Ռուսաց դիվանագիտությունը Յոթնամյա պատերազմի տարիներին
Միջազգային հարաբերությունների համակարգում և դիվանագիտության պատմության մեջ 18-րդ դարի 50-60-ական թթ. ամենախոշոր ռազմաքաղաքական իրադարձությունն, անշուշտ, Յոթնամյա պատերազմն էր, որին մասնակցեցին Եվրոպայի բոլոր մեծ տերությունները՝ բաժանվելով երկու հակամարտ խմբակցության: Անգլիան, Պրուսիան ու Պորտուգալիան, միավորվելով ռազմաքաղաքական խմբակցության մեջ, պայքարում էին Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Շվեդիայի և Սաքսոնիայի դեմ, որոնց հետ դաշնակցեց նաև կայսերական Ռուսաստանը: Յոթնամյա պատերազմը Եվրոպայում դարձել էր անխուսափելի, քանզի մայրցամաքի արևմտյան հատվածում ռազմաքաղաքական իրադրությունը կտրուկ սրվեց ու բարդացավ, որը պայմանավորված էր անգլո-ֆրանսիական հակամարտության հետագա խորացման հետ: Անգլիան ու Ֆրանսիան շարունակում էին երկարատև պատերազմը ծովերում, Ամերիկայի ու Հնդկաստանի գաղութներում գերիշխելու և Կանադայում ամրապնդվելու համար: Հետևաբար Եվրոպայի թատերաբեմերում ծավալված ռազմաքաղաքական գործողությունները որոշելու էին համաշխարհային քաղաքականության հետ առնչվող կարևորագույն հիմնախնդիրները: Անգլիան ավանդաբար շարունակում էր պահպանել իր նկատելի գերազանցությունը ծովում հզոր ռազմական նավատորմի շնորհիվ, մինչդեռ նրա մշտական մրցակից Ֆրանսիան՝ ցամաքում, ուստի հակառակորդների ուժերը մոտավորապես հավասար էին, և պայքարը կավարտվեր այն տերության հաղթանակով, որի դիվանագիտությանը կհաջողվեր ստեղծել ավելի մեծ, կայուն և հզոր խմբակցություն: Յոթնամյա պատերազմում հաղթանակի ապահովման գործում դիվանագիտությունը ձեռք էր բերում վճռորոշ նշանակություն: Եվ օրինաչափ է, որ ինչպես անգլիական, այնպես էլ ֆրանսիական դիվանագիտությունը տենդագին փնտրում էր դաշնակիցներ, ուշադրությունը հավասարապես սևեռելով Ռուսաստանի վրա:
Անգլիական դիվանագիտությունը 1756թ. հունվարին կնքված Ուայթհոլի կոնվենցիայով ապահովեց այդ պատերազմում Պրուսիայի աջակցությունը: Անգլո-պրուսական կոնվենցիայով Ֆրիդրիխ II-ն պարտավորվեց աջակցել Անգլիային Ֆրանսիայի դեմ պատերազմում: Այդ օգնության համար Ուիլյամ Պիտտի կառավարությունը խոստացավ Պրուսիայի թագավորին տրամադրել վարկեր և պաշտպանել նրա նվաճողական քաղաքականությունը Ավստրիայի և մյուս երկրների նկատմամբ: Ի հակակշիռ անգլո-պրուսական ռազմական խմբակցությանը, սկսեց ձևավորվել մեկ այլ խմբակցություն՝ եվրոպական տերություններից: Դրա սկիզբը դրեցին Ավստրիան ու Ֆրանսիան, կնքելով 1756թ. Վերսալի համաձայնագիրը: Երկու կողմերը, նկատի ունենալով Պրուսիայի կենսագործած նվաճողական քաղաքականությունը, պարտավորվեցին օգնել միմյանց իրենց տարածքները պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու գործում: Ավստրո-ֆրանսիական դաշինքին միացավ Սաքսոնիան, ավելի ուշ՝ Շվեդիան: Քանի որ Ռուսաստանը «դրամավորման կոնվենցիայով» կապված էր Անգլիայի հետ, ուստի վերջինիս դիվանագիտությունը հույսեր էր փայփայում նրանից ստանալ իր համար խիստ անհրաժեշտ ռազմական օգնություն: Ռուսաց դիվանագիտությունն իր հերթին յուրովի մեկնաբանելով այդ կոնվենցիան, այն տարածում էր միայն Պրուսիայի վրա, որը տվյալ պատերազմում հանդես էր գալիս Անգլիայի դաշնակցի դերում, ուստի Ռուսաստանն ազատ էր դաշնակիցներ փնտրելու հիմնախնդրում, քանզի կոնվենցիան իրավական տեսանկյունից չէր կարող պարտադրել նրան ռազմական աջակցություն ցույց տալ Անգլիային մյուս տերությունների դեմ հնարավոր պատերազմում: Ավելին, ռուսաց դիվանագիտությունը անգլո-պրուսական խմբակցության դեմ հանդես գալու համար ուներ կարևորագույն ռազմաքաղաքական այլ ծանրակշիռ պատճառներ: Ռուսաց դիվանագիտությունը, ելնելով երկրի ազգային-պետական շահերից, հստակորեն հիմնավորում էր Պրուսիայի զավթողական նկրտումները կասեցնելու անհրաժեշտությունը: Ընդհանրապես ռուսաց արքունիքում ծավալվել էր սուր պայքար արտաքին քաղաքականության գլխավոր ուղղության շուրջ: Դրանով գլխավորապես պետք է բացատրել, թե ինչու Ռուսաստանը ռազմական գործողություններ ծավալելու տեսանկյունից Յոթնամյա պատերազմի մեջ մտավ 1 տարի ուշացումով՝ 1757թ.: Ի վերջո Ռուսաստանի կառավարող շրջանները գրավեցին միանգամայն հստակ և որոշակի քաղաքական ու դիվանագիտական դիրքորոշում՝ հզորացած Պրուսիան իր՝ Ֆրիդրիխ II թագավորի գլխավորությամբ Մերձբալթիկայի, Լեհաստանի նկատմամբ ունենալով տարածքային հավակնություններ և նվաճողական ծրագրեր, լուրջ վտանգ էր ներկայացնում Ռուսաստանի կենսական շահերին, ուստի և նա պաշտոնապես միացավ ֆրանս-ավստրիական ռազմաքաղաքական դաշինքին, իսկ 1755թ. Անգլիայի հետ կնքած կոնվենցիան ստեղծված քաղաքական ու դիվանագիտական իրադրության մեջ բնականաբար չիրագործվեց: Այդպիսի որոշում կայացրեց Ելիզավետա Պետրովնայի նախաձեռնությամբ 1756թ. մարտի 14-ի գումարված հատուկ հանձնաժողովը, որի աշխատանքներին մասնակցեցին նշանավոր պետական ու զինվորական գործիչներ կանցլեր Ա.Պ.Բեստուժև-Ռյումինը, փոխկանցլեր Մ.Ի.Վորոնցովը, Սենատի գեներալ-դատախազ Ն.Յ.Տրուբեցկոյը, սենատորներ Մ.Մ. Գոլիցինը և Պ.Ի.Շուվալովը, գեներալ-ֆեդմարշալներ Ա.Բ.Բուտուրլինը և Ս.Ֆ.Ապրակսինը: Յոթնամյա պատերազմի ժամանակ այն դարձավ մշտապես գործող պետական գերագույն մարմին, որը տնօրինում էր ռազմական ու դիվանագիտական գործերը: Հատկանշական է, որ անգլո-ռուսական դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես պահպանվեցին, որը թերևս օրինաչափ էր, քանզի երկու կողմերը սթափ և թանկ էին գնահատում առևտրատնտեսական առնչություններից ստացվող փոխադարձ շահույթները:
Ռուս-ավստրիական ռազմաքաղաքական մերձեցումն ունեցավ իր դիվանագիտական տրամաբանական ավարտը, երբ երկու երկրների կայսրուհիների՝ Ելիզավետա Պետրովնայի և Մարիա Թերեզայի ջանքերով 1756թ. մարտի 25-ին կնքվեց պաշտպանական-հարձակողական դաշինք Ֆրիդրիխ II-ի դեմ: Ռուսաստանը պարտավորվում էր օգնել Ավստրիային 80 հազարանոց բանակով, իսկ Պրուսիային հաղթելու դեպքում Ավստրիային անցնելու էր Սիլեզիան, Ռուսաստանին՝ Արևելյան Պրուսիան: Ռուս-ավստրիական նոր պայմանագիր կնքվեց 1757թ. փետրվարի 2-ին, որը կրկնեց նախորդի պայմանները, միայն մի տարբերությամբ՝ Ռուսաստանը Ավստրիայից ստանալու էր նպաստ՝ տարեկան 1 միլիոն ռուբլի գումարով: Այսպես, ռուսաց կայսրությունն ընդգրկվեց համաեվրոպական բնույթի դիվանագիտական հակամարտությունների, քաղաքական վեճերի ու ռազմական մեծ բախումների մեջ: Ռուսաստանի մասնակցությունը Յոթնամյա պատերազմին անխուսափելի էր, որովհետև կայսերական հանձնաժողովը, գնահատելով միջազգային իրադրությունը, կրկին եզրակացրեց, որ Պրուսիայի նվաճողական նպատակները Ռուսաստանի անվտանգության համար ստեղծում էին անմիջական սպառնալիք: Ավելին, Ֆրիդրիխ II-ը չէր թաքցնում Մերձբալթիկան զավթելու իր ձգտումները, որը Ռուսաստանին կզրկեր ծով դուրս գալու հնարավորությունից, ինչը ապահովվել էր ծանր ու երկարատև Հյուսիսային հաղթական պատերազմի շնորհիվ: Ռուսաստանի ազգային-պետական շահերը պահանջում էին անհապաղ վերացնել այդ վտանգը՝ ներդնել բոլոր ուժերը Ֆրիդրիխ II-ին ջախջախելու համար: Հենց այդ գլխավոր նպատակը հետապնդելով Ռուսաստանը պաշտոնապես միացավ ավստրո-ֆրանսիական խմբակցությանը, իսկ այնուհետև լայնածավալ ռազմական գործողություններ ծավալեց Պրուսիայի դեմ: Հետևապես 1756-1763թթ. պատերազմը պայմանավորված էր ժամանակաշրջանի միջազգային հարաբերություններում դրսևորված երեք հիմնական միտումով: Առաջին՝ Անգլիայի ու Ֆրանսիայի հակամարտությամբ և բախմամբ աշխարհի տարբեր կետերում հիմնավորապես ամրապնդվելու համար: Երկրորդ՝ Պրուսիայի և Ավստրիայի մտահղացմամբ գերիշխելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Երրորդ՝ Պրուսիայի ագրեսիայից Ռուսաստանի, նաև Սաքսոնիայի, մասամբ Շվեդիայի ազգային անվտանգության պաշտպանությամբ:
Պրուսիան արդեն 1756թ. հարձակվել էր Սաքսոնիայի վրա, գրավել նրա մայրաքաղաքը, ջախջախել Սաքսոնիային օգնության շտապող ավստրիական բանակը, որն արագացրեց Ռուսաստանի՝ պատերազմի մեջ մտնելու գործընթացը: Ռուսաց բանակը 1757թ. ամռանը մտավ Արևելյան Պրուսիա և պարտության մատնեց պրուսական բանակին Գրոսս-Եգերսդորֆ փոքրիկ քաղաքի մոտ: Ֆելդմարշալ Ապրակսինի բանակը հանդիպեց ֆելդմարշալ Լևալդի զորքերի հետ: Հաղթանակը գլխավորապես ձեռք բերվեց երիտասարդ գեներալ Ռումանցևի համարձակ և հմուտ ռազմական գործողությունների շնորհիվ, որի աստղը սկսեց փայլատակել այս պատերազմից ու հատկապես այդ ճակատամարտից հետո: Գրոսս-Եգերսդորֆի հաղթանակը ճանապարհ էր բացում Քյոնիքսբերգ, սակայն գլխավոր հրամանատար Ապրակսինը բանակը տարավ սկզբում Տիլզիտ, այնուհետև՝ Կուրլյանդիա և Լիֆլյանդիա՝ այնտեղ ձմեռն անցկացնելու նպատակով: Ֆելդմարշալի նման տարօրինակ ռազմերթը պայմանավորված էր ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական գործոնով, քանզի գլխավոր պատճառը ոչ թե պարենի պակասն էր կամ զինվորների համատարած հիվանդությունը, ինչպես գրում էր նա Պետերբուրգ, այլ գերազանցապես Ելիզավետա Պետրովնայի հիվանդությունը, որի մասին խորամանկ ֆելդմարշալը պետք է լռեր և դրանով իսկ թաքցներ իր իսկական նպատակը: Ապրակսինը քաջատեղյակ էր, որ թագուհու մահից հետո ռուսաց գահը ժառանգելու էր նրա քրոջ որդի Պյոտր Ֆյոդորովիչը՝ Ֆրիդրիխ II-ի ջերմ երկրպագուն: Ռուսաց բանակի գլխավոր հրամանատարը փորձեց ցուցաբերել քաղաքական սթափություն, քանզի նա չէր տարակուսում, որ թագաժառանգը ոչ միայն չի ների, այլև խստագույնս կպատժի Քյոնիքսբերգը գրավելու համար: Սակայն, ինչպես հաճախ է պատահում, խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը. Ապրակսինին ճակատագիրը պարզապես չժպտաց, քանզի իր պրուսամետությամբ հայտնի ապագա կայսր Պյոտր III-ը, բայց դեռևս թագաժառանգ Հոլշտայնի դուքս Կառլ Ուլրիխը՝ մոր գծով Պյոտր Մեծի թոռը, ի դժբախտություն ֆելդմարշալի, չբազմեց ռուսաց գահին, քանզի կայսրուհին ապաքինվեց, և ֆելդմարշալ ձախողակ դիվանագետին կարգադրեցին վերադառնալ Պետերբուրգ և հանձնեցին դատարանին: Արդարությունը պահանջում է ասել, որ Ապրակսինի մտավախության մեջ առկա էր ռացիոնալ հատիկ, եթե նկատի ունենանք, որ գահի օրինական ժառանգը չէր խորշում հայտնել Ֆրիդրիխին ռուսական բանակի ռազմական ծրագրերը և այլ կարևոր գաղտնիքներ: Իսկ նրա կինը՝ ապագա կայսրուհի Եկատերինա II Մեծը սերտորեն կապված էր անգլիական դիվանագիտության հետ և ստանում էր անգլիացիներից ֆինանսական զգալի նպաստներ, վերջիններիս հետ էր կապված նաև կանցլեր Բեստուժև-Ռյումինը: Ապրակսինի հրամանով ռուսական բանակը, թողնելով Արևելյան Պրուսիան, 1757թ. աշնանը տեղակայվեց Կուրլյանդիայում ու Լիտվայում: Ֆրիդրիխ II-ը ստացավ ազատ գործելու հնարավորություն: 1757թ. վերջին նրա բանակը հաղթեց երկու խոշոր ճակատամարտում՝ ֆրանսիացիների, իսկ Լեյտենի՝ ավստրիացիների նկատմամբ: Ելիզավետա Պետրովնայի ապաքինվելու, Բեստուժև-Ռյումինի աքսոր ուղարկելու, Ապրակսինին գործող բանակից հետ կանչելու և դատին հանձնելու, Եկատերինային փաստորեն շնորհազրկելու հանգամանքը ի վերջո նպաստեց ռազմական գործողություների արագ վերսկսմանը, որը հաջողությամբ շարունակվեց Արևելյան Պրուսիայում: Ռուսաց բանակը գլխավորեց նոր հրամանատար, ազգությամբ անգլիացի գեներալ Ֆերմորը, որն աչքի էր ընկել 18-րդ դարի 30-40-ական թթ. Թուրքիայի ու Շվեդիայի դեմ պատերազմներում, իսկ Յոթնամյա պատերազմի ընթացքում նրա կորպուսը գրավեց Մեմելը և Տիլզիտը: Ֆերմորի դիվիզիան լավագույնս դրսևորեց իրեն Գրոսս-Եգերսդորֆի ճակատամարտում: Նրա գլխավորությամբ ռուսաց բանակը գրավեց Քյոնիքսբերգը, այնուհետև ողջ Արևելյան Պրուսիան, որի բնակիչները հավատարմության երդում տվեցին ռուսաց կայսրուհուն: Ցորնդորֆի ճակատամարտի արդյունքներն անորոշ էին, ուստի և օրինաչափ էր, որ հակառակորդ կողմերը շտապեցին հայտարարել իրենց հաղթանակի մասին: Ռուսաց բանակի նոր հրամանատար Սալտիկովը, այդ պաշտոնում փոխարինելով Ֆերմորին, ավստրիացիների հետ համատեղ Կուներսդորֆ գյուղի մոտ, Օդեր գետի աջ ափին, Ֆրանկֆուրտի դիմաց պարտության մատնեց Ֆրիդրիխ II-ի բանակին: Պրուսիայի թագավորը հազիվ փրկվեց գերությունից և խուսափեց կազակների ձեռքն ընկնելուց: Բեռլինը նախապատրաստվում էր հանձնվել (կապիտուլացվել), քաղաքից դուրս բերվեցին արխիվները, թագավորի ընտանիքը, իսկ ինքը՝ թագավորը, լուրերի համաձայն, մտածում էր ինքնասպանության մասին: Կուներսդորֆը Յոթնամյա պատերազմի ամենախոշոր ճակատամարտն էր, որը մեկ անգամ ևս վկայեց ինչպես ռուսական ռազմական արվեստի բարձր մակարդակը, այնպես էլ ռուս զինվորի մարտունակությունը: Կուներսդորֆի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Ֆրիդրիխ II-ն իր նախարարին գրում էր. «Ես ապերջանիկ եմ, որ դեռևս կենդանի եմ… Երբ ես դա ասում եմ, բոլորը փախչում են ու ես արդեն իշխանություն չունեմ այդ մարդկանց վրա… Դաժան դժբախտություն… ես այլևս չունեմ ոչ մի միջոց, և ճշմարիտն ասած, ես ամեն ինչ համարում եմ կորցրած»:
Պրուսիայի թագավորը կարող էր կատարել նման մռայլ, բայց իրատեսական եզրակացություն, քանզի իր իսկ վկայությամբ, երբ նա գրում էր նամակը, 48 հազարանոց բանակից չէր մնացել նույնիսկ 3000 զինվոր:
Ավելին, 1760թ. գեներալ չերնիշևի ջոկատը գրավեց Բեռլինը: Բեռլինի բանալին հավերժ պահպանման համար հանձնվեց Պետերբուրգի Կազանի տաճարին: Սակայն ռուսների և ավստրիացիների միջև ծագած անհամաձայնության հետևանքով, թեև նա հարկադրված էր թողնել Բեռլինը, բայց մայրաքաղաքը գրավելու փաստը հսկայական ազդեցություն ունեցավ Եվրոպայում: Արդարությունը պահանջում է ասել, որ ռուսական զորամիավորումները և ավստրո-սաքսոնական կորպուսը թողեցին Բեռլինը պրուսական 70 հազարանոց բանակի՝ մայրաքաղաք շարժվելու կապակցությամբ: 1761թ. վերջին ռուսաց 16 հազարանոց կորպուսը տաղանդաշատ գեներալ Ռումյանցևի հմուտ ղեկավարությամբ և նավաստիների դեսանտի աջակցությամբ, որի գլուխ կանգնած էր Սպիրիդովը, գրավեց Կոլբերգ ամրոցը Բալթիկ ծովի ափին: Դրանով դարձյալ ճանապարհ էր բացվում դեպի Շտետին և Բեռլին: Պրուսիան կանգնած էր կործանման եզրին: Այդ ընթացքում անգլիական դիվանագիտությունն, իր սկզբունքներին հավատարիմ, համոզվելով, որ պրուսական աջակցությունը նրան այլևս անհրաժեշտ չէ, դադարեցրեց ֆինանսավորումը: Դա ևս Պրուսիային կանգնեցրեց լիակատար աղետի առջև, որը չէր թաքցնում նույնիսկ Ֆրիդրիխ II-ը իր եղբորը՝ Հենրիխին գրած նամակում: «Եթե,-նշում էր թագավորը,- մեր հույսերին հակառակ, ոչ ոք չհասնի մեզ օգնության՝ ուղղակի ասում եմ Ձեզ, որ ես չեմ տեսնում որևէ հնարավորություն հետաձգել կամ կանխել մեր կործանումը»: Սակայն դաշնակիցների միջև գործողությունների անհամաձայնությունը փրկում է Պրուսիային վերջնական պարտությունից: Ռուսաստանի հաղթանակներն ավելի շատ վախեցնում էին, քան ուրախացնում նրա դաշնակիցներին: Նրանք անթաքույց ասում էին և ուղղակի պնդում, որ իրենց համար այս պատերազմում ավելի մեծ վտանգ են ներկայացնում Ռուսաստանի չափից ավելի մեծ հաջողությունները և սպառնում էին, թե կկնքեն առանձին հաշտություն Պրուսիայի հետ:
Պրուսիայի թագավորը՝ որպես փորձված պետական գործիչ ու զորավար, ցանկանում էր Ռուսաստանին դարձնել իր դաշնակիցը և այնուհետև օգտագործել նրան իր նպատակների համար, քանզի նրա ճիշտ տեսակետով Ռուսաստանն ուժեղ է ու հզոր և Պրուսիան ի վիճակի չէ պայքարել նրա դեմ: Եվ օրինաչափ է, որ ռուսաց արքունիքում Պրուսիայի նկատմամբ բարյացակամ դիրքորոշում ստեղծելու առաքելությամբ Ֆրիդրիխ II-ը Պետերբուրգ ուղարկեց Սոֆյա-Ավգուստինա-Ֆրեդերիկա-Անհալտ-Ցերբստսկայային՝ ապագա կայսրուհի Եկատերինա II-ին, որին ընդհանուր առմամբ համակրում էր կայսրուհի Ելիզավետա Պետրովնան:
Ֆրիդրիխ II-ն ասում էր, որ եթե ռուսներն իրենց լավ պահեն, կստանան շաքարի կտորը: Այսպիսի մտահղացումներ ու ծրագրեր ունեցող թագավորը այժմ կանգնած էր ծանր պարտության եզրին և ջախջախված էր լիովին: Միայն հրաշքը կարող էր փրկել Ֆրիդրիխ II-ին, և այդ հրաշքը կատարվեց: Իսկապես դեկտեմբերյան մի մռայլ ու ցուրտ գիշեր կտրուկ փոխեց ամեն ինչ. ճակատագիրը պարզապես ժպտաց հուսալքված պրուսական թագավորին, քանզի մահացավ Ելիզավետա Պետրովնան, որով վերստին փայլատակեց ջախջախված միապետի աստեղային ժամը: Ռուսաստանի նոր կայսրը՝ Ելիզավետա Պետրովնայի քրոջ՝ Աննայի ու Հոլշտայնի դուքսի որդին ու Պյոտր Մեծի թոռը՝ Կառլ Ուլրիխը, Պյոտր III անունով վաղուց հայտնի էր որպես Ֆրիդրիխ II-ի ջերմ երկրպագու և լուսավորյալ միապետի մոլի ջատագով: Կառլ Ուլրիխը Ռուսաստան եկավ 1742թ. Ելիզավետա Պետրովնայի թագադրվելուց անմիջապես հետո 14 տարեկան հասակում, որպես ռուսաց կայսրության թագաժառանգ:
Ապագա կայսրին ամուսնացրին Սոֆյա Ավգուստինա Ֆրեդերիկայի հետ: Վերջինս ժամանելով Պետերբուրգ՝ ի տարբերություն ամուսնու, որն արհամարհանքով և թշնամաբար էր տրամադրված իր նոր հայրենիքին, անմիջապես ընդգրկվեց արքունիքի բարձրաստիճան գործիչների շրջանում, արագորեն յուրացրեց ռուսաց լեզուն և հարգալից էր վերաբերվում ռուսական ավանդույթների ու սովորույթների նկատմամբ: Ապագա լուսավորյալ կայսրուհին, որպես եռանդուն, հեռատես, լավ կրթված անձնավորություն, պատեհ-անպատեհ ընդգծում էր իր նվիրվածությունը Ռուսաստանի ազգային-պետական շահերին, առաջին հերթին ազնվականությանը, ապա նաև իր հակվածությունն ու համակրանքը եվրոպական լուսավորիչների գաղափարներին, որոնց համարում էր իր ուսուցիչները, իսկ իրեն՝ նրանց խոնարհ աշակերտուհին:
Ռուսաստանի նոր կայսր Պյոտր III-ն իր արտաքին քաղաքական գործունեությունն սկսեց պարտված երկրի թագավորին հղելով «բարեկամության ու բարի համերաշխության մասին» ուղերձը, որը, անշուշտ, աննախադեպ էր միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության պատմության մեջ: Ռուսաց կայսրը 1762թ. մարտի 5-ին զինադադար կնքեց իր կուռք Ֆրիդրիխ II-ի հետ, իսկ 1.5 ամիս հետո՝ 1762թ. ապրիլի 24-ին նրա հետ կնքեց հաշտության պայմանագիր: Ռուսաստանը ոչ միայն Պրուսիային է վերադարձնում նվաճված բոլոր տարածքները, այլև դառնում էր նրա դաշնակիցը Ավստրիայի դեմ պատերազմում: Դրանից հետո գեներալ Չերնիշևին կարգադրվեց իր կորպուսով միանալ Ֆրիդրիխ II-ի զորքերին՝ Ավստրիայի դեմ համատեղ հարձակողական գործողություններ ծավալելու համար: Միաժամանակ Պյոտր III-ն պատրաստվում էր դինաստիական պատերազմի մեջ մտնել Դանիայի հետ Շլեզվիգի համար, պատերազմ, որ ոչ մի կապ չուներ Ռուսաստանի ազգային-պետական շահերի հետ: Հետևապես Պյոտր III-ի ոչ խելամիտ ջանքերով կտրուկ փոխվեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը՝ Ռուսաստանը դարձավ իր նախկին թշնամի Պրուսիայի դաշնակիցը և իր նախկին դաշնակից Ավստրիայի հակառակորդը: Պյոտր III-ը դաշինք կնքեց այն երկրի հետ, որի թագավորի գնահատմամբ այն «ընկած էր հոգեվարքի մեջ՝ սպասելով վերջին արարողությանը»: Նա այդ օրերին գրում էր. «Ինչքան անողոք, տխուր, սարսափելի է իմ ճանապարհի վերջը… Ես չեմ կարող խուսափել իմ ճակատագրից, այն ամենը, ինչ մարդկային շրջահայացությունը կարող է խորհուրդ տալ, բոլորը կատարվել է, բայց առանց հաջողության: Միայն ճակատագիրը կարող է ինձ փրկել այն դրությունից, որի մեջ ես գտնվում եմ»: Այս դաշինքը ճակատագրական դարձավ երկու միապետների համար, միայն այն տարբերությամբ, որ Պրուսիայի թագավորը փրկվեց կատարյալ ջախջախումից, իսկ ռուսաց կայսրը սկզբում զրկվեց գահից, ապա նաև՝ կյանքից: Կայսրի հակառուսական քաղաքականությունը, բնականաբար, առաջացրեց ազնվականության, այդ թվում և գվարդիայի դժգոհությունը: Չէ՞ որ, ի զարմանս Պրուսիայի թագավորի, և անկախ նրա գործադրած ջանքերի, իրական դարձավ նրա երազած ռազմաքաղաքական ու դիվանագիտական մարտավարությունը Ռուսաստանի նկատմամբ. վերջինս դարձավ նրա դաշնակիցը, դադարեցվեց պատերազմը և միաժամանակ հնարավորություն ստեղծվեց սեփական շահերի համար օգտագործել այդ ուժեղ և հզոր երկրին:
Պալատական հերթական հեղաշրջումը հասունանում էր, դառնում օրակարգի կարևորագույն քաղաքական հիմնախնդիր, և դավադրությունը գվարդիական սպաներ Օռլով եղբայրների գլխավորությամբ 1762թ. հունիսի 28-ին ավարտվեց Պյոտր III-ի տապալմամբ, որը 1 շաբաթ անց սպանվեց գվարդիականների ձեռքերով: Ռուսաստանում սկսվեց Եկատերինա II-ի երկարատև թագավորության ժամանակաշրջանը: Քաղաքական նոր պայմաններում ռուսաց դիվանագիտությանն անհրաժեշտ էր անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի միջազգային հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ, որը զգալիորեն խարխլվել էր Պյոտր III-ի կարճատև թագավորության ժամանակ՝ Յոթնամյա պատերազմից դուրս գալու, Ֆրանսիայի ու Ավստրիայի հետ փաստորեն դաշինքը խզելու և Պրուսիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու պատճառով: Զգույշ ու դեռևս երերուն գահին նստած Եկատերինա II-ը շտապեց անմիջապես դուրս բերել Ռուսաստանը պատերազմից, խզել ռազմական դաշինքը Ֆրիդրիխ II-ի հետ, բայց պահպանել և ուժի մեջ թողնել Պրուսիայի հետ կնքած հաշտության պայմանագիրը: Եկատերինա II-ի այս զգուշավոր քաղաքականությունը և նոր կայսրուհու դիվանագիտական առաջին քայլերը, բնականաբար, չբավարարեցին պատերազմող երկու կողմերից և ոչ մեկին: Դիվանագիտական հնարավոր պարտությունը հարկադրեց երիտասարդ ու դեռևս արտաքին քաղաքականության մեջ անփորձ, բայց դիվանագիտության հիմնախնդիրներում բնածին ունակություններ ունեցող կայսրուհուն, գահակալման հենց սկզբից հանդես գալ որպես ազդեցիկ խաղաղարար ու առաջարկել իր միջնորդությունը հաշտության պայմանագիրը կնքելու գործում: Սակայն կայսրուհու առաջարկը մերժվեց, և Հուբերսբուրգյան հաշտությունը ստորագրվեց առանց Ռուսաստանի մասնակցության: Յոթնամյա պատերազմի ժամանակ որքան խորանում էին ռազմական գործողությունները եվրոպական թատերաբեմերում, որքան ձգձգվում էր Ֆրանսիայի պայքարը Պրուսիայի դեմ, այնքան անգլիական դիվանագիտությունը, օգտվելով այդ տերությունների ռազմական առճակատումից, իր համար ջանադրորեն կրակից հանում էր շագանակներ, կուտակում էր քաղաքական էական շահաբաժիններ:
Ֆրանսիան զբաղված լինելով մայրցամաքում, անզոր գտնվեց հակազդել անդրօվկիանոսում, որովհետև Անգլիան 1759թ. գրավեց Կանադան, ամրապնդեց իր դիրքերը Հնդկաստանում, անգլիական նավատորմը գրեթե կատարյալ պարտության մատնեց ֆրանսիական նավատորմին, որը հիմնականում ջախջախվեց: Յոթնամյա պատերազմն ավարտվեց հաշտության երկու պայմանագրով՝ Փարիզի դաշնագրով արևմուտքում 1763թ. փետրվարի 10-ին և Հուբերսբուրգյան պայմանագրով արևելքում 1763թ. փետրվարի 15-ին: Այսպես, Հուբերսբուրգյան պայմանագիրը մի կողմից Պրուսիայի, իսկ մյուս կողմից Ավստրիայի ու Սաքսոնիայի միջև կնքվեց առանց Ռուսաստանի մասնակցության: Ավստրիան կորցրեց Սիլեզիան, կատարվեցին լուրջ ռազմաքաղաքական ու դիվանագիտական տեղաշարժեր և ստեղծվեցին բարենպաստ պայմաններ Գերմանիայում Պրուսիայի ապագա գերիշխանության համար: Արևմուտքում վերջ տրվեց Ֆրանսիայի հզորությանը և տիրապետությանը: Յոթնամյա պատերազմն ավարտվեց, բայց չլուծեց մասնակիցների միջև եղած հակասությունները, որոնք պահպանվեցին ու լիովին ի հայտ եկան հաջորդ հարյուրամյակում:
Յոթնամյա պատերազմում Ռուսաստանի հաղթանակները Պրուսիայի նկատմամբ, որի ռազմական արվեստը համարվում էր լավագույններից մեկը Եվրոպայում, իսկ նրա թագավորը՝ ֆրիդրիխ II-ը՝ իր բանակով անպարտելի զորավար, զգալիորեն ամրապնդեցին ու բարձրացրին նրա միջազգային հեղինակությունը, վկայեցին ռուսաց դիվանագիտության հեռամետությունը, գլխավոր ուղղությունների իրատեսությունը, որն ապացուցվեց ռազմաքաղաքական, միջազգային հարաբերությունների հետագա գործընթացներով: Միաժամանակ Յոթնամյա պատերազմը վկայեց, որ ռուսաց բանակի մեծ հաղթանակները լուրջ մտավախություն էին պատճառում նրա դաշնակիցներին, որոնք ակնհայտ դարձան հաջորդ տասնամյակներում, առավել ևս 19-րդ դարում: Իսկ ռուսաց դիվանագիտությանն անհրաժեշտ էր ազգային-պետական շահերը պաշտպանելիս հաշվի առնել արևմտյան տերությունների դիրքորոշումը՝ չեզոքացնել նրանց հակառուսական քաղաքականությունը:
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
97 reads | 06.04.2023
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com