ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՐԹԱԳԵՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՐԾԱՆԵԼ

ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ





Պունիկյան երրորդ պատերազմի (ն.թ.ա. 149-146 թթ.) նախօրեին հռոմեական զորավար և քաղաքական գործիչ Մարկոս Պորկիոս Կատոն Ավագը Սենատում արտասանած իր ճառերը շարունակ ավարտում էր հետևյալ բառերով. <<Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանել>>: Եվ Հռոմը Հռոմ դարձավ, երբ կործանեց Կարթագենը…

Հաղթանակը ծրագրում են ստրատեգները, այնուհետև իրականացնում են զինվորներն ու գեներալները: Սա պարզ միտք է, որը հարկ է հիշել նաև խաղաղ ժամանակներում: Բայց այսօր մենք չգիտենք՝ ունե՞նք, արդյոք, ստրատեգիական միտք, և կամ՝ ո՞րն է ընդհանուր առմամբ մեր ազգային ռազմավարությունը՝ զինված ուժերի առջև դրված խնդիրներով հանդերձ: Մենք ապրում ենք՝ ապավեն ունենալով մեր քաջարի զինվորներին, ովքեր կենդանի վահանի պես կանգնած են մեր սահմաններին, և նրանց շնորհիվ է, որ մենք ունենք անվտանգ Հայաստանի Հանրապետություն և ազատ Արցախ: Սակայն մենք չունենք երաշխիք, որ ցանկացած պահի անօրենը նորեն հարձակում չի գործի, մեր անզուգական տղաների կյանքը չի խլի, մեր շեները չի ավերի: Նշանակում է` մեր հաղթանակը կատարյալ չէ, մենք դեռևս թշնամուն խաղաղություն չենք պարտադրել, չենք ստիպել, որ նա ճանաչի իր պարտությունը, մեր հաղթանակը: Նշանակում է` մեր ստրատեգները դեռևս անելիք ունեն …

Ավելի քան երկու տասնամյակ է՝ փորձ է արվում մեր ժողովրդի ապագան պայմանավորող Արցախյան հիմնահարցը կարգավորել բանակցությունների միջոցով: Ապարդյուն: Դրանք այդպես էլ անպտուղ են մնում, խաղաղությունը ձևական բնույթ է կրում, դեռ ավելին՝ նման խաղաղության համար գրեթե ամեն օր չափազանց թանկ գին ենք վճարում: Ի՞նչ անել, որպեսզի փոխվի իրավիճակը: Այս առումով մեր հարգարժան ստրատեգները լռում են, իսկ դիվանագետները շարունակում են միալար կրկնել արտաքին <<բարեկամների>> կողմից թելադրված դարձվածը. Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Թվում է, թե դա միակ սթափ մոտեցումն է հարցին, բայց, ինչպես տեսնում ենք, այս աքսիոմային միտքը հասկանալի է միայն հայկական կողմի համար, իսկ հակառակ կողմը պարզապես թքած ունի դրա վրա:

Ուստի՝ զարմանալի չէ, որ բանակցությունները նրանց պատճառով մտել են փակուղի, իսկ հայկական իշխանություններն էլ որոշել են նման իրավիճակում փորձել որքան հնարավոր է երկար պահպանել ստատուս քվոն: Բայց չէ՞ որ դա նշանակում է պարզապես մնալ պաշտպանական դիրքերում, որտեղից հաղթանակի աստղը նույնիսկ չի նշմարվում: Բավական չէ՞, արդյոք, ինքնախաբեությամբ զբաղվել, իբր` քանի որ մեր գործն արդար է, ապա աշխարհը վաղ թե ուշ ճանաչելու է այն: Եվ ամեն ինչ հանգեցնելով այս մոտեցմանը, անզուսպ թշնամու հետ հարաբերվելիս մեզ զուսպ ենք պահում թե՛ սահմանին, թե՛ բանակցությունների սեղանի շուրջ: Մինչդեռ պարզ երևում է, որ ժամանակն է փոխել առաջին հերթին մեր բանակցային դիրքը, լեզուն և ոճը:

Իսկ կա՞ն, արդյոք, միջոցներ, որոնց դեռ չենք դիմել: Պարզվում է՝ կան: Հայտնի է, որ բանակցությունները կայանում են, երբ կողմերն իրար այս կամ այն չափով հարգանքով են վերաբերվում, ասել է թե՝ գոնե երկուստեք ճանաչում են միմյանց իրավունքները:
Ադրբեջանցի թուրքը մեզ չի հարգում, ավելին՝ մեզ արհամարհում է և մեր իրավունքները չի ճանաչում: Հայի իրավունքը թուրքին ծառայելն է՝ ասել է մի թուրք պաշտոնյա 1915-ից առաջ: Եվ մինչև հիմա, ինչպես տեսնում ենք, նրանց մտածողության մեջ ոչինչ չի փոխվել: Փոխարենը փոխվել ենք մենք, իսկ եթե թուրքը դա չի ցանկանում ընդունել ու մեզ հետ հարգալիր հարաբերվել, նշանակում է` պետք է դա ստիպել նրան: Տվյալ պարագայում միակ միջոցը վախ հարուցելն է: Եթե այս տարիների ընթացքում մենք թուրքին չենք կարողացել հարգանք ներշնչել, հիմա, ուրեմն, պետք է վախ ներշնչենք, նրա գիտակցությանը հասցնենք այն ճշմարտությունը, որ ՄԵՆՔ Ի ԶՈՐՈՒ ԵՆՔ ԻՐԵՆՑ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՈՐՋՈՒՄ: Թուրքը (առայժմ միայն ադրբեջանական) պետք է վախենա մեզանից: Վերջ, ուրիշ տարբերակ չկա: Եթե հարգանքը չի գործում, ապա վախը պետք է գործի: Ահա սա պետք է լինի մեր դիվանագիտական նոր լեզուն:

Այժմ տեսնենք, թե դրա համար ինչ հիմքեր կան: Բնականաբար, առաջին հերթին նկատի ունենք մեր ռազմական կարողականությունը, որի զորեղության մասին  դատում ենք եթերով ու մամուլով բազմիցս հնչած խիստ մասնագիտական կարծիքներով:

Հակիրճ ձևակերպումը հետևյալն է. հայկական զինված ուժերը ի զորու են մի քանի դիպուկ հարվածներով ոչնչացնել Ադրբեջան անվանվող պետությունը: Ի դեպ, ցանկացած ռազմագետ, լինի հայ, թե օտար, ներառյալ թշնամու բարձրաստիճան հրամկազմը` գերազանց գիտի իրերի իրական վիճակը: Այդ դեպքում ինչո՞ւ զսպիչ գործիք չի գտնվում: Կարծում եմ՝ պատճառը մեկն է. նրանք վստահ են, որ հայկական կողմը նման քայլի չի գնա: Միգուցե թերացումը մերն է, որ այդպես են մտածում, քանզի նրանց երբեք հասկանալի լեզվով չենք բացատրել, ավելի ճիշտ՝ սպառնացել, որ, այո, դուք կարող եք լայնամասշտաբ պատերազմ հրահրել, որի ժամանակ կարող եք ավերել մեր երկրի զգալի մի հատված և բազմաթիվ, հնարավոր է` հազարավոր զոհեր պատճառել մեզ, բայց ոչ ավելին, մինչդեռ ՄԵՆՔ ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՉՆՉԱՑՆԵԼ: Եվ կոչնչացնենք հիմնովին, հետևաբար՝ ուշքի եկեք, պարոնա՛յք, ընդ որում, ձեր իսկ փրկության համար որքան հնարավոր է շուտ: Հրաժարվեք ձեր, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար նոր պատերազմ սկսելու մտքից, այլապես գիտցած եղեք, որ կարող եք նաև ներկայիս ձեր զբաղեցրած տարածքները կորցնել:

Այսպիսով, հարվածային այն բունցքը, որն ունի Հայոց բանակը, պատկերավոր ասած, պետք է այսօր գործի դիվանագիտական և քարոզչական ճակատում: Այլապես՝ մեր ինչի՞ն են պետք այն գերժամանակակից հրթիռները, որոնցով զինված է մեր բանակը, եթե ռազմի դաշտում կռվում ենք 80-ականների զենքով, իսկ նույն այդ հրթիռները չեն կիրառվում… դիվանագիտության ասպարեզում: Մի՞թե արդի աշխարհում ատոմային մարտագլխիկները զուտ որպես դիվանագիտական զենք չեն ծառայում: Ուրեմն, ինչո՞ւ նույնը մենք չենք կարող անել: Վախենում ենք ագրեսորի համբա՞վ ձեռք բերել: Իզուր, նման բան չի կարող լինել: Այսպես կոչված, միջազգային հանրության կարծիքը վերահսկողներն այդքան հիմար չեն և գիտեն ինչը՝ ինչոց է: Այլ բան է, որ մենք պարզապես անհամարձակ իշխանություն, ըստ այդմ և՝ անճկուն դիվանագիտություն ունենք: Մեր քաղաքագետներն ու քաղաքական գործիչները չեն ցանկանում (չեն համարձակվում) խոսել, բարձրաձայնել, էլ չենք ասում` նման լեզու կիրառել դիվանագիտական ասպարեզում, համարելով, իբր, այդպիսի տոնը չափազանց կոպիտ, խիստ ու կտրուկ է, նմանօրինակ բարդ ու խճճված հարցեր լուծելու համար միանգամայն անհարիր: Իսկապե՞ս: Այդ դեպքում ինչո՞ւ է Բաքուն նման լեզվով խոսում մեզ հետ: Ինչպե՞ս է, որ մեզ չի կարելի բանակցային և դիվանագիտական համարժեք լեզու գործածել: Ինչ է, վախենում ենք, որ հրթիռների մասին եթե խոսենք, ապա ռուսներն այստեղից կտանե՞ն դրանք: Վերջապես՝ ո՞ւմն է այդ զենքը…

Ակնհայտ է, որ մեր տարատեսակ արտաքին հարաբերությունները (քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային, քարոզչական) անխտիր ամոթխածության դրոշմ են կրում: Ճիգ ենք թափում չափազանց բարեկիրթ ու քաղաքակիրթ երևալ, աներևակայելիորեն կարգապահ ենք ու պարտաճանաչորեն կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները, ինչ էլ լինի` հավատարիմ ենք մնում մեր կարծեցյալ դաշնակիցներին, զայրանում ու ընդվզում կամ ինչ-որ պահանջներ ենք ներկայացնում թույլատրելիության սահմաններում: Վերջերս էլ նորահայտ կոչնահարողներն են բազմացել, որոնց կարծիքով, իբր, հարկավոր է ոչ թե էմոցիոնալ, այլ ռեալիստական քաղաքականություն վարել և այլն: Թեքվենք դեպի արևելք և տեսնենք, միգուցե Ադրբեջա՞նն է հենց այդպիսի քաղաքականություն վարում՝ անընդհատ կրակի տակ պահելով մեր դիրքերը, անընդհատ հայ զինվոր սպանելով: Եվ ինչպե՞ս է, որ պետական շահերի պաշտպան մեր realpolitic-ի ջատագովների շարքերում դա առանձնապես մի խռովք չի առաջացնում, ընդհակառակը, ուժգնացնում է նրանց գոչգոչյունը, թե վտանգավոր է զգացմունքներին տրվելը: Հիմա էլ միալար հայտարարություններ ենք լսում, թե մոտ ապագայում Ադրբեջանը նորից է պատերազմ սկսելու, ուստի մենք էլ պետք է հզորացնենք մեր պաշտպանողականությունը:

Առաջին հայացքից թվում է, թե տրամաբանական բան են ասում՝ ուրիշ ի՞նչ պետք է անել թշնամուն դիմագրավելու համար: Սակայն եթե մի պահ հիշենք, որ 1994-ից հետո անընդհատ պաշտպանվողի կարգավիճակում ենք, բայց նման քաղաքականությունը դույզն ինչ չի մոտեցրել բաղձալի խաղաղությունը, նշանակում է` այն իրեն չի արդարացնում: Հետևաբար` ժամանակը չէ՞, արդյոք, թշնամուն անվտանգ հեռավորության վրա պահելու համար կանխարգելիչ նոր միջոցներ կիրառել, պաշտպանականից անցնել հարձակողական մարտավարության: Բնականաբար, խոսքն առայժմ մարտական նախահարձակ գործողությունների մասին չէ, այլ միայն դիվանագիտության և, հատկապես, քարոզչության մասին է: Վերջինս սովորաբար ուղղակիորեն (կամ անուղղակիորեն) դիվանագիտության մեջ այս կամ այն գործողության հաջողությունն ապահովող հրետանային նախապատրաստության դեր է կատարում, առավել ևս` եթե դա ճշտորեն է իրականացվում բանակցային գործընթացներից առաջ: Հետևաբար` մենք պետք է կենտրոնացնենք մեր հարձակողական ուժերը հենց այս ճակատում, որպեսզի կանխենք մեր մարդկային կորուստները, առաջընթաց գրանցենք բանակցություններում: Սին պատրանք է կարծել, թե աշխարհը երբևէ Արցախյան հակամարտությունը լուծելու համար տարածքային ամբողջականության սկզբունքի փոխարեն բանալի կդարձնի ազգերի ինքնորոշման իրավունքը: Նման մտածողությունն այսօր առնվազն քաղաքական անհեռատեսություն է:

Մեր քարոզչությունն ու դիվանագիտությունը միևնույն նշանակետն ունենալու դեպքում կհաջողեն հասկացնել թշնամուն, որ նա այլընտրանք չունի, պետք է հարգի մեզ, այլապես մենք նրան կոչնչացնենք: Առարկողներ կլինեն, թե` նրանք ոչնչի չեն հասնում այդ գործելաոճով, մենք ինչո՞ւ նրանց նմանվենք: Պատասխանը հետևյալն է` նրանք սպառնում են, բայց այդ սպառնալիքը անհիմն է ու փուչ, քանզի նրանք չեն կարող մեզ ոչնչացնել, իսկ մենք կարող ենք նրանց ոչնչացնել: Հետևաբար` մերը, ըստ էության, սպառնալիք չէ, այլ՝ զգուշացում վերջնագրի տեսքով: Որոշ խելացիներ էլ կասեն՝ դա խելահեղություն է, <<միջազգային հանրությունը>> կմերժի ու երես կթեքի մեզանից: Անհեթեթություն, քարոզչությունն, իրոք, երբեմն չափազանց կտրուկ և ուղղագիծ կարող է լինել (դրա համար էլ քարոզչություն է), բայց ո՞վ է ասում, թե դիվանագիտական կորպուսն էլ պիտի նույնկերպ գործի, նույն բառապաշարն օգտագործի: Հապա ինչի՞ համար է դիվանագիտական լեզուն: Մի՞թե մեր դիվանագետներն այնքան հմուտ չեն, որ իրենց մասնագիտական լեզվով չարտաբերեն այդ պարզ և հասարակ միտքը. ուշքի եկեք, պարոնայք, հակառակ դեպքում լիազորված ենք հայտարարելու, որ մենք ձեզ կոչնչացնենք: Եթե մենք իսկապես դիվանագիտություն ու անկախ արտաքին քաղաքականություն ունենք, ապա անկասկած այդ զգուշացումը տեղ կհասնի: Եվ կտեսնենք, որ հակառակորդը վերջապես հասկանա, որ մի օր էլ իսկապես այդ զգուշացումը կարող է իրականություն դառնալ: Եվ խելոք կնստի բանակցելու, առանց ջղաձգումների կլսի հայկական կողմի առաջարկություններն ու պահանջները, այդ թվում և փոխզիջման մեր միակ տարբերակը, որն է` Արցախի անկախության ճանաչում մեր գծած սահմաններով` փոխարենը Ադրբեջանի Հանրապետության հետագա գոյատևմանը հայկական կողմից որևէ վտանգի բացառում:

Ամփոփենք: Հայտնի է, որ թուրքին հաղթելու համար նախ պետք է վախ գցել նրա մեջ: Բայց և հայտնի է, որ վախը ոչ թե անատամ հայտարարություններից, այլ իրական սպառնալիքից է ծնվում և տարածվում է հետևողական քարոզչությամբ: Եվ եթե այս առումով մեր ստրատեգներն ասպարեզում չեն երևում, ապա պետք է առաջ գան հրապարակային գործիչները: Արդ` լինելով քարոզչական ճակատի զինվոր, սույն հորդորն եմ ուղղում անխտիր բոլոր հայ մտավորականներին, քաղաքական գործիչներին, գիտնականներին, հոդվածագիրներին. հայրենակիցնե՛ր, այսուհետև հատկապես Արցախին վերաբերող ձեր բոլոր բանավոր ու գրավոր ելույթներն ավարտեք հետևյալ կոչով՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՐԾԱՆՎԻ: Թշնամու դեմ հետևողական պայքարի հռոմեական այս կոչը դարձնենք մեզ համար զորակոչ և մարտակոչ:  Այնպես անենք, որ այն աշխատի իր հիմնական ուղղություններով. նախ` վախ ու սարսափ սփռի թուրքերի մեջ, և ապա` հայությանը համախմբի կոնկրետ նպատակի շուրջ: Գաղտնիք չէ, որ մենք չունենք հեռահար ազգային ծրագիր, ուստի՝ Ադրբեջանի կործանումը թող լինի մեր ազգային հեռահար ծրագիրը, որից կհրաժարվենք այն դեպքում միայն, եթե ճանաչվի Արցախի անկախությունը և օրակարգ բերվի Նախիջևանի ենթակայության հարցը:
Հանուն Հայոց աշխարհի հարատևության՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՐԾԱՆՎԻ…

Հ.Գ. – Խնդրո վերաբերյալ վիեննական վերջին հանդիպումը նույնպես խաղաղության կայուն երաշխիքներ չամրագրեց: Հիշենք, ուրեմն, մի հին ճշմարտություն. գայլի ոռնոցը կտրելու մեկ միջոց կա` ոչնչացնել գայլին: Ուրիշ արդյունավետ եղանակ մարդկությունը դեռ չի հորինել: Հետևապես՝ թող մեր քաղաքական բարձր էշելոնը շարունակի ջանքեր գործադրել սահմաններին հանդարտություն պահելու ուղղությամբ, սակայն մեր ստրատեգները պարտավոր են հաղթանակ ապահովող նոր ուղիներ նախանշել:

ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
Պատմաբան, հրապարակախոս

ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
3356 reads | 19.05.2016
|
avatar

avatar
1
Եվ Հռոմը Հռոմ դարձավ, երբ կործանեց Կարթագենը…

Հաղթանակը ծրագրում են ստրատեգները, այնուհետև իրականացնում են զինվորներն ու գեներալները: Սա պարզ միտք է, որը հարկ է հիշել նաև խաղաղ ժամանակներում:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com