ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր




 
 
Ադրբեջանի ագրեսիան և Ղարաբաղյան  հակամարտության գոտում 2016թ. 2–5 ապրիլի լայնածավալ ռազմական գործողությունները, Մինսկի խմբի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հնչեցրած կարծիքները, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ԼՂԻՄ–ի շուրջը գտնվող այն տարածքները, որոնք գտնվում են ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ, ադրբեջանական կողմի այն պնդումը, որ իրենց ձեռնարկած հարձակողական գործողությունները հետապնդել են նպատակ` ազատագրել իրենց պատկանող այն տարածքները, որոնք օկուպացված են հայերի կողմից, իսկ իրականությունն այն է, որ հենց ադրբեջանցիներն են շուրջ 70 տարի օկուպացիայի տակ պահել այդ տարածքները և  շարունակում են պահել հայկական այլ տարածքներ ևս, կրկին պահանջում են լույս սփռել վաղուց ծագած պրոբլեմի վրա և տալ անաչառ գնահատական հակամարտող կողմերից յուրաքանչյուրի հիմնավորումներին:
 
Այդ նպատակով, առաջին հերթին անհրաժեշտ է լուսաբանել թե ինչու և ինչպես բացառապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտնվեց պատմությանը մինչ այդ անհայտ Ադրբեջանական ՍՍՀ կազմում: Բերենք որոշ անհերքելի փաստեր:
    
Ղարաբաղը մտավ Ռուսական կայսրության մեջ ռուս–պարսկական պատերազմի հետևանքով, Գյուլիստանի 1813թ. պայմանագրով, կնքված բացառապես հայերով բնակեցված Գյուլիստան բնակավայրում, որը գտնվում է այժմ ադրբեջանցիների կողմից օկուպացված ԼՂՀ Շահումյանի շրջանում:
 
Մինչ Ռուսաստանին միանալը Արցախը (հետագայում կոչվել է նաև Փոքր Սյունիք, Խաչեն, Ղարաբաղ) հանդիսացել է Մեծ Հայքի տասներորդ նահանգը և ունեցել է փառավոր պատմություն (տես, օրինակ, Нагорный Карабах-историческая справка, Изд.-во АН Арм.ССР, 1988г.): Արցախում  նախարարական (իշխանական) տան գործունեությունը չի դադարել և ոչ մի օր, նույնիսկ թաթար–մոնղոլական տիրապետության ժամանակ: XVI դարից սկսած հին նախարարական տներին փոխարինեցին մելիքները (նշանակում է իշխան, տիրակալ) և Արցախ–Ղարաբաղում իշխել են հետևյալ հայկական Խամսայի Մելիքությունները (խամսա արաբերեն նշանակում է`հինգ)`
  1. Գյուլիստան–տարածվում է Գանձակից (Գյանջա) մինչև Թարթառ գետը (ընդգրկում է մոտավորապես նախկին Ադր.ԽՍՀ Խանլար–Գետաշեն և Շահումյանի շրջանները):
  2. Ջրաբերդ–տարածվում է Թարթառ գետից մինչև Խաչեն գետը (ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային և կենտրոնական մասերը, այդ թվում Քարվաճառը (Քյալբաջարը)):
  3. Խաչեն –տարածվում է Խաչեն գետից մինչև Բալուջա գետը (ԼՂՀ կենտրոնական մաս):
  4. Վարանդա–տարածվում է այդ գետից մինչև Դիզափայտ լեռան շրջակայքը (ԼՂՀ Ասկերանի, Մարտունու, Շուշիի շրջանները):
  5. Դիզակ–տարածվում է Դիզափայտից մինչև Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Կարյագինո–Ֆիզուլիի, Բերդաձորի, Կովսականի շրջանները):
     Այդ հինգ հայկական իշխանությունները, լինելով կողք–կողքի հարևաններ, կազմել են մեկ միասնականություն և գոյատևել են մինչև ռուսական տիրապետության հաստատումը 1813 թվականին: Խամսայի Մելիքության բնակչությունը բացառապես կազմված էր հայերից: Ահա, օրինակ, ինչ է գրում Ղարաբաղը Ռուսաստանին միացման պրոցեսի անմիջական վկա Միրզա Յուսուֆը իր “Ճշմարիտ պատմություն” գրքում, որը նվիրված է Խամսայի Մելիքությունների պատմությանը (վերջերս գիրքը պարսկերենից թարգմանվել է հայերեն)` “Ղարաբաղի հինգ մահալները, որոնց բնակչությունը բացառապես քրիստոնյա է, հայտնի են  “Խամսա” անունով, նրանցից առաջինը Դիզակն է, որը տարածվում է` արևմուտքից   Հագարու գետից և լայնությամբ` Արաքս գետի երկայնքով”: Այսպիսով, Միրզա Յուսուֆի գրքից հետևում է, որ Արցախի Ինքնապաշտպանական բանակի կողմից Արաքսի երկայնքով ազատագրված տարածքները հանդիսացել են Դիզակի Մելիքության մի մասը և այնտեղ մինչ Ռուսաստանին միանալը (19 դար) ապրել են միայն հայեր: Գուցե մեզ բացատրվի, թե որտեղ էին բնակվում այդ տարածքներին հավակնող ադրբեջանցիները և ինչ էին նրանք իրենցից ներկայացնում:
 
Ռուսաստանի կազմ մտնելուց հետո, մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը ներառյալ, բոլոր տարածքները ղեկավարվել են Ռուսաստանում ընդունված նահանգապետության (գուբերնատորստվո) սկզբունքով:
Քսաներորդ դարի սկիզբը դարձավ ողբերգական Հայաստանի համար: Թուրքիայի կողմից 1915թ. ցեղասպանության ենթարկված Հայաստանը 1921թ. ստացավ ևս երկու սոսկալի հարվածներ, այս անգամ` նոր կազմավորված Թուրքիա–բոլշևիկյան Ռուսաստան ալյանսի կողմից:

Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան հայտնվեց տարածքային ցուքցվանգի եզրին, համաձայն Անտանտի երկրների և Թուրքիայի միջև կնքված Սևրի 10 օգոստոսի 1920թ. պայմանագրի: Քեմալ Աթաթուրքին հաջողվեց գտնել փրկություն` հաստատելով մոտիկ հարաբերություններ Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև: Վերջինս Թուրքիային անհատույց տրամադրեց խոշոր չափերի ռազմական և ֆինանսական օգնություն: Ահա մի քանի տվյալներ: Համագործակցություն հաստատելու նպատակով Մոսկվա ժամանած թուրքական պատվիրակության ղեկավարի 18 սեպտեմբերի 1920թ. իր երկրի ղեկավարությանն ուղարկված հեռագրում նշվում է` “Երբ ես պատրաստում էի մեկնել Մոսկվայից, այնտեղ արդեն պատրաստ էին ուղարկել ութ երկաթուղային վագոններ, բեռնված փամփուշտներով և գնդացիրներով` մեկ միլիոն ռուբլի ոսկով ընդհանուր գումարով: Ռոստովից ուղարկվել է 300 հազար փամփուշտ, 100 գնդացիր, 8 անգլիական արտադրության հրանոթ, վեց հազար անգլիական արտադրության հրացան: Հենց որ Մոսկվայում գիտենան, որ ոսկու առաջին խմբաքանակը տեղ է հասել, անհապաղ կուղարկվի ևս չորս միլիոն ռուբլի”: Ընդհանուր հաշվարկով Ռուսաստանը տրամադրել է անհատույց օգնություն 10 միլիոն ռուբլի ոսկով և անհաշիվ քանակի զինամթերք: Խեղճ, այդ ժամանակ սովի մատնված Ռուսաստան (տես Е.Грант „Армянский вопрос вчера и сегодня”, Москва, 1992г.):
 
Թուրքիան, իր հերթին, պարտավորվում է “Համաշխարհային սոցիալիստական հեղափոխությունը” տարածել Միջին և Արևելյան Ասիայում:
 
Ռուսների օգնության շնորհիվ Թուրքիան հաղթեց Հունաստանի հետ պատերազմում, փրկվեց անխուսափելի աղետից և հրաժարվեց Սևրի պայմանագրից: Ավելին, զգալով Սովետական կարգերի մոտալուտ հաստատումը Հայաստանում, հարձակվեց ցեղասպանության շնորհիվ թուլացած Հայաստանի վրա, նպատակ ունենալով ոչնչացնել պանթուրքական պլանների իրագործմանը խանգարող “այդ չարաբաստիկ սեպը”:

Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում (29 նոյեմբեր 1920թ.) չփրկեց նրան տարածքային նոր կորուստներից: 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս–թուրքական “բարեկամության ու եղբայրության” մասին պայմանագիրը: Համաձայն այդ պայմանագրի Թուրքիային են հանձնվում Ղարսի մարզը (գտնվել է Ռուսական կայսրության կազմում 1879 թվականից), Էրիվանի նահանգի Սուրմալուի գավառը Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան հետ միասին (Ռուսական կայսրության կազմում էր 1828 թվականից): Կողմերը համաձայնվեցին Էրիվանի նահանգի Նախիջևան գավառի տարածքի հիման վրա ձևավորել ինքնավարություն` հանձնելով այն Ադրբեջանին որպես “պրոտեկտորատ”, պայմանով, որ Ադրբեջանը այն չի զիջի երրորդ երկրի: Որպես երրորդ երկիր իհարկե նկատի էր առնվում Հայաստանը:
 
Հանրահայտ է հայերի հսկայածավալ ավանդը ռուս–թուրքական բոլոր հաղթական պատերազմներում: Հայերը տվեցին նշանավոր գեներալների մի ամբողջ համաստեղություն, որոնք բազմապատկեցին ռուսական զենքի փառքը:

16 մարտի 1921թ. պայմանագրի նախապատրաստման ընթացքում Թուրքիայի և նրա համախոհների ճնշման հետևանքով բանակցություններին թույլ չտրվեց մասնակցել Սովետական Հայաստանի պատվիրակության անդամներին, չթույլատրվեց մասնակցել նույնիսկ սովետական պատվիրակության անդամ, արտգործժողկոմի տեղակալ Լ.Մ.Կարախանին` ծագումով հայ լինելու պատճառով:
   
Սովետական պատվիրակության ղեկավար, արտաքին  գործերի ժողկոմ Գ.Վ.Չիչերինը աշխատել է դիմակայել նշված տարածքների հանձնմանը Թուրքիային, դեմ է արտահայտվել նաև սովետական պատվիրակության ռազմական փորձագետ` գեներալ–լեյտենանտ Ա.Ս.Սամոյլոն, սակայն նրանց ճիգերը չեն պսակվել հաջողությամբ: Ազգային հարցերի գծով այդ ժամանակվա ժողկոմ Ի.Ստալինի միջամտությունը ապահովել է այդ պրոթուրքական պայմանագրի ընդունումը:

Մոսկովյան պայմանագրի ստորագրումից հետո ահա թե ինչ է հեռագրել թուրքական պատվիրակությունը Թուրքիայի Արևելյան բանակի հրամանատար Կ.Կարաբեքիրին` “Ստալինն անձամբ հայերի կատաղի թշնամին է ... Պայմանագրի ստորագրումն իրականացավ շնորհիվ Ստալինի”:
 
16 մարտի 1921թ. պայմանագիրը համաշխարհային պատմության մեջ աղաղակող իրողություն է, որը  հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: Հայաստանին անմիջապես առնչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում: Արդյունքում Հայաստանը իր բուն տարածքից կորցրեց մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր:

Հետապնդելով նպատակ` ինչ–որ չափով մեղմել Մոսկովյան պայմանագրից հետո ստեղծված նեգատիվ իրավիճակը, 13 հոկտեմբերի 1921 թվականի Ղարսի պայմանագիրը գործնականում կրկնեց Մոսկովյան պայմանագրի բոլոր կետերը: Սակայն պայմանագիրը կնքվեց Թուրքիայի և Անդրկովկասի երեք հանրապետությունների միջև` ՌՍՖՍՌ սևեռուն հսկողության ներքո: Հայաստանը չվավերացրեց Ղարսի պայմանագիրը:
 
Վաղուց ժամանակն է չեղյալ հայտարարել 16 մարտի 1921թ. Մոսկվայի պայմանագիրը, որպես Ռուսաստանի համար խոշորագույն անպատվություն: Կարծես սառույցը տեղաշարժվել է` այդ են պահանջում նաև Ռուսաստանի Դաշնության Պետդումայի որոշ պատգամավորներ, մտավորականության և մասսայական լրատվական միջոցների հեղինակավոր ներկայացուցիչներ:
 
Նոր–նոր սովետականացված Հայաստանին սպասում էր ևս մեկ խոշոր աղետ, որի ողբերգական հետևանքների ականատեսն ենք առ այսօր:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1918թ. մայիսին Անդրկովկասում հռչակվեց երեք անկախ հանրապետությունների` Հայաստան, Վրաստան և պատմությանը մինչ այդ անհայտ Ադրբեջանի ստեղծումը: Մուսավաթականները Թուրքիայի թելադրանքով վերջինիս այդ անվանումով են կոչել հեռահար նպատակով` հարմար պահի ներկայացնել տարածքային պահանջներ (այսօր արդեն նրանք այդ անում են) Իրանին` հյուսիս-արևմտյան մասը, որը կոչվում է Ադրբեջան (Ատրպատական)  և որտեղ ապրում են որոշակի քանակությամբ թուրքեր: Շեշտենք, որ 1926թ. մարդահամարի տվյալների մեջ չի նշված ադրբեջանցի ազգ, այլ նշված է “կովկասյան թաթարներ”:
 
Նորաստեղծ մուսավաթական պետությունը միանգամից սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել իր հարևաններին` Վրաստանին ու Հայաստանին, այդ պատճառով նա չճանաչվեց և չընդունվեց  Ազգերի Լիգա:

Ինչպես հայտնի է, Անդրկովկասի սովետականացումը սկսվեց   XI  Կարմիր Բանակի օգնությամբ, արևելքից արևմուտք նրա շարժման ուղղությամբ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան): 1920թ. ապրիլի 26-ին XI Կարմիր Բանակը հատեց Մուսավաթական Ադրբեջանի հյուսիսային սահմանը, որին անմիջապես հետևեց Աթաթուրքի հրամանը իր Արևելյան Բանակի հրամանատար Կարաբեքիրին` չխոչընդոտել XI Բանակի առաջխաղացմանը: Ապրիլի 28-ին հռչակվեց Սովետական  կարգերի հաստատումը Ադրբեջանում, իսկ մայիսին`Ղարաբաղում: Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը անմիջապես սկսեց տարածքային պահանջներ ներկայացնել “բուրժուական” Հայաստանին` պահանջելով Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը: Այդ հանդիսանում էր թուրքական պլան` օգտվելով ստեղծված բարենպաստ իրադրությունից, տարածքներով միավորել Ադրբեջանը Թուրքիայի հետ: Պանթուրքիզմի այդ ծրագիրը այսօր էլ  լկտիաբար հնչեցվում է: Զանգեզուրի հայկական ինքնապաշտպանական ուժերին Մեծն Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ հաջողվեց պահպանել Զանգեզուրը, իսկ XI Կարմիր Բանակի հրամանատարությունը հրաժարվեց բավարարել ադրբեջանցիների պահանջները:
 
Հայաստանում Սովետական կարգերի հաստատման (29 նոյեմբերի 1920թ.) հենց հաջորդ օրը ընդունվեց Ադրբեջանի Հեղկոմի դեկլարացիան, որտեղ “ողջունելով եզբայրական ժողովրդի հաղթանակը” շեշտվում էր` “Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչվում են Հայկական Սոցիալիստական Հանրապետության բաղկացուցիչ մաս “:
Դեկլարացիան ստորագրել են Ադրբեջանի Հեղկոմի Նախագահ Ն.Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական Կոմիսար Գուսեյնովը:
 
ՌԿՊ (բ) Կովբյուրոյի 3 հունիսի 1921թ. պլենումը հանձնարարեց Հայաստանի ՍՍՌ կառավարությանը ընդունել համապատասխան դեկլարացիա և հունիսի 12-ին ընդունվեց հետևյալ դեկլարացիան` “Հիմնվելով Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Հեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբեջանի սոցիալիստական ռեսպուբլիկաների միջև պայմանավորվածության վրա, հռչակվում է, որ այսուհետև Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի Սովետական Սոցիալիստական ռեսպւբլիկայի անբաժանելի մասը”:Դեկլարացիան ստորագրել են` Հայաստանի Սովժողկոմի Նախագահ Ալ. Մյասնիկյանը և Սովժողկոմի քարտուղար Մ. Կարաբեկյանը: Սակայն ուրախությունը Հայաստանում երկար չտևեց: Շուտով Սովետական Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը արմատապես փոխվեց: Ն.Նարիմանովը պահանջեց Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում: Հավանաբար Նարիմանովի վրա վճռական ազդեցություն է թողել Աթաթուրքի ուղերձը, որը Նարիմանովին է հանձնել ՌՍՖՍՌ-ում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադ Ջեբեսոյը: Ուղերձում ասված էր, որ եթե Նարիմանովը չհրաժարվի դեկլարացիայից, ապա նա` Աթաթուրքը, կջնջի Նարիմանովի ազգանունը “նշանավոր մուսուլմաններ”ցուցակից:
 
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցին պատասխան տալու նպատակով 1921թ. հուլիսի 4-ին հրավիրվում է ՌԿՊ(բ) Կովկասյան բյուրոյի պլենումը, որն առանց արարողակարգային խախտումների որոշում է` “Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայաստանի ՍՍՌ կազմում, անցկացնել պլեբիսցիտ միայն Լեռնային Ղարաբաղում”: Այնուհանդերձ պլենումը Նարիմանովի առաջարկով որոշեց հարցը տեղափոխել ՌԿՊ Կենտրոնական  Կոմիտե–վերջնական որոշման: Սակայն հաջորդ օրը կայացավ Կովբյուրոյի նոր նիստ, որտեղ Մոսկվայի ներկայացուցիչ Ստալինի ճնշմամբ, առանց քվեարկության ընդունվեց հերթական  հակահայկական որոշումը: Կովբյուրոյի հուլիսի 5-ի որոշման մեջ մասնավորապես ասված է`

ա. Մուսուլմանների և հայերի միջև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից ելնելով`Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ՍՍՌ սահմաններում` տալով նրան լայն մարզային ավտոնոմիա ...
բ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել ավտոնոմ մարզի սահմանները ...
դ. Հանձնարարել Ադրբեջանի Կենտկոմին որոշել Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզի ծավալը ...
     Հետագայում Ղարաբաղի հայերի համար առավել սոսկալի դեր խաղացին որոշման բ. և դ. կետերը:
 
     Փոխանակ ավտոնոմ մարզի կազմում ընդգրկելու Ռուսաստանի մաս կազմելու պահին Ղարաբաղի ունեցած տարածքները, կամ ծայրահեղ դեպքում,  կազմվեր հանձնաժողով` բաղկացած ռուսներից, հայերից, ադրբեջանցիներից, որը որոշեր մարզի թե` ծավալը, թե սահմանները, այդ հարցերի լուծումը հանձնարարվեց Ադրբեջանի Կենտկոմին (բ.դ.կետեր):  Օգտվելով այդ կետերից`Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղից կտրեցին և ավտոնոմ մարզի մեջ չմտցրեցին Դաշքեսանի, Շամքորի, Խանլար–Գետաշենի, Շահումյանի շրջանները հյուսիս–արևմուտքում (շրջաններից մեծամասնությունում հայերը կազմում էին 97-98%), Քելբաջարի, Լաչինի շրջանները արևմուտքում և բոլոր, այժմ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրված տարածքները Մայր–Արաքսի երկայնքով: Այս ամենը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի տարածքի առաջին լուրջ տրոհումը: Ավելին, կար պահ, երբ Ադրբեջանը հրաժարվեց մարզի կազմավորումից, սակայն ստիպեցին, և 1923թ. հուլիսի 7-ին հատուկ դեկրետով ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ավտոնոմ մարզը (ԼՂԱՄ, հետագայում` ԼՂԻՄ):

    Բայց խաղաղություն այդպես էլ չհաստատվեց:  Կովբյուրոյի որոշումից անմիջապես հետո Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը իր 16 հուլիսի 1921թ. նիստում իր անհամաձայնությունն է արտահայտել “ընդունված” որոշմանը: Արդարության վերականգնման համար պայքարը շարունակվեց ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզվելը: Այն էլ ավելի թեժացավ ԽՍՀՄ փլուզոիմից հետո, ուղեկցվելով արյունալի բախւումներով, որը շարունակվում է առ այսօր:
 
     ԽՍՀՄ փլուզումից հետո,  հիմնվելով ԽՍՀՄ դեռևս գործող  օրենքների, մասնավորապես, 1990թ. ապրիլի 3-ի “ԽՍՀՄ կազմից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին” ԽՍՀՄ Օրենքի և Միջազգային իրավական նորմերի վրա, ձևավորվեցին երկու անկախ պետություններ` Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Այսօր խոսել Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության մասին` հասկանալով նրա կազմում ԼՂՀ –ի և ԼՂՀ Ինքնապաշտպանական բանակի կողմից ազատագրված տարածքները,  անհեթեթություն է, քանզի`
ա) այդ տարածքները բնիկ հայկական են և Թուրքիա–բոլշևիկյան Ռուսաստան տանդեմի կողմից սկուտեղի վրա  1921թ. մատուցվել են նորաստեղծ, պատմությանը մինչ այդ անհայտ Ադրբեջանին,
բ) 1991թ. ձևավորված Ադրբեջանական Հանրապետությունը (ԱՀ) անմիջապես ձեռնարկեց քայլեր Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ 1992թ. սկսելով լայնամասշտաբ պատերազմ ԼՂՀ դեմ: Առաջին հաջողություններից ոգևորված ԱՀ պրեզիդենտ Էլչիբեյը ցինիկորեն հայտարարեց` “Շուտով ոտքերս կլվանամ Սևանա լճում”: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե նրան այդ հաջողվեր...
 
     ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց տալ արժանի հակահարված, որի արդյունքում հաստատվեցին այսօր գոյություն ունեցող սահմանները հակամարտող կողմերի միջև: Ինչպես ցույց տվեցին 2-5 ապրիլի 2016թ. արյունալի դեպքերը, ԼՂՀ Ինքնապաշտպանական բանակը ունակ է պաշտպանելու իր Հայրենիքը և պատիվը:
 
     Վերջերս, դժբախտաբար,  լայն արծարծման առարկա է դարձել` ԼՂՀ հակամարտության շրջանում խաղաղություն հաստատելուց հետո ԼՂԻՄ-ի շուրջը ազատագրված տարածքները, որոմք այժմ գտնվում են ԼՂՀ-ի կազմում, թշնամուն վերադարձնելու անհրաժեշտության մասին հարցը: Այդ չի կարելի թույլ տալ իրականացնել, որովհետև`
ա) այդ տարածքները բնիկ հայկական են,  հաստատված վերը բերված փաստերով:
բ) նրանք ազատագրվել են` որպես անհրաժեշտ պատասխան թշնամու ագրեսիվ գործողությունների:
գ) Բազմակի չափով կերկարի թշնամու և հայկական Ինքնապաշտպանական ուժերի միջև առկա սահմանը:
դ) ԼՂՀ բոլոր բնակավայրերը, առանց բացառության, կդառնան խոցելի սովորական ռազմական ծանր տեխնիկայի համար և նենգ թշնամին կստանա հնարավորություն մեկ հզոր հարվածով ընդմիշտ լուծել խնդիրն իր օգտին:
    
Ո՞րն է ելքը: Ելքը, մեր կարծիքով այսօր միակն է`օգտագործել Եվրոպական երկրների փորձը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո (տես մեր հոդվածը www.diplomat.am կայքում` հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով):  Այդ փորձը կայանում է հետևյալում` թողնել անփոփոխ պատերազմից  անմիջապես հետո առկա սահմանները (ստատուս–քվո), թեև Եվրոպական երկրներից յուրաքանչուրն ուներ ավելի լուրջ տարածքային պահանջներ, հրաժարվել ուժ կիրառելուց,  ձգտել բարձրացնել սեփական ժողովուրդների  բարեկեցությունը միասնական տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ծրագրերի միջոցով,
 ժողովուրդների բարեկեցությունը վեր է ամեն ինչից`որպես հետևանք սահմանների գոյության որոշ ձևականություն:
 
     Վերադառնալով Հայաստանի  խնդրին, նշենք, որ Թուրքիա–բոլշևիկյան Ռուսաստան տանդեմը 1921թվականին բզկտեց ցեղասպանություն տարած Հայաստանին:  Այդ շատ ցավալի է այն ֆոնի վրա,  որ “Համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն” Միջին և Արևելյան Ասիա տարածող Թուրքիան, ստանալով Ռուսաստանից ամեն ինչ, արդեն 1922 թվականին ֆիզիկապես ոչնչացրեց Թուրքիայի կոմունիստական կուսակցության ղեկավարներին և հատուկ որոշումով արգելեց Կոմկուսը Թուրքիայում: Միջին Ասիա “հեղափոխություն տարածող”, հայերի ցեղասպանության կազմակերպման պարագլուխներից մեկը` Էնվեր Փաշան ստեղծեց Բուխարական Բասմաչական Էմիրատություն և սպանվեց Կարմիր Բանակի հեծյալ ջոկատի և բասմաչների միջև մարտում: Հեծյալ ջոկատի հրամանատարն էր հայ սպա Հակոբ Մելքումովը (ճակատագրի ինչպիսի հիասքանչ դրսևորում):
 
     Հետագա բոլոր տարիներին Թուրքիան միշտ եղել է Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված բլոկներում:
    Տեղին է հնչեցնել հետևյալ հարցադրամը` ի՞նչ վատ արարք է կատարել Հայաստանը, Ռուսաստանի հանդեպ նրանց միջև բազմադարյան հարաբերությունների պատմության ընթացքում: Բայց կարծես Ռուսաստանն արթնանում է և նման հարցադրումներ կատարում են Ռուսաստանի իսկական հայրենասերները և զանգվածային լրատվության միջոցները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:
 
     Վերը շարադրված փաստերը և նյուանսները կարող են և չիմանալ Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի  երկրների ներկայացուցիչները և Ադրբեջանական Հանրապետությունը ճանաչած մյուս պետությունները, բայց չէ՞ որ Ռուսաստանը գիտի ամեն ինչ:
     Մենք ողջունում ենք Ռուսաստանի ձգտումը ունենալ լավ հարաբերություններ և Ադրբեջանի և Հայաստանի հետ, բայց հերթական անգամ ոչ ի վնաս Հայաստանի:
ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ
1022 reads | 02.06.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com