ՉԻՆԱԿԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ, ԹԵ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ․․․
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ





Վերջերս շատ է խոսվում ՀՀ-ի համար զենք գնելու նոր շուկաներ գտնելու մասին, իբր թե Ռուսաստանին հակակշիռ ստեղծելու համար... Իսկ որտեղի՞ց կարելի է զենք վերցնել, կամ որտեղի՞ց են խորհուրդ տալիս...

Այս համատեքստում պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն զենք չեն վաճառում Արցախյան հիմնախնդրի շուրջ հակամարտող կողմերին։ Ոմանք առաջարկում են անհրաժեշտ զենքը հայթայթել Հարավային հարևանից` Իրանից, իսկ մի մասն էլ, թե այդ զենքը կարելի է գնել հեռավոր Չինաստանից...

Չինական զենքերի մասին

Հասկանալու համար, թե ինչ է չինական զենքը, պետք է հասկանալ այն փաստը, որ այս երկիրը երկար տարիներ չէր կարողանում ժամանակակից զենք գնել, քանի որ մինչև այսօր էլ գործում է արևմտյան երկրների կողմից կիրառվող զենքի առք ու վաճառքի էմբարգոն, իսկ մյուս կողմից էլ լարված հարաբերություններ ուներ ԽՍՀՄ-ի հետ...

(Իսրայելից ներմուծվող զենքը մեծ դեր չի խաղում չինական բանակում)

Չինաստանը ժամանակակից զենք կարողացավ գնել միայն ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները բարելավելու, և վերջինիս փլուզումից հետո, երբ Ռուսաստանից սկսեց գնել նորագույն զենք։ Ռուսական զենքի ուսումնասիրության  հիման վրա էլ սկսեց զարգացնել սեփական ռազմաարդյունաբերությունը, արտադրել ժամանակից զենք, բանը հասավ նրան, որ չինացիները սկսեցին քանդել ու նույնությամբ արտադրել ռուսական մի շարք զինատեսակներ, որից հետո դրանք վաճառել ռուսական (ԽՍՀՄ) զենքի շուկայում։ Այս քայլն աննկատ չմնաց Ռուսաստանի կողմից, և բազմաթիվ ռուս-չինական դիվանագիտական առճակատումների առիթ դարձավ:
Մի պահ Մոսկվան վարանում էր Պեկինին վաճառել իր նորույթները, բայց Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև Չինական կառավարության հավաստիացումները, որ կդադարեցնեն նույնությամբ copy paste անել ռուսական զենքը, պատճառ եղան, որ Մոսկվան նորից պատրաստ է Պեկինին վաճառել նույնիսկ իր նորագույն կործանիչները...

Իհարկե, պետք է փաստել նաև հանգամանքը, որ վերջին 15 տարում Չինաստանը զգալիորեն զարգացրել է ռազմարդյունաբերությունը, արտադրում է նաև մի շարք մրցունակ զինատեսակներ, որոնցից հատկապես աչքի են ընկնում ոչ «ավանդական» զենքերը, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերը, ռոբոտները և այլն․․․

Վերադառնալով մեր թեմային՝ նշենք, որ չինական «հասարակ» զինատեսակները (տանկեր, ինքնաթիռներ, թնդանոթներ և այլն) որակական առումով զգալիորեն զիջում են ռուսականին և արևմտյանին․․․

Այսինքն, Հայաստանում Չինաստանի հետ համագործակցությունը կարող են զարգացնել ոչ «ավանդական» զինատեսակների բնագավառում։ Կարելի է համատեղ կառուցել ռոբոտացված զինատեսակներ և անօդաչու թռչող սարքերի ռազմաարդյունաբերական կենտրոն Հայաստանում, որի արտադրանքը կարելի է սպառել Մերձավոր Արևելքում և ԵԱՏՄ-ում։

Իրանական զենքի մասին

Այս երկիրը նույնպես երկար տարիներ կտրված է եղել համաշխարհային գիտության զարգացումից, իհարկե, նրանք էլ փորձել են որոշակի հետազոտություններ կատարել իրենց ձեռքի տակ եղած 70-ական թթ․ արևմտյան զենքի հիման վրա, իսկ հետո էլ հրթիռաշինությունը զարգացնել Չինաստանից մինչև 90-ականները ստացված հրթիռների հիման վրա, բայց պարզ է, որ այս զենքերը նույնպես այն չեն և որակական առումով պետք է զիջեն նաև ներկայումս ՀՀ զինված ուժերի ձեռքում գտնվող զինատեսակներին․․․ Իհարկե, Իրանն էլ մինչև 2010թ․ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները գնում էր ռուսական զենք, քանի որ Թեհրանում էլ պատկերացնում են, որ իրենց արտադրած զենքը շատ հեռու է արևմտյանից և ռուսականից, և որ Ռուսաստանից գնվածը լավագույնն է իրենց դեպքում․․․
Կարևոր է նշել, որ Թեհրանը մինչև 2010 թ․ զգալիորեն կրճատել էր Չինաստանից գնվող զենքի ծավալները և մեծամասամբ ներմուծում էր ռուսական զենք․․․

Իրանի հետ ռազմական համագործակցության ջատագովները պետք է հիշեն նաև, որ այս երկիրը գտվնում է ՄԱԿ ԱԽ ընդունած պատժամիջոցների տակ և դեռևս ուղղակի իրավունք չունի  զենք կամ դրան վերաբերող տեխնոլոգիաներ վաճառել այլ երկրների․․․
Կարևոր հարց է առաջանում նաև, թե արդյո՞ք Իրանը հետագայում պատրաստ կլինի, ասենք, անտոկոս կամ չնչին տոկոսադրույքով մեծ վարկ տրամադրել Հայաստանին, որպեսզի վերջինս նրանցից զենք գնի, ինչպես դա երբեմն անում է Մոսկվան։

Ի՞նչ պարզեցինք

Ի մի բերելով փաստենք, որ չինական կամ իրանական «ավանդական» զինատեսակները չեն կարող մրցակցել ռուսականի հետ, սրա լավագույն ապացույցը հանդիսանում է այն հանգամանքը, որ հենց այս երկրների զինանոցում եղած լավագույն զենքերը համարվում են ռուսականը, իսկ Իրանի նկատմամբ մինչև 2020 թ․ կգործի նաև սպառազինություններ գնելու և վաճառելու արգելքը (էմբարգոն), այսինքն մինչև այդ թվականն իմաստ չունի հույսեր կապել Իրանի հետ, հատկապես դեռ հարց է, թե արդյո՞ք այդ պատժամիջոցը տարիներ հետո կհանվի, թե՞ ոչ․․․

Պարզեցինք, որ իրանցիները հասկանում են, որ ռուսական զենքը լավն է, թե՛ իրենց, թե՛ չինական զենքից, պարզեցինք, որ չինացիներն էլ իրենց հերթին զենք են ներմուծում կամ հիմնական ռազմաարդյունաբերությունը զարգացնում են մեծամասամբ ռուսական նմուշների հիման վրա։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը

Հրաշալի կլիներ, եթե Հայաստանում զարգանար առաջին հերթին հրթիռաշինությունը, իսկ հետո նաև այլ զենքերի արտադրությունը․․․

Իսկ սրա շուրջ կարելի է պայմանավորվել նաև հենց նույն Ռուսաստանի հետ։

Ռուսաստանի զինվորական շրջանակներում դժգոհ են այն հանգամանքից, որ իրավունք չունեն զարգացնել միջին (1000-5500 կմ)  և կարճ (500-1000կմ) հեռավորության վրա հարվածող հրթիռներ, քանի որ գործում է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև 1987թ․ կնքված «Միջին և կարճ հեռավորության հրթիռների ոչնչացման» պայմանագիրը (Договор о ликвидации ракет средней и малой дальности (РСМД))։

Կարելի է ռուսներին ներկայացնել, որ Հայաստանը պաշտպանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հարավային դարպասները, որից մի քանի հարյուր կմ․ հեռավորության վրա գործում են ահաբեկչական խմբավորումներ, որոնք կարող են «արշավել» նաև դեպի հյուսիս։ Եթե Հայաստանում սկսեն արտադրվել միջին և կարճ հեռավորության վրա խփող հրթիռներ, ապա այս ուժերին կարելի է հարվածել հենց նույն Հայաստանի տարածքից։ Հայաստանում գտնվող նմանատիպ հրթիռները կզսպեն նաև Ռուսաստանի և Հայաստանի վաղեմի տարածաշրջանային մրցակից Թուրքիային։ Արդյունքում ՀԱՊԿ-ն կունենա սեփական  արտադրության միջին ու կարճ հեռավորության հրթիռներ, որոնք Ռուսաստանը չի կարող արտադրել, իսկ Հայաստանը կամրապնդի իր անվտանգությունը նաև արևելյան, արևմտյան, հարավային կողմերից։

Այս հրթիռների անծայրածիր շուկան՝ Մերձավոր Արևելքը, գտնվում է Հայաստանի սահմաններից մի քանի կմ հեռավորության վրա և կարող է Հայաստանին միլիարդների եկամուտ բերել:
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
451 reads | 11.09.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com