ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ





Հաշվի առնելով տոնական օրերի բարձր տրամադրությունը, ցանկանում էի իմ հոդվածում անդրադառնալ մի ուրախ թեմայի: Սակայն, երբ տեսա Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Ադրբեջանի խորհրդարան ներկայացված արտառոց օրինագծի տեքստը՝ հասկացա, որ ես չէի կարող դրանից ավելի զվարճալի և միաժամանակ զզվելի նյութ ընտրել:
 
Առաջարկված ադրբեջանական օրինագիծը հակադարձ քայլ է ԱՄՆ Կոնգրեսի թիվ 4264 բանաձևի դեմ («2015 թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ»), որը ներկայացվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից դեկտեմբերի 16-ին՝ կոչ անելով մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև անվտանգության և իրավապահ մարմիններին: Բանաձևը նաև պահանջում է կրճատել ամերիկյան տնտեսական և էներգետիկ նախագծերը Ադրբեջանի հետ:
 
Կոնգրեսական Սմիթը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ լրագրողներին, ընդդիմադիր առաջնորդներին և իրավապաշտպաններին ազատազրկելու, կեղծ ընտրություններ անցկացնելու և կրոնական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար:
 
Կոնգրեսական Սմիթի նախաձեռնությանը հակադարձելու նպատակով Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիսի) Իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը դեկտեմբերի 24-ին համարձակորեն շտապեց առաջարկել իր պատասխան օրինագիծը, որով.
 
1) Թույլ չի տրվում մուտք գործել Ադրբեջան՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին, սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք ներգրավված են Ադրբեջանը վարկաբեկելու գործում, Հայկական սփյուռքի հետ համագործակցող քաղաքական գործիչներին, լրագրողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որոնք «արատավոր արշավ են վարում Ադրբեջանի դեմ», ամերիկացիներին, որոնք «հսկայական միջոցներ են վաստակել ամերիկյան իշխանությունների հետ համագործակցելով», քաղաքական գործիչներին, որոնք ընտրվել են Հայկական սփյուռքի և լոբբիստական խմբերի աջակցությամբ, անձանց, որոնք կեղծել են ԱՄՆ-ի ընտրությունները, և վերջապես նրանց, որոնք «դեմ են եղել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի վավերացմանը»...
 
2) Դադարեցվում են բոլոր գործարար կապերը ադրբեջանական և ամերիկյան ընկերությունների միջև.
 
3) Արգելվում են ամերիկյան հասարակական կազմակերպությունների կողմից ծրագրերի իրականացումը Ադրբեջանում և փակվում են նրանց բանկային հաշիվները, դադարեցվում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանում, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի կողմից, և վերջ է դրվում ամեն տեսակ «համագործակցությանը Միացյալ Նահանգների հետ՝ առևտրի, էներգետիկայի, ռազմական և անվտանգության ոլորտներում», ադրբեջանական զորքերը դուրս են բերվում համատեղ ռազմական գործողություններից Աֆղանստանում, արգելվում է ամերիկյան ռազմական և քաղաքաքացիական ապրանքների անցումը Ադրբեջանի տարածքով, և հեռացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի ԱՄՆ համանախագահը:
 
Անհավատալիորեն, առաջարկված ադրբեջանական օրինագիծը հանձնարարում է Միացյալ Նահանգներին էական բարեփոխումներ և փոփոխություններ իրականացնել հետևյալ ոլորտներում, նախքան Ադրբեջանի կողմից սահմանված պատժամիջոցները վերացնելը.
 
1) Մարդու իրավունքների խախտումներ, ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացության և իսլամաֆոբիայի դրսևորումներ և անմարդկային վերաբերմունք բանտարկյալների նկատմամբ.
2) Անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների դեմ.
3) Խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ և ԱՄՆ քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի խախտումներ.
4) Կոռուպցիա և լոբբիստական ​​գործունեություն.
5) Համատարած ընտրակեղծիքներ.
6) Միջամտություն օտարերկրյա պետությունների ներքին գործերին.
7) Զրպարտություն և արատավորման արշավ Ադրբեջանի Հանրապետության դեմ.
8) Աներկբա դիրքորոշում «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային իրավունքի համապատասխան, պատժամիջոցներ ագրեսոր երկրի [Հայաստան] նկատմամբ, և ոչ մի կապ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի հետ»:
 
Ադրբեջանի առաջարկած օրինագծի ծավալուն տեքստում Միացյալ Նահանգների կառավարությունը մեղադրվում է բազում խախտումների համար, ինչպիսիք են.
 
1) ՄԱԿ-ի մարդու իրավունքների 16 պայմանագրերից 12-ի վավերացումից հրաժարում.
2) Աճող ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացություն և իսլամաֆոբիա. «Ժողովրդի գրեթե 50 տոկոսի սպանություն ոստիկանության կողմից, Նյու Յորքում ձերբակալված և սպանված անձանց 70 տոկոսը սևամորթ է, իսկ 20-29 տարեկան սևամորթ անձանց մեկ երրորդը գտնվում է բանտերում».
3) Ցեղասպանություն Միացյալ Նահանգների բնիկ ժողովրդի դեմ, որի հետևանքով սպանվեցին «ավելի քան երեք միլիոն ամերիկացի հնդկացիներ».
4) «Ավելի քան 12 միլիոն ստրուկների» ներմուծում Աֆրիկայից.
5) Խոսքի և մամուլի ազատության խախտումներ, հետախուզական գործակալությունների  ապօրինի ներխուժումներ մարդկանց անձնական կյանք, համատարած գաղտնալսում և հալածանք, իսկ «ոստիկանության հարձակումները ու լրագրողների ձերբակալությունները սովորական երևույթ են դարձել Միացյալ Նահանգներում».
6) «Իրավական կոռուպցիա և լոբբինգ». միայն 2015 թ. առաջին ամիսների ընթացքում 2320 քրեական գործ է հարուցվել կաշառակերության մեղադրանքով տարբեր մակարդակի պաշտոնյաների նկատմամբ.
7) Համատարած կեղծիքներ ԱՄՆ ընտրություններում.
8) «Միջամտություն անկախ պետությունների ներքին գործերին՝ ահաբեկչության դեմ պյաքարի և ժողովրդավարություն հաստատելու պատրվակով».
9) Աջակցություն «անջատողական ռեժիմներին», ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է:
 
Թեև ճիշտ է, Միացյալ Նահանգներում ժողովրդավարական համակարգը կատարյալ չէ, սակայն երբ աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական վարչակարգերից մեկի խորհրդարանն է քննադատում ամերիկյան կառավարությանը և նրա թերությունները, խիստ ծիծաղելի է և վիրավորական...
 
Քանի որ Ադրբեջանը ԱՄՆ-ի կարիքը ավելի շատ է զգում, քան ԱՄՆ-ը՝ Ադրբեջանի, ապա հուսով ենք, որ Ադրբեջանի խորհրդարանը արագորեն կընդունի առաջարկված օրինագիծը և կխզի բոլոր կապերը Միացյալ Նահանգների հետ: Բարի ազատում... Հիմա ամերիկացիներն ավելի մեծ ուրախությամբ կնշեն Ամանորը...
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
1069 reads | 31.12.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com