, ԵՄ անդամ մի շարք երկրներ դատապարտեցին Իրանում մարդու հիմնարար ազատությունների խախտումը :

Թեև Ռոհանին կարողացավ որոշակիորեն կայունացնել տնտեսական իրավիճակը, չեղարկել մի շարք պատժամիջոցներ, բայց, ինչպես վկայում է դեպքերի ընթացքը, ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների և մինչև 2013 թ. մեկուսացվածության պատճառով իրանական տնտեսությունն այն աստիճանի է քայքայվել, որ դեռևս չի հաջողվում վերականգնել նախկին հզորությունը, երիտասարդների համար նոր աշխատատեղեր ստեղծել, լուծել աղքատության խնդիրը:

Այս հանգամանքներին գումարվում է նաև այն փաստը, որ Իրանում երիտասարդությունը նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հետևում է առաջատար երկրների զարգացման աստիճանին, ծանոթանում է ազատական և արդիական գաղափարներին, համեմատում է 21-րդ դարի համաշխար¬հայնացման գնացող, նորագույն տեխնոլոգիաների հեղափոխություն ապրող, ազատ աշխարհը, բնական պաշարներով հարուստ, բայց աղքատ կենսապայմաններով ու ինքնամեկուսացած Իրանի հետ, որը աշխարհում հայտնի է որպես խնդիրներ առաջացնող երկիր, որտեղ վերահսկվում են մարդկանց խոսքն ու միտքը, իսկ երկիրը ղեկավարում են 20-րդ դարից մնացած հոգևորականները, ովքեր չեն տեղավորվում ներկայիս տնտեսական և քաղաքական աշխարհակարգում , որտեղ տեղեկատվության ազատ տարածման, թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների համակցման միջոցով տեղի է ունենում Չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը:

Այսինքն՝ Իրանում դժգոհություններն ունեն ավելի խորքային բնույթ, և տնտեսական դժվարությունները միայն պատճառ են իշխող վարչակազմի դեմ իրանցիների բողոքն արտահայտելու համար: Քանի դեռ վերոհիշյալ խնդիրները խորքային առումով չեն լուծվել, նմանատիպ հակակառավարական խռովությունները հավանական են և կարող են բերել նոր բախումների ու անկայունության ամբողջ տարածաշրջանում:

Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը
1. Իրանը Հայաստանի համար ունի կարևոր, ռազմավարական նշանակություն, քանի որ Հայաստանը Իրանի միջոցով կապվում է աշխարհի հետ, այս երկրի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ։
Հայաստանը, իհարկե, պետք է չեզոքություն պահպանի Իրանում ծավալվող ներքաղաքական զարգացումներում, բայց նաև անհրաժեշտ է հետևել Իրանի ներքին իրավիճակին և վերլուծել, թե որոնք են լինելու Հայաստանի քայլերը և ինչքանով կարող է վտանգվել Հայաստանի պետական շահը, եթե Իրանում ներքաղաքական լարվածության պատճառով հետագա զարգացումները դուրս գան կառավարելիության սահմաններից:
2. Իրանում ներքաղաքական նոր բախումների դեպքում անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը Հայաստան-Իրան սահմանում, քանի որ հնարավոր է, որ որոշ հակահայկական տարրեր, որոնք քիչ չեն Իրանի հյուսիսային նահանգներում, օգտվելով իրանական կողմում քաոսային իրավիճակի հնարավոր գոյացումից՝ փորձեն ներթափանցել Հայաստան:
3. Հորդորել Իրանի Հայկական համայնքին չխառնվել քաղաքական երանգավորմամբ բախումներին, այդպիսի իրավիճակների համար ստեղծել արագ արձագանքման հերթապահ խմբեր, որոնք կպահպանեն հայկական թաղամասերն ու եկեղեցիները քաոսային իրավիճակում հնարավոր հարձակումներից:
4. Հաշվի առնելով Սիրիայի Հայկական համայնքի դառը փորձը, երբ նրա մեծամասնությունը ստիպված եղավ հեռանալ այդ երկրից միայն ունեցվածքը կորցնելուց հետո, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկայումս էլ իրանահայերը հեռանում են Իրանից մեծամասամբ դեպի ԱՄՆ և Արևմտյան երկրներ ` հող նախապատրաստել իրանահայերի հայրենադարձությունը կազմակերպելու համար, պատրաստ լինել իրանահայերին Հայաստանում ընդունելու և կեցության բավարար պայմաններ ստեղծելու համար:
2018 թ․ հունվար, Երևան

Special thanks go to Arvin Khoshnood
Աղբյուր՝ https://chinastan.org/
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
3089 reads | 14.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com