ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԵՏՔ Է ՄՏԱՀՈԳՎԵՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ




Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին լիովին կորցրել է իր հեղինակությունը բազմաթիվ արտառոց պնդումներ անելու պատճառով: 
 
Օրինակ՝ անցյալ տարի Ստամբուլ այցելած մի խումբ լատինամերիկյան մահմեդականների Էրդողանը ասաց, որ մահմեդական ճանապարհորդներն են հայտնաբերել Ամերիկան Քրիստափոր Կոլումբոսից ավելի քան 300 տարի առաջ:
 
«Պնդում են, որ Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկա մայրցամաքը 1492 թվականին: Իրականում, մահմեդական նավաստիները հասան ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին.... Իր հուշագրություններում Քրիստափոր Կոլումբոսը նշում է Կուբայի ափամերձ բլրի վրա մզկիթի առկայության մասին: Այդ բլրի վրա մզկիթն այսօր շատ տեղին կլիներ»:
 
Երբ մարդիկ ամբողջ աշխարհում ծաղրուծանակի ենթարկեցին Նախագահի անհիմն պնդումը, թուրք լրագրող Օրեյ Էգինը պարզաբանեց, որ Էրդողանը լրիվ խեղաթյուրել է այն, ինչ Կոլումբոսը գրել էր իր  հուշերում՝ Կուբայում սարի գագաթը համեմատելով «մի գեղեցիկ մզկիթի» հետ: Թուրքիայի ղեկավարը սխալմամբ եզրակացրել է, որ Կոլումբոսը տեսել էր մահմեդական նավաստիների կառուցած մզկիթը...
 
Էրդողանին ծաղրող բազմաթիվ կատակներից մեկում, ինչ-որ մեկը հեգնանքով պնդել է, որ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգն իր ինքնակենսագրականում գրել է. «Երբ մենք իջանք Լուսնի վրա, տեսանք մի հոյակերտ շենքի ավերակներ: Ես ու Բազ Օլդրինը շշմեցինք, երբ մոտեցանք այդ ավերակներին: Դա խնամքով կառուցված մի օսմանյան փոքրիկ մզկիթ էր: Երբ վերադարձանք երկիր, ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) և ամերիկյան կառավարությունը մեզ հանձնարարեցին այդ մասին լռել»:
 
Թուրքիայի ղեկավարին վերագրվող նման տարօրինակ հայտարարությունները շարունակում են հայտնվել համացանցում: Հաշվի առնելով Էրդողանի հիմար պատմություններ հորինելու սովորությունը, շատ մարդիկ հակված են հավատալու այն ամենին, ինչ կարդում են նրա մասին.
 
Ահա մի թարմ օրինակ՝ «Օսմանցիներն առաջինն են հասել Լուսին, ասում է Թուրքիայի նախագահը», գրում է Բարբարա Ջոնսոնը «Վորլդ նյուզ դեյլի ռիփորթ» թերթում (World News Daily Report): Նա մեջբերել է Էրդողանի խոսքերը. «Ասում են, թե Նիլ Արմսթրոնգն առաջին մարդն էր, որ 1969 թվականին ոտք դրեց Լուսնի վրա: Իրականում, մահմեդական տիեզերական ճանապարհորդներն են հասել այնտեղ դրանից 334 տարի առաջ՝ 1635 թվականին:  Բոլորը գիտեն հայտնի օդաչու Լագարի Հասան Չելեբիի՝ «օսմանյան տիեզերագնացի» մասին, ով առաջին հաջող հրթիռային թռիչքը կատարեց 1633 թվականին: Միգուցե դուք չգիտեք, որ երկու տարի անց նա փորձեց հասնել Լուսին, որը հնարավոր է բարեհաջող ավարտ ունեցավ»:
 
Ըստ թուրքական դիցաբանության՝ առասպելական օսմանյան օդաչու Լագարի Հասան Չելեբին 1633 թվականին ուղևորվեց 7-թևանի հրթիռով, օգտագործելով մոտ 60 կգ վառոդ: Թռիչքից առաջ նա բացականչեց. «Իմ սուլթան, օրհնյալ լինեք, ես գնում եմ Հիսուսի հետ զրուցելու»: Նրա հրթիռը ծովի վրա վայրէջք կատարելուց հետո, Չելեբին իբր լողալով հասավ ափ և ասաց. «Իմ սուլթան, Հիսուսն իր ողջույնն է ուղարկում Ձեզ...»:
 
Լրագրող Ջոնսոնը շարունակեց իր տարօրինակ պատմությունը. «Նախագահ Էրդողանի զարմանալի հայտարարությունը որոշ շշնջոց և քմծիծաղ առաջացրեց դահլիճում, և նման արձագանքը զայրացրեց թուրք քաղաքական գործչին: Նա խստորեն քննադատեց թերահավատներին իրեն ծաղրելու համար՝ հավելելով, որ շուտով իր խոսքերը հաստատող ապացույցներ կներկայացնի. «Ինչո՞ւ չեք հավատում: Որովհետև երբեք չեք հավատացել, որ որևէ մահմեդական ունակ է նման բան անել.... Հնարավոր է, որ ՆԱՍԱ-ն ոչնչացրել է օսմանյան հաջողության բոլոր իրեղեն ապացույցները «Ապոլոն-11» առաքելության ժամանակ, բայց մենք կփորձենք որևէ թաքցված վկայություն գտնել»:
 
Իհարկե, Ջոնսոնի գրածը ճիշտ չէր: Էրդողանը երբեք այդ խոսքերը չի արտասանել: Սակայն, հետաքրքիր է, որ շատ թուրքեր հավատացին այս կեղծ պատմությանը և հետևյալ մեկնաբանությունները տեղադրեցին՝ արձագանքելով Ջոնսոնի հոդվածին. 
 
- Ալի Էմրե Դեմիր. «Ցավոք, նա մեր Նախագահն է»:
- Բերքայ. «Սարսափելի է, երբ դու ապրում ես այդ երկրում և ականատես լինում այդ մարդու արածներին ու տեսնում, թե նա ինչքան շատ աջակիցներ ունի: Խայտառակություն է»:
- Դենիզ. «Խեղճ թուրք աշխարհիկ ժողովուրդ... Այս Թայիփը Թուրքիայի ամոթն է»:
- Հուսեյն. «Դուք չեք կարող պատկերացնել, թե մենք ինչքան ենք տառապում: Նա դաժան բռնապետ է.... Նա ամբողջովին անարգանք է մեզ համար»:

 
Իրոք, Էրդողանը մեծ խայտառակություն է միլիոնավոր թուրքերի համար, որոնք ամաչում են, որ նման  նախագահ ունեն: Ցավոք, Թուրքիայի նախագահի գործողություններն ավելի անողոք են, քան նրա խոսքերը. նա ազատազրկում է լրագրողներին, հրամայում կրակել քաղաքացիական ակտիվիստների վրա, դատի է տալիս նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ, թաքցնում է կոռուպցիայի միջոցով ձեռք բերված միլիոնավոր դոլարները, աշխատանքից ազատում է դատավորներին և իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց, որոնք հրաժարվում են կատարել նրա ապօրինի հրահանգները, և աջակցում է «Իսլամական պետության» ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:
 
Միջազգային հանրությունը պետք է ավելի շատ մտահոգվի Էրդողանի սարսափելի գործողություններով, այլ ոչ թե նրա զառանցանքներով...
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
983 reads | 22.07.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com