ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ 


(ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

Ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացի սկիզբը դրվեց 1915 թվի մայիսի 24-ին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների հայտնի դեկլարացիայով:

Այդ դեկլարացիայում հայերի նկատմամբ Թուրքական կառավարության գործողությունները գնահատվեցին որպես "հանցագործություն մարդկության նկատմամբ” և պահանջ առաջադրվեց եղեռնագործության համար քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործության կազմակերպիչներին և իրագործողներին, իսկ ցեղասպանական գործողություններ կատարելու համար անձնական պատասխանատվության ենթարկել թուրքական կառավարության բոլոր անդամներին:

Այդ դեկլարացիային հաջորդեցին պետությունների, դատարանների և միջազգային կազմակերպությունների կողմից ցեղասպանության ճանաչման մի քանի տասնյակ որոշումներ: Ճանաչողունակության գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս հետաքրքիր օրինաչափություն` այն համահարաբերական է պետականության գործոնին:

Ինչպես հայտնի է, Հայաստանը անկախ պետականություն ձեռք բերեց ավելի ուշ: Առաջին հայկական հանրապետությունը գոյատևեց ոչ երկար և չէր կարող այնքան ուժեղանալ, որպեսզի կարողանար ազդել ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Հայկական երկրորդ հանրապետությունը ԽՍՀՄ-ի մի մասն էր: Իսկ ԽՍՀՄ-ը չէր ընդունում ցեղասպանությունը և ՄԱԿ-ում ցեղասպանությունը որպես հանցագործություն ճանաչելու կոնվենցիային կողմ չքվեարկեց, քանի որ նրա մի շարք գործողություններ կարող էին ընկնել այդ կոնվենցիայի տակ: Բացի դրանից ԽՍՀՄ-ը կարգավորել էր իր հարաբերությոընները Թուրքիայի հետ և այդ պատճառով էլ ցեղասպանության ճանաչման գործընթացում ոչ մի գործունեություն չէր ձեռնարկում: Բնականաբար ԽՍՀՄ-ը չէր ճանաչում հայկական ցեղասպանությունը և արգելել էր այդ մասին որևէ հիշատակություն: Սակայն որպեսզի հարավային սանմանը պահի փակի տակ, խորհրդային իշխանությունը թույլ տվեց հայերին պահպանել իրենց մեջ զոհի կերպարը: Ոչ ավելին: Հայերին թույլատրվեց միմիայն հիշել, բայց ոչ երբեք գործել:

Այդ պասճառով էլ բոլոր նրանք, ովքեր որևէ կապ ունեին ցեղասպանական գործողությունները դատապարտելուն, ենթարկվեցին ռեպրեսիաների և իրենց օրերն ավարտեցին ստալինյան ճամբարներում: Այսպիսով ազգը կորցրեց իր հերոսներին և հարկ է խոնարհվել նրանց հիշատակի առջև: Ազգը պարփակվեց զոհի կերպարի մեջ, ապրելով մի աշխարհում, որտեղ թուրքերը "թշնամիներ” էին, իսկ ռուսները` "փրկիչներ":

Այդ երկբևեռ աշխարհը մինչ այսօր շարունակում է մեզ պահել` փրկիչների նկատմամբ սիրո և թշնամիների նկատմամբ ատելության զգացմունքների գերության մեջ: Այդ ամենով հանդերձ ԽՍՀՄ-ի կազմում 70 տարի լինելը մեզ համար իզուր չանցավ, մենք ձեռք բերեցինք պետականության փորձ, և զարգացանք որպես պետականություն ունեցող ազգ: Մեզ հաջողվեց կոփել մեր բնավորությունը, որպես` աշխատելու, ստեղծագործելու, ապրելու և կռվելու ընդունակ ազգ (Հայրենական Մեծ պատերազմում բնակչության մեկ շնչին ընկնող քանակով հայերը տվեցին ամենաշատ պատերազմի հերոսներ: Այսինքն, ցեղասպանությունից հետո հայերը առաջին իսկ հնարավորությունն օգտագործեցին թշնամուն դիմակայելու և իրենց խիզախությունն ու հմտությունը ցուցադրելու համար):

Այդ ժամանակն իզուր չանցավ նաև ցեղասպանության ճանաչման տեսակետից: Այն օգտագործվեց ցեղասպանության վերաբերյալ փաստերի հավաքագրման և կոլեկտիվ հիշողության համախմբման համար: Հայերը բոլոր հնարավոր սկզբնաղբյուրներից մանրազննին կերպով հավաքագրեցին հանցագործության վերաբերյալ նյութեր: Հաջողվեց հավաքել հսկայական ծավալի փաստեր, որոնք ցեղասպանության ճանաչման պայքարի համար ստեղծեցին ծանրակշիռ փաստագրական բազա: Հաջողվեց նաև տարբեր դրվագների օգնությամբ վերականգնել ցեզասպանության ամբողջական պատկերը: Հսկայական ճիգեր գործադրվեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների ստեղծման և ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նշման համար` այն բոլոր երկրներում, որտեղ հայեր էին ապրում: Հիշողության պահպանմանը օժանդակում էին նաև նոր բնակավայրերը կորցրած հայրենիքի տեղանուններով անվանելը:

Ցեղասպանության ճանաչումը նոր խթան ստացավ 1965 թվին` նրա 50-ամյա տարեդարձի օրերին, երբ վերջապես հաջողվեց նշել սգի օրը և նոր Հայրենիքում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել:
Ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջորդ ալիքը կապված է Հայաստանի անկախացման հետ, այսինքն այն ատյանի կազմավորման հետ, որին կարելի էր փոխանցել ցեղասպանության ճանաչման պատասխանատվությունը: 1991 թվականին անկախ Հայաստանը հայտարարեց ցեղասպանության ճանաչման առաջնայնությունը:

Իսկ անկախության դեկլարացիան ցեղասպանության ճանաչումը հռչակեց Հայաստանի պետական քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը: Այդ փաստն էլ ավելի ակտիվացրեց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Սակայն շատ շուտով Թուրքիայի ուժային ճնշումը ստիպեց Հայաստանի իշխանությանը հասկանալ, որ անհնարին կլինի ցեղասպանության ճանաչման պայքարը համատեղել հայկական պետականության կառուցման հետ և միաժամանակ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի ազգային ազատագրական պայքարի խնդիրը:

Այդ բանը անկախ Հայաստանի իշխանություններին ստիպեց գնալ սփյուռքի հետ աշխատանքի բաժանման` հայտարարելով սփյուռքը ցեղասպանության ճանաչման գործում որպես իրավազոր մարմին: Սփյուռքի հետ աշխատանքի բաժանումը մի կողմից ակտիվացրեց ցեղասպանության ճանաչման` և մյուս կողմից հեշտացրեց անկախ պետականության ձևավորման պրոցեսը:

Սփյուռքը` ցեղասպանության ճանաչման գործում պաշտոնական սուբյեկտ ճանաչվելուց հետո, ակտիվորեն ձեռնամուխ եղավ գործին, որը շոշափելի արդյունքներ տվեց: Ավելի քան երեք տասնյակ երկրներ դրանից հետո ընդունեցին ցեղասպանությունը: Սփյուռքը նախաձեռնեց և մի քանի դատական գործեր շահեց Թուրքիայի դեմ` ցեղասպանության զոհերի կորուստների փոխհատուցման պահանջով: Բայց շուտով վրա հասավ ցեղասպանության ճանաչման այսպես ասած "գործիքայնացումը”: Հայաստանի իշխանությունները ցեղասպանության ճանաչման պահանջն օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար` ղարաբաղյան հակամարտության ընթացքում նրա դիրքորոշումը փոփոխելու նպատակով: Դեռ ավելին, Հայաստանի իշխանությունները թույլ տվեցին Եվրոպային ցեղասպանության ճանաչման պահանջն օգտագործել որպես թուրքական ամբիցիաների զսպման գործիք: Այդպիսի "գործիքայնացումը” դանդաղեցրեց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Ուշագրավ է, որ 2008-2009 թվականների ընթացքում աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել ցեղասպանությունը: Այնուամենայնիվ հայկական ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվում է: 2001թվին մենք ականատես եղանք մի նոր շրջադարձի, որը երևան եկավ Արգենտինայի Ֆեդերալ Դատարանի դատական որոշմամբ: Դատարանը որոշում կայացրեց Արգենտինայի քաղաքացի Գրեգորիո Հայրապետյանի հայցի մասին, որը դատարան էր դիմել` թուրքական պետությանը պատասխանատու ճանաչել Սվաս և Խարբերդ վիլայեթներում ցեղասպանության ժամանակ անհայտ կորած իր 50 հարազատների ճակատագրի վերաբերյալ: Այն ժամանակվա մեծ տերությունների դեսպանների և հյուպատոսների փաստաթղթերի և գաղտնի հաղորդագրությունների 11-ամյա ուսումնասիրություններից հետո, Արգենտինայի Ֆեդերալ Դատարանը կայացրեց մի վճիռ, որը մեղադրում էր թուրքական կառավարությանն այն բանում, որ այդ երկրում 1915 թվին գիտակցաբար և հետևողականորեն իրականացվել է հայերին բնաջնջելու քաղաքականություն:

Արգենտինյան Դատարանի որոշմամբ ամփոփվեց ցեղասպանության հանցագործության մեկդարյա պատմության հետաքննությունը: Այդ մեկդարյա պատմության սկիզբը դրվել էր Թուրքիայի զինվորական տրիբունալի որոշմամբ: Այդ որոշումը ուղենիշ է հանդիսանում ինչպես ցեղասպանության ճանաչման, այնպես էլ նրա ժխտման գործընթացներում, այդ պատճառով էլ այս հոդվածի շրջանակներում այն արժանի է ավելի մանրամասն լուսաբանման:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2958 reads | 11.10.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com