ԻԼԻՊ-ԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԹՈՒՐՔԵՐԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՑ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ




Թուրքիան ոչ միայն հրաժարվել է միանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, այլև վերապատրաստել, զինել և աջակցել է հազարավոր ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:
 
Բրիտանական «Գարդիան» պարբերականը հայտնել է, որ մայիսին, երբ Միացյալ Նահանգների հատուկ ուժերը Արևելյան Սիրիայում շրջապատեցին և սպանեցին ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Սայաֆին, հարձակման ժամանակ առգրավված փաստաթղթերը բացահայտեցին Անկարայի սերտ համագործակցությունը ԻԼԻՊ-ի հետ: Հարյուրավոր հոդվածներ հրապարակվեցին ամբողջ աշխարհում՝ նկարագրելով  ԻԼԻՊ-ին ցուցաբերած թուրքական աջակցության մանրամասները: Դանիել Փայփսը, «Վաշինգտոն թայմս»-ում հրապարակված «Թուրքիայի աջակցությունը ԻԼԻՊ-ին» իր հոդվածում տեղեկացնում է, որ «Թուրքերն ավելի շատ բաներ են տրամադրել, քան պարզապես սահմանի հատումը. նրանք ապահովել են ԻԼԻՊ-ի եկամուտի, մատակարարումների, վերապատրաստման և զենքի առյուծի բաժինը»: Փայփսը նաև բացահայտել է, որ ԻԼԻՊ-ի վիրավոր զինյալները բուժում են ստացել թուրքական հիվանդանոցներում, և Թուրքիան ԻԼԻՊ-ին վճարել է 800 միլիոն դոլար նավթի ապօրինի առաքման համար:
 
Փոխնախագահ Ջո Բայդենը անցյալ տարվա հոկտեմբերին Հարվարդի համալսարանում ունեցած իր ելույթում հաստատեց Թուրքիայի կործանարար դերը իսլամիստ ահաբեկիչների աջակցման գործում. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Էմիրաթները «հարյուր միլիոնավոր դոլարներ և հազարավոր տոննա զենք են նվիրաբերել յուրաքանչյուրին, ով կպայքարի Ասադի դեմ, սակայն այդ մարդիկ, որոնք ստանում էին՝  բոլորը Նուսրա, Ալ-Քաիդա խմբավորումներից  էին և աշխարհի տարբեր մասերից եկած ջիհադական ծայրահեղական տարրեր էին»: Փոխնախագահը նաև բացահայտեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնավոր զրույցում իրեն ասել է. «Դուք ճիշտ էիք: Մենք շատ շատերին թույլ տվեցինք անցնել»: Բայդենը հետագայում ներողություն խնդրեց իր հրապարակային ելույթի համար, որպեսզի մեղմի Էրդողանի զայրույթը:
 
Միտչել Պրոտերոն McClatchyDC.com կայքից, օգոստոսի 24-ին ապշեցուցիչ բացահայտումով տեղեկացրեց, որ թուրքական հետախուզությունը ահազանգել էր իսլամիստ ահաբեկիչներին, որ ամերիկյան վերապատրաստում ստացած մի խումբ զինյալներ պատրաստվում են Թուրքիայից անցնել Սիրիա: ԱՄՆ վերապատրաստման 500 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի 54 շրջանավարտներից շատերին ժամանելուն պես Ալ-Քաիդայի Նուսրա ճակատը անմիջապես կանգնեցրեց և առևանգեց...
 
Անցյալ ամիս, երբ Թուրքիան վերջապես համաձայնեց միանալ ահաբեկչության դեմ պատերազմին և «թույլ տվեց» Միացյալ Նահանգներին Ինջիրլիքի ռազմակայանից հրթիռակոծել ԻԼԻՊ-ի թիրախները, ԱՄՆ պաշտոնյաների նախնական ցնծությունը վերածվեց սոսկումի, երբ նրանք հասկացան, որ թուրքական ռազմական առաջնահերթությունը Իրաքում և Սիրիայում քրդերին, այլ ոչ թե ԻԼԻՊ-ին հարվածելն էր: Թուրքիան, հարվածելով քուրդ գրոհայիններին, ըստ էության, օգնում էր ԻԼԻՊ-ին, քանի որ քրդերը ԱՄՆ-ի միակ վստահելի ռազմական գործընկերներն էին այդ տարածքում:
 
Ցանկանալով խոչընդոտել  անկախ Քուրդիստան ստեղծելու քրդերի վաղեմի երազանքը, քրդերի դեմ Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում լայնածավալ արյունալի հարձակումներ սանձազերծելով, Էրդողանը հույս ունի, որ նոյեմբերի 1-ին թուրք ընտրողները կօգնեն նրան վերականգնել իր կուսակցության՝ այս տարվա հունիսի ընտրություններում կորցրած խորհրդարանական մեծամասնությունը: Ի դժբախտություն Էրդողանի՝ քրդերի դեմ հարձակումները բացասական արձագանք գտան շատ թուրք քաղաքացիների շրջանում, որոնք կորցրել էին բանակում ծառայող իրենց սիրելիներին՝ պարզապես Նախագահի քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար...
 
Հուսահատության մեջ հայտնված Էրդողանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դիմել ևս մեկ հնարքի: Տեսնելով, որ քրդերի ռմբակոծումը չի ստեղծում ակնկալվող հանրային աջակցություն առաջիկա ընտրություններում, նա կարող է հրամայել զանգվածային հարձակումներ ձեռնարկել քրդերի դեմ ամբողջ Արևելյան Թուրքիայում: Իսկ հետո որպես պատրվակ օգտագործելով քաղաքացիական պատերազմը՝ արտակարգ դրություն հաստատել, կասեցնել խորհրդարանը և կառավարել կղերապետական օսմանյան սուլթանի երկաթե բռունցքով...
 
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել կանգնեցնելու իրենց իսկ ստեղծած հրեշին, մինչ նա կոչնչացնի ամեն ինչ իր ճանապարհին: Էրդողանը լուրջ սպառնալիք է իր սեփական քաղաքացիների՝ թուրքերի, քրդերի և այլոց համար, ինչպես նաև ապակայունացնող ուժ է ամբողջ տարածաշրջանի համար: Արևելյան Թուրքիայում քուրդ բնակչության վրա վայրագ հարձակումները լավագույն փաստն են, թե ինչու քրդերն արժանի են անկախ պետականության և չեն կարող այլևս հանդուրժել թուրքական դաժան վարչակարգը...
 
Օբամայի վարչակազմը պետք է հետևի Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան և 2005-2009 թվականներին պաշտպանության փոխնախարար Էրիկ Էդելմանի իմաստուն խորհրդին: «Նյու Յորք թայմս» թերթում օգոստոսի 27-ին հրապարակված իր հոդվածում Էդելմանը առաջարկում է, որ Միացյալ Նահանգները «սահմանափակի Թուրքիայի մասնակցությունը բարձր մակարդակի հանդիպումներում, կրճատի հետախուզական համագործակցությունը և մերժի ամերիկյան աջակցությունը Թուրքիային միջազգային ֆինանսական հաստատություններում»: Այս և շատ այլ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, մինչև նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
 
 «Նյու Յորք թայմս»-ի խմբագրական խորհուրդը օգոստոսի 31-ի խմբագրականում Էրդողանի քաղաքական հնարքները բնութագրեց որպես փորձ՝ «փրկելու իր հավակնությունները՝ ավտորիտար կառավարումը և մեծապես ընդլայնված լիազորությունները շարունակելու համար»:
 
Սիրիայում և Իրաքում ահաբեկչության հիմնախնդիրը սահմանափակելու, այդ երկրներում կայունությունը վերականգնելու և Թուրքիայի ներսում աճող արյունահեղությունը դադարեցնելու համար, թուրք ժողովուրդը չպետք է թույլատրի, որ Էրդողանի կուսակցությունը վերականգնի իր կորցրած խորհրդարանական մեծամասնությունը...
  
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
1240 reads | 24.09.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com