ՆԱՄԱԿ ԼԱՎՐՈՎԻՆ
  ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր           




                                                            
Ռուսաստանի Դաշնության Արտաքին
գործերի նախարար Ս.Վ.Լավրովին
Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ,
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Ձեր Պլանը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Նախագահների և Հայաստանի Վարչապետի 9 նոյեմբերի 2020թ. համատեղ հայտարարությամբ սրընթաց կյանքի կոչվեց, կարող եք տոնել:

Բարձր գնահատելով ՌԴ ձգտումը ռազմական գործողությունների դադարեցման, ԼՂՀ (Արցախի Հանրապետություն) խաղապահ ուժերի տեղադրման ուղղությամբ, միաժամանակ շեշտենք, որ այդ համաձայմանագիրը պարունակում է մեծաթիվ հակահայկական դրույթներ, որոնք մինչ նրանց կիրարկելը պետք է պարզաբանվեին և ենթարկվեին փոխհամաձայնեցման: Օրինակ, Քարվաճառում սկսված է ադրբեջանական փախստականների բնակեցումը, այն դեպքում երբ 1992 -94 թվականներին այնտեղ բնակեցվել են հայ փախստականները Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանից 98% հայ բնակչությամբ, որոնք կորցրել են իրենց ողջ ունեցվածքը և նոր տեղում (Նոր Շահումյան) կառուցել են տներ: Այժմ նրանց ստիպել են լքել նաև այդ տները: Որտե՞ղ է տրամաբանությունը և Ռուսաստանից Հայաստանի և Ադրբեջանի տխրահռչակ «հավասարահեռավորվածությունը»: Պահանջեք՝, վերջապես, նրանց վերադարձնեն Շահումյանի շրջան: Նման բախտի են արժանացել Նոր Մարաղա, Նոր Կարմիրավան և այլ Նոր….բնակավայրերը:

Ըստ համաձայնագրի՝ բոլոր ուղղություններով ճանապարհային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն, սակայն ողջ աշխարհի հայերի նվիրատվությունների հաշվին վերջին տարիների ընթացքում կառուցված Վարդենիս (Հայաստան) – Քարվաճառ-Մարտակերտ (ԼՂՀ) հոյակապ մայրուղին այժմ շրջափակված է Քարվաճառից մինչև Դադիվանք, և Մարտակերտի ու հարակից շրջանների բնակիչները գործնականում զրկված են Հայաստան մուտք գործելու հնարավորությունից:

Չկա հստակություն 2020թ. պատերազմի հետևանքով ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններից փախստական դարձած բնակչության իրենց հարազատ բնակավայրերը վերադառնալու հնարավորության և ժամկետների վերաբերյալ: 

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու համար, պարտավոր էր անմիջապես գործնականորեն արձագանքել ԼՂՀ-ում պատերազմին, խստորեն դատապարտել Թուրքիայի վարքագիծը, Եվրամիության և ՄԱԿ-ի առջև բարձրացնել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու և խստագույնս պատժելու հարցը՝ ԼՂՀ դեմ պատերազմ հրահրելու, ռազմական գործողություններ ծրագրելու ու ղեկավարելու, Ադրբեջանին ժամանակակից հարձակողական զինատեսակներ տրամադրելու, մի քանի հազար տեռորիստներ ներգրավելու համար:

Ռուսաստանի և  Թուրքիայի հերթական եղբայրացումը խանգարեց դրան և հազիվ թե Մինսկի խմբից կարելի է սպասել որևէ օգտակար բան:

ՌԴ ղեկավար շրջանակները և ԶԼՄ-ները գտնում են, որ արցախյան խնդիրը իբր ծագել է 1988 թվին՝ Սումգաիթից հետո և 2020թ. պատերազմը հետապնդել է նպատակ՝ վերադարձնել «Ադրբեջանին պատկանող տարածքները», որոնք կորցրվել են 1992 -1994 թվերին Ղարաբաղյան I պատերազմի ընթացքում: Այս կանխակալ կարծիք է, ստորև ցույց կտրվի,  որ այն չի համապատասխանում իրականությանը, քանզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը ծագել է 1918թ., երբ Թուրքիայի ջանքերով կազմավորվել է Ադրբեջանի Հանրապետություն նախկինում անհայտ պետությունը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը Միջազգային հարաբերությունների և Միջազգային իրավունքի հնագույն խնդիրներից է, որը հետևանք է խնդրի էության խեղաթյուրման և թուրք-ադրբեջանական առ այսօր չսանձված ստի, անամոթ ստի:

Առկա է Մոսկվայում հրատարակված փաստաթղթերի ունիկալ ժողովածու, որը ստեղծել է Ձեր թբիլիսյան հայրենակից, МГИМО շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ Յուրի Բարսեղովը՝ Нагорный Карабах в международном праве и мировой политике, документы и комментарии. Москва, Кругь, 2008, Том I (842 документов, 943 стр.), Том II – комментарий.

Հիմնվելով այդ փաստաթղթային ժողովածուի վրա, ցանկության դեպքում (որն անչափ կարևոր է) կարելի է կազմել բոլոր առումներով հավաստի պատկերացում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ և յուրաքանչյուրն ով ցանկանում է զբաղվել նրանով պարտավոր է ծանոթանալ այդ ժողովածուի փաստաթղթերի հետ:

Իմ մասնագիտությունը հենվում է հետևյալ անխախտելի սկզբունքի վրա – եթե կարելի է բերել թեկուզ մի օրինակ (նուրբ իրականացված էքսպերիմենտ), որը հակասում է Ձեր պնդմանը, ապա Ձեր պնդումը սխալ է և այն անհրաժեշտ է դեն նետել: Այդ պատճառով անմահ են Ձեզ հայտնի՝ Պյութագորասի թեորեմը, Արքիմեդի, Նյուտոնի օրենքները, Մենդելեևի աղյուսակը և բազմաթիվ այլ, որոնք ապահովեցին քաղաքակրթության զարգացումը:

Հենվելով նշված ժողովածուի  փաստաթղթերի վրա, կաշխատեմ ներկայացնել Ղարաբաղյան Խնդրի բուն էությունը: Հնարավոր է ես Ձեզ՝ մեծավաստակ դիվանագետին, հիասթափեցնեմ, քանզի որքան ինձ հայտնի է դիվանագետների մոտ այլ մոտեցում է՝ դրված է խնդիր, այն լուծելու համար բոլոր միջոցներն արդարացված են, հաղթողներին չեն դատում…

 Ղարաբաղի հայերը հանդիսանում են աբորիգեններ -  Ստրաբոն, Պլուտարխ, Պտոլեմեյ և ուրիշներ (տես.  документы №1 - №16):
Ադրբեջանցիների նախնիներ են հանդիսանում Кара-Коюнлу («Սև ոչխարներ») և Ак-Коюнлу («Սպիտակ ոչխարներ») քոչվոր ցեղերը, որոնք հայտնվել են Անդրկովկասում XV-XVI դարերում և նրանք չեն կարող հանդիսանալ Ղարաբաղում աբորիգեններ, ինչը նրանք պնդում են (տես. Босворт К.Э. Мусульманские династии. Справочник по хронологии и генеалогии. Москва. Наука. 1971. стр. 221-224).

Միջին դարերում Ղարաբաղը գտնվել է Պարսկաստանի կազմում: Ըստ ռուսական ուսումնասիրության (док. №56) «Ղարաբաղը երկիր է, որն ընկած է Արաքսի ձախ ափի և Քուռ գետի աջ ափի միջև, Մուղանի դաշտավայրից վերև, սարերում: Նրա գլխավոր բնակիչները հայեր են, որոնք ղեկավարվում են ժառանգաբար 5 իրենց Մելիքներով կամ բնիկ իշխաններով, համաձայն գավառների թվի: Յուրաքանչյուրը կարող է ցուցադրել  մինչև 1 հազար զինվոր: Այդ Մելիքները ըստ Նադիր շահի սահմանած կարգի անմիջապես ենթարկվում են շահին»:

Արցախ-Ղարաբաղում իշխել են հետևյալ Խամսայի Մելիքությունները («խամսը» արաբերեն՝ հինգ).
1. Գյուլիստան- տարածվում է Գանձակի (Գյանջա-Կիրովաբադ) սահմանից մինչև Թարթառ գետը (մոտավորապես Ադրբ. ԽՍՀ Խանլարի և Շահումյանի շրջանները),
2. Ջրաբերդ – տարածվում է Թարթառ գետից մինչև Խաչեն գետը (Քարվաճար(Քարվաճառ), ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային  և     կենտրոնական մասերը),
3. Խաչեն – տարածվում է Խաչեն գետից մինչև Բալուջա գետը (ԼՂՀ կենտրոնական մասը),
4. Վարանդա– տարածվում է Բալուջա գետից մինչև Դիզափայտի լեռնային գոտին       (ԼՂՀ Ասկերանի, Շուշիի և Մարտունու շրջանները),
5. Դիզակ – տարածվում է այդ սարերից մինչև Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Բերդաձորի, Կովսականի, Կորյագինո- Ֆիզուլիի շրջանները):

Նրանք օգտվել են լրիվ ազատությունից, վճարել են Պարսկաստանին հարկ և բանակին  մատակարել են ղարաբաղյան հայտնի ձիեր: Այդ հինգ հայկական իշխանությունները լինելով անմիջական հարևաններ կազմել են մեկ ամբողջություն և հարատևել են մինչև Ռուսական տիրապետության հաստատումը՝ 1813թ. միացումը Ռուսաստանին: 

Մելիքների միասնականությունը խաթարելու ձգտմամբ պարսիկ շահին հաջողվեց ստեղծել երկպառակտություն նրանց միջև, հատկապես, մելիքներից ամենահզորի՝ Շահնազար II-ի և մյուս չորսի միջև: Շահնազար II օգնության կանչեց և դաշինք կնքեց քոչվոր սարըջալը ցեղի առաջնորդ Փանահի հետ և համաձայնվեց որպեսզի նա բնակվի իր պապենական կալվածքում՝ Շուշիի ամրոցում: Այսպիսով առաջին անգամ Ղարաբաղ մուտք գործեց Տրոյական ձի: Շահնազար II-ի՝ Միխայիլ Գորբաչևի նախկին օգնական Գեորգի Շահնազարովի և կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովի  նախապապի կոպիտ սխալը շատ թանկ նստեց և դարձավ ճակատագրական առ այսօր Լեռնային Ղարաբաղի համար:

18-րդ դարից սկսած Գանձասարի վեհաշուք տաճարի կաթողիկոսները և Արցախի Մելիքները ձեռնարկեցին բուռը գործունեություն ռուսական ցարերի արքունիքի հետ սերտ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղը ազատագրելու նպատակով: Առաջարկեցին իրենց ծառայությունները, տվեցին հավատարմության երդում (տես. док. №17-148): Ահա մի հատված 15 մարտի 1783թ. նամակից (док. №77), որտեղ արտահայտվում է «պատրաստակամություն շուրջ հինգ տարի խնամել, կերակրել սպասվող 30 հազարանոց ռուսական բանակին և հավատարմություն արքունիքին»:

Արցախի հայերի մի քանի սերունդների ջանքերը պսակվեցին հաջողությամբ և Ղարաբաղը մտավ Ռուսական Կայսրության կազմ Ռուս-Պարսկական պատերազմի արդյունքում՝ 1813թ. Գյուլիստանի համաձայնագրով, որն ընդունվեց հայկական Գյուլիստան գյուղում՝ այժմ ադրբեջանցիների կողմից օկուպացված ԼՂՀ Շահումյանի շրջանում: Ռուսներին բազմակողմանի մեծ օգնություն են ցուցաբերել Արցախի Մելիքները (տես՝ զինվորական պատմաբան, գեներալ В.А. Потто. Кавказская война. В 5-и томах. СПБ. 1889г.):

Ցարական Ռուսաստանի կազմում Արցախը ստացավ ազատություն ձեռներեցության և լուսավորչության բնագավառներում, Շուշին դարձավ  Անդրկովկասում Թբիլիսիից հետո կուլտուրայի, մշակույթի, կրթության երկրորդ հայկական կենտրոնը: Հայերը պարտքի տակ չմնացին և ակտիվորեն մասնակցեցին բոլոր ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին, առաջադրելով հռչակավոր ու երևելի հրամանատարների մի ամբողջ համաստեղություն: Այդ է վկայում Ալեքսանդր II և III ռուսական ցարերի օրոք 1868-1887 թվերին Շուշիում կառուցված  Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարը, որը XX դարում երեք անգամ ավերվեց թուրք-ադրբեջանցիների կողմից, վերջին անգամ՝ 2020 թվականին:

 Ցարական Ռուսաստանի մղած պատերազմներում մեծ համբավ են ձեռք բերել 130 հայ գեներալներ: Մասնավորապես Ռուսաստանի 1812թ. Հայրենական պատերազմի և հետագայում Ռուս-թուրքական, Ռուս-պարսկական պատերազմների հերոս, գեներալ, իշխան Վալերիան Մադաթովը, գեներալներ Միխաիլ Լորիս-Մելիքովը, Դավիդ Դելյանովը, Արզաս Տերղուկասովը, եղբայրներ Բեբուտովները, Ախվերդովները, Աբամելիկները, Իվան Դավիդովիչ Լազարեվը, Արգուտինսկի-Դոլգորուկովները և շատ-շատերը: Անչափ ցավալի է, որ մեր օրերում Վալերիան Մադաթովի տոհմական կալվածքը՝ Լեռնային Ղարաբաղի Ավետարանոց գյուղը ավերվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Վերջերս սայտում և հեռուստատեսությամբ ցուցադրեցին ինքնագոհ կեցվածքով Իլհամ Ալիևին (ահա- ահա կպայթի ուրախությունից) Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի փառաբանված մարշալ, Ի. Ստալինի  անձնական խորհրդական ավիացիայի գծով Թեհրանի (1943թ.) և Յալթայի (1945թ.) երեք Մեծ տերությունների ղեկավարների  կոնֆերանսներում, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանֆերյանց) ավերված տուն-թանգարանի մոտ կանգնած:

Անպատժելիությունը դարձել է օրինաչափ ադրբեջանցիների համար, քանզի նույնիսկ ԽՍՀՄ-ի օրոք նրանք պղծեցին Սովետական Միության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Զրահատանկային  զորքերի Գլխավոր Մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակը, որոնք ծնվել են Լեռնային Ղարաբաղի Չարդախլու ունիկալ հայկական գյուղում: Այդ գյուղից 1941-45թթ. Հայրենական Մեծ պատերազմ են մեկնել 1250 մարդ՝ հերոսի մահով զոհվել են 452: Գյուղը Հայրենիքին տվել է՝ 2 Մարշալ, 12 Գեներալ, 57 գնդապետ, 199 սպա, 7 Սովետական Միության հերոս: Մատնացույց արեք երկրորդ նման գյուղը նույնիսկ Ռուսաստանում:

Մարշալ Բաղրամյանի ծննդյան 90-ամյակի օրը՝ 2-ը դեկտեմբերի 1987թ. Ադրբ. ԽՍՀ ԿՊ Շամխորի շրջկոմի I քարտուղար ոմն Մ.Ասադով Մարշալի գյուղում կազմակերպում է վայրագություններ, ջարդվում է Մարշալի արձանը և նրա կիսանդրին, վզին ամրացված թոկով, քարշ է տրվում փողոցներով, սկսվում է թալան, գաղթ, որն ավարտվում է 1988թ.: Դադարում է գոյություն ունենալ 16-դարյա հայկական գյուղը, երկու Մարշալների տուն-թանգարանը վերածվում է չայխանայի: Մ.Ասադովն արժանանում է պաշտոնի արտահերթ բարձրացման: Հետո եղավ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, ԽՍՀՄ փլուզում…

Ցարական Ռուսաստանում բոլոր տարածքները կազմավորվում և ղեկավարվում էին գուբերնիայի սկզբունքով, այսինքն գուբերնիան ձևավորվում էր տարածքային սկզբունքով, այլ ոչ թե ազգային: Օրինակ Նախիջևանը մտնում էր Էրիվանի գուբերնիա, իսկ Լեռնային Ղարաբաղը Ելիզավետպոլի (Գանձակ): Այդ պատՃառով ազգային հարցը, որպես այդպիսին լուրջ դրված չէր: Այդ պահպանվեց մինչև 1917թ. Հոկտեմբերյան Հեղափոխությունը:

1918թ.-ին հայտարարվեց Անդրկովկասում երեք անկախ հանրապետություն-ների ստեղծումը՝ Վրացական, Հայկական, Ադրբեջանական: 1918թ. հանդիսացավ առաջին անգամ աշխարհում ստեղծված Ադրբեջանի Հանրապետության տարեթիվը: Ցեղասպանություն ապրած Հայաստանը գտնվում էր թուլացած վիճակում՝ գաղթականներով լցված: Բաքվի, Շամախու և մասամբ Ելիզավետպոլ (Գյանջա) գուբերնիաների հիման վրա ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի դրդմամբ, իր առաջ խնդիր դրեց տերիտորիալ տեսակետից միանալ Թուրքիային: Հենց այդ ժամանակ առաջին անգամ հնչեցվեց, որ իբր «Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը՝ ադրբեջանական տարածքներ են» և պետք է մտնեն նորաթուխ Ադրբեջան կոչված պետության մեջ: Ահա մի հատված Անդկովկասում Գերմանիայի ռազմական ներկայացուցչության ղեկավար  գեներալ Կրես ֆոն Կրեսսենշտեյնի Գերմանիայի ԱԳՆ ուղարկված զեկուցագրից (док. №227), «Թուրքերը չպահպանեցին Բաթումի պայմանագրի հայերի նկատմամբ իրենց իսկ ձևակերպած պայմանները: Նրանք օկուպացրին մի շարք տարածքներ, որոնց կորուստը շատ ցավալի է հայերի համար: Այժմ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանից սկսել հարձակում հայերով բնակեցված Ղարաբաղի վրա: Թուրքիայի քաղաքականությունը պարզ է: Թուրքիան մտադիր է ոչնչացնել հայերին..., Թիֆլիս, 4 օգոստոսի, 1918թ.»: 

Հանրահայտ է, որ այդ տարածքները երբեք չեն գտնվել Թուրքիայի տիրապետության տակ, տեսականորեն նրանց կարող են հավակնել Ռուսաստանը և Պարսկաստանը: Այդ պատճառով Ազգերի Լիգան իր 6-ը դեկտեմբերի 1920թ. որոշումով մերժեց Ադրբեջանի խնդրանքը Ազգերի Լիգա ընդունելու վերաբերյալ՝ Վրաստանի և Հայաստանի հանդեպ տարածքային վեճ ունենալու պատճառով (см. док. №628):

Ազգերի Լիգայի որոշումից հետո թվում էր, թե հարցը փակված է, բայց ոչ՝ թուրք-ադրբեջանական պետական մակարդակի բարձրացված սուտը սկսեց հնչեցվել ամեն հարմար պահի: Բոլշևիկյան և հետբոլշևիկյան Ռուսաստանը, որքան էլ զարմանալի է, նրանց պաշտպանեց և այսօր թուրք-ադրբեջանական տանդեմին գրեթե հաջողվել է հասնել իրենց նպատակին՝ մնացել է 45 կմ երկարության Սյունիքի տարածք նրանց տարածքային միավորման համար: Բայց նույնիսկ այդ է քիչ նորահայտ սուլթանիկ Իլհամի համար՝ Երևանը և Սևանը նույնպես ադրբեջանական են: Նա դա տարածում է զանգվածային լրատվության բոլոր միջոցներով, հատկապես ռուսական: 

Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան գտնվում էր տարածքային տրոհման շեմին, բայց նրան հաջողվեց սերտ կապեր հաստատել Բոլշևիկյան Ռոսաստանի հետ: Ռուսաստանի կողմից ահռելի ռազմական և նյութական օգնության շնորհիվ, Թուրքիան 1920թ. հաղթեց Հունաստանին և փրկվեց անվերապահ կործանումից: Թուրքիան իր կողմից հանձն առավ տարածել բոլշևիկյան համաշխարհային հեղափոխությունը Միջին Ասիայում և Արևելքում:

Ձեզ հայտնի է, որ 1921թ. Մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության պայմանագիրը»: Բանակցություններին արգելվեց մասնակցել Սովետական Հայաստանի ներկայացուցիչներին: Ըստ այդ պայմանագրի Ղարսի մարզը (գտնվում էր Ռուսական միապետության կազմում 1879 թվից), Երևանի գուբերնիայի Սուրմալուի գավառը, Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռով (գտնվում էր Ռուսաստանի կազմում 1828 թ.-ից ) տրվեցին Թուրքիային: Կողմերը նաև համաձայնվեցին, որպեսզի Էրիվանի գուբերնիայի Նախիջևանի գավառը, որտեղ անհիշելի ժամանակներից բնակվում են մեծամասամբ հայեր, դառնա ինքնավարություն և «որպես Ադրբեջանի պրոտեկտորատ, պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի այն երրորդ պետությանը» (ակնհայտ է, որ երրորդ պետություն հասկացվում է Հայաստանը): Դրանով հեռատես Թուրքիան դրեց առաջին հիմնաքարը տարածքայնորեն միավորվելու իր իսկ կողմից կազմավորված Ադրբեջանի հետ (այսօր այդ ակնհայտ է բոլորին): Ասվածը Թուրքիայի ոճն է՝ հարևան երկրների որոշակի մասերում ստեղծել թուրքալեզու կղզյակներ հեռահար նպատակով՝ հարմար պարագաներում նրանց միավորել որպես սեփական տարածքներ:

Մարտի 16-ի պայմանագրի հետևանքով Հայաստանը կորցրեց 30 հազար քառակուսի կիլոմետր իր պապենական տարածքից: Հայաստանի սովետականացումը չօգնեց, նրան սպասում էր ևս մեկ ճակատագրական արհավիրք, արդեն կապված Լեռնային Ղարաբաղի հետ:

Հայտնի է, որ Անդրկովկասի սովետականացումն սկսվեց XI Կարմիր Բանակի օգնությամբ, արևելքից արևմուտք նրա շարժման ուղղությամբ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան): 1920թ. ապրիլի 26-ին նա հատեց Ադրբեջանի հյուսիսային սահմանը: Անմիջապես հետևեց Աթաթուրքի հրամանը Բաքվում գտնվող Թուրքիայի Արևելյան բանակի հրամանատար Կարաբեքիրին՝ չխոչընդոտել XI Կարմիր Բանակի առաջխաղացումը: Ապրիլի 28-ին հռչակվեց Ադրբեջանի սովետականացումը: Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը անմիջապես սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել «բուրժուական» Հայաստանին՝ պահանջելով Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը: Նորից հնչեցվեց թուրքական ծրագիրը – օգտվելով ստեղծված բարենպաստ  իրավիճակից տարածքայնորեն միավորել Ադրբեջանը Թուրքիային քանի դեռ Հայաստանում սովետական կարգեր չեն հաստատված: 

Դրա նախօրյակին 1920 թ. մարտին  Շուշի ներխուժած Խալիլ և Նուրի-փաշաների զորքը անգլիական  օկուպացիոն ուժերի թողտվությամբ կրակի մատնեցին 30 հազարանոց քաղաքի՝ 90% հայ բնակչությամբ, հայակական բոլոր թաղամասերը: Սպանվեցին շուրջ 8000 հայեր, մյուսներին՝ կորցնելով ամեն ինչ, հաջողվեց հեռանալ կրակի մեջ բոցկլտող քաղաքից: Թուրք-աբրբեջանական անպատիժ մնացած հանցագործ տանդեմի անամոթ հետնորդներն այսօր հորջորջում են ԼՂՀ պարծանք Շուշին իրենցը համարելը (տես. док. №404 լուսանկարչական վկայություններ):

ՌՍՖՍՌ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը անմիջապես պարզաբանեց ստեղծված իրավիճակը և չգնաց սովետականացված Ադրբեջանի ղեկավարության պահանջների բավարարմանը: Նա գտնում էր՝ «Ղարաբաղը բնիկ հայկական տարածք է» (док. №458  27 հունիսի 1920 թ.), իսկ Վ. Լենինին ուղղված 29 հունիսի 1920թ. նամակում նշում է՝ «և խոսք լինել չի կարող ադրբեջանական ասկերներին հայերի դեմ ուղղարկելուն՝ հայերից առգրավելու այն մարզերը, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ունի հավակնություններ», «խլել Հայաստանից ինչ-որ մասեր և մեր ձեռքերով հանձնել դրանք Ադրբեջանին՝ դա կնշանակեր Արևելքում մեր քաղաքականությանը հաղորդել կեղծ երանգ: Դա կխարխլի մեր քաղաքականության մասին պատկերացումը՝ որպես մաքուր անշահախնդիր և օբյեկտիվ»(док. №461):

Կցանկանայի իմանալ Ձեր հեղինակավոր կարծիքը, որպես այժմյա Ռուսաստանի Արտաքին գործերի Նախարարի, քանզի խոսքը գնում է միևնույն տարածքների մասին:

Չնայած Ի. Ստալինի հեռագրին ՌԿՊ(բ)  Կովբյուրոյի և Կովկասյան ճակատի ՌԽ անդամ Գ. Օրջոնիկիձեին 8 հուլիսի 1920թ. «Իմ կարծիքն այնպիսին է, որ չի կարելի անվերջ մանևրել կողմերի միջև, հարկավոր է պաշտպանել կողմերից մեկին որոշակի, այս դեպքում, իհարկե, Ադրբեջանին Թուրքիայի հետ միասին: Ես խոսել եմ Լենինի հետ, նա չի առարկում. Ստալին» (տես. док. №473):
Գ. Չիչերինին հաջողվեց չբավարարել Սովետական Ադրբեջանի նկրտումները ընդհուպ մինչև Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում (29 նոյեմբեր 1920թ.): XI Կարմիր Բանակի  հրամանատարությունը ևս հրաժարվեց բավարարել Սովետական Ադրբեջանի պահանջները, իսկ Զանգեզուրը կարողացան պաշտպանել հայկական ինքնապաշտպանական ուժերը: Այսպիսով Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային միացման ծրագրի իրականացումը XX դարի քսանական թվականներին տապալվեց:
Լեռնային Ղարաբաղը սկուտեղի վրա, առանց նույնիսկ մեկ կրակոցի Ադրբեջանին տրամադրեց ՌԿՊ(բ) Կովկասյան բյուրոն  իր 1921թ. հուլիսի 5-ի որոշումով, երբ նույն բյուրոն մեկ օր առաջվա որոշումով (4 հուլիսի) Լեռնային Ղարաբաղը համարեց Հայաստանի անբաժան մաս: Չարագործ դեր խաղաց Ի. Ստալինը, որը հավանաբար չէր մոռացել Օրջոնիկիձեին ուղղված իր հեռագիրը:
Հետագայում Արցախի հայերի համար առավել ահավոր գտնվեց Կովբյուրոյի որոշման բ) կետը՝ «հանձնարարել Ադրբեջանի կենտկոմին որոշել Ինքնավար Մարզի սահմանները և ներկայացնել Կովբյուրոյի հաստատման»:

Փոխանակ նոր ձևավորվող մարզի մեջ մտցնելու Ղարաբաղի այն տարածքները, որոնք կային Ռուսաստանի հետ Ղարաբաղի միացման պահին (1813թ.), կամ կազմեին խառը հանձնաժողով   բաղկացած ռուսներից, ադրբեջանցիներից և հայերից, որը կորոշեր մարզի ծավալը և սահմանները, այդ հարցերի լուծումը վերապահեցին Ադրբեջանի Կենտկոմին: Օգտվելով բ) կետից, առանց համաձայնեցնելու Կովբյուրոյի հետ, որը պահանջվում էր, ադրբեջանական իշխանությունները, հեռահար նպատակով, կտրեցին Լեռնային Ղարաբաղից և ինքնավար մարզի մեջ չմտցրին Շամխորի, Խանլար-Գետաշենի, Շահումյանի շրջանները 97-98% հայ բնակչությամբ հյուսիս-արևմուտքում, Քարվաճառի և Լաչինի շրջանները արևմուտքում և Մայր Արաքսի երկայնքով ամբողջ հարավային շրջանները, որոնք կազմում էին Դիզակի Մելիքությունը: Այս ամենը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի առաջին լուրջ տրոհումը: Արդյունքում 1923թ. կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ավտոնոմ մարզը (ԼՂԱՄ)- հետագայում վերանվանվեց ԼՂԻՄ, դարձավ լիովին իզոլացված Հայաստանից և բոլոր կողմերով շրջափակված միայն Ադրբեջանով:

Այդ թույլատրեց Ադրբեջանին ժամանակի ընթացքում արտագաղթի հասցնել բոլոր այն հայակական բնակավայրերը, որոնք դուրս էին թողնվել ԼՂԻՄ-ից և Արաքս գետի երկայնքով հնարավորինս մոտենալ Թուրքիային: 

Այսօր դժվար է պատկերացնել Հայաստանի և ԼՂՀ ապագան առանց Քարվաճառի(Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) շրջանների: Այդ արհեստականորեն ստեղծված սեպը (այսպես կոչված Կարմիր Քուրդստան) Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև, հանդիսանալու է լարվածության մշտական աղբյուր, մասնավորապես նաև ռուսական խաղաղապահ ուժերի համար, քանզի բազմակի չափով մեծացել է սահմանը, որն անհրաժեշտ է պաշտպանել:

Դուք կարող եք հակաճառել, չէ՞ որ այդպես եղել է և ԽՍՀՄ օրոք: Դուք ճիշտ էք, բայց ստալինյան ռեժիմի դեպքում, նրան ով կհամարձակվեր ազգային հողի վրա վիրավորեր դիմացինին սպասվում էր ընտանյոք հանդերձ Սիբիրի խուլ անկյունները: Դրությունը արմատապես փոխվեց, հատկապես Մ. Գորբաչևի օրոք, օրինակներ որքան ցանկանաք: Այսօր, Ձեզ հայտնի, այլ վիճակ է:
ԽՍՀՄ փլուզումից առաջ 3 ապրիլի 1990 թ. ընդունվեց ԽՍՀՄ Օրենք «Կապված ԽՍՀՄ-ից դուրս գալու հետ խնդիրների լուծման կարգի մասին»: 1991թ. հիմնվելով դեռևս գործող այդ օրենքի, Միջազգային իրավական նորմերի վրա կազմավորվել են երկու անկախ պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետությունը և ԼՂՀ: Ռուսական կողմը, ցավոք, ոչ մի ձևով չի շեշտադրում ԽՍՀՄ այդ օրենքը: Նոր կազմավորված Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) անմիջապես քայլեր ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու: Տիրանալով Անդրկովկասյան զինվորական օկրուգի 4-րդ բանակի զինանոցին ԱՀ զինվորական ստորաբաժանումները ձեռնարկեցին հարձակողական լայնամասշտաբ գործողությույններ ԼՂՀ դեմ: Առաջին ամիսներին ունենալով խոշոր քանակի սպառազինության միջոցներ ադրբեջանցիները հասան տպավորիչ հաջողությունների: Գրավվեց, թալանվեց և ավերվեց ԼՂՀ-ի տարածքի կեսից ավելին: Նախագահ Էլչիբեյը ցինիկորեն հայտարարեց՝ «շուտով ինքը կլվանա ոտքերը Սևանի ափին»: Չստացվեց: Հերոսական ջանքերով հայերին հաջողվեց կանգնեցնել թշնամուն, իսկ այնուհետև նրան դուրս շպրտել Արցախի տարածքի մեծ մասից: Չօգնեց նաև իշխանափոխությունը ԱՀ-ում:   Ալիև ավագի խնդրանքով միջամտեց Ռուսաստանը: Հայկական կողմը հարգելով Ռուսաստանի միջնորդությունը, 1994թ. մայիսին համաձայնվեց դադարեցնել ռազմական գործողությունները:  ԼՂԻՄ-ի շուրջն ազատագրված տոհմիկ հայակական տարածքները հանդիսացան արժանի պատասխանը ադրբեջանական հարձակման  (տես. օրինակ, ОБСЕ Մինսկի խմբում Ռուսաստանից Համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը  в «Ноев Ковчег», №2, փետրվար, 2021թ.):

Ցավոք, 1994թ. հետո Ադրբեջանը շարունակեց նվաճողական քաղաքականությունը և անցած ժամանակահատվածը օգտագործեց իր բանակի մոդեռնացման, նոր հարձակողական զենքերի մեծ քանակի ձեռքբերման համար, արհամարելով հայերի իրավունքը ապրելու իրենց հազարամյա տարածքների վրա, որոնք ողողված են հրաշակերտ ամրոցներով, քրիստոնեական կառույցներով, որոնց քարակերտ պատերին հայերենով փորագրված է երկրամասի փառավոր պատմությունը: Այդ տարածքներին հավակնող ադրբեջանցիները կաող են հակադրել գեթ մի արժեքավոր կառույց, թեկուզ ուշ շրջանի:

Աշխարհի քրիստոնյաների համար ամոթալի է, որ թույլատրեցին Ադրբեջանին գտնել ինչ որ ուդինի, որն այսօր ստիպված է պղծել հայկական ճարտարապետության հրաշալիքներից մեկը՝ Դադիվանքը: Ի՞նչ է սպասվում ԼՂՀ Հադրութի շրջանի 34 հայկական եկեղեցիներին: Շնորհակալություն Ձեզ, որ դիմել եք UNESCO, բայց ադրբեջանցիները չեն թույլատրում UNESCO-ի ներկայացուցիչներին այցելել տարածաշրջան: Ակնհայտ է, որ UNESCO-ն կհաստատի հայերի ճշմարտացիությունը:

Մեր կարծիքով այս ամենին նպաստել է մեր դիվանագետների, ինֆորմացիայի միջոցների անատամ և ոչ ադեկվատ կեցվածքը, Արցախյան հիմնախնդրի ոչ պատշաճ ներկայացումը համաշխարհային անալիտիկ կենտրոններին և տեղեկատվություն տարածող միջոցներին, Հանրապետության, նրա բանակի, անվտանգության մարմինների ղեկավար անձնակազմերի ցածր մակարդակի պրոֆեսիոնալիզմը, հատկապես վերջին տարիների:

Ինչպիսի՞ն է Ռուսաստան-Թուրքիա տանդեմը: XX դարի քսանական թվականներին Ռուսաստանից ստանալով ամենը և փրկվելով կործանումից, Թուրքիան անմիջապես դավաճանեց Ռուսաստանին՝ 1922թ. ֆիզիկապես ոչնչացրեց թուրք կոմունիստների լիդերներին և հատուկ որոշումով արգելեց կոմունիստական կուսակցությունը: Բոլշևիկյան հեղափոխություն «տարածողը» Միջին Ասիայում, հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ Էնվեր փաշան միայն ստեղծեց «Բուխարական բասմաչական էմիրությունը» և սպանվեց Կարմիր Բանակի կորպուսի հետ բասմաչների մենամարտում: Ճակատագրի հեգնանքով կորպուսի հրամանատարն էր հայ սպա, ծագումով Լեռնային Ղարաբաղից, Հակոբ Մելքումովը:

Ռուսաստան-Թուրքիա այժմյան տանդեմի արդյունքում Հայաստանին հասցվեց վիթխարի հարված և իմ հայրենիքը կանգնեց վատագույնի և ամենավատագույնի միջև երկընտրանքի:

Անալիտիկ վերլուծաբանները իրադրությունը բացատրում են Ռուսաստանի ձգտումով տարածաշրջանում ստեղծել ալյանս, որն ի վիճակի կլինի դիմակայել ԱՄՆ-ին ու Եվրոպային: Գինը՝ բավարարել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի պահանջը՝ Լեռնային Ղարաբաղ: Այսօր այն բավարարված է: Սակայն, պատմությունը հուշում է՝ կարճ ժամանակ անց Թուրքիան նորից կդավաճանի ու կվերադառնա Արևմուտքի գիրկը: Կսպասենք: 

Ռուսաստանը մի՞թե այլ տարբերակ չուներ….

Ի վերջո ի՞նչ է Ղարաբաղը հայերի և Հայաստանի համար: Լսենք ռուսին՝ (док. №275)
«Ամեն երկրի, ամեն ազգի մոտ առկա են իր բաղձալի պատվարները: Երբ պատմությունը դասավորվում է երջանիկ, նա դառնում է կրթվածության և քաղաքական կյանքի կենտրոն: Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, նա դառնումէ ազգային կյանքի հենարան, հույսերի կղզի, վերածննդի երաշխիք: Հենց վերջին դերն է խաղացել ու խաղում է հայ ժողովրդի համար Ղարաբաղ լեռնային երկրամասը:

Լինելով միասնական էթնիկ, տնտեսական և լեզվական տեսանկյունից, Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը: Այդպիսին է նա եղել անցյալում, այդպիսին է այժմ, այդպիսին կլինի նա միշտ, քանզի Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը անհնար է պաշտպանել չտիրանալով Ղարաբաղին»: Սերգեյ Գորոդեցկի, «Кавказское слово», 23.III.1919թ.
    
Աստված մեզ բոլորիս Դատավո՛ր
 
ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ
216 reads | 29.04.2021
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2021 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com