ԹԵ ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՆ ԿՏՐԵՑԻՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԱԿՆԵՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ





Ռուս – ճապոնական հարաբերություններում տեղատվություններն ու մակընթացությունները տասնամյակների պատմություն ունեն, ընդ որում՝ դրանք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու դիվանագիտական բնույթի են եղել:

Մինչդեռ կային ժամանակներ, երբ ռուսների ու ճապոնացիների «ջուրը միևնույն առվով էր հոսում». ավելին` մտերմիկ հարաբերություններն ամրապնդելու և սեփական շահերին հագուրդ տալու նպատակով վերջիններս նույնիսկ դիմեցին դավադրության տեսությանն ու մի մեծ պատառ պոկեցին դրացի չինացիներից հենց նրանց մեջքի հետևում:

Այդուհանդերձ, սա ոչ միայն վերջ չդրեց կողմերի միջև թեժ հակամարտությանը, այլև վերածվեց հարաճուն լարվածության: Ի վերջո, ո՞րն էր ռուս-ճապոնական հարաբերությունների վատթարացման պատճառը, և ինչո՞ւ մինչև այսօր չի հալչում նրանց միջև գոյացած սառցե պատնեշը:
 
Մանջուրիայի գործոնը ռուս-ճապոնական հարաբերություններում
Հյուսիսարևելյան Չինաստանում գտնվող պատմական այս ռեգիոնը` Մանջուրիան, իր աշխարհագրական դիրքով բնական կամուրջ է Ասիայի հյուսիսարևելյան ցամաքամասի և Խաղաղ օվկիանոսի կղզիաշատ ծայրամասի միջև: Շրջապատված է Լյաոդունի թերակղզով (որի վրա գտնվում է Արթուր նավահանգիստը), Ջիլին, Հեյլոնգյանգ մարզերով և Ներքին Մոնղոլիայով, սահմանակցում է Ռուսաստանին ու Կորեային:

Մանջուրիան հենց այն կայծն էր, որից էլ բռնկվեց ռուս-ճապոնական պատերազմը. պատերազմ, որը  որակվում է 20-րդ դարի առաջին մեծ հակամարտությունն Ասիայի հյուսիս արևելքում ապրող երկու դոմինանտ ազգությունների միջև:

Եթե Հեռավոր Արևելքում Ճապոնիայի գերակա շահն առաջնահերթ Կորեան էր (հետո միայն` Մանջուրիան), ապա Ռուսաստանն աչք էր դրել հենց Մանջուրիայի վրա: Մանջուրիան կողմերի դիտակետում էր հայտնվել 19-րդ դարի վերջից. այն պարարտ հող էր իմպերիալիստական էքսպանսիաների համար և ռեգիոնում ռազմական ու տնտեսական գործունեություն ընդլայնելու կարևորագույն մայրուղի:

Ինդիանա համալսարանի քաղաքագիտության ու միջազգային իրավունքի պրոֆեսոր Ամոս Հերշին իր «Ռուս-ճապոնական պատերազմը միջազգային իրավունքի ու դիվանագիտության տեսանկյունից» գրքում պնդում է, որ Ճապոնիայի` Չինաստանում ազդեցությունն ընդլայնելու նպատակը ավելի շուտ տնտեսական էր, քան քաղաքական:

Հատկապես առևտրի ու արդյունաբերության ոլորտում կայծակնային աճը, բնակչության ցուցանիշի կտրուկ ավելացումը ստիպում էին նրան մի կողմից սպառման նոր շուկա, մյուս կողմից բնակչությանը տեղակայելու տարածքներ փնտրել:  

Չինաստանը ծանր դրության մեջ հայտնվեց 1860-ականներին: Այն խճճվել էր Ճապոնիայի ու Ռուսաստանի լարած ցանցի մեջ, բայց դեռևս մնում էր որպես չնվաճված գերի: Պյոտր Մեծի ժամանակներից ի վեր ցարական Ռուսաստանը ձգտում էր դեպի ծով տանող իր մուտքն ունենալ 4 ուղղություններով` Բալթիկ, Սև և Միջերկրական ծովերով, Պարսից ծոցով ու Խաղաղ օվկիանոսով, Ճապոնիան էլ իր հերթին էր ի ցույց դնում տարածաշրջանում դոմինանտ դառնալու իր ամբիցիաները և ներքին հրահրումներ առաջացնում Չինաստանի վասալ Կորեայում:

1876-ին Տոկիոն դաշինք կնքեց Կորեայի հետ` ճանաչելով վերջինիս անկախությունը Չինաստանից:

Դրան հետևեցին Կորեայի երիտասարդությանը քարոզվող հակաչինական ագիտացիաները, Չինաստանի հետ հարաբերությունները խզելու և նոր կյանք սկսելու, անկախ լինելու ու երկրում նոր ռեֆորմներ իրականացնելու Ճապոնիայի կոչերը: Այլ կերպ ասած` Ճապոնիան բռնել էր Չինաստանի նուրբ լարն ու նվագում էր այդ լարի վրա` չզգուշանալով վերահաս ապստամբությունից:  Այս ամենն, ի վերջո, հանգեցրեց երկրում քաղաքացիական ընբոստությունների և հակաճապոնական ճակատի ձևավորման: 
Կրքերը հանդարտեցնելու նպատակով Կորեայի կառավարությունը Չինաստանից ռազմական օգնություն խնդրեց, որը, սակայն, կրակի վրա յուղ լցնելու էֆեկտ ունեցավ:

1894-ին բռնկվեց ճապոնա-չինական պատերազմը: Հզոր զինտեխնիկայի ու մարտունակության շնորհիվ ճապոնական բանակը ջախջախեց չինական զինուժը, հաղթանակած դուրս եկավ ծովում և ցամաքում: Ամիսներ անց` 1895-ի ապրիլին, Սիմոնեսկիում կնքվեց, պատմաբանների կարծիքով, Չինաստանի համար ստորացուցիչ հաշտություն, որի համաձայն`

ա. Չինաստանը հրաժարվում էր Կորեայի նկատմամբ իր վերահսկողությունից,
բ. Ճապոնիայի տիրապետության տակ էին անցնում Թայվան կղզին, Պենխուլեդաո կղզիներն ու Լյաոդունի թերակղզին,
գ. Չինաստանը պարտավորվում էր որպես ռազմատուգանք Ճապոնիային վճարել 200 միլիոն լյան:

Բացի այդ, պաշտոնական Պեկինը պարտավորվում էր ճապոնացիների առջև բացել մի շարք նավահանգիստների դռները` առևտրաշրջանառությունը խթանելու համար, ճապոնացիներին ընձեռել սեփական հարկի տակ արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման ու արդյունաբերական սարքավորումների ներմուծման իրավունք:

Այդ ժամանակ էլ սկսվեց իմպերիալիստական տերությունների, մասնավորապես` Ռուսաստանի և Ճապոնիայի կողմից Չինաստանը ծվատելու մրցավազքը, որը բառացիորեն կատարվում էր ուժի ու խորամանկության տակ քողարկված իրավունքով: Արդյունքում, Ճապոնիան զարկ տվեց իր կապիտալիստական զարգացմանն ու գաղութային կայսրությանը (Թայվան ու Պենխուլեդաո կղզիների գրավումով), Ռուսաստանն էլ հարմար տեղավորվեց պարտված կողմի անկողնում:
 
1895-ի ապրիլի 23-ին Ռուսաստանը, Ֆրանսիայի ու Գերմանիայի հովանավորությամբ, ուլտիմատում հայտարարեց Ճապոնիային` ստիպելով վերջինիս հրաժարվել Լյաոդունի թերակղզուց, փոխարենը Չինաստանը պարտավորվում էր 30 միլիոն լյան լրացուցիչ ռազմատուգանք վճարել ճապոնական կառավարությանը:

Չինաստանի խաթարված տնտեսության համար սա մեծ գումար էր, ուստի Ռուսաստանը շտապեց ձեռք մեկնել ընկերոջը` չմոռանալով նաև սեփական շահերի մասին: Գործի դրվեց Ռուսաստանի դիվանագիտական համակարգի ողջ հրետանին, որն առաջ էր մղում իր արբանյակներին չինական կառավարական օղակներում:

Արդյունքում, վարկի քողի տակ ցարական Ռուսաստանը չինական կողմի հետ հակաճապոնական գաղտնի դաշինք կնքեց, որի համաձայն՝ 30 տարով Չինաստանից «վարձակալեց» Լյաոդունի թերակղզին (Արթուր նավահանգստով ու Դալնիով) և ձեռք բերեց իրավունք` Տրանս-սիբիրյան երկաթուղու ռազմավարական մագիստրալը կառուցելու ու Չիտայից Վլադիվաստոկ կապող կարճ ճանապարհը Մանջուրիայի միջով անցկացնելու համար:

Տրանս-սիբիրյան երկաթուղու կառուցումը ցարական Ռուսաստանի վաղեմի երազանքն էր, որի վառ ջատագովն ու լոբբիստը ռուսական կայսրության ֆինանսների նախարար Սերգեյ Վիտտեն էր:

Եվրոպամետ հայացքներ ունեցող պաշտոնյան պատճառ չէր տեսնում, թե ինչու չեն կարող ռուսական նավերն առևտուր անել Չինաստանի հետ Սև ծովից Սուեզի ջրանցքը կապող հատվածով, այնպես, ինչպես եվրոպական մի շարք երկրներ: Ու քանի որ Հնդկաստանից եկող անգլիական թեյը տապալել էր Չինաստանի թեյի շուկան, Տրանս-սիբիրյան երկաթուղին նոր պատուհան կբացեր չինական թեյը եվրոպական շուկա արտահանելու համար (J.N. Westwood, "Russia against Japan, 1904-05", Birmingham University, England): Ավելին` Մանջուրիայի միջով երկաթուղու անցումով Վիտտեն ոչ միայն 400  մղոնով կրճատեց ճանապարհը, այլև շինարարական աշխատանքները վերահսկելու նպատակով թերակղզու հատուկ կայաններում տեղակայեց ռուսական հատուկ բատալյոններ:

Այսուհետ երկաթուղու տարածքն ու ամբողջությունը պաշտպանելու էր «Մաթիլդայի պահապաններ» զինվորական ստորաբաժանումը (Վիտտեյի կնոջ` Մաթիլդայի անունով):

Պայմանագրի համաձայն` հյուսիսային Մանջուրիայում հանքեր շահագործելու իրավունքը պատկանում էր չինացիներին ու ռուսներին, իսկ թե Չինաստանը ցանկանար ռեգիոնի իր ռազմական օբյեկտներում զինավարժություն կամ այլ միջոցառում կազմակերպեր արևմտյան երկրների հետ, պետք է անպայման ներգրավեր նաև ռուսական կողմին (Amos S. Hershey "The International Law and Diplomacy of the Russo-Japanese War"):

Մանջուրիային տիրանալուց հետո Ռուսաստանն աչք դրեց Կորեային: Ինչպես ասում են, ախորժակն ուտելով է բացվում: Իսկ դա նշանակում էր Ճապոնիայից խլել իր իսկ հաղթանակի պտուղները, մինչդեռ դա արդեն կայծակ էր, որ ամպրոպ էր գուշակում:
1904թ. փետրվարի 8-ին Ճապոնիայի ռազմածովային նավատորմը հարձակվեց Արթուր նավահանգստում տեղակայված ռուսական նավատորմի վրա: Ճակատամարտը միաժամանակ ընթանում էր Հարավային Մանջուրիայում, Ճապոնական ծովում և Դեղին ծովում: Ծագող արևի երկրի զինվորները փայլատակում էին ամեն մարտում` ստիպելով ռուսներին նահանջել: Դիտարկելով ճակատամարտի խրոնիկոնը` հարկ է նշել, որ պատերազմը տևեց 18 ամիս, զոհվեց ավելի քան 125 հազար մարդ, կտրուկ նվազեց  Ռուսաստանի` Հյուսիսարևելյան Ասիայում ձեռք բերած իշխանությունը: Մարտերից մեկի ժամանակ էլ վախճանվեց նավատորմի կոմանդոր, ադմիրալ Ստեփան Մակարովը, որը մեծ կորուստ էր ինչպես նավատորմի, այնպես էլ ողջ բանակի համար: 
 
Փորթսմութի դաշինքը
Ռուս-ճապոնական հակամարտության վերջակետը դրեց ԱՄՆ-ն: Հենց նահանգների միջամտությամբ և նախագահ Թեոդոր Ռուզվելտի անմիջական հովանավորությամբ 1905-ի սեպտեմբերին կայացավ Փորթսմութի կոնֆերանսը, որի ժամանակ կնքվեց ռուս-ճապոնական հաշտության նախնական պայմանագիրը: Սրանով Ամերիկան ոչ միայն բարելավեց իր` համաշխարհային խաղաղասերի համբավը, այլև Թեոդոր Ռուզվելտի ձեռքով իր ակտիվում գրանցեց ևս մեկ խաղաղության նոբելյան մրցանակ:

Փորթսմութի կոնֆերանսին ճապոնական կողմին ներկայացնում էր դեսպան Իտիրո Մոտոնոն, իսկ ռուսական կողմին` Նիկոլայ Մալևսկի-Մալևիչը, ում 1906-ին փոխարինեց արտգործնախարար Ալեքսանդր Իզվոլսկին: Դաշինքի համաձայն` Ճապոնիան բռնակցեց Կորեան, ստիպեց Ռուսաստանին Մանջուրիայից դուրս բերել իր` 250.000-անոց բանակն ու հրաժարվել Լյաոդունի թերակղզու իր վարձակալական իրավունքներից: Ռուսական կողմը Ճապոնիային զիջեց նաև Հարավային Սախալինն ու Չանչունյան երկաթուղին (Արթուր նավահանգստից մինչև Չանչուն):

Իր հերթին` Ճապոնիան հրաժարվեց Սախալինի նկատմամբ ռազմատուգանքի ու Հեռավոր Արևելքում ռուսական ռազմածովային ուժերի նկատմամբ սահմանափակման պահանջներից: Կողմերը պայմանավորվեցին հետագայում հաստատել երկկողմանի տնտեսական կապեր, կնքել Առևտրի և նավիգացիայի վերաբերյալ դաշինք, ինչպես նաև ձկնորսական կոնվենցիա, Մանջուրիայի երկաթուղուց օգտվել միայն առևտրի նպատակներով:

Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու Ճապոնիայի տրամադրվածությունն ավելին էր,  քան վաղեմի փափագն ու շահերը հարակցելու միջոց: Առաջին հերթին դա Ճապոնիայի նոր կարգավիճակը հավաստող հաղթաթուղթ էր ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, որով նա կարող էր մուտք ու ելք ունենալ «համաշխարհային իշխանական սերուցքի սալոններ», և երկրորդ՝  Փորթսմութի համաձայնագիրը ճապոնական էլիտային հնարավորություն էր տալիս բացելու տնտեսական շնչուղիներն ու ամրապնդեու դիրքերը Ռուսաստանի Հեռավոր Արևելքում (Yaroslav Shulatov, "Reestablishing Economic Relations between Russia and Japan after the Russo-Japanese War: The 1907 Treaty of Commerce and Navigation"):

1907-ին Մոտոնո-Իզվոլսկի զույգը բանակցությունների նոր փուլ սկսեց Փորթսմութի պայմանագրի քաղաքական բաղադրիչում փոփոխություններ կատարելու և կոնվենցիան վերջնական տեսքի բերելու շուրջ: 1907-ի հուլիսին Ռուսաստանն ու Ճապոնիան կնքեցին Առևտրի ու նավիգացիայի վերաբերյալ համաձայնագիրը, ձկնորսական կոնվենցիան և երկու քաղաքական համաձայնագրեր, որոնցից մեկը՝ հանրային, մյուսը` գաղտնի (գաղտնի բանակցություններին մասնակցել էին միայն կողմերի դաշնակիցները` Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան): Դաշինքով Մանջուրիան բաժանվեց երկու մասի. Հյուսիսային Մանջուրիան անցավ Ռուսաստանի, Հարավային Մանջուրիան` Ճապոնիայի ազդեցության տակ: Բացի այդ, Ռուսաստանը պարտավորվում էր չմիջամտել Տոկիոյի քաղաքական որոշումներին, ինչի շնորհիվ էլ 1910թ. Ճապոնիան անեքսիայի ենթարկեց Կորեան, և ճանաչեց Ռուսաստանի` Արտաքին Մոնղոլիայի նկատմամբ «հատուկ հետաքրքրությունը»:

1911թ. Մաջու դինաստիայի անկումից ու չինական հեղափոխությունից հետո Մոնղոլիան իր անկախությունը հռչակեց Չինաստանից: Ռուսաստանն ու Ճապոնիան չկորցրին պահը` շաղկապելու իրենց շահերն ու համաշխարհային խաղացողներից (բացի Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից) գաղտնի կնքելու ևս մեկ դաշինք: Հետագա հինգ տարիներին հյուսիսարևելյան Ասիայի կարևոր հատվածը բաժանվեց Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև: Արտաքին Մոնղոլիան առանձնացվեց Չինաստանից, Մանջուրիան ու Մոնղոլիան (Ներքին և Արտաքին) կիսվեցին Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև` դառնալով այդ երկրների ազդեցության ոլորտներ (Peter Berton, "Diplomacy in the Far East During World War I"):

1912-ին և դրան հաջորդած տարիներին Գերմանիան ձեռնամուխ եղավ Չինաստանը ոտքի բերելու և այն բուֆերային գոտի ստեղծելու գործընթացին: Ճապոնիայի դեմ դաշնակցի դերում տեսնելով Ռուսաստանին` Գերմանիան դիմեց ցարին, սակայն վերջինս նորանշանակ արտգործնախարար Սերգեյ Սեզոնովի շուրթերով իմպերատորին հասկացրեց, որ չի ցանկանում առճակատման դուրս գալ ճապոնացիների դեմ: Ռուսաստանի համար եվրոպական շահերն ավելի կարևոր էին քան ասիական, հետևաբար նրանք ռիսկի չդիմեցին և չվտանգեցին Ճապոնիայի հետ ունեցած հարաբերությունները:

1916-ին առաջին համաշխարհայինի սոդոմ-գոմորում  ռուսներն ու ճապոնացիները շարունակում էին Չինաստանի մասնատումը: Ըստ գաղտնի պայմանավորվածության՝  կողմերը պարտավորվում էին պահպանել Չինաստանի նկատմամբ վերահսկողությունը: Եթե կողմերից մեկի և «երրորդ թշնամի պետության» միջև պատերազմ սկսվեր, ապա մյուս կողմը պետք է օգնության հասներ դաշնակցին: Խոսքն այս դեպքում ոչ թե պատերազմող Գերմանիայի, այլ չինական հարթակում նոր խաղացողների` Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ մասին էր:

Ռուսաստանն ամեն օղակով փորձում էր Ճապոնիային համոզել չինացիներին դուրս բերել կռվի դաշտ, սակայն վերջինս անդրդվելի մնաց: Մինչդեռ կողմերի միջև խաղաղություն պահպանելը նշանակում էր բարդությունն աճեցնել: Հետևաբար ռուս-ճապոնական հարաբերությունները ոչ միայն գնալով վատթարացան, այլև նպաստեցին ռուս-ամերիկյան կապերի մերձեցմանը և դաշնակիցների կարգավիճակով պատերազմի մեջ մտնելուն:

20-րդ դարի երրորդ տասնամյակում Ճապոնիայի ագրեսիան Արևելյան Չինաստանում ու Կորեայում հասնում էր զանգվածային մասշտաբների: Թեև չինացիների ու կորեացիների շրջանում հակաճապոնական արմատական խմորումներ էին ձևավորվում, սակայն նրանք բավական թույլ ու անզոր էին, իսկ ՍՍՀՄ-ն անկարող էր ռազմական ու տնտեսական օգնություն ցուցաբերել նրանց: 
Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո Ճապոնիան հարձակվեց ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային պատկանող խաղաղօվկիանոսյան ռազմական հենակետերի վրա: 1945թ. փետրվարին Յալթայի կոնֆերանսում Ստալինը կանաչ լույս վառեց Դաշնակիցների հետ Ճապոնիայի դեմ կռվելու պայմանավորվածությանը` պայմանով, որ ճապոնիան փոխհատուցի ռուս-ճապոնական պատերազմում կրած պարտության դիմաց: Կարճ ժամանակ անց խորհրդային զինուժը ծնկի բերեց Ճապոնիայի Կվանտունյան բանակը, ԱՄՆ ատոմային ռումբ նետեց Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Պատերազմում Ճապոնիայի ջախջախումից հետո Փորթսմութի հաշտության պայմանագիրն այլևս կորցրեց իր ուժը:

1945թ. սեպտեմբերի 2-ին Ճապոնիան ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Հենց այդ օրը ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը խորհրդային ժողովրդին ուղղված իր ուղերձում պետք է հպարտությամբ ազդարարեր. «1904 թ. ռուսական զինվորների պարտությունը ցավոտ սպի էր թողել մեր ժողովրդի հիշողության մեջ և սև հետք` մեր երկրի հեղինակության վրա: Մենք` հին սերնդի ժողովուրդս, 40 տարի սպասել ենք այս օրվան, և օրն այդ եկել է: Սա նշանակում է, որ Հարավային Սախալինն ու Կուրիլյան կղզիներն այսուհետ մտնում են Խորհրդային Միության կազմի մեջ»:
 
Կուրիլյան կղզիների գործոնը ռուս-ճապոնական հարաբերություններում
Ռուս-ճապոնական հարաբերություններում անկումային նոր փուլը կապված է Կուրիլյան կղզիների կամ Կուրիլյան հիմնախնդրի հետ:

Հարավային Կուրիլների կամ ինչպես ճապոնացիներին են ասում, Հյուսիսային տարածքների հիմնախնդիրը ժամանակ առ ժամանակ ջրի երես է դուրս գալիս` աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված, մտնում քննարկման օրակարգ և ավարտվում միևնույն վերջաբանով. Յալթայի պայմանավորվածությունն անբեկանելի է: 

Հարավային Կուրիլներն ընդհանուր առմամբ բաղկացած են 30 մեծ կղզիներից, որոնք բաժանվում են 2 խմբի` Մեծ Կուրիլյան և Փոքր Կուրիլյան կղզիների: Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան, Խաբոմայի. Ճապոնիայի ու Ռուսաստանի միջև վիճելի այս տարածքներն այն միակ ճանապարհն է, որն Օխոտի ծովը միացնում է Խաղաղ օվկիանոսին: Թերևս, սա է պատճառը, որ կողմերից յուրաքանչյուրն անզիջում է իր դիրքորոշման մեջ ու առաջ է տանում իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները:

Յալթայի կոնֆերանսից մեկ տարի անց` 1946-ի փետրվարին Ռուսաստանը պաշտոնապես իր վերահսկման տակ առավ տարածքները: 1951-ին Սան Ֆրանցիսկոյում հատուկ պայմանագիր կնքվեց, որի համաձայն` Ճապոնիան պարտավորվում էր հրաժարվել Կուրիլների նկատմամբ ունեցած իր իրավունքներից: Դաշինքի տակ ստորագրեցին Դաշնակից պետությունները:
Ռուս-ճապոնական հարաբերություններում բանակցությունների նոր պատուհան բացվեց 1956-ին, երբ ԽՍՀՄ վարչապետ Նիկիտա Խրուշչովը Ճապոնիայի իր գործակցի հետ համատեղ հռչակագիր ընդունեց, որը ոչ միայն կողմերի միջև դիվանագիտական կապերի նոր փուլ էր ազդարարում, այլև նախանշում, որ ապագայում կողմերի միջև խաղաղ պայմանգիր կնքվելու դեպքում Խորհրդային Միությունը Շիկոտան ու Խաբոմայի կղզիները զիջելու է Ճապոնիային: Սակայն Սառը պատերազմի գագաթնակետին Խորհրդային Միությունը հայտարարեց, որ իր և Ճապոնիայի միջև տարածքային որևէ հարցեր չկան:

ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը 1993թ. այցելեց Ճապոնիա, արարողակարգային հանդիպումների ժամանակ Ելցինը խոսեց Կուրիլյան հիմնախնդիրն օրակարգ բերելու ու հանգուցալուծում տալու մասին, նույնիսկ համոզմունք հայտնեց, որ այն կլուծվի մինչև 2000 թվականը: Ճապոնացիները հույսով լցվեցին, նույնիսկ օրացույցում ֆիքսեցին տարեթիվը, սակայն նրանց հույսերը չարդարացան:

Իշխանության գալով` Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ հավաստեց, որ Յալթայի պայմանավորվածությունն անշրջելի է: Դրան նորից հետևեցին տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից արված հուսադրող հայտարարություններ, 2011-ին նույնիսկ նախագահ Դմիտրի Մեդվեդեևն այցելեց կղզիներ, սակայն փաստ է, որ մինչև օրս Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել: Փոխարենը՝ վերջերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Ռուսաստանն առաջիկայում ռազմական բազա է կառուցելու Կուրիլներում, իսկ սա նշանակում է, որ ռուս-ճապոնական հարաբերությունները թևակոխում են նոր, ավելի խորը ճգնաժամային փուլ:
ՄԱՐԳԱՐԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ
2264 reads | 03.12.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com