ՄՇԱԿՈՒՅԹ. ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ. ՍՊԻՏԱԿ ԿԱՐԱՊԸ
ԿԼԱՐԱ  ԹԵՐԶՅԱՆ







Այդ երեկո ներկայացվելու էր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետը, և մենակատարը մի անփորձ, ուսումնարանը նոր ավարտած պարուհի էր` Արմինե անունով: Փորձերի ժամանակ բալետի դերասանները նրան Սպիտակ կարապ էին ասում: Սպիտակ կարապ էր ասում նաև նկարիչը, որ ամեն օր բեմի մի անկյունում նստած, մեծ կտավի վրա նկարում էր պարուհուն:

Փորձերը վերջացան, բայց նա չկարողացավ նկարն ավարտել: Հիմա արդեն ներկայացումն էր, և լեփլեցուն դահլիճն անհամբերությամբ սպասում էր նորավարտ պարուհու բեմելին:

Նկարիչը նստել էր առաջին կարգում, թրաշուշանների փունջը ձեռքին: Բացված թերթիկներով թրաշուշանը նրան թվում էր Արմինեն է՝ այդպես տիրաբար է նա բեմ մտնում: Կիսաբաց թրաշուշանը Արմինեն էր պտտվելիս, իսկ թերթիկները հետ գցած թրաշուշանն Արմինեն էր` թռիչքի պահին: Նկարիչն այտը քնքշորեն քսում էր ծաղիկներին: Դահլիճում մարեցին վերջին շշուկները, բեմը լցվեց կարապ- աղջիկներով:

Արմինեն սպասում էր իր մուտքին, նա հուզված էր, համակ պար էր ու երաժշտություն, բայց հաճախ հայացքը սահում էր բեմի այն անկյունը, որտեղ փորձերի ժամանակ նստում էր նկարիչը:«ՙԽնդրում եմ, մի պահ կանգնեք այդ դիրքով», - քանի-քանի անգամ ասել էր նա: Նկարել ու նկարածը չէր հավանել:

Առաջին օրերին Արմինեն ճնշվում էր նրա հայացքից. նկարիչը տգեղ էր: Իսկ հետո այնպես էր վարժվել, երբ նկարիչը չէր գալիս, թվում էր պարում է առանց հանդիսատեսի դահլիճում:

Այդպես էր փորձերի ժամանակ: Բայց Արմինեն չէր պատկերացնում, որ նկարչին կփնտրի ներկայացման ժամանակ, երբ ամբողջովին բեմական կերպարի մեջ է:«Ես Սպիտակ կարապ եմ», ինքնիրեն ներշնչող ձայնով ասաց Արմինեն, բայց նրան թվաց, որ ամեն ինչ մոռացել է, կշփոթվի, կսայթաքի: Անօգնական նայեց շուրջը:

- Մի հուզվիր: Ամեն ինչ շատ հաջող կանցնի:

Կողքը ուսուցիչն էր: Նրա ձայնի մեջ այնքան հանգստություն ու վստահություն կար, որ սկսնակ պարուհուն վերադարձրեց իր ուժերի նկատմամբ հավատն ու կամքը:

Արմինեն բեմ ելավ ջութակի հնչյունների ուղեկցությամբ: Երաժշտությունը ծորաց նրա թևերի սահուն ալիքներով, փոթորկվեց թռիչքի մեջ ու մարեց պտույտներում:

Մի պահ նա փնտրեց նկարչին, որքան էր ուզում տեսնել նրա աչքերը, որ արտացոլում էին իր պարը:
Արմինեն կանգնել էր գլուխը հետ գցած, ինչպես կարապը թռիչքից առաջ:

Հանդիսատեսը լուռ էր, ասես վախենում էր ծափերով խախտել պարի ու երաժշտության քնքշությունը: Հանկարծ մեկը բղավեց «բրավո», ու ծափերի տարափ հորդեց:

«Նա է», - մտածեց Արմինեն ու, հարմար առիթ որսալով, նայեց ձայնի կողմը: Նկարիչը նստած էր առաջին կարգում: Նա ոգևորված ինչ-որ բան էր ասում կողքը նստած կնոջը, իսկ կինը չէր լսում, հայացքը հեռուն էր:

Արմինեի աչքերը լցվեցին. «Որքան նման է իմ պատմությունը հեքիաթին: Կարծես իմ մասին են հորինել»:

Սկսեցին պարել փոքր կարապները, Արմինեն նորից կարողացավ նայել անծանոթ կնոջը, և հանկարծ նրան թվաց, որ կնոջ հոգում ինչ-որ բան է կատարվում, կինը պարում է…

Բեմի վրա արքայազնը փնտրում է իր տեսած կարապ-աղջկան: Նա լսում է կարապների պատմությունը` միայն նվիրական սերը կարող է նրանց ազատել չար ոգու կախարդանքից: Արքայազնը երդվում է:

Արմինեն հավատում է նրան, հավատում է նաև դահլիճում նստած նկարչին: Այդ կինը նրա հետ չի եկել, անգամ անծանոթ է: Նկարչին պետք է մեկի հետ կիսել իր տպավորությունը…

Ուրախությունը ծորում է Արմինեի ձեռքերի սահուն ալիքներով, սլանում թռիչքի մեջ, խճճվում պտույտներում:

Ուսուցիչը կանգնած է բեմի հետևում, նա հետևում է Արմինեի պարին ու չի թաքցնում հիացմունքը: Նա գիտի Արմինեի յուրաքանչյուր շարժումը, ամիսներ են միասին աշխատել: Հիմա նա տեսնում է նոր գույներ, նոր հոգեվիճակ:

Արմինեին ու արքայազնին մեծ ու փոքր կարապներն առնում են շուրջպարի մեջ: Հիմա Արմինեն կարող է երկար նայել նկարչին:
Անծանոթ կինը գլուխը թեքել է նրա ուսին և մեղմ ժպտում է: Արմինեն հայացքը հեռացնում է: «Տգեղ մարդիկ նման են ծպտված զինվորի, որ գաղտնի մտնում է հակառակորդի ամրոցն ու, հարմար առիթ որսալով, գրավում այն»: Այդպես անսպասելի Արմինեն զգաց, որ իր մեջ ամեն լավն ու գեղեցիկը կապվել է նկարչի հետ: Չգիտի, թե վաղն ի՞նչ է լինելու: Վաղը պետք է սքողի իր զգացմունքները, իսկ հիմա բեմում ոչինչ թաքցնելու հարկ չկա, ամեն ինչ վերաբերում է Սպիտակ կարապին:

Մի մարդ է միայն անհանգիստ, նա զգում է, որ իրականությունն է խառնվել Արմինեի արվեստին: Այդ մարդն ուսուցիչն է:  
Բեմի վրա թագավորական պալատն է, արքայազնը պետք է հարսնացու ընտրի: Գալիս է չար ոգին իր աղջկա հետ, որը կարապի կերպարանքով է: Նրա դերն էլ է Արմինեն կատարում: Արքայազնը խաբվում է, խոստումը դրժված է…

Արմինեի հաղթանակած աչքերը լցվում են արցունքով. հեքիաթն ասես իր մասին են հորինել: Դեռ երեկ նկարչի հետ նստած էին այգում, որտեղից երևում էր թատրոնը: Շրջանաձև աստիճաններով մարդիկ էին բարձրանում, մարդիկ էին իջնում: Իսկ նկարիչը նայում էր աշնան տերևներին ու շարունակ ասում.

- Տես, կարմիրը շատ գեղեցիկ է, բայց չի կարողանում ծածկել աշնան դեղինը: Աշնան ոսկին էլ հզոր չէ, քամին նրան քշում- տանում է չգիտես թե ուր… Եվ լավ է, որ չգիտես, որովհետև հավատում ես վերադարձին: Վերածնված վերադարձին…

Նկարիչը նրան ճանապարհեց մինչև տուն: Եվ ամբողջ ժամանակ ասում էր.
- Վաղը կլինի ամենալավ երեկոն: Դու քեզ կգերազանցես, կպարես այնպես, որ ինքդ էլ կզարմանաս:
- Մի՞թե:
- Այո, բեմի վրա, երբ դահլիճը լեցուն է, դերասանը ինքն էլ չգիտի, թե ինչ հրաշք խաղի է ընդունակ: Հաղթանակ, միայն հաղթանակ:
Ներկայացման վերջին գործողությունում Արմինեն բեմ ելավ: Նա այժմ, ինչպես երբեք, ուզում էր պարել «Կարապի երգը», որ կորսված անուրջների մասին էր: Սպիտակ ու սև կարապներն Արմինեին առել էին իրենց շրջանի մեջ ու թաքցրել արքայազնից: Արմինեն նայում էր անծանոթ կնոջը, զգում, որ նա էլ հանգիստ չէ, նրա հոգին էլ է խռովված:

Հեքիաթում մոտենում էր փոթորկի տեսարանը` պետք էր իրար բախվեին բարի ու չար ուժերը:
Ուսուցիչն անհանգիստ է: Արմինեն խառնվածքով քնարական է, երգային, և նրա մոտ պակասում է թափը: Պետք է կարողանալ հզոր լինել: Այնքան է ուզում, որ Արմինեն հանդիսատեսի տպավորությունը չթուլացնի:

Երաժշտությունը մոլեգնեց, ուր որ է` պետք է փոթորիկ սկսվի: Արմինեն նայեց հպարտ կնոջը: Մի պահ նրա դեմքից վերացել է դեգերող հայացքը, այժմ նա ամբողջությամբ սլացք է, թռիչք…Փոթորկվեց նաև Արմինեի հոգին՝ սլացավ, ճախրեց լեռների բարձր գագաթները, նետվեց ծովի անհուն ջրերը, նորից սլացավ երկնի կապույտում: Արմինեն զգում էր, որ կինը թռչում է իր հետ, ու դրանից ավելի էր մոլեգնում, համարձակ առաջ նետվում:

Կինը գնալով կորչում էր նրա հայացքից, նվաղում էր, փոքրանում:
- Բրավո, - որոտաց դահլիճը, - բրավո:
Արմինեի դեմքին այնքան ափսոսանք կար: Նա ուզում էր էլի պարել:
Հեքիաթում արքայազնը սպանել էր չար ոգուն: Հաղթանակել էր բարին, լուսավորը:
Ուսուցիչը չհամբերեց, որ իրեն բեմ կանչեն, նա վազեց դեպի Արմինեն, համբուրեց ճակատը: Դահլիճից թռչող ծաղիկները ծածկել էին բեմահարթակը:

Միայն մի մարդ հասկացավ, որ Արմինեի արվեստին խառնվել էր կյանքը: Այդ մարդը ուսուցիչն էր: Նա գիտեր, որ իսկական արվեստը ծնվում է այդպես: Ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ է վերջանում հեքիաթը և որտեղից է սկսվում իրականությունը: Սերտ միահյուսվածք է:

Արմինեն հուզված ընդունում էր հանդիսատեսի ու ընկերների շնորհավորանքները: Նա մի քանի անգամ նայեց բեմի այն անկյունը, որտեղ փորձերի ժամանակ նստում էր նկարիչը: Որքան էին միասին երազել այս պահը. ՙՀաղթանա՛կ, միայն հաղթանա՛կ՚:
Նկարիչը շատ ուշ, բոլորից հետո եկավ Արմինեին շնորհավորելու: Նրա հետ եկավ նաև հպարտ կինը` սպիտակ թրաշուշանները ձեռքին: Այժմ նրա դեմքն Արմինեին անծանոթ չթվաց:

- Արմինե, - ասաց նկարիչը, - դու քեզ գերազանցեցիր:
Նա էլի ինչ-որ բան էր ուզում ասել, հանկարծ սթափվեց.
- Ծանոթացիր, խնդրեմ, Մանեն է, իմ կինը: Նա էլ ժամանակին ցանկացել է պարուհի լինել: Հիացած է քո արվեստով:

Կինը մեղմ ժպտում էր:

- Մանե՞, - շփոթված ասաց Արմինեն: Հանկարծ նրա դեմքը պայծառացավ: - Դուք ինձ չե՞ք հիշում: Ասենք ինչպե՞ս հիշեք. մենք նույն ուսումնարանում էինք` դուք բարձր դասարանում էիք, ես` ցածր: Մեծերը, սովորաբար, փոքրերին չեն նկատում: Մեր ուսուցչուհին նույնն էր` Մարիա Իվանովնան:

- Ճիշտ է:

- Ես ջանում էի ձեզ ընդօրինակել, իսկ նա ծիծաղում էր ու ինձ ասում՝ «Միևնույն է, Մանե չես դառնա՞:

Մի պայծառ, երջանիկ ժպիտ էր ողողել Մանեի դեմքը: Նա նման էր մոռացված քանդակի, որին նախկին փայլն էին տվել:

- Բայց դուք ուսումնարանն ավարտելուց հետո կարծեմ պարելը թողեցիք: Գիտե՞ք, Մարիա Իվանովնան որքան էր վշտացած:
- Շա՞տ էր նախատում:
- Ձեզ`ոչ, ասում Էր՝ «Ամուսինը խեղճ աղջկան արվեստից զրկեց»:
Նկարիչը ծիծաղեց:
- Ներեցեք, ես ուղղակի կրկնեցի նրա բառերը, առանց մտածելու, որ դրանք ձեր մասին են:
- Խնդրեմ, - ասաց նկարիչը: Արմինեի աշակերտական անմիջականությունը նրան էլ էր համակել:
- Մանե, - ասաց Արմինեն, - դուք իսկական պարուհի եք:

Մանեն զարմացած նայեց ամուսնուն: Նկարիչը խորասուզված էր մտքերի մեջ. նա նկարում էր Արմինեին:
- Այո, իսկական պարուհի, - ասաց Արմինեն: - Այս երեկո մենք միասին պարեցինք:
Մանեն աշխատում էր մատների ծայրերով աննկատելի սրբել արցունքները: Նկարիչը մտքում ավարտում էր Արմինեի նկարը: Իսկ Արմինեն նայում էր արտասվող Մանեին ու մտածում, որ վաղը նկարիչը չի լինի իր մոտ, և ինքը պետք է պարի ու մոռանա, որ առանց նրա` հանդիսասրահը դատարկ է: Չէ՞ որ ինքը Սպիտակ Կարապ է, որին հեքիաթն է ստեղծել:
ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ
474 reads | 13.01.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com